Հայաստանի կառավարման համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, որն իր բացասական ազդեցությունն է ունենում երկրի անվտանգության և զարգացման հեռանկարի վրա: Մի շարք գործընթացներ, ինչպես նաև միջազգային բազմաթիվ զեկույցներ ցույց են տալիս համակարգային ճգնաժամի ախտանիշները:
2008 թվականիի նախագահական ընտրություններից և մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումից հետո Հայաստանի կառավարման համակարգը հայտնվել է խորը ճգնաժամում, ինչը տարբեր ձևերով երևակվել է վերջին 10 տարիների ընթացքում: Կառավարման մոդելի վրա ճնշում կա ոչ միայն հասարակության կողմից, այլ նաև միջազգային գործոնների և արտաքին մարտահրավերների, ի մասնավորի՝ Ադրբեջանից բխող վտանգի տեսքով, որոնց Հայաստանը չի կարողանում պատշաճ ձևով արձագանքել:Այս ամենը վերածվել է ցիկլային ճգնաժամերի: 2014թ. օգոստոսին Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է սկսել հայկական դիրքերի վրա, 2014թ. նոյեմբերին Ադրբեջանը խոցել է հայկական ուղղաթիռ, 2015թ. հունվարին ռուսաստանցի զինվորական Պերմյակովը Գյումրիում սպանել է Ավետիսյանների ընտանիքի անդամներին, 2015թ. հունվարին Արցախի ուժային կառույցները «Նախախորհրդարանի» անդամներին Բերձորում ծեծի են ենթարկել, 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանը որոշել է չեզոքացնել Գագիկ Ծառուկյանին, 2015թ. հունիսին էլեկտրաէներգիայի դեմ Բաղրամյան փողոցում ցույցեր են սկսվել, 2015թ. դեկտեմբերին սահմանադրական հանրաքվեն կեղծվում է, ու համատարած բռնություններ են տեղի ունենում, 2016թ. ապրիլին Ադրբեջանը պատերազմ է սկսում, 2016 հուլիսին «Սասնա Ծռեր» խումբը գրավում է ՊՊԾ գունդը: Այս ճգնաժամերն արտացոլում են համակարգային խորը խնդիրները:
2008թ. մարտի 1-ից հետո ստեղծված խորը ճգնաժամին համարժեք արձագանքելու փոխարեն Հայաստանի իշխանությունը փորձել է լուծել փողոցային պայքարի խնդիրը՝ ուժեղացնելով ոստիկանությունը, բայց արդյունքում համակարգի ներսում է պայքար սկսվել, և Գագիկ Ծառուկյանի հետ բախում է տեղի ունեցել: Վերջինիս խնդիրը լուծելուց հետո փողոցային պայքարը շարունակվել է. 2013-16թթ. ամառների ընթացքում Երևանում խոշոր ցույցեր են տեղի ունեցել. 2013 թվական՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը, 2014 թվական՝ կենսաթոշակային համակարգի դեմ ցույցերը, 2015 թվական` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը, 2016 թվական՝ «Սասնա Ծռերի» գործողություններն ու Խորենացի, Սարի թաղ փողոցների ցույցերը:
Համակարգային ճգնաժամի վրա լուրջ ազդեցություն է ունենում նաև կոռուպցիան: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կոռուպցիան լուրջ մարտահրավեր է զարգացման համար: Օրինակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ), որով չափվում է պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը այս կամ այն երկրում, Հայաստանի 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի ու Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է` հիմնված գործարարների և փորձագետների շրջանում անցկացված տարբեր հարցումների վրա: 2015թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 35, և այդ արժեքով այն 168 երկրների շարքում կիսում էր 95-ից 98-րդ տեղերը: Հաշվի առնելով՝ «Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4.01), կարելի է պնդել, որ 2015թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2016թ. մնացել է մոտավորապես նույնը: Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով»[1]:
Տնտեսության կառուցվածքը իր հերթին ազդեցություն է ունենում կառավարման մոդելի իրավիճակի վրա, և նրանք երբեմն փոխազդում են միմյանց վրա: Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը մոնոպոլիաներն են, որոնք սահմանափակում են տնտեսության ծավալը: Ըստ «Համաշխարհային բանկի» 2013-ի զեկույցի՝ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում[2]: Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամի հրապարակած 2018թ. Տնտեսական ազատության ցուցիչը ևս խոսում է վերջին 10 տարիների ընթացքում տնտեսական ազատությունների սահմանափակման մասին, որը մոնոպոլիաների առաջացման գլխավոր պատճառն է: Ըստ զեկույցի՝ 2018 թվականին Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 44-րդ տեղը և ունեցել է 68,7 միավոր[3]: 2008թ. Հայաստանը եղել է 28-րդ տեղում և ունեցել է 70,3 միավոր[4]:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության 2013 թվականի հետազոտությունների համաձայն՝ եթե դիտարկենք կոռուպցիոն որոշակի դրսևորումներ, օրինակ՝ պաշտպանության համակարգում, ապա հասանելի տեղեկատվության շրջանակներում պարզ է դառնում, որ այստեղ ևս խոր արմատներ ունի մենաշնորհը, հատկապես՝ գնումների ոլորտում, որտեղ ընդհանուր գնումների 54%-ն արվել է մեկ աղբյուրի մեթոդով (բանակցություններ՝ առանց հայտարարության), թեև e-gov.am կայքում նշվում է մրցույթով կատարված գնումների երկու անգամ ավելի լինելը մեկ աղբյուրի մեթոդով գնված ապրանքների համեմատ, սակայն վերջինիս վերաբերյալ պայմանագրերի թվերը հասանելի չեն, իսկ բաց մրցույթներին մասնակցած կազմակերպությունների 28%-ը մերժվել է ՊՆ-ի կողմից, այսինքն՝ սահմանափակվել է մրցակցությունը[5]:
Տնտեսության և բյուջեի անարդյունավետ կառավարումը ևս մարտահրավեր է ստեղծում անվանգությանը: Տնտեսության անարդյունավետ կառավարման պատճառով Հայաստանը 2008-ից արագ տեմպերով ավելացնում է պետական պարտքը: 2008 թվականին Հայաստանի արտաքին պարտքը եղել է 1.5 մլրդ դոլար, իսկ 2018 թվականի փետրվարի վերջին հասել է 6.9 մլրդ դոլարի[6]:
Տնտեսական սահմանափակ հնարավորությունները ստիպում են քաղաքացիներին լքել Հայաստանը: Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 373 հազար մարդ, այսինքն՝ միջինը տարեկան ավելի քան 37 հազար հոգի[7]։ Շարունակաբար հարկերն ու բյուջեն ավելացել են, սակայն ռեսուրսները արդյունավետ չեն ծախսվել: 2008 թվականին ՀՀ բյուջեն եղել է մոտ 822 մլրդ դրամ[8], 2018-ին բյուջեն հասել է 1 տրլն 464.2 մլրդ դրամի[9]: Միևնույն ժամանակ՝ բյուջեում ծախսերը համաչափ չեն աճել: Օրինակ, ոստիկանության բյուջեն 2008 թվականին եղել է 31 մլրդ դրամ, իսկ 2018-ին հասել է 60 մլրդ դրամի: Կրթության բյուջեն 2008-ին եղել է մոտ 93 մլրդ դրամ, իսկ 2018-ին հասել 127 մլրդի[10]:
Ռազմական ծախսերը ևս չեն համապատասխանում վտանգի չափաբաժնին: Ադրբեջանի բյուջեն 2008-ին եղել է 1,653 մլրդ դոլար, իսկ 2015-ին անցել է 3 մլրդ դոլարը[11]: Նույն ժամանակահատվածում Հայաստանի ռազմական բյուջեն 353 մլն դոլարից հասել 447 մլն դոլարի[12]: Ոստիկանության բյուջեն ավելի արագ է աճել, քան՝ ռազմականը, չնայած Ադրբեջանն ավելի մեծ մարտահրավեր էր ներկայացնում Հայաստանի անվտանգությանը:
Հանրային վստահության ցածր մակարդակն իր հերթին մարտահրավեր է կառավարման համակարգին: Կովկասյան բարոմետրի արդյունքների համաձայն (որը Հարավկովկասյան երկրներում քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումների հանրային ընկալման հետազոտթյուն է), Հայաստանի բնակչությունը շատ ցածր վստահություն ունի պետական ինստիտուտների նկատմամբ: 2017-ին հարցվածների 5 տոկոսն է լիովին վստահում գործադիր իշխանությանը, 4 տոկոսը՝ դատական իշխանությանը, 3 տոկոսը՝ Ազգային Ժողովին, 6 տոկոսը՝ նախագահին: Միակ բարձր վստահություն ունեցող ինստիտուտը բանակն է, որին լիովին վստահում է հարցվածների 51 տոկոսը: Ի դեպ, բանակը ոչ միայն ամենամեծ վստահություն ունեցող կառույցն է[13], այլև նման միակ կառույցը:
Կառավարման մոդելի մյուս խնդիրն այն է, որ այն դառնում է ավելի ավտորիտար, քաղաքացիների ազատությունները և իշխանության թափանցիկությունը սահմանափակվում է: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները ճանապարհ են բացել ավտորիտարիզմն ուժեղացնելու համար: Խնդիրն այն է, որ այդ փոփոխությունները հնարավորություն են ստեղծել Սերժ Սարգսյանի համար վերարտադրել իր իշխանությունը և մնալ իշխանության ղեկին ավելի երկար, քան նախատեսված էր նախկին սահմանադրությունում: Իսկ պատմական փորձը ցույց է տալիս, որ երկրի առաջին դեմքերի իշխանության ղեկին մնալու ցանկությունը լուրջ մարտահրավեր է զարգացման համար:
Սահմանադրական փոփոխություններին հետևած օրենսդրական փոփոխությունները հավելյալ մտահոգության տեղիք են տալիս: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ «Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»: Նախագծի 10-րդ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս. «կառավարության նիստ մտնող հարցերը չեն հրապարակվում (օրենքում համապատասխան պահանջի բացակայության պայմաններում), նիստերը դռնփակ են, նիստից հետո կառավարության աշխատակազմը նիստի արձանագրությունը, իսկ կառավար ության անդամներն էլ՝ քննարկված հարցի վերաբերյալ տեղեկատվությունը կարող են հրապարակել բացառապես վարչապետի թույլտվությամբ, ինչի արդյունքում հանրությունն ստանալու է հատվածային և ոչ ամբողջական տեղեկատվություն կառավարության գործունեության մասին ընդհանրապես և ոչ ամբողջական տեղեկատվություն կառավարության գործունեության մասին ընդհանրապես և նիստում քննարկված հարցերի մասին՝ մասնավորապես»[14]:
Այս վերլուծությունը գրելու ընթացքում ծավալվեց քաղաքացիական շարժում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց և քա-
ղաքացիական անհնազանդությունների միջոցով իրենց բողոքն արտահայտեցին ԱԺ-ի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ: Երեք շաբաթ տևած բազմաշերտ զարգացումների արդյունքում նախ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ 2-րդ արտահերթ նիստում ստացավ բավարար քանակությամբ ձայներ և դարձավ ՀՀ Վարչապետ:
Հետաքրքիր է, որ ժողովրդավարության տեսանկյունից Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում, ըստ միջազգային զեկույցների, գրեթե տեղաշարժ չի կատարել: Economist Intelligence Unit-ի «Ժողովրդավարության համաթիվ 2008»-ի համաձայն՝ Հայաստանը 4,09 միավոր է ունեցել, իսկ 2017-ի համաթիվը եղել է 3,88 միավոր[15]: Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2008 թվականին» զեկույցի համաձայն՝ Հայաստանի ազատության միավորը եղել է 4.5, քաղաքացիական ազատությունների միավորը՝ 4, իսկ քաղաքական ազատություններինը՝ 5, 2018-ին ազատության միավորը՝ կրկին 4.5, քաղաքացիական ազատություններինը՝ 4, քաղաքական ազատություններինը՝ 5[16]: Կարծում ենք, որ քաղաքական վերջին զարգացումներն իրենց ազդեցությունը կունենան նաև այս զեկույցների վրա:
Կոռուպցիան, տնտեսության և բյուջեի անարդյունավետ կառավարումը, տնտեսական և քաղաքական ազատությունների սահմանափակումը բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգության վրա: Դրանք նաև սահմանափակում են զարգացման ակնկալիքները, որն էլ ամենամեծ մարտահրավերն է Հայաստանի անվտանգությանը:
[1] https://transparency.am/storage/CPI2016_results_am.pdf
[2] https://www.azatutyun.am/a/25181964.html
[3] https://www.heritage.org/index/ranking
[4] https://www.key4biz.it/files/000090/00009041.pdf
[5] https://transparency.am/files/publications/1410875966-0-354121.pdf
[6] http://www.minfin.am/hy/page/hashvetvutyunner_e_vichakagrutyun1/
[7] http://www.aniarc.am/2018/02/01/migration-2017-armenia/
[8] http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=3132&lang=arm
[9] https://168.am/2017/10/01/849698.html
[10] http://www.minfin.am/hy/page/petakan_byuj/
[11] https://tradingeconomics.com/azerbaijan/military-expenditure
[12] https://tradingeconomics.com/armenia/military-expenditure
[13] http://www.crrc.am/hosting/file/_static_content/barometer/2017/CB2017_ARM_presentation_final.pdf
[14] https://transparency.am/files/publications/1518087288-0-957305.pdf
[15] http://www.eiu.com/home.aspx
[16] https://freedomhouse.org/