Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ
Երևան
Հայաստանի միջպետական հարաբերությունները Ռուսաստանի հետ մեր պետականության համար ունեն իսկապես գոյաբանական նշանակություն, բայց անմիջապես հստակեցնեմ՝ խոսքն ամենևին այն «ավանդական ընկալման» մասին չէ, ըստ որի Ռուսաստանը պետք է հարկ եղած ժամանակ մեզ «փրկի» (քանի որ նա մեզ երբեք առանձնապես «չի փրկել», մտադիր չէ «փրկելու» , իսկ մենք էլ նրա կողմից «փրկվելու» կարիք չունենք)։ Խոսքն այն մասին է, որ Ազատ և Անկախ Հայաստանում երբեք չպետք է մոռանան, թե ինչից ենք մենք ազատվել և ումից ենք անկախացել։
Միջպետական հարաբերությունները մենք 1991 թվականին՝ Չարիքի կայսրության փլուզումից հետո, միասին էինք սկսել՝ որպես երկրներ, որոնք կառավարվում էին միևնույն աշխարհընկալումն ունեցող քաղաքական վերնախավերի կողմից և միևնույն ընկալումն ունեին քաղաքակիրթ աշխարհում։ Ազատականացում, ժողովրդավարացում, շուկայական բարեփոխումներ, իրավունքներ և ազատություններ, եվրոպական արժեքներ և չափանիշներ՝ այս գործընթացները միավորում էին մեր ներքին և արտաքին օրակարգերը։ Հայաստանում, հատկապես արցախյան պատերազմի ճակատներում հրադադարի հաստատումից հետո, պատրաստ էին ընդունելու, որ ԽՍՀՄ գոյության վերջին տարում տեղի ունեցած «Կոլցո» գործողությունը, 1992 թ. Ադրբեջանում «ժողովրդավար» Էլչիբեյի ղեկավարության օրոք ռուսական զորքերի ամառային առաջխաղացումը ոչ թե պաշտոնական Մոսկվայի, այլ «հետադիմական ուժերի» ձեռնարկած գործողություններն էին. կարծում էին, որ ժամանակն է հայացքն ապագային հառել։
Բայց, մոտավորապես համաժամանակյա կտրվածքով, մեզ մոտ էլ տեղի ունեցավ պետական համակարգերի ներքին այլասերում՝ կոռուպցիայի համախմբում, որը սկսվել է կատարելապես վայրենի և խեղված սեփականաշնորհման հետևանքով (ինչն իր էությամբ բոլորովին հակոտնյա էր, օրինակ, Չեխիայի կամ Լեհաստանի տարբերակին)։ Տեղի ունեցավ քաղաքացիների կամարտահայտման կեղծման կենտրոնացված համակարգի բյուրեղացում և քրեաօլիգարխիկ համակարգի ու ավտորիտար ռեժիմների ձևավորում ու նրանց իշխանության արմատավորում։
1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ ցնցված Հայաստանի հասարակությունն, այնուամենայնիվ, շարունակում էր պայքարել քաղաքացիական արժեքների համար, մինչդեռ պատմության մեջ նավթադոլարների աննախադեպ հոսքը դեպի Ռուսաստան ոչ միայն հեղեղեց նրա տնտեսությունն ու նրան հետ շպրտեց բրեժնևյան նավթապետության կաղապարին, այլև ամբողջովին խեղդեց նրա հասարակության ձգտումը դեպի քաղաքացիական պայքարն ու որոշ չափով ցինիկ վերաբերմունք պատվաստեց Ազատության արժեքների հանդեպ։ Դրա փոխարեն աճել է ձգտումը դեպի արխաիկ կերպով ըմբռնված մեծապետականացումը, աշխարհակարգի փոփոխության և, այդ ճանապարհին, «ատելի» Արևմուտքին դիմակայելու մարմանջը։ Այդ ժամանակ էլ մենք սկսել ենք որոշակիորեն միմյանց չհասկանալ, իսկ մեր պատկերացումներն ու ճանապարհները՝ իրարից հեռանալ։
Այս փոխտարանջատումն իրեն զգացնել է տվել, երբ մեզ ասել են, որ ԽՍՀՄ փլուզումը «20-րդ դարի ամենախոշոր աշխարհաքաղաքական աղետն էր», մինչդեռ մեզ համար այն մեծագույն բարիք էր, որը մեզ թույլ է տվել իրականացնել Անկախության մասին մեր դարավոր երազանքը։ 2008 թ. քաղաքացիական պայքարը և մարտի 1-ի ջարդը մեզ մի կետի են հասցրել, որտեղ մի կողմում մենք էինք, իսկ մյուս կողմում՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունները։ Եվ նրանք մեզ հետ չէին, նրանք մեզ դեմ էին։ Մենք քայլ առ քայլ կորցնում էինք, մեզանից խլում էին մեր պետական ինքնիշխանությունն ու ազգային տնտեսությունը, մենք կորցնում էինք մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, մեզ անվանում էին «կրտսեր եղբայր» կամ «ֆորպոստ»։ Մենք նրանց անվանում էինք «ռազմավարական դաշնակից», իսկ նրանք միևնույն ժամանակ մեր հակառակորդին միլիարդավոր դոլարների արժողությամբ հարձակողական զենք էին վաճառում, քաջ իմանալով, որ այն վաղ թե ուշ մեր դեմ է կրակելու, որքան էլ Մոսկվան մեզ իր «ֆորպոստը» համարեր։ Այդ ժամանակվա մեր ղեկավարությունը վատ քողարկվող տարակուսանքով և տեղի ունեցողի հստակ ըմբռնմամբ մեզ համոզում էր, որ դա «մեր դաշնակցի բիզնեսն է», թե այն «մեր անվտանգությանը չի սպառնում» կամ թե «մեր դաշնակիցը թույլ չի տա…»։ Այսպես էր մինչև 2016 թ. ապրիլյան պայթյունը։
Փոխտարանջատումը կոգնիտիվ դիսոնանսի վերածվեց 2018 թ. ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, իսկ ապա իրականություն դարձան ազատ և արդար ընտրություններն ու հեղափոխական գործընթացները։ Պարզվեց, որ մենք խոսում ենք բոլորովին տարբեր «լեզուներով»։ Ի հայտ էին գալիս և առաջանում կոշտ դժգոհություններ, արհեստական թյուրիմացություններ, որոնք սադրվում և թմբկահարվում էին «նախկինների» և նրանց «վստահության արժանի աղբյուրների» կողմից։ Բացահայտ անբարյացակամ և մշտապես սրախոսող էին հայկական թեմաները լուսաբանող ռուսաստանյան ԶԼՄ-ները։
Այս կարճ պատմության ողջ ընթացքն ուղեկցվում էր անցյալի առասպելների պսակազերծմամբ. Հայաստանում այն նշանավորվել է մեր պետական կյանքի «անցումային տարիքից» մեր դուրս գալով, Ռուսաստանում՝ (առանց մեծ հաճույքի) այն իրողության ըմբռնմամբ, որ Հայաստանը Ռուսաստան չէ և բնական է, որ մեր շահերը երբեմն կարող են չհամընկնել, թեև շատ են նաև մեզ միավորող ընդհանուր բաները։
Թագաժահրի համավարակը լիովին վերափոխում է աշխարհը, միջազգային հարաբերությունների, համաշխարհային տնտեսության և աշխատանքի բաժանման միջազգային համակարգերն ու աշխարհընկալումը, որոնք դեռ վերափոխման սկզբնափուլում են։ Ընդ որում՝ աշխարհում միաժամանակ շարունակվում են տեղեկատվական, հեռահաղորդակցային, էներգետիկ և չորրորդ արդյունաբերական հեղափոխությունները։ Ներկայումս մենք անցնում ենք վերաիմաստավորման փուլը, թե ինչպիսի ապագա ենք մեզ համար կերտում, ովքեր են մեր դաշնակիցները, ով է «պատահական ուղեկից» կամ, ինչպես Վիսոցկին է ասում. «ո՛չ ընկեր, թշնամի, այլ այնպես»։
Կա նաև այն ըմբռնումը, որ որքան էլ մենք շատ խոսենք մեր պայմանագրային պարտավորություններին հավատարիմ մնալու, աշխարհաքաղաքական շրջադարձ չծրագրելու, հարաբերությունների «ընդլայնմանն ու խորացմանը» ձգտելու և այլնի մասին, այնուամենայնիվ, ժամանակը թելադրում է իր կամքը, և հարաբերությունների որակական փոփոխությունը պարզապես անխուսափելի է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր շահի բովանդակությունում հիմնական տեղ են զբաղեցնում ռազմաքաղաքական և անվտանգային գործոնները։ Այստեղ պետք է արձանագրել, որ մենք ունենք թե՛ համընկնող պատկերացումներ, թե՛ տարակարծություններ։
Այստեղ գլխավորն այն է, որ հայոց պետականության զարգացման հետագա ընթացքը կապված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության՝ ինքնիշխան որոշումներ ընդունելու և այդ կարողությունն ընդլայնելու նրա ջանքերի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների հետագա ընթացքը կապված է այն հանգամանքի հետ, թե որքանով Ռուսաստանը կկարողանա հաշտվել այդ անխուսափելիության հետ և հասկանալ, որ այլ Հայաստան արդեն գոյություն չունի։
Անխուսափելի է նաև այն իրողության արձանագրումը, որ մեր, մեղմ ասած, «խնդրահարույց» հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, որը դուրս է գալիս զուտ երկկողմանի հարաբերությունների շրջանակից։ Սա այն իրողությունն է, որի հետ մեզ մնում է սոսկ հաշվի նստել։ Բայց ընդունելի լինելու սահմանները վերջանում են այնտեղ, որտեղ սկսվում է մեզ մանրադրամի տեղ օգտագործելու փորձը։ Սա օդից վերցված հաստատում չէ. այն հիմնված է անցյալի փորձի վրա, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ պարբերաբար հնչում էին հավերժ բարեկամության մասին ելույթներ և կենացներ, բայց մեր վիճակն, այնուամենայնիվ, անշեղորեն վատթարանում էր։ Մյուս կողմից՝ մենք չենք քննարկում աշխարհակարգը փոխելու Ռուսաստանի ձտումը, եթե, իհարկե, հարցականի տակ չի դրվում մեր Ազատությունն ու Անկախությունը, այդ թվում՝ «ինտեգրացիոն կազմավորումների» կամ «ավելի խորն ինտեգրման» շրջանակում։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ աշխարհակարգի փոփոխության համար մղած մրցակցային պայքարում Ռուսաստանի կողմից թշնամի հայտարարված միջազգային հարաբերությունների սուբյեկտները նույնպիսիք լինեն նաև մեզ համար։ Մասնավորապես, Հայաստանը ոչ մի շահ չունի փչացնել իր հարաբերությունները Եվրամիության, ԱՄՆ, Ճապոնիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Կանադայի կամ որևէ այլ պետության հետ, այլ, ընդհակառակը, շահագրգռված է ամրապնդել և խորացնել այդ հարաբերությունները։ Եվ դրա հետ Ռուսաստանին մնում է սոսկ հաշտվել։
Այո՛, մենք կանգնած ենք ժամանակի պահանջներին և փոփոխվող աշխարհի իրողություններին համահունչ մեր հարաբերությունների արմատական վերանայման ճանապարհին։ Այստեղ գլխավոր են անկեղծ երկխոսությունը, բարի կամքը և համբերությունը, որպեսզի փոփոխությունները բարուն ծառայեն և՝ ոչ ընդհակառակը։