Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը իր հեղինակային հաղորդման սկզբում հայհոյեց…
Էստեղ կանգ կառնեմ ու չեմ նշի ո՛չ հայհոյանքի օբյեկտին, ո՛չ հայհոյական բառերը, որոնք հնչեցին եթերում։ Որովհետև կարևոր էլ չէ՝ հայհոյանքն ուղղված է մի այլ պետության ղեկավարի՞ն, քո երկրի ղեկավարի՞ն, քեզնից տարբեր կերպ մտածողի՞ն, թե՞ քեզնից տարբեր կերպ ապրողին…
Այսինքն՝ ընդհանրապես կարևոր չէ, թե հայհոյանքն ում է ուղղված։ Իմ առաջին նախադասության մեջ կարևորը հայհոյանքի փաստն է, որ հնչել է ուղիղ եթերով։Ու… շատ մարդիկ, նաև Հայաստանում, ողջունում են դա։ Ողջունում են հենց միայն նրա համար, որ դա ուղղված է իրենց չսիրած անձնավորությանը:
Մտահոգիչ է։
Մոտավորապես այդպես տարիներ շարունակ ՀՀԿ խոսնակն էր Երևանում նստած հոխորտում մե՛րթ Էրդողանի, մե՛րթ էլ Ալիևի հասցեին, և դա ինքն ու իր շրջապատը համարում էին մեծ հերոսություն։ Մոտավորապես այդպես է, երբ Երևանում որևէ պետության դրոշ են այրում, դա համարում հերոսության «ալֆան և օմեգան»…
Ընդդիմախոսներին հայհոյելը վաղուց է տարածված. բացե՛ք Խորհրդային Միության կուռք Լենինի հոդվածները՝ ողջը հայհոյանք է այլ կերպ մտածողների հասցեին:
Հիմա՝ համացանցի ի հայտ գալուց հետո, հրապարակային հայհոյանքը դարձել է զանգվածային մի բան։ Սա ցավալի փաստ է: Շատերը չեն գիտակցում, ավելի ճիշտ՝ ենթագիտակցաբար չեն ուզում գիտակցել, որ մոնիտորից այն կողմ մարդ է, իսկ համացանցում, մանավանդ բաց գրառում կատարելիս, քո գրածը մի քանի միլիոն հավանական ընթերցող ունի։
Այսքանից հետո պիտի ասեմ, որ ես չեմ կարծում, թե մեծ տղամարդկություն է հեռվից հեռու ինչ-որ մեկին հայհոյելը (և հայհոյելն ընդհանրապես), այդ ինչ-որ մեկին «այ տղա, տեղդ վեր ընկիր» ասելը և նույնիսկ օտար պետության դրոշ այրելը։ Վստահ եմ՝ ինձ նման մտածող էլի շատերը կլինեն:
Իսկ հակառակը կարծողներին հարց տամ. եթե դեմ դիմաց լինեք ձեր հոխորտանքի կամ հայհոյանքի օբյեկտի հետ, նույն բառերը կօգտագործե՞ք, եթե նույն Պուտինը, Էրդողանը, ձեր քաղաքական հակառակորդը, ձեզ նման չմտածողը ձեր դիմաց կանգնած լինեն՝ նույն կերպ կխոսե՞ք…
Կասկածում եմ։ Ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ ոչ։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարությունը սկզբում հայտարարեց, թե չի պատրաստվում որևէ բան կիրառել լրագրողի դեմ, թեպետ չի ընդունում հայհոյանքը: Սակայն հետո հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն խնդրեց, ասելով, թե «դա եթերային տեքստ չէ, դա հեռուստաալիքի արտահայտման ձև չէ, և հեռուստաալիքը չի կիսում այդ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում»: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ հեռուստաընկերության ինքնակարգավորման մարմինը լրագրողի լիազորությունները երկու ամսով դադարեցնելու որոշում է կայացրել: Լավ է, որ հեռուստալիքը ըստ էության դատապարտել է լրագրողի նմա գործելաոճը:
Երկրորդ հարցս հնչեցնելուց առաջ մի բան կասեմ, որ ընթերցողին կարող է տարօրինակ թվալ և անգամ նախորդ պարբերություններին հակասող։
Արդ, ես կարծում եմ, որ հայհոյանք երևույթը (ինչը, կրկնեմ, դատապարտելի է) համացանցում կամ հեռվից հեռու դեռ մտահոգություն չի առաջացնում, եթե հեղինակը հայտնի է, դու տեսնում ես, թե ով է հայհոյողը: Որովհետև, ի վերջո, կարող ես նրան պատասխանատվության կանչել:
Շատ ավելի վատ է, երբ այդ հայհոյողը (նաև զրպարտություն, վիրավորանք, ապատեղեկատվություն տարածողը) անհայտ է և թաքնվում է բուսական կամ կենդանական աշխարհի (ֆլորայի ու ֆաունայի) ներկայացուցիչների անվան ու պատկերի տակ։
Հիմա էլ ստիպված եմ ասել, որ լիքը մարդ արդարացնում է անանունությունը կամ թաքուն հայհոյանքն ու դրա դիմաց պատասխանատվության չենթարկվելը։
Եվ ահա երկրորդ հարցս՝ արդեն անանունությունը արդարացնողներին. ձեզ համար ընդունելի կլինե՞ր, որ ինչ-որ մի կեղծ ու անանուն կայք ձեր հասցեին զրպարտություն տարածեր, հետո այդ նույնն արդեն տարածեին իրական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչ այդ կայքին, ուրախանային, որ կարող են նման բան տարածել ու պատասխանատվության չենթարկվել, որովհետև ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ «Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա՝ … հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին»:
Կարծում եմ, ոչ մի ողջամիտ մարդ նման բան չի ցանկանա, և չի արդարացնի հայհոյանքը, զրպարտությունն ու վիրավորանքը՝ ինչ է թե չխախտվի ինչ-որ մեկի անանուն մնալու իրավունքը:
Բայց անանուն զրպարտության դեպքում գոնե օրենքով պաշտպանվելու հնարավորություն կա. եթե ձեզ անանուն զրպարտել են, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքին վերաբերող 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս պաշտպանվել դրանից (անանուն զրպարտությունից). «Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով»:
Զրպարտության դեպքում, կրկնենք, լուծում գտնվել է: Իսկ ի՞նչ անել հայհոյանքի և վիրավորանքի դեպքում:Կարծում եմ, արհամարհելը ամենաճիշտ լուծումն է՝ ստորև բերվող անեկդոտի օրինակով.
– Լսի՛ր, – ասում են մեկին,- երբ որ դու ներկա չես լինում, էն Պողոսը քո հասցեին ինչ հայհոյանք ասես տալիս է:
– Երբ որ ես ներկա չեմ լինում,- պատասխանում է մարդը հանգիստ, – ինքը կարող է նաև ինձ ծեծել:
Հայհոյանքն ընդհանրապես որևէ հարց չի լուծում: Անանուն հայհոյանքը՝ առավել ևս: Հայհոյանքը գուցե միայն հայհոյողի սիրտն է հովացնում, հանգստացնում նյարդերը և այլն:
Ու հիմա դիմեմ նրանց (միամիտ դիմում է, իհարկե). եթե որոշել եք հայհոյանքով հանգստացնել ձեր նյարդերը, ապա դա արեք ոչ ուրիշների նյարդերի հաշվին: Կանգնե՛ք ձեր խոհանոցում, դեմքով դեպի պատը (որպեսզի հանկարծ պատահաբար ձեր կողքին հայտնված տնեցիներին չվնասեք) և հայհոյե՛ք ինչքան սրտներդ ուզի: Միևնույն է, այդ հայհոյանքը՝ տանը հնչեցնեք, թե հրապարակավ, ոչ մի արդյունք չի տալու:
Բայց մե՛ր նյարդերը հանգիստ կմնան: