Հայկական ուսումնասիրությունների
«ԱՆԻ» կենտրոնի համակարգող
Երեւան
1999 թվականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվեց Երեւանի «Հրազդան» մարզադաշտ, որտեղ օլիմպիական խաղերի չեմպիոն, օղակների արքա Ալբերտ Ազարյանը բոցավառեց խաղերի ջահը: Այսպես, Համահայկական առաջին խաղերի սկիզբը դրվեց:
Մտահաղացումը ծնվել էր ավելի վաղ՝ դեռ Խորհրդային Միության վերջին տարիներին, երբ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապն ընդլայնվել էր: 1990թ. հոկտեմբերին Երեւանում Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում կայացած խորհրդակցությունը որոշեց 1992թ. հուլիսի 15-30-ը Երեւանում անցկացնել Համահայկական Նավասարդյան մարզական առաջին խաղերը չորս մարզաձեւերից՝ ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ: Մեկ ամիս անց Հայաստանի կառավարությունը փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանի ստորագրությամբ իր համաձայնությունը տվեց, սակայն այդ խաղերը այդպես էլ չանցկացվեցին, քանի որ Հայաստանն ու Արցախը ներքաշվեցին արյունալի պատերազմի մեջ:
Արցախյան զինադադարից հետո Համահայկական խաղեր անցկացնելու մտահաղացումը կրկին բերվեց օրակարգ: 1994-ին Հայաստանի արտգործնախարարությունում ստեղծվեց նախաձեռնող խումբ, իսկ 1997-ի ապրիլին տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե, որի նախագահ ընտրվեց արտգործնախարարության դիվանագետներից Աշոտ Մելիք-Շահնազարյանը:
Հայաստանի կառավարությունը վարչապետ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ որոշում կայացրեց 1999թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Երեւանում անցկացնել Համահայկական առաջին խաղերը: Դրանց անցկացմանն աջակցելու նպատակով 1999թ. Միջազգային օլիմպիական կոմիտեն «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրեց ֆինանսական օժանդակություն, իսկ ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը ողջույնի հեռագիր հղեց Հայաստանի նախագահին:
Համահայկական առաջին խաղերը ողջույնի խոսքով բացեց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրանք կդառնան ավանդական եւ բարոյական ու հոգեկան հզոր լիցք կհաղորդեն աշխարհի հայությանը. «Այս խաղերը Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը միավորելու մեր նոր քաղաքականության դրսեւորումներից են: Սպորտն ու հայրենիքը միավորող ուժը մեզ կդարձնի ավելի հզոր»:
Վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով երկու ամիս անց պետք է դառնար Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից, իր ողջույնի խոսքում ասաց. «Մենք նոր դարաշրջան ենք թեւակոխում ազգովին է՛լ ավելի համախմբված, է՛լ ավելի հզորացած: Համահայկական խաղերն ապացուցեցին մեր ժողովրդի անքակտելի միասնությունը հայրենիքին, նրա բարօրությանն ու ծաղկմանը ծառայելու բուռն ձգտումը, որովհետեւ համայն հայության միակ հայրենիքը Հայաստանն է»:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Աշոտ Մելիք Շահնազարյանն իր ելույթում ասաց. «Այսօր մենք վկաներն ենք այն բանի, թե ինչպես Հիսուսի ծննդից երկու հազարամյակ հետո վերածնվում են մոտ 2700 տարի առաջ առաջին անգամ կայացած Նավասարդյան խաղերի բարի ավանդույթները: Համահայկական խաղերը սոսկ մարզական իրադարձություն չեն: Դրանք ավելին են, քան սպորտը: Համահայկական խաղերը դժբախտ ճակատագրի քմահաճույքով ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի` դեպի միասնություն ձգտման արտահայտություններն են»: Մելիք-Շահնազարյանը ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովի նախօրեին Համահայկական խաղերը դարձան առաջին որոշակի, իրական քայլը Հայաստանի եւ Սփյուռքի մերձեցման ճանապարհին:
Համահայկական առաջին խաղերը տեղի ունեցան 1999-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երեւան քաղաքում: Մասնակցում էին 23 երկրների 63 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 529-ը Հայաստանից, 612-ը՝ Սփյուռքից:
Խաղերի աշխարհագրությունը եւ մարզաձեւերի քանակը տարեցտարի ընդլայնվեցին: Երկրորդ խաղերին, որոնք կայացան 2001-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը՝ Երեւանում, մասնակցում էին 27 երկրների 82 քաղաքների 1419 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 464-ը՝Հայաստանից, 955-ը՝ Սփյուռքից:
Երրորդ խաղերը կայացան 2003-ի օգոստոսի 16-ից 24-ը՝ Երեւանում, 28 երկրներից եւ 82 քաղաքներից ժամանած 1559 մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ, որոնցից 423-ը Հայաստանից, 1136-ը՝ Սփյուռքից:
Սկսած չորրորդից՝ Համահայկական խաղերն անց են կացվում չորս տարին մեկ՝ նախկին երկու տարին մեկի փոխարեն: 2007-ի օգոստոսի 18-26-ը Երեւանում կայացած չորրորդ խաղերին մասնակցեցին 1576 մարզիկ-մարզուհիներ աշխարհի 28 երկրների 94 քաղաքներից, 425-ը՝ Հայաստանից, 1151-ը՝ Սփյուռքից:
Համահայկական հինգերորդ խաղերը կայացան 2011-ի օգոստոսի 13-21-ը: Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել 33 երկրների 125 քաղաքների 3272 մասնակիցներ, որոնցից 1372-ը Հայաստանից, 1872-ը՝ Սփյուռքից:
2014-ի փետրվարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական ձմեռային խաղեր Երեւան եւ Ծաղկաձոր քաղաքներում, որոնց մասնակցում էին 11 երկրների 22 քաղաքների 401 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 193-ը Հայաստանից եւ 208-ը՝ Սփյուռքից: Նրանց մրցում էին ձմեռային 4 մարզաձեւերում:
Համահայկական վեցերորդ խաղերը, որոնք կրելու են «Միասնություն սպորտով» կարգախոսը, կկայանան 2015-ի օգոստոսի 2-ից 13-ը: Խաղերի հանդիսավոր բացումը կատարվելու է Հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը օգոստոսի 13-ին՝ Ազատության հրապարակում:
Խաղերի պատմության մեջ առաջին անգամ Երեւանից բացի մրցումներ կկայանան Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Սա, անկասկած, ուշացած, բայց արդար որոշում էր: Մյուս կողմից, անհասկանալի է, թե ինչու են այդ խաղերը ընդգրկվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Համահայկական խաղերը տոն են, մինչդեռ 100-ամյակը, որքան էլ հայ ժողովրդի, առաջին հերթին սփյուռքահայության ինքնության մաս լինի, չի կարող տոն լինել:
Օգոստոսին սպասվող խաղերում մարզաձեւերի քանակն ավելացել է 7-ով: Այսպիսով, Համահայկական վեցերորդ խաղերում ասպարեզ են դուրս գալու 17 մարզաձեւերի ներկայացուցիչներ: Այդ մարզաձեւերն են՝ աթլետիկա, բադմինթոն, բազկամարտ, բասկետբոլ, գոլֆ, թենիս, լող, լողափնյա վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվասպորտ, հրաձգություն, ֆուտզալ, շախմատ, սեղանի թենիս, սպորտային պարեր, վոլեյբոլ, ֆուտբոլ:
Համահայկական խաղերն, անկասկած, հաջողված նախագիծ է առաջին հերթին Հայաստան-Սփյուռք համագործակցության տեսանկյունից: Սակայն ժամանակն է, որ Համահայկական խաղերը վերածվեն նաեւ իրական մարզական միջոցառման, որին կմասնակցեն նաեւ բարձրակարգ հայ մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից ու Արցախից:
Հասկանալի է, որ թիմային մարզաձեւերում դժվար է ապահովել արհեստավարժություն, քանի որ Հայաստանից դուրս արհեստավարժ թիմեր դժվար է գտնել: Սակայն, անհատական մրցաձեւերում հնարավոր է ապահովել արհեստավարժություն, հաշվի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում կան ծագումով բազմաթիվ բարձրակարգ եւ աշխարհահռչակ մարզիկներ:
Ժամանակն է, որպեսզի սահմանվի մասնակցության թույլտվության շեմ: Օրինակ, 100 մետր արագավազքին չեն կարող մասնակցել նրանք, ովքեր այդ տարածությունը այլ մրցումներում չեն հաղթահարել, ասենք, 12 վայրկյանում: Այսինքն, լինի որակավորման փուլ:
Այսօր, սակայն, գործում է հակառակ սկբունքը: Այսպես, Համահայկական խաղերին չեն կարող մասնակցել արհեստավարժ ֆուտբոլիստները: Նաեւ այն շախմատիստները, ովքեր ունեն 2300 միավորը գերազանցող արհեստավարժի վարկանիշ:
Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ առաջիկա Վեցերորդ խաղերի մասնակիցների կեցության բոլոր ծախսերը հոգալու է կազմկոմիտեն: Ինչպես նախորդ խաղերում, այս անգամ եւս ճանապարհածախսը պետք է հոգան մարզական պատվիրակությունները: Բացառություն է կազմելու Սիրիան: Ճանապարհածախսը, հյուրանոցը եւ օրապահիկը հոգալու է կազմկոմիտեն:
Ուշագրավ է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման եւ փակման արարողությունների ուղիղ եթերով հեռարձակման իրավունքը տրվել է ոչ թե Հանրային հեռուստատեսությանը, այլ Սերժ Սարգսյանի փեսայի` Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող «Արմենիա» հեռուստաընկերությանը: