Ներածություն
Հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման պաշտոնական բանակցային գործընթացում այսօր առկա փակուղային իրավիճակն անցած 20 տարում (1992-2012թթ.) տարածաշրջանում կուտակած «ժողովրդական դիվանագիտության» ներուժի քննադատական վերլուծության սուր անհրաժեշտություն է թելադրում։ Այդ իսկ նպատակով 2013 թվականի հունվարին Ադրբեջանում հարցում է անցկացվել քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների (ՀԿ-ների ղեկավարներ, փորձագետներ, լրագրողներ, երիտասարդներ եւ այլք) շրջանում, ովքեր անցած տարիներին մասնակցել են ամենատարբեր խաղաղարար նախաձեռնությունների իրականացմանը։
Սույն հաշվետվությունը կազմվել է նշյալ հարցման հիման վրա, որն անցկացվել է երկու ֆոկուս խմբերի, ինչպես նաեւ մի շարք փորձագետների հետ բանավոր ու գրավոր հարցազրույցների միջոցով։ Հաշվետվությունը ներկայացված է այսպես կոչված «Չատեմ հաուս» ձեւաչափով, որը ենթադրում է կարծիքների մեջբերում՝ առանց դրանց հեղինակների մատնանշման։
Հարցման արդյունքով՝
- ներկայացվել է խաղաղարար նախաձեռնությունների մոտավոր ժամանակագրությունը եւ համառոտ տեսությունը,
- դիտարկվել են խաղաղարար նախաձեռնությունների հիմնական մասնակիցներն ու թեմաները,
- վերլուծվել է խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը իրական քաղաքական գործընթացների վրա,
- ներգրավված շահառուների մոտ գնահատվել է հակամարտության նկատմամբ վերաբերմունքի վրա խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը
- դիտարկվել են խաղաղարար նախաձեռնությունների իրականացման արդյունավետության վրա ազդող գործոնները,
- տրվել են մի շարք առաջարկություններ ու հանձնարարականներ, որոնք կարող են ուժեղացնել խաղաղարար նախաձեռնությունների գործունակությունը։
Հարցումը եւս մեկ անգամ հաստատել է իրականացված խաղաղարար նախաձեռնությունների համակարգման եւ դրանց արդյունքների վերլուծության անհրաժեշտությունը։ Ինչպես արդարացիորեն նկատել է հարցման մասնակիցներից մեկը՝ առանց նման մոտեցման այն կարծիքն է ստեղծվում, որ «ամեն անգամ մենք սկսում ենք զրոյից եւ նկատի չենք ունենում ուրիշների կատարած աշխատանքը»։
Խաղաղարար նախաձեռնությունների համառոտ տեսություն
Հարցման մասնակիցները հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում անցած 20 տարում (1992-2012թթ.) առկա խաղաղարար գործընթացը պայմանականորեն բաժանել են մի քանի փուլերի։
Առաջին փուլ՝ 1992-1994թթ.
Այս փուլում, այն է՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, ադրբեջանական հանրության մտավորականության առաջատար ներկայացուցիչները հիմնականում ձգտում էին լարվածության աճ թույլ չտալ։
1993 թվականին սկսվել է հայ-ադրբեջանական «Բեն-Լոմոնդյան խաղաղ գործընթաց» կոչված նախաձեռնության իրականացումը։ Հրադադարի ռեժիմի ստորագրումից հետո (1994թ. մայիս) Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական եւ հայաստանյան կոմիտեները կանանց եւ երիտասարդների խմբերի մասնակցությամբ երկու հանդիպում են անցկացրել սահմանամերձ շրջաններում՝ Իջեւանում (Հայաստան) եւ Ղազախում (Ադրբեջան)։
Երկրորդ փուլ՝ 1994-2000թթ.
Այս փուլում միջազգային կազմակերպություններն ու ՀԿ-ները, ինչպես նաեւ դոնորները սկսեցին խաղաղարար ծրագրեր իրականացնել Ադրբեջանում՝ տեղական ՀԿ-ների, փորձագիտական հանրության, ուսանողների, լրագրողների եւ առաջնորդ կանանց ներգրավմամբ։
- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեն «Հելսինկյան նախաձեռնություն-92» (Լեռնային Ղարաբաղ) կազմակերպության հետ միասին աշխատանք է տարել ռազմագերիների ու պատանդների որոնման ուղղությամբ:
- Շարունակվել է «Բեն-Լոմոնդյան խաղաղ գործընթացը» (1993-1998թթ.):
- 1994-1996թթ. Խաղաղության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) «Կանայք հանուն խաղաղության եւ ժողովրդավարության Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Հարավային Կովկասի երկրների կանանց ներկայացուցիչների միջեւ։
- Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) Միջազգային զարգացման եւ հակամարտությունների կարգավորման կենտրոնը (CIDCM) Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ միասին իրականացրել է «Գործընկերներ հակամարտությունում՝ Անդրկովկասում խաղաղության կամուրջների կառուցում» ծրագրի առաջին փուլը (1995թ. օգոստոս-դեկտեմբեր), ծրագիր, որը շարունակվել է մինչեւ 1999 թվականը։
- 1997 եւ 1998 թվականներին՝ Բաց հասարակության ինստիտուտ՝ Աջակցության հիմնադրամ-Ադրբեջան կազմակերպության ֆինանսական եւ Խաղաղության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) կազմակերպական աջակցությամբ Թբիլիսիի պետական համալսարանում մեկշաբաթյա դասընթացներ են անցկացվել «Հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման առաջնորդություն» թեմայով՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի ուսանողների համար։ Ծրագիրն իրականացվել է «Կանայք հանուն խաղաղության եւ ժողովրդավարության Հարավային Կովկասում» տարածաշրջանային կազմակերպության ադրբեջանական ստորաբաժանման կողմից։ Ընդհանուր առմամբ՝ այդ տարիների ընթացքում շուրջ 120 ուսանողներ մասնակցել են նշված դասընթացներին։
- 1997-1999 թվականներին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական, հայաստանյան եւ վրաստանյան կոմիտեներն ամառային եւ ձմեռային դպրոցներ են կազմակերպել երիտասարդների համար։
- 1997-2000 թվականներին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (FDFA) հովանավորությամբ իրականացված Կովկասի ԶԼՄ-ների աջակցության եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ադրբեջանցի լրագրողների այցելություններ Հայաստան (1997թ.) եւ Լեռնային Ղարաբաղ (1998թ.), ինչպես նաեւ հայ լրագրողների այցելություն Ադրբեջան (1999թ.)։
- 2000թ. փետրվարին, մայիսին եւ հունիսին Կրթական զարգացման ակադեմիան (AED) հակամարտությունների լուծման եւ կանանց առաջնորդության հարցերին նվիրված երեք սեմինար է անցկացրել՝ Բակուրիանիում (Վրաստան), Ծաղկաձորում (Հայաստան) եւ Բաքվում (Ադրբեջան)։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորած սեմինարներին մասնակցել են 20-ական կին ներկայացուցիչ Ադրբեջանից, Հայաստանից ու Վրաստանից։
Երրորդ փուլ՝ 2000-2007թթ.
Երրորդ փուլը բնութագրվում է ռազմագերիների ու պատանդների որոնման ոլորտում տարվող աշխատանքների ուժեղացմանն ուղղված նախաձեռնություններով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ու ՀԿ-ների ներգրավմամբ տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղարար նախաձեռնությունների իրականացման մեկնարկով։
- 2000-2007թթ. շարունակվել են ռազմագերիների ու պատանդների որոնմանն ուղղված ակտիվ գործողությունները, որոնք ձեռնարկվել են Գերմանիայում ստեղծված Ռազմագերիների ու պատանդների ազատման եւ անհայտ կորածների որոնման հարցերով միջազգային խմբի կողմից։ Այդ խմբի համակարգողները գործում էին Բաքվում, Երեւանում եւ Խանքենդիում (Ստեփանակերտ)։ Այդ ժամանակաշրջանում իրականացվել են համակարգողների փոխայցելություններ։
- 2001-2006թթ. Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում իրականացվել է ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի (ՅՈՒՆԻՖԵՄ) «Կանայք հանուն հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության ստեղծման Հարավային Կովկասում» անվանմամբ տարածաշրջանային ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակներում 2002 թվականին Ադրբեջանում ստեղծվել է կանանց «Կոալիցիա 1325»-ը, որի անդամները ակտիվորեն մասնակցել են երկրի մասշտաբով անցկացված բազմաթիվ խաղաղարար նախաձեռնությունների, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՖԵՄ-ի կողմից 2003 թվականին նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» տարածաշրջանային կոալիցիայի աշխատանքներին։
- 2001 թվականին սկսվել է հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Դարտմուտյան համաժողովը, որը շարունակվել է 6 տարի եւ որի ընթացքում անցկացվել է 11 հանդիպում (2001-2006թթ.)։
- Այդ ժամանակահատվածում սկսվել է Մեծ Բրիտանիայի կողմից հովանավորված «Կոնսորցիումի նախաձեռնություն» ծրագիրը (2003-2009), որը նպատակաուղղված էր հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը սատարող բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Ծրագիրն իրականացվել է կոալիցիայով, որի մեջ մտել են ամերիկյան «Catholic Relief Services» (CRS) եւ բրիտանական երեք ոչ կառավարական կազմակերպություններ՝ «Հաշտության ռեսուրսներ» (CR), «Միջազգային ահազանգ» (IA) եւ ԼԻՆԿՍ («London Information Network on Conflicts and Statebuilding»)։ Այս կազմակերպությունները տարածաշրջանի իրենց գործընկերների հետ միասին մեծ աշխատանք են տարել խաղաղարարության մասին բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Աշխատելով երիտասարդության, կին առաջնորդների, տարբեր ՀԿ-ների, փորձագիտական շրջանակների ու խորհրդարանականների հետ, սույն ծրագիրը նպաստել է հակամարտության կողմերի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության ստեղծմանը։
- 2006 թվականին Բաքվում, Երեւանում եւ Խանքենդիում (Ստեփանակերտ) «Միջազգային ահազանգ» (International Alert) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ստեղծվել են հակամարտությունների փոխակերպման ռեսուրս-կենտրոններ։
Չորրորդ փուլ՝ 2007-2013թթ.
Այս փուլը տարբերվում է նրանով, որ 2007 թվականից ի վեր մտավորականության ու պաշտոնական շրջանակների ներկայացուցիչները հնարավորություն ստացան համատեղ մասնակցելու խաղաղարար նախաձեռնություններին։ Այդ ժամանակաշրջանում սկսեց աշխատել նաեւ Եվրոպական Միության կողմից հովանավորվող «Եվրոպական գործընկերություն հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման» (EPNK) տարածաշրջանային երկարաժամկետ մեծ ծրագիրը։
- 2007 թվականի հուլիսին, ՌԴ-ում Ադրբեջանի ու Հայաստանի դեսպանների նախաձեռնությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչներն այցելեցին Լեռնային Ղարաբաղ, Հայաստան ու Ադրբեջան։ Այցերի շրջանակներում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։
- 2009 թվականի հուլիսին իրականացվել է Ադրբեջանի ու Հայաստանի դեսպանների մասնակցությամբ պատվիրակության հերթական այցելությունը Լեռնային Ղարաբաղ, Հայաստան ու Ադրբեջան՝ դարձյալ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներով։
- 2010 թվականի ապրիլին առաջին անգամ կայացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցը Ադրբեջան՝ մասնակցելու աշխարհի հոգեւոր առաջնորդների Բաքվի գագաթաժողովին։
- 2011 թվականի նոյեմբերին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն մասնակցեց ԱՊՀ միջեկեղեցական խորհրդի՝ Երեւանում անցկացված նիստին։ Այցի ժամանակ նա հանդիպեց նաեւ Հայաստանի նախագահի հետ։ Ադրբեջանցի պատգամավորները մասնակցել են Եվրանեստ խորհրդարանական ասամբլեայի սոցիալական, կրթական, մշակութային եւ քաղաքացիական հասարակության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, որն անցկացվել է 2012 թվականի փետրվարին Երեւանում։ Իրենց հերթին, հայ պատգամավորները մասնակցել են Եվրանեստ խորհրդարանական ասամբլեայի երկրորդ լիագումար նիստին, որը կայացել է 2012 թվականի ապրիլին Բաքվում։
- 2010 թվականին սկսվեց «Եվրոպական գործընկերություն հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման» (EPNK) երկարաժամկետ ծրագրի առաջին փուլը, որն ավարտվեց 2011 թվականին։ Ծրագիրն իրականացվել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (CMI) ֆիննական կազմակերպության, շվեդական «Kvinna till Kvinna» կազմակերպության եւ բրիտանական երեք ոչ կառավարական կազմակերպությունների՝ CR, «International Alert» և LINKS, ջանքերով։ Այդ ծրագրի երկրորդ փուլն սկսվել է 2012 թվականին եւ շարունակվում է վերոնշյալ կազմակերպությունների մասնակցությամբ։
Խաղաղարար նախաձեռնությունների հիմնական մասնակիցները
Ադրբեջանական կողմից խաղաղարար նախաձեռնություններում առավել լայն ներկայացված են եղել քաղաքացիական հասարակության առաջնորդներն՝ ի դեմս ՀԿ-ների, անկախ փորձագետների, լրագրողների, ուսանողական երիտասարդության, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչների, ավելի նվազ չափով՝ փախստականների եւ հարկադիր տեղաշարժվածների ու ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների։ Միաժամանակ նշվել է, որ զոհվածների ընտանիքները, գյուղաբնակները, սահմանամերձ շրջանների բնակիչները եւ քաղաքական կուսակցությունների անդամները սոսկ մասնակիորեն են ներգրավվել նման ծրագրերում, իսկ ինչ վերաբերվում է ձեռներեցներին, պետական ծառայողներին, ՏԻՄ ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այնպիսի մասնագիտությունների ներկայացուցիչներին, ինչպիսիք են ուսուցիչները, բժիշկները եւ այլք, ապա նրանք բավարար չափով չեն ներգրավվել այդ նախաձեռնություններում։ Հարցման մասնակիցները կարծում են, որ թեեւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, հնարավոր է, նույնպես հանդիպում են տարբեր համաժողովներում ու սեմինարներում, այնուամենայնիվ, այդ հանդիպումները դժվար է կառուցողական համարել, քանի որ «քաղաքական գործիչները ձգտում են ավելի շատ մեղադրել միմյանց»։
Ընդսմին, հարցման մասնակիցներից մեկը կարծում է, որ հանրության գրեթե բոլոր շերտերն ու խմբերը մասնակցել են խաղաղարար նախաձեռնություններին, իսկ իրական արդյունքների բացակայությունն, ըստ նրա, բացատրվում է նրանով, որ «ի տարբերություն պատերազմի ռեսուրսների, խաղաղության ռեսուրսներն ուղղակի չնչին են»։
Հակադիր կողմից ադրբեջանցի մասնակիցների գործընկերներն առավել հաճախ եղել են փորձագետներ, լրագրողներ, երիտասարդության ու մտավորականության ներկայացուցիչներ ու ոչ կառավարական կազմակերպություններ, կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքից։
Խաղաղարար նախաձեռնությունների հիմնական թեմաները
Խաղաղարար նախաձեռնությունները հիմնականում ուղղված են եղել հակամարտությանն առնչված հարցերի լայն շրջանակի՝ հետեւյալ ոլորտներում.
- ռազմագերիների եւ պատանդների, զոհվածների դիակների փոխանակման նախաձեռնություններ, լրագրողական կազմակերպությունների ու առանձին լրագրողների նախաձեռնություններ հակամարտության եւ դրա առանձին բաղադրիչների անաչառ լուսաբանման, տեղեկատվության մատչելիության բարելավման, խոսքի ազատության պաշտպանության, լրագրողների մասնագիտական վարպետության բարձրացման, ԶԼՄ-ների ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ,
- գոյություն ունեցող հակամարտությունների ու դրանց կարգավորման ուղիների ուսումնասիրմանը, հետհակամարտային գոյակցության հնարավորությունների հետազոտությանն ու վերլուծությանը նպատակաուղղված նախաձեռնություններ,
- պաշտոնական բանակցային գոծընթացին զուգահեռ խաղաղ բանակցությունների կազմակերպման նախաձեռնություններ,
- խաղաղարար գործընթացում կանանց եւ երիտասարդության դերի ուժեղացմանը միտված նախաձեռնություններ,
- փառատոների ու համատեղ ֆիլմերի ու տեսանյութերի ցուցադրությունների կազմակերպման նախաձեռնություններ,
- կողմերի միջեւ վստահության հաստատմանը եւ փոխըմբռնման որոնմանը միտված նախաձեռնություններ. քաղաքացիական հասարակության երկխոսության կազմակերպում, նրա ներգրավում խաղաղ կարգավորման որոնման, կողմերի միջեւ վստահության ավելացման առաջարկությունների գործընթացում,
- հումանիտար խնդիրների (մասնավորապես, ընտանիքների անդամների որոնում եւ կապերի վերականգնում, խառն ամուսնությունների խնդրի ուսումնասիրում) լուծմանն ուղղված նախաձեռնություններ, փախստականների ու հարկադիր տեղաշարժվածների հարցի քննարկում եւ այլն:
Խաղաղարար նախաձեռնությունների գնահատում
Հարցման մասնակիցների կարծիքով՝ խաղաղարար նախաձեռնություններում ամենաարդյունավետը նրանք էին, որոնք համապատասխանել են երկու հանրությունների «սոցիալական պատվերին» եւ առավել արդարացվածներն էին դրանց իրականացումից ակնկալվող դրական արդյունքների տեսանկյունից։ Այդօրինակ ծրագրերի թվին կարելի է դասել ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների փոխանակման նախաձեռնությունները, զոհվածների աճյունների փոխանակման նախաձեռնությունները, հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքին եւ տեղեկատվության փոխանակմանը (մամուլի ակումբների ստեղծմանը) միտված որոշ լրագրողական նախաձեռնություններ։
Գիտնականների ու հասարակական գործիչների միջեւ պարբերաբար անցկացված հանդիպումները նույնպես օգնել են հակամարտության կողմերի ներկայացուցիչների միջեւ փոխըմբռնման աստիճանի աճին։ Նման փոխկապերի արդյունքում ծնվել են համատեղ նախագծերի իրականացման գաղափարներ, ձեւավորվել են մարդկային լավ հարաբերություններ։ Մասնավորապես, որպես օրինակ կարելի է բերել «Ղարաբաղյան հակամարտություն. լուծման տարբերակներ» վերտառությամբ համատեղ գիրքը, որի հեղինակներն են պրոֆեսոր Ալի Աբասովը եւ նրա հայ գործընկեր Հարություն Խաչատրյանը։
Հարցման մասնակիցները գտնում են, որ մտավորականության եւ լրագրողների ներկայացուցիչների միջեւ երկխոսության եւ համատեղ այցելությունների կազմակերպման առումով որոշակի արդյունքներ են ձեռքբերվել։ Մի ինչ-որ պահի կողմերին հաջողվել է ձերբազատվել հեռու եւ մոտիկ պատմական իրադարձությունների լծից ու միմյանց վերաբերվել ազատ ու հանգիստ։ Սակայն վստահությունն ամրապնդելու եւ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար արդյունավետ առաջարկությունների մշակման ոլորտում առաջընթացն աննշան էր։
Մասնակիցներն այն կարծիքն են հայտնել, որ նախաձեռնություններն անհաջող են եղել այնչափ, որչափ դրանք հավակնում էին ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առաջարկների դերին։ Հարցման մասնակիցներից մեկը նույնիսկ գտնում է, որ բոլոր նախագծերն էլ անհաջող էին, քանի որ հակամարտությունը շարունակվում է չկարգավորված մնալ։ Միեւնույն ժամանակ, որպես անհաջող ծրագրի օրինակ ներկայացվել է 2000-ականների սկզբներին իրականացված, բայց գործընկերներից մեկի կողմից պարտավորությունների չկատարման պատճառով դադարեցված հայ-վրացա-ադրբեջանական նախագիծը։
Հարկ է ընդունել, որ իրական քաղաքականության վրա խաղաղարար նախաձեռնությունների ազդեցության գնահատման մեջ առկա է կարծիքների որոշակի անհամապատասխանություն։
Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել այն մասին, որ մինչեւ 2003 թվականը «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում խաղաղարար գործընթացի դրական միտում է դիտվել: Մասնավորապես, հաճախացել են ադրբեջանցի լրագրողների այցելությունները Հայաստան, եւ հակառակը՝ իրականացվել են ադրբեջանցի եւ հայաստանցի լրագրողների համատեղ այցելություններ Լեռնային Ղարաբաղ, եւ դրանք սատարվել են կառավարության կողմից։ Բայց 2003 թվականից իրավիճակը փոխվել է, եւ քաղաքականությունը դարձել է մեդիա ոլորտում նախաձեռնություններին զսպող լուրջ գործոն։
Այդուհանդերձ, հարցվածների մի մասը կարծում է, որ խաղաղարար նախաձեռնությունները որոշակի ազդեցություն են գործել քաղաքականության մակարդակի վրա, թեեւ քիչ չի եղել, որ դրանք բացասական արձագանք են գտել իշխանությունների ու արմատական տրամադրություններ ունեցող քաղաքական ուժերի մոտ։ Հակառակ դեպքում չէին լինի խաղաղարարների վրա «իշխանությունների այդքան կատաղի հարձակումները»՝ կարծում են նրանցից ոմանք։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է հարցման մասնակիցներից մեկը, «Արեւմուտքը Ադրբեջանում տեսավ առողջ եւ խաղաղասեր մարդկանց»։
Որպես նման ազդեցության օրինակ բերվել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման ստեղծման փաստը, ինչը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ քաղաքացիական հասարակությունը բազմիցս առաջարկություններ է արել այդ կապակցությամբ։
Ադրբեջանական խորհրդարանի ընտրողների եւ Խանքենդիի (Ստեփանակերտի) թ.125 ընտրատեղամասի բացման մասին հարցը նույնպես շոշափվել է քաղաքացիական հասարակության առաջարկություններում, եւ իշխանությունները հետագայում համապատասխան որոշում են ընդունել այդ հարցի կապակցությամբ։ Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումներում Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ներգրավումը, ինչպես նաեւ այդ հարցով ամենամյա բանավեճերի անցկացումը, որոնց արդյունքում հրապարակվել է «Ղարաբաղ. երեկ, այսօր, վաղը» վերտառությամբ գրքերի շարք, նույնպես խաղաղարար գործընթացի արդյունք է։
Մյուս կողմից էլ ընդգծվել է, որ անցած տարիներին, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, նպատակաուղղված աշխատանք չի տարվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների միջեւ փոխկապերի հաստատման ուղղությամբ, ինչն, իր հերթին, խաղաղարար գործընթացի լուրջ բացթողումներից մեկն է։ Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղաշարժված ադրբեջանցիների վերադարձը հայրենի վայրեր, ինչպես նաեւ տարածաշրջանում հայկական էթնոսի ներկայացուցիչների հետ խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին առկա առաջնային խնդիրներից է։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորումը կարող է հետագայում նպաստել հակամարտությունից անմիջականորեն տուժած մարդկանց միջեւ կապերի ու հանդիպումների ակտիվացմանը, կարծում են փորձագետները։
Հարցման ընթացքում նաեւ այն կարծիքն է հայտնվել, որ նախաձեռնությունները չնչին ազդեցություն են ունեցել իրական քաղաքական գործընթացների վրա, իսկ մի քանի մասնակիցներ նույնիսկ բացառել են քաղաքականության մակարդակի վրա խաղաղարար նախաձեռնությունների ազդեցության փաստը։ Ինչպես կարծում է հարցման մասնակիցներից մեկը, դա կապված է այն բանի հետ, որ «նախ՝ քաղաքական գործիչները բանակցությունների իմիտացիա են անում, երկրորդ՝ մեր երկրներում քաղաքացիական հասարակությունը կա՛մ բացակայում է, կա՛մ էլ շատ թույլ է։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը մտադիր չէ հաշվի նստել հանրության հետ»։
Նաեւ նշվել է, որ երբ բանակցություններում ծագում է խաղաղ կարգավորման գործընթացում ճեղքման հնարավորություն, քաղաքացիական հատվածի ծրագրերի ու նախաձեռնությունների նկատմամբ վերաբերմունքը բարելավվում է, իսկ երբ բանակցություններում հերթական փակուղին է լինում, եւ ուժեղանում է դիմակայությունը, խաղաղարար ծրագրերի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատթարանում է։
Կարելի է եզրահանգել, որ խոսելով դրական ազդեցության բացակայության մասին՝ հարցերին պատասխանողները ելնում էին այն ակնհայտ փաստից, որ ռազմական հակամարտությունը շարունակվում է, պահպանվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, եւ հաջողություն չկա պաշտոնական խաղաղ բանակցություններում։ Նաեւ այն կարծիքն է հայտնվել, որ քաղաքականության մակարդակի վրա խաղաղարար նախաձեռնությունների ազդեցության բացակայության պատճառներից մեկը խաղաղարար գործընթացում ներգրավված ՀԿ-ների ոչ բավարար «կշիռն» է։ Նրանց ֆինանսական ռեսուրսները եւ կազմակերպա-տեխնիկական բազան անբավարար են, ինչպես նաեւ շատ թույլ է որոշում ընդունողների ու խաղաղարար նախաձեռնությունների մասնակիցների միջեւ կապը։
Միաժամանակ ֆոկուս խմբերի մասնակիցները նշել են, որ 2007 թվականից հետո սկսվել է խաղաղարար ծրագրերի իրականացման նոր փուլ՝ պատգամավորների, դեսպանների ու կրոնական գործիչների մասնակցությամբ, որոնք մինչ այդ քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին հավանություն չէին տալիս։ Այդ մարդկանց, ինչպես նաեւ մտավորականության առաջատար ներկայացուցիչներին կարգավորման գործընթացում ներգրավումը գնահատվում է որպես իշխանությունների կողմից խաղաղարար նախաձեռնություններում շահագրգռվածության ցուցադրում։ Մասնակիցների կարծիքով, իշխանությունների դիրքորոշման փոփոխման վրա լուրջ ազդեցություն է գործել մինչ այդ իրականացված խաղաղարար ծրագրերի փորձը։
Հարցման մասնակիցները նաեւ նշել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումներում ընդգծվել է հումանիտար կապերի զարգացման անհրաժեշտությունը՝ հենվելով երկխոսության արդեն իսկ մշակված ձեւաչափի վրա։ Նախագահների ու արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում նույնպես հույս է հայտնվել, որ խաղաղարար գործընթացը կշարունակվի եւ այդ գործընթացում կներգրավվեն հանրության ակտիվ ներկայացուցիչները։
Հարցման ժամանակ բացահայտվել է, որ խաղաղարար նախաձեռնությունները ազդեցություն են գործել ներգրավված շահառուների խմբերի՝ հակամարտության նկատմամբ վերաբերմունքի վրա։ Դեպքեր են եղել, երբ նման ծրագրի մասնակիցը (շահառուն) հանդիպումից առաջ նույնիսկ չէր պատկերացնում հակադիր կողմի գործընկերների հետ համատեղ աշխատանքի որեւէ հնարավորություն։ Բայց ժամանակի ընթացքում նրանց մոտ ինչ-որ բան ստացվել է, եւ նրանց հաջողվել է առնվազը վստահություն ստեղծել անձնական մակարդակով։ Օրինակ, լրագրողներն ավելի հանդուրժող ու մտախոհ էին դառնում, նրանց մոտ հայտնվում էին տեղեկատվության աղբյուրներ մյուս կողմում, նրանք կարողանում էին սովորել աշխատելու մի թիմում, որտեղ նաեւ հակադիր կողմի ներկայացուցիչներն են, ինչպես նաեւ արհեստավարժորեն լուսաբանել հակամարտությունը։
Հարցվածների մի մասը կարծում է, որ նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են եղել խաղաղարար գործընթացում, սկսել են ավելի անաչառ վերաբերվել ինչպես բուն հակամարտությանը, այնպես էլ դրա առանձին հայեցակետերին։ Նրանք շատ են տարբերվում քաղաքացիների մեծամասնությունից, բոլոր նրանցից, ովքեր շարունակում են մնալ պաշտոնական քարոզչության ձեռնածությունների օբյեկտ։ Առաջին խումբն ավելի հանդուրժող ու զգայուն է հակամարտության բազմակողմանի գնահատականների նկատմամբ, նրանց մոտ փլուզվում են միֆերն ու կարծրատիպերը, նվազում է զգացմունքային բաղկացուցիչը, մեծանում է կառուցողականությունը եւ փոխզիջումների անհրաժեշտության ընկալումը։ Օրինակ, «Ինտերնյուս-Ադրբեջան» եւ «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպությունների նկարահանած ֆիլմերը հակամարտության երկու կողմերի երիտասարդությանը թույլ են տվել ձերբազատվելու «թշնամու» կարծրատիպից։
Հանուն քաղաքացիական հասարակության կանանց ալյանսի (Ադրբեջան) եւ Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) համատեղ դատավարություններն ու լսումները երկու կողմերի հասարակայնությանը ծանոթացրել են հետաքրքիր ու յուրօրինակ խաղաղարար նախաձեռնություններին։ Այդ նախաձեռնությունների արդյունքում հայտնվեցին հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ Վրաստանում անցկացված, այսպես կոչված, Թեկալիի լսումները։
Սակայն հարցման մասնակիցներից մեկն այն կարծիքն է հայտնել, որ տեւական դադարի դեպքում հակամարտության նկատմամբ շահառուների կարծիքները կարող են մերձենալ նրանց կարծիքներին, ովքեր նախկինում չեն ներգրավվել այդ գործընթացում։ Այսպիսով, ըստ հարցման մասնակցի, խաղաղարար գործունեությունը զսպում է հանրության չափից դուրս ագրեսիվությունը։
Խաղաղարար նախաձեռնությունների իրականացման արդյունավետության վրա ազդող գործոնները
Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման համապատկերում «ժողովրդական դիվանագիտության» հետագա ներուժի օգտագործման համար առավել կարեւոր է խաղաղարար նախաձեռնությունների իրականացման արդյունավետության վրա ազդող գործոնների վերլուծությունը։
Հարցման մասնակիցների կարծիքով, խաղաղարար նախաձեռնությունների իրականացմանը նպաստող գործոններից կարելի է ընդգծել հետեւյալը.
- յուրաքանչյուր մասնակցին հատուկ անձնական շահագրգռվածության գործոն (սկսած սովորական հետաքրքրությունից եւ վերջացրած պրոֆեսիոնալ կարիքների բավարարմամբ),
- միջազգային լուրջ կառույցների ներգրավվածություն,
- ձեւաչափի ընդլայնում (օրինակ, դրանում թուրք գործընկերների ներգրավում),
- ձեւերի բազմազանություն (թիմային ռեպորտաժներ, համատեղ ուսումնասիրություններ ու ֆիլմեր, արբանյակային մամուլի ասուլիսներ),
- պետական կազմակերպությունների աջակցություն (1997-2002 թվականներին),
- մասնակիցների նյութական շահագրգռվածություն,
- նոր աշխարհակարգի կառուցման ճանապարհին առկա խոչընդոտների հաղթահարման փորձ,
- մասնակիցների ցանկությունը՝ ինչ-որ ներդրում ունենալ հակամարտության լուծման գործում, եւ խաղաղարար ծրագրերում միջազգային կազմակերպությունների ու դոնորների շահագրգռվածությունը,
- փոխադարձ ու երկարաժամկետ շփումներ, միմյանց լսելու ունակություն եւ շփման ընդհանուր եզրերի հայտնաբերում,
- հմուտ փորձագետների առկայություն, համատեղ ապրելու դրական փորձի ու հիշողության կրողների գոյություն, այդ փորձի փոխանակման հնարավորություն,
- հակամարտության ճիշտ լուսաբանման՝ որոշ ԶԼՄ-ների պատրաստակամություն:
Հարցման մասնակիցների կարծիքով, խաղաղարար նախաձեռնությունների իրականացմանը խանգարել են հետեւյալ գործոնները՝
- 2003 թվականից հետո այդ նախաձեռնությունները սատարելու՝ կառավարության մոտ ցանկության բացակայությունը,
- հաջող նախաձեռնությունների ֆինանսավորման կարճաժամկետությունը եւ անհետեւողականությունը,
- բանակցային գործընթացում որեւէ առաջընթացի ու բանակցությունների մասին տեղեկատվության բացակայությունը, ինչպես նաեւ անվստահություն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ,
- ներքին կարծրատիպերի առկայությունը,
- հանրության անդամների մեծամասնության կողմից խաղաղարարության, որպես իրական քաղաքականության սկզբունքի չընդունումը,
- հակամարտությունը երկարաձգելու եւ այն որպես իշխանության ռեսուրս օգտագործելու իշխանությունների ցակությունը,
- տարածաշրջանում սեփական ազդեցությունն ուժեղացնելու նպատակով հակամարտությունն օգտագործելու՝ առաջատար տերությունների ձգտումը,
- տարբեր դոնորների մոտ խաղաղարարության մտածված ու համաձայնեցված ռազմավարության բացակայությունը,
- տեղական ՀԿ-ների՝ գիտելիքների ու փորձի նկատմամբ քամահրական վերաբերմունքը,
- տարաբնույթ դրդապատճառներ ունեցող մասնակիցների ընտրությունը (ինչպես պատկերավոր արտահայտվել է հարցման մասնակիցներից մեկը՝ «իռեդենտիստն ու խաղաղարարը չեն կարող նույն թիմում լինել»),
- երկու երկրների իշխանություններին էլ ձեռնտու ազգայնամոլական հռետորաբանությունը, որը պաշտպանվում է համապատասխան ԶԼՄ-ների կողմից,
- սահմաններին հրադադարի խախտման բազմաթիվ փաստերը եւ զինծառայողների սպանությունները, ռազմական ակտիվ գործողությունների ժամանակաշրջանի մասին հիշողությունները, Խոջալուի իրադարձությունները եւ այլն:
Կարծում ենք, որ խաղաղարար նախաձեռնություններին ինչպես նպաստող, այնպես էլ խանգարող գործոնների համեմատական վերլուծությունը կարող է թույլ տալ գործուն առաջարկներ մշակելու հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործման համար։
Եզրահանգում
Հարցման ժամանակ մասնակիցները նաեւ հանդես են եկել առաջարկներով, որոնք, ըստ նրանց, կարող են ուժեղացնել խաղաղարար նախաձեռնությունների գործունությունը։ Մասնավորապես, փորձագետներից մեկը գտնում է, որ խաղաղարար նախաձեռնությունները չպիտի սեւեռվեն հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության վրա։ Ըստ նրա, խաղաղարար նախաձեռնությունների նպատակը պիտի լինի երեխաներին ու երիտասարդներին կրթել-լուսավորելը, քանի որ այսօր մի սերունդ է աճում, որը միմյանց մասին ոչինչ չգիտի եւ պատանեկան տարիներից գտնվում է «հակաադրբեջանական» եւ «հակահայկական» քարոզչության ազդեցության տակ։ «Մենք չպիտի ապրենք պատմական միֆերի, պատմական անուրջների ու հավաքական պատասխանատվության մամլիչի տակ», գտնում է նա։ Նա նաեւ գտնում է, որ խաղաղարար նախաձեռնությունների մեծ մասում հստակ նախանշված չեն իրական նպատակներ, եւ կասկածում է, որ խաղաղարար նախաձեռնությունները պիտի երկրորդեն քաղաքական գործիչներին։ «Ինքս այսպես եմ ձեւակերպում՝ գլխավորը գոնե «զրոյական» մակարդակին հասնելն է, երբ առնվազն տեղական խմբերում չեն օգտագործում պատմական ու ազգայնական փաստարկներ։ Մենք միմյանցից լավը կամ վատը չենք»՝ հավելում է նա։
Մեկ այլ փորձագետ կարծում է, որ միայն հետեւողական ու տեւական աշխատանքի պարագայում կարելի է հասնել երիտասարդության աշխարհայացքի ավելի լուրջ փոխակերպման, աշխատանք, որը հնարավոր չէ իրականացնել տեղական դրամաշնորհների շրջանակներում։
Հարցման մեկ այլ մասնակից եւս այն կարծիքն է հայտնել, որ, ցավոք, խաղաղարար նախաձեռնությունները լինում են ոչ թե ինքնաբուխ, այլ միայն հիմնադրամների պահանջներին համապատասխան։ Ըստ նրա, հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ առայժմ չի իրականացվել Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիների ինքնուրույն համատեղ նախաձեռնություն։ «Ամեն անգամ երրորդ կողմ է պետք լինում, որը մեզ նստեցնում է բանակցությունների սեղանի շուրջ։ Խնդիրը մեր քաղաքացիական տհասության մեջ է»՝ համոզված է նա։
Հարցման արդյունքների նախնական վերլուծության հիման վրա կարելի է հետեւյալ առաջարկներն անել՝
- ուժեղացնել քաղաքացիական հասարակության ու պաշտոնական կառույցների, հայ-ադրբեջանական լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերով զբաղվող հետազոտական կենտրոնների միջեւ փոխգործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը,
- ուսումնասիրել այլ երկրներում նմանատիպ հակամարտությունների կարգավորման դրական խաղաղարար փորձը,
- համակողմանի խաղաղ պայմանագիր մշակելիս ծանոթանալ բանավեճերի անցկացման դրական փորձին, ինչպես նաեւ հակադիր կողմի կարծիքը հանրությանը ներկայացնելու արդյունավետ եղանակներին,
- լուծված հակամարտությունների օրինակով ուսումնասիրել ԶԼՄ-ների դերը կայուն խաղաղության ձեռքբերման գործում։
Երախտագիտության խոսքեր
Հեղինակները հետազոտությանը մասնակցելու համար շնորհակալություն են հայտնում Արզու Աբդուլաեւային, Ալի Աբասովին, Սաջիդա Աբդուլվահաբովային, Քամալ Ալիին, Արիֆ Ալիեւին, Մեհման Ալիեւին, Ռաշադ Ալիեւին, Զարդուշտ Ալիզադեին, Բախտիյար Ասլանովին, Զինադին Բաբաեւին, Իրադա Բաղիրովային, Ռահման Բադալովին, Սահադաթ Բանանյարլիին, Իլգար Վելիզադեին, Նաիլյա Հաշիմովային, Համիդ Հիյասբեյլիին, Թաբիբ Հուսեյնովին, Սաբինա Հուսեյնովային, Նովելա Ջաֆարովային, Թողրուլ Ջուվարլիին, Քերիմ Քերիմլիին, Ասեֆ Կուլիեւին, Նիյազի Մեհթիին, Էլհան Մեհթիեւին, Ռասիմ Մուսաբեկովին, Շահին Ռզաեւին, Ռենա Սաֆարալիեւային, Էլհան Շահինօղլիին եւ Դիլյարա Էֆենդիեւային։