Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան
Ժամանակակից ավտորիտար համակարգերի իշխանության պահպանման տեխնոլոգիաները զգալիորեն տարբերվում են նախկին դարի ավանդական ավտորիտար համակարգերի իշխանության պահպանման մեթոդներից։ Ավտորիտար տեխնոլոգիաների «զարգացմանը» զուգընթաց ավելի և ավելի է կարևորվում լրատվամիջոցներում կատարվող քարոզչությունը։[1] Ընդ որում, ի տարբերություն ավանդական քարոզչության՝ ժամանակակից աշխարհում քարոզչական ավանդական տեխնոլոգիաներին փոխարինում են ավելի նուրբ տեխնոլոգիաները, պատճառը՝ միջազգային համակարգի առանձնահատկություններն են։Ավանդական մոդելի ավտորիտար պետությունը ձգտում է քաղաքական կյանքի մոնոպոլիստական վերահսկողության՝ միակուսակցական համակարգի միջոցով։ Ավանդական ավտորիտար համակարգերը ուղղակիորեն կառավարվում են գործադիր իշխանության կողմից՝ ուժային կառույցների միջոցով։[2] Դրանց համար բազմակուսակցական համակարգի և բազմակարծության պատրանքի ստեղծումը կարևոր չէ, ինչը չի կարելի ասել ժամանակակից մոդելի ավտորիտար պետության մասին, որտեղ առնվազն արտաքուստ պետք է պահպանվի քաղաքական բազմակարծության առկայությունը։
Հաշվի առնելով ժամանակակից միջազգային համակարգի առանձնահատկությունները՝ պետությունները դրսի աշխարհի, մասնավորապես՝ արևմտյան միջազգային կառույցների համար ժողովրդավար երևալու կարիք ունեն։ Հայաստանն այս հարցում բացառություն չի կազմում։ Որպես տնտեսական մի շարք խնդիրներ և ահռելի միջազգային պարտք ունեցող պետություն՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ իշխանության պահպանում՝ մշտական բռնի ավտորիտար մեթոդների կիրառման միջոցով։ Հետևաբար, անհրաժեշտ է ստեղծել երկրում ժողովրդավարական ազատությունների գոյության պատրանք, այդ թվում՝ մամուլի ոլորտում։
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր «Մամուլի ազտատություն» տարեկան զեկույցներում արդեն 14 տարի Հայաստանին դասակարգում է որպես «ոչ ազատ» մամուլ ունեցող երկիր։[3] Բացի լրագրողների դեմ բռնի ուժի կիրառման դեպքերից՝ այս ցուցանիշը պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով՝ լրատվամիջոցների կողմից պարբերաբար իրականացվող ինքնագրաքննությամբ և հեռուստատեսությունների ոչ ազատ վիճակով։ Ինտերնետ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի դարաշրջանում մենք բոլորս հակում ունենք անտեսելու հեռուստատեսությունների կարևորությունը։ Այդուհանդերձ, ինտերնետ լրատվամիջոցների գրագետ օգտագործումը ենթադրում է համացանցի հասանելիություն և, ամենակարևորը, համացանցից օգտվելու գրագիտություն։ Հայաստանում համացանցից օգտվողների թիվը, ըստ նույն Freedom House կազմակերպության, 2017թ. բնակչության մոտ 58 տոկոսն է։[4] Ընդ որում՝ անհասկանալի է, թե այդ 58 տոկոսից քանիսն է կիրառում համացանցը որպես լրատվության աղբյուր, հետևաբար՝ հեռուստատեսության կարևորությունը Հայաստանում որպես լրատվության աղբյուր անհնար է անտեսել։
Հարց է ծագում՝ ինչպիսի՞ աննկատ և նորագույն հակաժողովրդավարական տեխնիկաներ է կիրառում հայկական հեռուստատեսությունը։ Բազմաթիվ հեռուստատեսությունների առկայության պատճառով հոդվածում օրինակները բերվում են միայն Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ։ Այս ընտրությունը նաև պայմանավորված է նրանով, որ Հանրային հեռուստաընկերությունը գործում է ՀՀ բյուջեից հատկացվող ֆինանսավորման հաշվին և, ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի, պարտավոր է ղեկավարվել «օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով»։[5]
Լռությունն ու ինքնագրաքննությունը՝ որպես քարոզչություն
Ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները վերնագիրը կրող 4-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանում արգելվում է գրաքննությունը։[6] Թեև Հայաստանում չի գործում կենտրոնացված գրաքննություն, այդուհանդերձ՝ ըստ ամենայնի կիրառվում է հեռարձակվող լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստատեսությունների ինքնագրաքննություն։
Ինքնագրաքննության գոյությունը ՀՀ-ում արձանագրել էր 2017թ. խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որի ներկայացրած նախնական դիտարկումների համաձայն՝ լրատվամիջոցների սեփականատերերի միջամտությունը «լրատվամիջոցների խմբագրական աշխատանքի անկախությանը հանգեցնում է ինքնագրաքննության և ապա քաջալերում է կառավարության քննադատական լուսաբանումը, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ»:[7] Այսպես, օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը ինքնագրաքննության պատճառով լայնորեն կիրառում է լռության տակտիկան բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք քննադատական լույսի տակ են ներկայացնում Հանրապետական կուսակցությանը։
2017թ. խորհրդարանական և ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրային հեռուսատընկերությունը ձևականորեն պահպանել է օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը։ Ընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցություններն ամենադիտվող ժամերին (prime time – 18:00-00:00) ցուցադրվող լրատվական հաղորդումների ընթացքում քարոզարշավներին հատկացված ժամանակի տեսանկյունից հավասար են լուսաբանվել, սակայն քարոզարշավի տեխնիկական լուսաբանումից դուրս ընտրություններին առնչվող բոլոր այն դեպքերը, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ Հանրապետական կուսակցության հեղինակության վրա, լռության են մատնվել։
Այսպես, օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը առնվազն երեք անգամ խուսափել է Հանրապետական կուսակցությանն առնչվող քննադատական լուսաբանումներից։ Ընդ որում, երեք դեպքերն էլ կուսակցության անօրինական գործունեության վերաբերյալ խոշոր բացահայտումներ էին, որոնք լայնորեն քննարկվել են առցանց լրատվամիջոցների և հասարակության լայն շերտերի կողմից։
Դրանցից առաջինը «Իրազեկ քաղաքացիների միավորման» բացահայտումն էր այն մասին, որ 120 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ ձայներ են հավաքագրել ՀՀԿ-ի օգտին 2017 ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։ Մարտի 24-ին հրապարակվել էին տնօրենների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններ, որտեղ վերջիններս հաստատում էին ձայների հավաքագրման փաստը։ Հրապարակումը լայն հանրային քննարկումների առիթ էր դարձել, սակայն Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն երեկոյան 18.00-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածի լրատվական հաղորդումներում չի անդրադարձել այս դեպքին, այլև գերադասել է լռել նաև այդ ու հաջորդող օրերի լուրերի թողարկումներում։
Նույն գործընթացը կրկնվեց նաև այսպես կոչված «Զիբիլիկսի» բացահայտման դեպքում, երբ ԵԼՔ կուսակցությունների դաշինքը 2017թ. մայիսի 12-ին Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի շտաբի կողքի աղբամանից գտել էր փաստաթղթեր, որոնք, ըստ ամենայնի, ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառքի բաժանման գործընթացի կազմակերպման նպատակով մշակված նյութեր էին։
Երրորդ դեպքը ՍԱՍ Գրուպ կազմակերպության աշխատակիցների ընտրության ազատության իրավունքի խախտման դեպքն էր։ Թեև ապրիլի 14-ին Հանրային հեռուստաընկերությունը Օրակարգի գլխավոր հաղորդման մեջ անդրադարձ էր կատարել ՍԱՍ Գրուպ կազմակերպության ղեկավարության կողմից դրա աշխատակիցներին՝ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել ստիպելու վերաբերյալ ձայնագրությունների վերաբերյալ, սակայն դեպքը հիշատակվում է ընդամենը 14 վայրկյանում՝ առանց մանրամասների ներկայացման և առանց անգամ Հանրապետական կուսակցության վերաբերյալ որևէ հիշատակման։
Հատկացվող ժամանակը՝ հավասար, բայց լուսաբանման եղանակը՝ տարբեր
Թեև ցանկացած իշող կուսակցություն ունի լրատվամիջոցներում ինստիտուցիոնալ լուսաբանման առավելություն (institutional coverage), այն է՝ զգալիորեն ավելի հաճախ է լուսաբանվում՝ ի պաշտոնե, այդուհանդերձ՝ Հանրային հեռուստաընկերության պարագայում այս անհամաչափությունը ոչ ընտրական ժամանակահատվածներում վերածվում է մյուս կուսակցություններին բացարձակապես անտեսելու հանգամանքի։ Նախընտրական ժամանակաշրջանից դուրս Հանրային հեռուստաընկերության մշտադիտարկումը ցույց է տալիս, որ Հանրային հեռուստաընկերությունը գործող քաղաքական ուժերից Հանրապետական կուսակցությանը հատկացնում է անհամեմատ ավելի շատ ժամանակ։ 2017թ. ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում ամենադիտվող ժամերին ցուցադրվող լրատվական հաղորդումների մշտադիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ քարոզչական ժամանակահատվածից դուրս Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանում է գրեթե բացառապես Հանրապետական կուսակցությանը՝ այլ քաղաքական ուժերին կամ անտեսելով, կամ լուսաբանելով կոնտեքստից դուրս բերած, երբեմն անգամ ծաղրական ինտոնացիայով։
Այսպես, օրինակ, հունիսի 19-ին «Երկիր ծիրանի» կուսակցությանն անդրադարձող ռեպորտաժի ընթացքում տողատակում գրվում է «Երկիր ծիրանի. էմոցիոնալ կանայք՝ ընդդեմ սառնասիրտ տղամարդկանց», իսկ ընդհանուր լուսաբանման ընթացքում կիրառվող բառախաղը ավելի շուտ ռեպորտաժը նմանեցնում է հարևանի ընտանիքի ապահարզանի վերաբերյալ բամբասանքի, այլ ոչ թե կուսակցության անդամների մի մասի կողմից մյուսին անվստահություն հայտնելու դեպքի։ Ընդ որում, հենց «ապահարզան» և «դավաճանություն» բառերն էլ կիրառվում են ռեպորտաժի բառախաղի ընթացքում։[8] Ավելին, ռեպորտաժի ընթացքում ցույց են տրվում միայն այս կուսակցության ներկայացուցիչ տղամարդկանց խոսքերը, որոնցում նրանք կրկին մեղադրում են կանանց էմոցիոնալ վերաբերմունքի մեջ։ Նրանց խոսքից ընտրված որոշակի հատվածները և ռեպորտաժը վարողի կիրառած բառերը արդյունքում ստեղծում են կուսակցության բացասական ընկալում հեռուստադիտողի մոտ։
Նմանօրինակ բառախաղի ընտրություն կարելի է դիտարկել նաև ԵԼՔ կուսակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության քննարկման սկզբում՝ սեպտեմբերի կեսերին հարցի վերաբերյալ լրատվություն գրեթե չէր ներկայացնում,[9] իսկ երբ սեպտեմբերի վերջում և հոկտեմբերի սկզբին սկսեց ներկայացնել՝ միակողմանի էր լուսաբանում։ Այսպես, հոկտեմբերի 3-ի ռեպորտաժում, երբ Հանրային հեռուստաընկերությունը հարցի շուրջ ԱԺ քննարկումներն էր լուսաբանում, չի բերում որևէ տեղեկատվություն ԵԱՏՄ-ին անդամակցության դեմ ԵԼՔ-ի փաստարկների վերաբերյալ, սակայն մեջբերում է հանրապետական խմբակցության տեսակետերն առ այն, որ ԵԼՔ-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը նախընտրական քարոզարշավի ժամանակ չի բարձրացրել, և որ դաշինքի ներսում հարցի վերաբերյալ միասնական կարծիք չկա։[10] Ընդ որում, ԵԼՔ-ի ներսում միասնական կարծիքի բացակայության մասին այս ենթադրությունով էլ ավարտվում է ռեպորտաժը։ Այլ կերպ ասած, վերոհիշյալ երկու օրինակներում էլ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ներկայացվում են որպես ներքին պառակտում ունեցող կուսակցություններ, ինչը հեռուստադիտողի ենթագիտակցության վրա հստակ ազդեցություն է թողնում: Մինչդեռ Հանրապետական կուսակցության վերաբերյալ նույնատիպ լուսաբանում Հանրայինի եթերից անհնար է անգամ պատկերացնել։
Հարկ է նաև նշել, որ լայնորեն կիրառվում են վիզուալ ազդեցության մեթոդներ։ Այսպես, օրինակ, խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հանրապետական կուսակցության քարոզարշավի կադրերը ավելի լավ որակի էին, քան, օրինակ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի կադրերը։ Կամ, մեկ այլ դեպքում, Հանրապետական քարոզարշավի ընթացքում երբեք չէին ցուցադրվում դահլիճի դատարկ հատվածները, սակայն ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ ռեպորտաժներում դահլիճի դատարկ նստարանների կադրեր ավելի հաճախ էին ցուցադրվում, քան դահլիճում ներկա անձանց պատկերող կադրերը։ Այս և մի շարք այլ վիզուալ տեխնոլոգիաներ հնարավորություն են տալիս ազդելու հեռուստադիտողի ենթագիտակցության վրա։
Նմանօրինակ քարոզչական նուրբ մեթոդները բազմակողմանիորեն կիրառվում են թե Հանրային և թե մյուս խոշոր հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստատեսությունների կողմից։ Հաշվի առնելով այն, որ Հայստանում չկա քաղաքական ազդեցությունից զերծ խոշոր ու անկախ հեռուստաընկերություն և, հետևաբար, հեռարձակվող այլընտրանքային լրատվություն՝ պարզ է դառնում, որ այսօր Հայաստանում գոյություն ունի հեռուստատեսությունների վրա հանրային վերահսկողության մեխանիզմների ստեղծման և դրանց կիրառած նորագույն քարոզչական տեխնոլոգիաների վերաբերյալ հանրության լայն շերտերի իրազեկման հստակ անհրաժեշտություն։ Հեռուստատեսությունների անկախության ապահովումը Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ ամենակարևոր քայլերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։
[1]Քարոզչություն և պրոպագանդա տերմինները հոդվածում կիրառվել են որպես համարժեք տերմիններ
[2]https://freedomhouse.org/report/modern-authoritarianism-origins-anatomy-outlook
[3]https://freedomhouse.org/report/freedom-press/2016/armenia
[4]https://freedomhouse.org/report/freedom-press/2017/armenia
[5]http://tvradio.am/resources/menu//adminzonetv/elections/5e895ade8982b0d5f6349d5bc8fd7411.pdf
[6]http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1890&lang=arm&enc=utf8
[7]http://www.osce.org/hy/office-for-democratic-institutions-and-human-rights/elections/armenia/309471?download=true
[8]https://www.youtube.com/watch?time_continue=1464&v=VINzmbv-YxI
[9]http://uicarmenia.org/wp-content/uploads/2017/09/H1-EAEU-midterm-report-arm.pdf