Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
Հայաստանը ողջ աշխարհի պես շարունակում է պայքարել թագաժահրի դեմ։ Եվ, ցավոք, ըստ վերջին տվյալների այս պայքարը, մեղմ ասած, հաջող չի ընթանում։ Հունիսի 13-ի դրությամբ երկրում հայտնաբերվել է վարակման 16 004 դեպք։ Այդ օրը գրանցվել է հերթական ռեկորդ. վարակվածների թիվը մեկ օրում աճել է 753-ով։ Երկրում ընդհանուր առմամբ բուժում ստանում է 9568 հոգի. արվել է 80230 թեստ։
Մարտի 16-ից մինչև հուլիսի 13-ը երկրում գործում է Արտակարգ դրության ռեժիմը, որն արդեն երեք անգամ երկարաձգվել է։ Ուղիղ մեկ ամիս գործում էր լիակատար կարանտինը, խստացվել էին համավարակային նորմերը, վերջերս էլ հաստատվել է համընդհանուր պարտադիր դիմակակրություն։ Պարետատան կարգադրությունները խախտելու համար նախատեսված տուգանքի չափը 100-ից 250 հազար դրամ էր։ Դիմակ չկրելու տուգանքը 10 հազար դրամ է։ Ինչպես տեսնում ենք, կառավարությունն ու պարետատունը ձեռնարկել է և ձեռնարկում է վարակի տարածումը սահմանափակելուն միտված ամենատարբեր միջոցներ։ Այնուամենայնիվ, իրավիճակը, ցավոք, ավելի մոտ է իտալական և իսպանական սցենարին, քան թագաժահրը համարյա հաղթահարած երկրների ցուցանիշներին։
Սույն իրավիճակի առաջացման պատճառները մի քանիսն են։ Նախ՝ կառավարության հանձնարարությունների և պարետատան ցուցումների միջև եղած հակասությունները՝ համավարակի դեմ պայքարի միջոցների և եղանակների վերաբերյալ։ Օրինակ՝ եթե սկզբում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում էր, որ համավարակի դեմ պայքարում դիմակներն արդյունավետ չեն, ապա այժմ նա հակառակն է հայտարարում։ Այսպիսի օրինակները շատ են։ Թեև այս և բազում այլ դեպքերում Թորոսյանն ու այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց արտասահմանյան գործընկերների մեծամասնությունը սոսկ կրկնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարությունները։ Կովիդ-19-ի դեմ պայքարում Հայաստանը առանձնահատուկ ճանապարհ չունի։
Մեկ այլ խնդիր էր մեկ ամսվա հայտարարված կարանտինի բավականին թույլ կառավարումը։ Կարելի է ասել, որ ողջ Հայաստանում կարանտինը համեմատաբար խստորեն էր պահպանվում բացառապես Երևանի կենտրոնում։ Մայրաքաղաքի մյուս համայնքները, առավել ևս մարզերը, հանգիստ ու անարգել նախկին կյանքով էին ապրում։ Այսինքն՝ կարանտինը հայտարարվել է, տնտեսական կյանքը փաստացիորեն դադարել է, իսկ մարդիկ շարունակում էին փողոցով քայլել՝ կեղծ բացատրագրերը ձեռքին, որոնց մեջ որպես տնից դուրս գալու պատճառ նշված էր խանութ գնալու անհրաժեշտությունը։ Իսկ ոստիկաններն այդ թղթերը ստուգում էին միայն մարդկանց խանութ մտնելիս։ Հետևաբար՝ տուգանվել են համեմատաբար փոքր թիվ կազմող քաղաքացիները։ Այսպիսով, բոլոր տնտեսական զոհողությունները, փաստորեն, անիմաստ էին, և կարանտինից հետո իրավիճակը միմիայն վատթարացել է։
Ավելին՝ անգամ կարանտինի պայմաններում Հայաստանում իշխանության ներկայացուցիչները հասարակությանը կարանտինային կարգապահության պատշաճ անձնական օրինակ հաճախ չէին ցուցադրում։ Հայաստանում կարանտին է հայտարարվել, իսկ Արցախում նախընտրական արշավ էր ընթանում և անգամ երդմնակալություն տեղի ունենում։ Շուշիում Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունն, ընդհանրապես, անընկալելի է։ Միայն այդ երդմնակալությանը մասնակցելու համար Հայաստանից Արցախ են ժամանել հարյուրավոր մարդիկ։ Իսկ բուն արարողության և դրան հաջորդած ճաշկերույթի ժամանակ, հասկանալի պատճառներով, առհասարակ ոչ մի համավարակային կանոն չի պահվել։ Ընտրություններն անցել են ապրիլի 1-ին, իսկ առաջին վարակված անձն Արցախում հայտնաբերվել է ապրիլի 7-ին։ Այսօր Արցախում վարակվածների թիվն արդեն 100-ին է մոտեցել։ Համառոտակի այս ամենը ոչ թե փոխաբերական, այլ հենց ուղիղ իմաստով կարելի է բնութագրել որպես խնջույք՝ ժանտախտի ժամանակ։
Իշխանությունն, անկասկած, պատասխանատվություն է կրում և մեղքի իր բաժինն ունի համավարակի զարգացման իտալաիսպանական սցենարի համար։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ոչ պակաս պատասխանատվություն է կրում նաև հասարակությունը։ Քաղաքը վարակի օջախի վերածած տխրահռչակ «էջմիածնեցի մորաքույրից» սկսած և կարանտինային պայմաններում ոստիկանական համազգեստով հարսանիքներ վարած ծաղրածուներով վերջացած՝ հենց հասարակությունն է անպատասխանատվություն դրսևորել։ Հենց այս բոլոր զանգվածային նշանդրեքները, հարսանիքները, թաղումներն ու հոգեհանգիստները, վերջին զանգերը, հոբելյաններն ու խմբակային արշավներն են հանգեցրել երկրում համավարակի փաստացիորեն անվերահսկելի տարածման։ Մարդիկ պարզապես անտեսում էին պարետատան ցուցումները։ Թագաժահրի կանխարգելման ներկայումս ամենաճանաչված եղանակը՝ սոցիալական տարածության պահպանումն է։ Բայց որևիցե սուպերմարկետի դրամարկղի մոտ գոյացած անգամ ամենափոքր հերթում մարդիկ տառացիորեն միմյանց ծոծրակին են շնչում։ Փակ մանկապարտեզների պայմաններում երեխաները բակերում տաս և ավելի խմբերով են խաղում։ Հեռավար դասավանդմանն անցած դպրոցահասակ աշակերտները բակերում բասկետբոլ են խաղում, երիտասարդությունը հավաքվում է պատերի տակ, իսկ տարեցները տաղավարներում նարդի են խաղում։ Թվարկումը կարելի է անվերջ շարունակել։
Այսպիսով՝ արտակարգ վտանգի պայմաններում հայ հասարակությունը դրսևորել է բացառիկ անփութություն և անպատասխանատվություն։ Այստեղ մենք չենք կարող չնկատել, որ որոշ ուժեր հատուկ սնուցում և խթանում էին այս անփութությունը, բնականաբար՝ հետապնդելով նեղխմբակային հստակ նպատակներ։ Երկրով մեկ համառորեն լուրեր են շրջանառվում, թե «թագաժահրը առասպել է», «այս ամենը հորինել են իշխանությունները», «սա համաշխարհային դավադրություն է», «սա արվում է համընդհանուր չիպավորման համար» և այլն։ Անգամ այսօր, երբ այս ապատեղեկատվության հետևանքով բուժմիավորումները հիվանդների թվից շնչահեղձ են լինում, քաղաքով մեկ անընդհատ շտապ օգնության մեքենաներն են սլանում և համարյա բոլորս ունենք թագաժահրով վարակված ծանոթներ, գտնվում են մարդիկ, որոնք շարունակում են մերժել այդ նույն թագաժահրի գոյությունը։ Այս մարդկանց հակասոցիալական վարքագծի համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր խրախուսել են նրանց այդօրինակ վարքը։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում որոշ խմբերի համար թագաժահրը բարիք է. որչափ շատ մարդ զոհվի դրանից՝ այնքան լավ։ Գլխավորը՝ իրականություն դարձնել ներկայիս իշխանության տապալման «նվիրական» երազանքը։ Այս նպատակով նրանք անգամ որոշ «բժիշկների» են վարձատրում, որոնք իրենց 30 արծաթը վաստակում են՝ դիմակների վնասակարության մասին «հեղինակավոր» կարծիքիներ տարածելով։
Իրավիճակի վատթարացումից հետո իշխանությունն, իհարկե, ուշքի է եկել։ Տուգանքները հարյուր հազարավոր դրամից նվազել են մինչև 10 հազար դրամ, ինչը վերջապես թույլ է տվել ոստիկաններին դրանք ողջ ծավալով կիրառել։ Ոստիկանապետի փոփոխությունից հետո ոստիկանները սկսել են իրենց գործառույթներն ավելի մեծ եռանդով կատարել։ Քաղաքացիներին՝ ձեռքերը լվանալու, դիմակներ կրելու և սոցիալական տարածությունը պահպանելու անհրաժեշտության մասին իրազեկող ավտոմեքենաները, որոնք վերջերս սկսել են «խոսել» Նիկոլ Փաշինյանի ձայնով, այժմ պտտվում են ոչ միայն Երևանի, այլև գյուղերի փողոցներով։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը, պատգամավորները, պաշտոնյաները, վերջապես, սկսել են դիմակ կրել՝ հասարակությանն անձնական ազդու օրինակ մատուցելու համար։ Իշխանությունը՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ուժային գերատեսչությունների ղեկավարները, «Իմ քայլ» խմբակցության պատգամավորներն անում են ամեն հնարավոր բան՝ իրավիճակը բարելավելու համար։ Այս հարցում նրանց հետզհետե սկսել են աջակցել հասարակական գործիչները, լրագրողները և պարզապես երևանյան փողոցներում իրազեկման գործողություններ իրականացնող գիտակից քաղաքացիները։
Սակայն հայ հասարակության մի մասը շարունակում է խոչընդոտել կառավարությանը՝ թագաժահրի համընդհանուր մարտահրավերի դեմ պայքարում։ Այս մասը ղեկավարում են «բարգավաճ» և «լուսավորյալ» խորհրդարանական խմբակցությունները, ինչպես նաև 2018 թվականից կերակրատաշտից հեռացված «նախկինները»։ Այս բոլոր մարդիկ ցուցադրաբար հրաժարվում են խորհրդարանում և այլուր դիմակ կրել ու, փաստորեն, ժողովրդին իրենց օրինակին հետևելու կոչ են անում։ Իսկ ոմանք էլ դրսևորում են զարմանահրաշ անպատասխանատվություն և հակասոցիալականություն։ Մինչև դիմակ կրելու ռեժիմի վերջին խստացումը Հյուսիսային պողոտայով քայլում էին դիմակ չկրող ամբոխներ, որոնց պակասը չկար նաև սրճարաններում։ Բողոքավոր մարդկանց կուտակման վայրերում անմիջապես թագաժահրի օջախների բռնկումներն են առաջացել. այդպես էր Վանաձորում, Քաջարանում, Արարատի «մեյմանդարյան» շուկայում և այլուր։ Մարդիկ անհայտ մնացած կազմակերպիչների կոչերով հարյուրներով էին հավաքվում և պարետատան ոչ մի հրահանգ չէին կատարում։
Անգամ այսօր Հայաստանը շարունակում է ապրել ինչ-որ զուգահեռ իրականության մեջ։ Դրանցից մեկում հյուծված բժիշկները պայքարում են հարյուրավոր և հազարավոր կյանքերի համար, գերծանրաբեռնված բուժմիավորումներում մահանում և տառապում են մարդիկ։ Այս իրականության մեջ ամենուր ներթափանցող շտապ օգնության մեքենաների «ոռնոցի» ներքո ապրող մարդիկ կրում են դիմակներ և պահպանում սոցիալական տարածությունը։ Այդ իրականության մեջ մարդիկ հրաժարվել են տարեց հարազատների ու ծնողների հետ շփումներից, սրճարան և ռեստորան այցելելուց, պսակադրություններին, ծննդյան տոներին և այլ զանգվածային հանդիսություններին մասնակցելուց։ Երկրորդ իրականության մեջ ապրող մարդիկ շարունակում են ապրել այնպես, ինչպես և համավարակից առաջ։ Նրանք դիմակ են կրում միայն չտուգանվելու համար, նրանք դիմակ են «կրում» սոսկ ծնոտը ծածկելով, ձեռքում, գրպանում, ամենուր, որտեղ հնարավոր է, միայն թե ո՛չ երեսին։ Այս մարդիկ վիճաբանում են ոստիկանների հետ, երբեմն հրաժարվում են ենթարկվել նրանց օրինավոր պահանջներին, իսկ հետո բարձրաձայն վկայակոչում են մարդու իրավունքները։ Նրանց երեխաները բակերում են խաղում, իսկ նրանք նստում են սրճարաններում ու ռեստորաններում, գաղտնի կազմակերպում են ճոխ հարսանիքներ, հոբելյաններ և հոգեհանգիստներ։ Սոցիալական տարածությունը պահպանելու կոչերին ի պատասխան նրանք լավագույն դեպքում հեգնաբար ժպտում են։ Եվ, ամենագլխավորը, նրանք իրենց ամենախելացի են համարում և ուրիշներին քարոզում են նույնպիսին լինել։
Ներեցե՛ք կրկնաբանության համար, բայց այսօր իրականությունն այնպիսին է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ միաժամանակ երկու իրականություններում ապրել։ Մեր իրականությունը մեկն է՝ առողջապահության ծանր վիճակը և, որպես հետևանք, վերահաս տնտեսական խնդիրներն ու բոլորիս կյանքն ու առողջությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Այսօր Հայաստանը երկու ճակատով պատերազմ է մղում՝ թագաժահրի և նրա փաստացի կամակատարների ու դաշնակիցների դեմ, որոնք, շահագործելով համավարակի հանգամանքը, փորձում են երկրում իշխանափոխություն իրականացնել։ Միայն մեզ է վիճակված որոշել, թե ում կողմն ենք անցնելու։ Կրակե՞լ, թե՞ չկրակել սեփական ոտքին՝ պետք է որոշենք մենք։ Կտրե՞լ, թե՞ չկտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք՝ պետք է որոշենք մենք։
Հետևաբար՝ ե՞րբ և ինչպիսի՞ կորուստներով մեր երկիրը կհաղթահարի համավարակը, կախված է բացառապես մեզնից։