ՏՏ ոլորտը Հայաստանում գերակա ճյուղ հայտարարվեց դեռ նոր հազարամյակի տարեմուտին։ Իհարկե, այն օրերին դա դրսևորվեց ավելի շատ զուտ խոսքերով, քանի որ հեռանկարները բավականին անորոշ էին։ Ողջ հեռահաղորդակցության ոլորտը հենց նոր էր պատանդ հանձնվել մենաշնորհային գիգանտին, որն ամեն ինչ արեց, որպեսզի ոլորտը կրիայի պես առաջ գնա։ Երկիրը նոր էր դուրս գալիս տնտեսական, էներգետիկ ճգնաժամերից։ Բայց արդեն պարզ էր, որ որոշ ներուժ խորհրդային և հետխորհրդային առաջին տարիներից հետո մնացել է։ Մեծ ներդրում ունեցավ նաև Սփյուռքը՝ ստեղծելով մի շարք մեծ ձեռնարկությունների մասնաճյուղեր և կյանք ներշնչելով նոր զարգացող ոլորտին։
Ի՞նչ ունեինք մենք երկուհազարականների առաջին տասնամյակում։ Հիմնականում դրսի պատվերներ իրականացնող կազմակերպություններ ու անհատների խմբեր։ Հայաստանը գրեթե ամբողջությամբ նստած էր ուրիշների համար էժան և որակյալ աշխատուժ մատակարարելու, outsourcing-ի ասեղի վրա։ Շատ փոքր ծավալներ սպառվում էին ներքին շուկայում։ Փաստացի, Հայաստանում մնում էր գրեթե միայն աշխատավարձը։ Մի կողմից սա թույլ էր տալիս ոլորտը աճի, մյուս կողմից ստեղծվում էր հոգեբանական կախվածություն արտաքին պատվերներից, չէր ձևավորվում ինքնուրույնություն։ Մինչ աշխատավարձերի չափերը աճում էին՝ outsourcing-ի շուկայում մենք դադարում էինք լինել բացառիկ մրցունակ երկիր՝ էժան և որակյալ աշխատուժով։ Բացի դրանից՝ աճում էր մասնագետների արտագաղթը, քանի որ տնտեսական արտահոսքին հաջորդեց հասարակական անբավարարվածությունից, լճացման սրացումից դրդվածների արտահոսքը։ Ինչի պատճառով երկիրը սկսեցին լքել արդեն բարձր վարձատրվող, բնականաբար՝ միջինից բարձր մասնագիտական որակներ ունեցողները։
Տասականներին իրավիճակը փոխվեց։ Մի քանի հաջողակ սթարթափ, որոնց հաջողվեց դուրս գալ միջազգային շուկա արդեն որպես արտադրող, այլ ոչ թե ուրիշի պատվերը կատարող, փոխեցին միջավայրը, կոտրեցին մթնոլորտը, մոտիվացրին ստեղծել սեփականը և դուրս գալ միջազգային շուկա։ Իհարկե, առաջին փուլում ծրագրերի մեծ մասը միտված էր զուտ հայաստանյան շուկային, սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այն շատ սահմանափակ է, և հաջողակ պրոյեկտներ հնարավոր են միայն մեծ շուկաները նվաճելով։ «Picsart», «Shadowmatic» և մի շարք այլ սթարթափերի հաջողությունը, ինչպես նաև ընդհանուր մթնոլորտի փոփոխությունը միջազգային շուկայում թափ հաղորդեց հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը։
Ավարտելով տասականները՝ մենք փաստացի գտնվում ենք այդ երկրորդ փուլի զարգացած վիճակում։ Երբ և մեծանում է ՏՏ արտադրանքի ներքին սպառումը, և հայաստանյան ոլորտային կազմակերպությունները, որոնք աշխատում են outsourcing-ի վրա, միջոցներ են ձեռնարկում զուգահեռ սեփական արտադրանքով դուրս գալ միջազգային շուկա։ Ձևավորվում է փաստացի արտադրական ոլորտ։
Ի՞նչ սպասենք հաջորդ տարիներից։ Քանի որ ոլորտն աշխարհում էքսպոնենցիալ զարգացում ունի, ապա, երևի թե, ճիշտ է արդեն ոչ թե տասնամյակներով մտածել, այլ ավելի կարճ, ենթադրենք, հնգամյակներով (թող շատ սովետական չհնչի)։
Դիտարկենք այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են ոլորտի ավելի կայուն զարգացմանը (չնայած սա Հայաստանի տնտեսության ամենակայուն զարգացող ոլորտն է, սակայն մենք կարող ենք ավելին ակնկալել)։
Կարող է տարօրինակ հնչել, բայց ոլորտի զարգացման առաջնային խնդիրը հենց ոլորտի արագ զարգացումն է։ Ու սա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլև գլոբալ բնույթ ունի։ Խոսքը կադրային սովի մասին է։ Այնքան արագ է ընթանում աճը, այնքան մեծ է միջազգային շուկայում պահանջարկը, որ գնալով կադրային խնդիրը դառնում է իսկապես սարսափելի. կազմակերպություններն արդեն նույնիսկ ոչ թե ամիսներով, տարիներով չեն կարողանում գտնել որակյալ կադրեր։ Սա կոմպլեքս խնդիր է, որը բացահայտում է մի շարք այլ պրոբլեմներ.
• Կրթական համակարգը չի ապահովում շատ դեպքերում նույնիսկ նվազագույն բազային պահանջներ։ Սկսած դպրոցից, որտեղ ինֆորմատիկա առարկան մնացել է զրոյականների և զրոյական մակարդակում։ Ավարտած համալսարաններով, որտեղ հաճախ աշխատում են իներցիոն ծրագրերով, որոնք բանի պետք չեն։ Նաև կա պակաս որակյալ մասնագիտական խորացված թրեյնինգների. շուկան ավելին է պահանջում;
• Միայն կրթական համակարգը վերազինելով հարցը չի լուծվի։ Պետք է ապահովել ներգաղթ։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ երկիր հետ գան աշխատելու արդեն արտագաղթած հայաստանցիներ։ Պետք է ստեղծել օրենսդրական և այլ հնարավորություններ, որպեսզի կազմակերպությունները բերեն Հայաստան որակյալ մասնագետների։ Նման փորձեր կան, բայց դրանք դեռ եզակի են, քանի որ գոյություն ունեն ինչպես տեխնիկական բազմաթիվ խնդիրներ, այնպես էլ հոգեբանական խոչընդոտներ՝ մենք սովոր ենք լինել արտագաղթող հասարակություն, այլ ոչ աշխատուժ ներկրող։
• Շուկայում գրեթե բացակայում են ազատ մեծ գումարները, շատ թույլ է զարգացած վենչուրային կապիտալը (իհարկե, ի տարբերություն մի քանի տարվա վաղեմության՝ մենք արդեն ունենք մի քանի տեղական վենչուրային հիմնադրամ, ինչպես նաև անհատներ)։ Ընդհանուր առմամբ ներդրումային կլիմայի բարելավման հարց է առաջանում՝ չնայած նրան, որ Հայաստանում գրանցված սթարթափերն արդեն մի քանի տարի է, ինչ ունեն հարկային նպաստավոր կարգավիճակ։ Սակայն, կարևոր է Հայաստան բերել արտասահմանյան գումարներ, մեծ քանակի։ Ու այս հարցում կարևոր է, որպեսզի և օրենսդրական, և հարկային բարեփոխումներ իրականացվեն, և արդիականացվի և վստահելի դառնա դատական համակարգը, քանի որ ներդնողի համար կարևոր է նաև վստահ լինել, որ խնդիրների դեպքում ինքը սնանկացած ու ցնցոտիներով չի մնա կոռումպացված դատարանի կամ անորոշ օրենսդրական դաշտի պատճառով։
Իհարկե, խնդիրները շատ են, սակայն ոլորտը մեկ է՝ իր հունով զարգանում է։ Եվ զարգացման հեռանկարների տեսանկյունից կարելի է տեսնել, թե որ ուղղությունները կարող են օժանդակել բարձր տեխնոլոգիաներին Հայաստանում։
Այսօր արդեն հասկանալի է դառնում, որ միջազգային շուկայում մրցունակ են այն ուղղությունները, որոնք գիտական ամուր հենք ունեն։ Անցնում են այն ժամանակները, երբ հնարավոր էր մրցունակ լինել միայն ծրագրային լուծումներ ստանալով։ Այդ իսկ պատճառով կարևորագույն խնդիրներից մեկն է այսօր պահպանել և զարգացնել ֆունդամենտալ գիտությունները։ Հակառակ դեպքում մի քանի տարի հետո մեզ սպառնում է վտանգ՝ նորից վերադառնալ outsourcing-ի։ Գիտական ներուժը ոչ թե պետք է փրկել, ինչպես հաճախ կարելի է լսել, այլ պետք է շատ հստակ զարգացնել։ Հայաստանը հետազոտական ծախսերի տեսանկյունից աշխարհի ամենահետադիմական երկրների ցանկում է։ Համալսարանները պետք է դադարեն լինել քննությունից քննություն ապրող կրթօջախներ, այլ պետք է դառնան գիտական կենտրոններ։
Շարունակելով խնդիրը` կարելի է ասել, որ միջազգային փորձից ելնելով և հաշվի առնելով մեր կոնկրետ իրավիճակը՝ բարձր տեխնոլոգիաները կարող են լուրջ թափ ստանալ, եթե բանակը դառնա հիմնական պատվիրատուներից մեկը։ Այս տենդենցը արդեն նշմարվում է, արդեն ստեղծվել են պետական և ոչ պետական համապատասխան մարմիններ։ Եթե ընդհանուր զարգացումն այսպես շարունակվի, ապա հնարավոր է լուրջ խթանել ինչպես բարձր տեխնոլոգիական ուղղությունը, այնպես էլ ֆունդամենտալ գիտություննները։ Իհարկե, այն պարագայում, եթե այս զարգացումներն ավելի արագ ընթանան, քանի որ ներկա տեմպերը գոհացուցիչ չեն։ Բացի դրանից, սա ենթադրում է լրիվ այլ ոլորտային զարգացումներ. բանակը պետք է դառնա ոչ միայն պատվիրատու, այլ նաև խոշոր արտահանող։
Թեման շատ լայն է, և կարելի էր խոսել այլ կարևոր ուղղությունների մասին, որոնք ներառում են, օրինակ, պետության ավելի խորը թվայնացում և հայաստանյան կազմակերպությունների ներգրավում այս հարցում։ Սակայն գոյություն ունեն շատ ավելի մանր թվացող, բայց ազդեցիկ խոչընդոտներ; Այսպես, օրինակ, լեզուների չիմացությունը այսօր ամենալուրջ մարտահրավերներից մեկն է; Կրթական ծրագրերը բացարձակ միտված են ոչ թե անգլերենը դարձնելու աշխատանքային, այլ բանաստեղծություններ արտասանելու լեզու։ Լեզուներ չիմացող հասարակությունը դժվար թե կարողանա երկար խոսել բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին։