Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիա փորձագետ
Երևան
… Իսկ հայկական հեռուստատեսությունը չի շտապում բարձրացնել այն, այսինքն՝ հայկական հեռուստաալիքները չեն ընդունել մարտահրավերը, նրանք, ցավոք, շարունակում են իրենց դանդաղ ընթացքը՝ չկարողանալով հարմարվել նոր ժամանակների պահանջներին:
Իհարկե, կարող եք ասել, թե հեռուստատեսությունը միայն լրատվությունը, առավել եւս միայն քաղաքական լրատվությունը չէ, այլ նաեւ՝ ժամանցը. ֆիլմեր, շուոներ, խաղեր եւ այլն: Սակայն այս տեմպերով զարգանալով՝ համացանցը կարող է շատ արագ ներխուժել նաեւ հեռուստաժամանցային ոլորտը՝ տալով նմանատիպ սեփական արտադրանքը:
Այսուհանդերձ, ինչո՞ւ եմ առանձնացնում հենց հեռուստատեսությունը: Պատճառը պարզ է՝ համացանցի գրոհին ու նետած ձեռնոցին տեղեկություններ տարածելու մյուս ավանդական միջոցները՝ տպագիր մամուլը եւ ռադիոն վաղուց հարմարվել են, ավելին՝ փորձում են ներթափանցված աշխատել: Բացի այդ, հեռուստատեսությունն այսօր դեռ մեդաիասպառողների ամենամեծ լսարանն ունի, սակայն այսպես շարունակելու դեպքում կարող է կորցնել դրա մեծ մասը:
Դեռ անցյալ դարի իննսունական թվականներին աշխարհում, այս դարի սկզբից սկսած նաեւ մեզանում, թերթերը ստեղծեցին իրենց էլեկտրոնային տարբերակները: Սկզբում դրանք հիմնականում նույն օրը կամ նախօրյակին լույս տեսած տպագիր տարբերակի էլեկտրոնային կրկնօրինակներն էին՝ աննշան տարբերություններով: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ դա հարվածում է տպաքանակների սպառմանը՝ չապահովելով լրացուցիչ եկամուտ, որովհետեւ գովազդը դեռ չէր թեքվել դեպի համացանց: Երկրորդ՝ թերթերի էլեկտրոնային տարբերակները չէին կարողանում մրցել արդեն ամբողջովին օպերատիվության վրա հիմնվող նոր մեդիայի՝ համացանցային լրատվական կայքերի հետ: Եվ տպագիր աշխարհը ընդունեց մարտահրավերը. այն այսօր գոյություն ունի երկու տարբերակով՝ օպերատիվ աշխատող առցանց տարբերակը ու դեռ պահպանում է տպագրին կրկնօրինակելը՝ սակայն արդեն որոշ ընտրությամբ այն տեղավորելով առցանցում: Հայկական մամուլում էլ նույնն է, նրանք, որոնք սկսել են աշխատել տպագրին զուգահեռ նաեւ առանձին առցանց տարբերակով, արդեն նաեւ մրցակցության ինքնուրույն հայտ են ներկայացնում: Ընդսմին՝ առավելություն են ստանում, որովհետեւ աշխատում են իբրեւ մուլտիմեդիա. ավանդական տեքստային եւ պատկերային տեղեկություններից զատ, տեղադրում են նաեւ կարճ աուդիո եւ տեսանյութեր:
Շատ ավելի բարենպաստ էր ինտերնետը ռադիոյի համար: Այսօր աշխարհում, նաեւ Հայաստանում, շատ են ռադիոկայանները, որոնք արագ հասկացան, որ համացանցը կարծես ստեղծված լինի հենց իրենց համար: Երբ պարզ դարձավ, որ այն կարող է նաեւ ձայն փոխանցել՝ ռադիոն կողմնորոշվեց: Որովհետեւ ռադիոկայանի համար միեւնույնն է, թե ունկնդիրը իրեն ինչպես կլսի. պատին ամրացված (հիշո՞ւմ եք) ընդունիչով, ձեռքի՞ ընդունիչով, բջջային հեռախոսով, թե՞ համակարգչով… Էությունը չի փոխվում: Եվ այս է պատճառը, որ ռադիոն այսօր համաժամանակյա հեռարձակում իրականացնում է այդ բոլոր ձեւերով էլ: Ընդ որում՝ լրացուցիչ ներդրումներ, ճիշտ է, անում է, սակայն, քանի որ բոլոր տարբերակները օգտագործելը բերում է լսարանի մեծացման, ապագայում, վստահաբար, նրա գովազային եկամուտներն էլ կաճեն: Ընդսմին, պետք է հիշել, որ ռադիոկայանների մեծ մասը նաեւ իր կայքում տպագիր ինֆորմացիա կամ հաղորդված նյութի տեքստային տարբերակն է տեղադրում (լուսանկարով կամ առանց դրա), ինչպես նաեւ՝ տեսանյութեր: Այսինքն ռադիոկայանների կայքերն էլ, բացի ամբողջ օրը համացանցով հնչող ռադիոհաղորդումներից, նաեւ մուլտիմեդիա նյութեր են տեղադրում, ինչն ավելի գրավիչ է դարձնում այդ կայքերը:
Ու հիմա պիտի փաստեմ, որ մրցակցությունից կամ եթե կուզեք՝ դաժան պայքարից հետո այս մեդիաների խաղաղ գոյակցության մասին տողերիս հեղինակի նախկին կանխատեսումները կարծես թե գնալով արդարանում են: Ինչը չես ասի համացանց – հեռուստատեսություն հարաբերություններում:
Արդ, ուրեմն դառնանք մեր այս հրապարակման գլխավոր թիրախին՝ եթերային հեռուստատեսությանը: Սա դանդաղ է հարմարվում նոր մեդիային եւ իմ պատկերացմամբ դեռեւս գտնվում է այն ճանապարհի սկզբին, որն անցել է տպագիր մեդիան: Այսինքն՝ այն դեռեւս ոչ թե իր հաղորդումների համաժամանակյա հեռարձակում է իրականացնում նաեւ համացանցում, այլ պարզապես հաղորդումները կամ հաղորդումների որոշ կտորներ ժամանակ առ ժամանակ տեղադրում է համացանցում՝ սպասելով «լայքերի» եւ «քոմենթների», ինչը չի ստանում եթերային հեռարձակում իրականացնելիս: Սակայն սա քիչ է, շատ քիչ է ժամանակակից մեդիա դաշտում գոյատեւելու համար: Փայլուն օրինակ է Հայաստանի վերջին քաղաքական իրադարձություննների առցանց հեռարձակումների (ոչ եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված հեռուստաընկերությունների, այլ՝ համացանցային խառը բովանդակություն ունեցող լրատվամիջոցների կողմից) եւ եթերային հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաալիքների լուսաբանումների համեմատությունը: Եթե ավելի ճիշտ լինենք՝ համեմատության եզր անգամ չկա:
Մի օրինակ՝ ասածս համոզիչ դարձնելու համար. տղաս իր ութսունհինգամյա պապին համակարգչով ցույց է տալիս նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելության ուղիղ ռեպորտաժը: Պապը զարմացած է. «Էս բա ինչո՞ւ տելեվիզորով ցույց չեն տալիս»… Կարծում եմ՝ պարզ է ասելիքս. վերջին նախագահական ընտրությունների ամբողջ քարոզարշավի ժամանակ համացանացային լրատվամիջոցները ուղիղ ռեպորտաժներ էին տալիս հիմնական թեկնածուների հանդիպումների մասին: Ոչ մի հեռուստաընկերություն չփորձեց եւ այժմ էլ չի փորձում այս առումով մրցակցել առցանց լրատվամիջոցների հետ: Նրանք լավագույն դեպքում պատրաստում էին լրատվական սյուժեներ, որոնցից շատ ժամանակ հնարավոր էլ չէր հասկանալ, թե ինչ է կատարվել իրականում:
Այո, համաձայն եմ, որ միայն այս ընտրարշավի լուսաբանման կամ համացանցով ուղիղ հեռարձակումների փաստը բավական չէ հեռուստատեսության մոտալուտ վախճանը գուժելու համար: Եվ տողերիս հեղինակը դա չի անում, բնավ: Բայց երբ դու իմանում ես, որ համացանցով ուղիղ հեռարձակում իրականացնող 4 կայքերի դիտողների թիվը միասին հասնում է 90 հազարի, ապա սկսում ես մտածել, որ այս տեմպերի դեպքում հեռուստատեսությունը, համենայն դեպս՝ դրա լրատվական հատվածը, շատ մոտ է լսարան կորցնելուն: Սրան գումարեք համացանցի ինտերակտիվությունը, երբ հեռտուստադիտողը կարող է նաեւ սրտի ուզածը ոչ թե տան 4 պատերին կամ միայն տնեցիներին ասել, այլ նաեւ նույն պահին ռեպորտաժը դիտողներին, այսինքն՝ կարող է մեկնաբանություններով մասնակիցը դառնալ, եւ դուք կպատկերացնեք համացանցային հեռուստատեսության ապագան:
Մրցակցությանը դիմանալու համար հայկական հեռուստաալիքները պիտի ընդունեն մարտահրավերը, սկզբի համար գոնե լրատվական ծրագրերը համաժամանակյա նաեւ համացանցով հեռարձակելով, ինչը զգալիորեն կմեծացնի նրանց լսարանը: Իսկ մեր ՀԸ-ները անում են հակառակը՝ եթե նախկինում լրատվականի տեսագրված տարբերակը գոնե տեղադրում էին իրենց կայքերում, հիմա մի մասը նույնիսկ սրանից է հրաժարվել՝ տեղադրելով միայն լուրերի տեքստերը: Սա արդեն ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:
Ինչեւէ: Ամփոփեմ: Համացանցը սեփական լսարանն ընդլայնելու նոր հնարավորություններ է բացում: Առայժմ դրանից լավագույնս օգտվում են հատուկ առցանց տեղեկություններ տարածելու համար ստեղծված կայքերը, թերթերը եւ ռադիոները: Հայկական հեռուստատեսությունը դանդաղ է հարմարվում նոր իրողություններին: Սակայն այդ դանդաղումը կարող է բացասական ազդեցություն ունենալ հենց իր համար:
Հ. Գ. – Տողերիս հեղինակը վերջերս մեկօրյա հատուկ ուսումնասիրություն արեց՝ տեսնելու համար, թե ինչ կիմանաս երկրի անցուդարձի մասին, եթե դիտես միայն Հայաստանի Հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումները (հրապարակումը տես http://media.am/Armenian-Public-TV-news ) : Էքսպերիմենտի եզրակացությունը տխուր էր…