Ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են փոխել Հայաստանում ընտրությունների ելքը
Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում կհետևեն մեկնարկող ընտրարշավին և ըստ հնարավորության կօգնեն մերթ այս, մերթ այն կողմին՝ հանդես գալով ֆուտբոլի դաշտում մրցավարի դերում։ Մոսկվան ունի ազդեցության բազում լծակներ, բայց դրանք բավարար չեն ամբողջական վերահսկողությունն ունենալու համար։
Ղարաբաղյան պատերազմում ծանր պարտությունից և կիսամյա խորը քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանը փորձում է անորոշությունից դուրս գալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Դրանք կայանալու են երկու ամիս հետո՝ հունիսի 20-ին։ Քվեարկությունը պետք է օգնի երկրին դուրս գալ նոր փուլ, որում նրան վիճակված է սրբագրել սխալները և կատարել երկրի զարգացման հետագա ուղու ընտրությունը։
Սակայն այս ընտրությունները ոչ մեկի համար դյուրին չեն լինելու, որովհետև հայաստանցի ընտրողները պետք է իրենց իսկ հայեցողությամբ ընտրեն վատի և վատթարի միջև։ Վերջին հարցումների համաձայն՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 32 տոկոսը, իսկ նրա գլխավոր հակառակորդ և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 6 տոկոսը։ Հարցվածների համարյա կեսը կա՛մ չի կողմնորոշվել, կա՛մ գիտակցաբար ոչ մեկի օգտին քվեարկել չի ուզում։
Ընդ որում, հայաստանյան հասարակությանը հուզող գլխավոր հարցը ո՛չ ռազմական ռևանշի, ո՛չ էլ բարօրության բարձրացման պահանջն է․ դրան ոչ ոք իսկ չի հավատում։ Մարդիկ ուզում են, որ ապահովվեն նրանց ամենահիմնարար կարիքները՝ անվտանգությունն ու այն, ինչը դեռ մարդկանց մնացել է։ Եվ ի հավելումն այս ամենի՝ որ իրենց ազնվորեն պատմեն, թե հայրենի երկրի հետ ինչ է պատահել։
Վերջին հանգամանքը լայն դաշտ է բացում արտաքին ձեռնածությունների համար․ ամեն ոք կջանա հայ ընտրողին պատմել «ճշմարտության» սեփական վարկածը և դրանով իսկ ազդել երկրում առկա քաղաքական դասավորությունների վրա։ Շահառուների թվում է նաև Մոսկվան, թեև նրա նպատակները հեշտ չէ նկարագրել։ Բացառված չէ, որ նրան կբավարարի նաև բարդ կոալիցիոն խորհրդարանը, որը կբաժանվի երեք մասի՝ Փաշինյանի կողմնակիցների, Քոչարյանի կողմնակիցների և մնացած բոլորի, որոնց փորձելու են կաշառել որոշումները խորհրդարանով անցկացնելու ժամանակ։
Թշնամական և բարեկամական ձայներ
Հայաստանում ընտրարշավի ոչ պաշտոնական մեկնարկը Փաշինյանի գլխավոր քաղաքական ընդդիմախոսների Ռուսաստան կատարած այցն էր։ Վլադիմիր Պուտինի հին ընկեր՝ «ուժեղ ձեռքի ջատագով» և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Փաշինյանին Նավալնու հետ է համեմատել, ապրիլի առաջին օրերին Մոսկվայում էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանից ընդամենը մի քանի օր անց։ Քոչարյանը Պուտինի հետ տեսակապով է զրուցել, իսկ Փաշինյանի պարագայում, ըստ պետական այցերի ընդունված ձևաչափի, հանդիպումը դեմ առ դեմ էր։
Երկուսն էլ հաճելի «բոնուս» են ստացել։ Քոչարյանը Վլադիմիր Պոզներին մեկ ժամանոց հարցազրույց է տվել, որն, ըստ էության, նրա նախընտրական ծրագրի շարադրանքն էր։ Փաշինյանն, իր հերթին, Հայաստան է բերել Sputnik V պատվաստանյութը, թեև դեռ սոսկ 15 հազար դեղաբաժին։
Երկու թեկնածուների նկատմամբ Կրեմլի այդպիսի զուգահեռականությունը հերքում է լայն տարածում գտած այն տեսակետը, որ Մոսկվան հոգնել է «չափազանց արևմտամետ» Փաշինյանից և սպասում է իր շահերի տեսանկյունից վստահելի և փորձված Քոչարյանին իշխանության վերադարձնելու պատշաճ հնարավորությանը։ Ռուսաստանն ակնհայտորեն չի կամենում հայաստանյան հասարակության շրջանում խորտակել իր հեղինակությունը՝ հանդես գալով իր կամքն ու թեկնածուներին պարտադրող գաղութատիրոջ դերում։ Հատկապես, որ նա այդ երկրում կորցնելու բան ունի, քանի որ Հայաստանում Մոսկվայի հետ հարաբերությունները խորացնելը կարևորում են հարցվածների 63 տոկոսը, իսկ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ՝ համապատասխանաբար 16 և 5 տոկոսը։
Այլ խոսքով՝ իշխանության մեջ երեք տարի մնալու ընթացքում Փաշինյանը կարողացել է ապացուցել Ռուսաստանին, որ նրա համար կարող է հարմար գործընկեր լինել և չգրգռել նրան բազմավեկտորության մասին խոսակցություններով։ Սա առանձնապես դժվար չէր անել․ ուշադիր լինել Պուտինի խոսքերի հանդեպ, ավելի հաճախ խոսել նրան հաճելի թեմաների, օրինակ՝ Մեծ Հայրենականում ընդհանուր հաղթանակի մասին։
Այո՛, Փաշինյանը Քոչարյանի չափ Ռուսաստանին նվիրված չէ․ Քոչարյանն անգամ Պոզներին տված հարցազրույցում խոստացել է «աջ ու ձախ չխաղալ» ու հասկացրել, որ թանկ է գնահատում «իր ընկեր» Պուտինի հեղինակությունը։ Բայց Հայաստանում հին վերնախավերի վերադարձը վատթարագույն սցենար համարող մարդկանց թիվը շատ մեծ է և նրանց կարծիքը փշրելը կառուցողական չէ․ խաղադրույքն այդքան մեծ չէ։
Այդ իսկ պատճառով՝ Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, հետևելու են դեռ նոր սկսվող ընտրարշավի ընթացքին և, ըստ հնարավորության, կօգնեն և՛ մեկ, և՛ մյուս կողմին՝ հանդես գալով ֆուտբոլային դաշտի մրցավարի դերում։ Մոսկվան ունի ազդեցության շատ լծակներ, բայց դրանք բավարար չեն ամբողջական վերահսկողություն ապահովելու համար։
Օրինակ, հայաստանցի ընտրողների համար Ադրբեջանից հայ ռազմագերիների (Ադրբեջանի պնդմամբ նրանք շուրջ 60 են, Հայաստանի տվյալներով՝ մոտ 200) վերադարձի չափազանց կարևոր հարցը Մոսկվայից արդեն ուղղակիորեն կախված չէ։ Իսկ այդ հարցում Բաքվի դիրքորոշումը շատ ավելի կոշտ է։ Ադրբեջանի ղեկավարության համար Քոչարյանն «ահաբեկիչ» է և ատելի «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչ, իսկ Փաշինյանը սկսել է ներկայացվել ոչ որպես թույլ քաղաքական գործիչ, այլ իբրև Հայաստանի օրինավոր ղեկավար, որին հարկավոր է պաշտպանել, այդ թվում և զինվորական «ռևանշիստներից»։ Բացի այդ, Բաքվից հնչող գնահատականները Հայաստանում հակառակ արձագանքն են հարուցելու, հետևաբար անհրաժեշտ կլինի ավելի ճկուն գործել։
Կորսված Իսկանդերի գաղտնիքը
Հայաստանում ամենաաղմկոտ և քննարկվող պատմություններից է դարձել իր նախորդ Սերժ Սարգսյանին և նրա հետ միասին բոլոր «հին վերնախավերին» նսեմացնելուն միտված՝ Փաշինյանի այն արտահայտությունը, թե Սարգսյանի օրոք գնված և հայկական բանակի կիրառած «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել, կամ պայթել են սոսկ 10 տոկոսով»։ Այս խոսքերը բարկացրել են և՛ հայ զինվորականներին, և, կարծես թե, Մոսկվային, որը դրանք ռուսական զենքի հանդեպ անպատվություն է որակել։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը վստահեցրել է․ «Մեր ունեցած առարկայական և արժանահավատ տեղեկությունների համաձայն, որոնք հաստատվել են, այդ թվում և առարկայական վերահսկողության համակարգով, տվյալ տեսակի հրթիռային կայանքներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղում ընթացած հակամարտության ժամանակ չի գործածվել»։
Բոլորը Փաշինյանին գլխավոր դաշնակցի հետ հարաբերություններն անմտաբար փչացրած շատախոս էին համարում, քանի դեռ գործի մեջ չէր խառնվել Ադրբեջանը։ Մարտի վերջերին Բաքվում հայտարարել են, որ Շուշիի մերձակայքում հայտնաբերել են չպայթած մարտագլխիկով «Իսկանդերի» մնացորդներ։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց ավելի կարևոր մանրամասներ․ հայտնաբերված հրթիռի տարբերակիչ մակնիշը ոչ թե օրինավորապես Ռուսաստանից արտահանման ենթակա «Э»-ն, այլ միայն ռուսական բանակի սպառազինությունների մաս կազմող «М»-ն է։ «Մենք պահանջում ենք պատասխանել մեր հարցին, թե ինչպես է այս մահացու զենքը հայերի ձեռքն ընկել։ Մենք դեռ պատասխան չենք ստացել, բայց կստանանք»,- բարկացել էր Իլհամ Ալիևը Բաքվում ապրիլի 2-ին ռազմավարի զբոսայգու բացման ժամանակ։
Այս հայտարարությունները Մոսկվայում չէին կարող անտեսել։ Այսօր Կրեմլում պնդում են, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի զինվորականների գծով ընթանում է սերտ երկխոսություն, որի ընթացքում քննարկվում են համապատասխան բոլոր հարցերը»։ Իսկ սա արդեն բացահայտ հետքայլ է նախապես հռչակված դիրքորոշումից, ըստ որի ոչ մի «Իսկանդեր» վերջին ղարաբաղյան պատերազմում չի գործածվել։
Այս մութ պատմությունն անծայրածիր դաշտ է բացում ԶԼՄ-ներում լայն տարածում գտած այլևայլ ասեկոսեների ու վարկածների համար։ Հայկական տեղեկատվական տիրույթում ամենատարածված վարկածն այն է, որ «Իսկանդեր-Մ»-ի մնացորդներն ադրբեջանցիներին Իդլիբից բերել են նրանց թուրք գործընկերները, քանի որ այնտեղ դրանք իսկապես գործածվել են։ Ոմանք ավելի առաջ են գնում և ակնարկում, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սառեցումը տեղի ունեցածին Կրեմլի ոչ ասիմետրիկ պատասխան է։ Ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ «Իսկանդեր-Մ»-երը Հայաստան ապօրինաբար են մատակարարվել՝ ամենակարող հայկական լոբբիի և սփյուռքի ջանքերով։
Երկու վարկածն էլ ժխտում է 2018 թ․ «Կոմերսանտում» հրապարակված հաղորդումը, որի հեղինակ Իվան Սաֆրոնովն այժմ «Լեֆորտովո» մեկուսարանում է։ «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի նրա աղբյուրն» ուղիղ ասել է, որ Հայաստանին մատակարարվել է հենց «Իսկանդեր-Մ», ինչը խախտում է «հրթիռային տեխնոլոգիաների տարածման մասին պայմանագիրը, քանի որ նշված հրթիռների հեռահարությունը գերազանցում է 300 կմ»։ Սակայն Մոսկվան այդ որոշումը շտապել է կայացնել, քանի որ Ադրբեջանի սպառազինվածության մակարդակն այն ժամանակ լրջորեն խախտել էր ուժերի հավասարակշռությունը և ավելի թույլ «Իսկանդեր-Է»-ն մշակելու համար պատշաճ ժամանակ չէր մնում։ Առաջին հայացքից գործը բացահայտված է, բայց դրա առաջացրած աղմուկը տակավին աճելու է։ Սա նշանակում է, որ հայ քաղաքական գործիչները հնարավորություն կունենան հավելյալ միավորներ վաստակել, իսկ Մոսկվան ու Բաքուն ընդհակառակը՝ ընդառաջել կամ խոչընդոտել։ Հայաստանում առանց այդ էլ անկայուն իրավիճակը դրանից ճոճվելու է, ինչպես խոտը քամու ժամանակ։
Օրինակ, լայն տարածում է գտել այն չհաստատված թեզը, որ հրթիռները չեն պայթել, քանի որ մարտագլխիկն ակտիվացնելու հնարավորությունն ունեն միայն ռուս զինվորականները, որոնք ղարաբաղյան պատերազմում «Իսկանդեր» հրթիռային կայանքի օգտագործման համաձայնությունը չէին տվել։ Եթե այսպես, ապա այս հանգամանքը կարող է հարվածել Քոչարյանի և «հին վերնախավերի» հեղինակությանը․ ի՞նչ իմաստ ունի գնել այն զինատեսակները, որոնք սեփական հայեցողությամբ օգտագործելը քեզ արգելված է։ Բայց պատմությունը կարելի է այլ կերպ մեկնաբանել և հայտարարել, որ Փաշինյանն անպատասխանատու կերպով է վարվել, առանց իր իսկ համար որևէ օգուտի բացահայտելով Մոսկվայի համար զգայուն գաղտնիքը, քանի որ այն փուլում պատերազմի ընթացքն էլ հնարավոր չէր փոխել։
Ում կողմն են խաղաղապահները
Հայաստանի համար մեկ այլ կարևոր քաղաքական գործոն է Լեռնային Ղարաբաղում հաստատված Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը։ Իր գործունեության առաջին ամիսներին այն հարուցել է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի դժգոհությունը։
Հայերը դժգոհ են, որ խաղաղապահները դե-ֆակտո վերահսկում են Հայաստանի կողմից դեպի Արցախ մուտքը և անհասկանալի պատճառներով արգելափակում են այնտեղ մտնել ցանկացող շատ լրագրողների, ՀԿ-ների աշխատակիցների և հասարակական գործիչների տեղաշարժը։ Ամենամեծ դժգոհությունն առկա է հայկական սփյուռքի ներկայացուցիչների մուտքն արգելելու կապակցությամբ։ Նրանց՝ արևմտյան անձնագրեր ունենալու պատճառով խաղաղապահները կասկածելի են դիտում։ Միջին վիճակագրական հայի համար սա ընկալվում է որպես Մոսկվայի ու Բաքվի հակահայ պայմանավորվածություն, հատկապես, որ Ալիևն, իրոք, խնդրում էր չթույլատրել օտարերկրացիների մուտքը տարածաշրջան։
Մյուս կողմից՝ հայ ընտրողը կարող է նաև Մոսկվային երախտապարտ լինել։ Ի հեճուկս Բաքվի դժգոհության՝ Ղարաբաղում շարունակում են մնալ հայ զինվորականները, թեև ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ նրանք պետք է վաղուց այնտեղից հեռանային։ Ռուս խաղաղապահներն այս իրողության վրա ուշադրություն չեն դարձնում, թեև, իհարկե, կարող էին։
Ի վերջո, հայերը մեծ մտահոգությամբ են վերաբերվում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման նախագծին։ Բաքուն հստակորեն հասկացրել է, որ նրան առաջնահերթորեն հետաքրքրում է Իրանի սահմանի երկայնքով անցնող ու դեպի Նախիջևան տանող երկաթուղին։ Իսկ հայերին պետք է Կարս (Թուրքիա)- Գյումրի-Իջևան-Ղազախ ֊ (Ադրբեջան) երկաթգիծը՝ Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը վերահաստատելու և ադրբեջանա-թուրքական տարանցիկ փոխադրումներից եկամուտ ունենալու համար։ Այս հարցում և՛ Փաշինյանը, և՛ Քոչարյանը լավ հնարավորություն ունեն Մոսկվային իրենց կողմը թեքելու, քանի որ երկուսն էլ կարող են Պուտինին զանգահարել։ Հարցն այն է, թե Կրեմլը ո՞ւմ կորոշի հաղթանակ նվիրել և արդյո՞ք, առհասարակ, կորոշի։ Ընդ որում՝ Քոչարյանի իշխանության գալը տրանսպորտային միջանքների ապաշրջափակման համար կարող է լուրջ խնդիրներ ստեղծել, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում իր «բազեի» կերպարը լրջորեն հակասում է Ադրբեջանի հետ հարաբերությունների բնականոնացման մոտեցումներին։
Արևմուտքի դերն այս խառը սխեմայում մեծ չէ։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն իրենց մտահոգող հարցերի առնչությամբ բազմիցս դիմել էին ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ, բայց Արևմուտքը չուներ հնարավորություն հայկական զինված ուժերը Ղարաբաղից դուրս հանելու, իսկ այսօր ի վիճակի չէ ապահովել Բաքվից հայ ռազմագերիների վերադարձը։
«Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստան է նա կամենում տեսնել»,- վերջերս տված մի հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը, կարծես թե, Մոսկվային հրավիրում էր ներքին մոդերատորի դեր ստանձնել։ «Առաջինը՝ թուլացած և մեծապես կախված երկիր, որտեղ անընդհատ ընթանում է «ավագ եղբոր» բարեհաճությունն աղերսող ազդեցության նեղ խմբերի պայքար։ Երկրորդը՝ ուժեղ Հայաստանը, որն օգտագործում է իր ունեցած բոլոր պաշարները իր և իր դաշնակցի հեղինակությունն ամրապնդելու և իր շահերն առաջ մղելու համար»։ Սակայն, քանի դեռ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը կախված են ղարաբաղյան կարգավորման եռանկյունուց՝ հայաստանյան ընտրությունների վրա կարող է ազդել ոչ միայն հին դաշնակիցը, այլև ոխերիմ թշնամին։
Կիրիլ Կրիվոշեև
Հոդվածը հրապարակվել է «Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն․ սերնդափոխություն» նախագծի շրջանակում։ Հոդվածում արտահայտված մտքերն արտացոլում են հեղինակի անձնական կարծիքը։