Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ստեփանակերտ
Եվրոպայի հայ համայնքներ այցը կարող է շատ հաճախ տխուր տպավորություն թողնել: Շատ քաղաքներում կարելի է գտնել համայնքային խոշոր շինություններ, որոնք շաբաթվա մեջ մի քանի ժամ են ընդամենն օգտագործվում: Ընդհանուր առմամբ, համայնքային կառույցներն ավելի շուտ իրենցից ներկայացնում են մշակութային-կրթական խմբակներ, որոնց ազդեցությունը, սակայն, գնալով նվազում է: Ուժեղագույն կառույցները մնում են ավանդական եկեղեցիները, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, որի գործունեությունն առավելապես նկատելի է Հայ Դատի գրասենյակների և մշակութային տների տեսքով: Դաշնակցության «մրցակից» խոշորագույն կառույցը՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, թեև շարունակում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, այնուամենայնիվ, չունի նախկին հզորությունը: Կազմակերպության հեղինակությունն առավելապես տուժել է Կիպրոսի «Մելգոնյան» վարժարանի փակումից հետո: Շատ համայնքներում, հատկապես Մերձավոր Արևելքի կենսունակ համայնքներում, ստեղծված է ուժեղ համայնքային-կրոնական բյուրոկրատիա, որն իր գլխավոր նպատակն է հռչակել հայապահպանությունը:Ո՞րն է հայապահպանության հիմնական նպատակը: Հիմնական նպատակը կենսաբանորեն հայերից համայնքի անդամ սարքելն է: Համայնքի անդամ լինելը նշանակում է լինել այս կամ այն եկեղեցու (հիմնականում՝ Հայ առաքելական) կամ մշակութային-բարեգործական միությունների անդամ, մուծել անդամավճար և ամենակարևորը՝ թույլ տալ համայնքային բյուրոկրատիային և եկեղեցուն այդ անդամներին ներկայացնել քաղաքացիության երկրի իշխանությունների առջև և, ինչը պակաս կարևոր չէ, Հայաստանի (Արցախի) իշխանությունների առջև: Երկարատև կտրվածքով հայապահպանությունը բերում է ձուլման, քանզի համայնքի անդամ լինելուց առավել՝ այլ երկրների հայերը նախ և առաջ ընդունող երկրի քաղաքացիներ են և տվյալ հասարակությունների անդամներ, ինչը նշանակում է, որ շատ հաճախ նրանք անցնում են տվյալ երկրի կրթական համակարգի միջոցով և որպես վերջնական արդյունք ձևավորվում որպես տվյալ ազգի անդամ: Որ երկրում բարձր են քաղաքական ու քաղաքացիական ազատությունները, մեծ են տնտեսական և կրթական հնարավորությունները և թույլ՝ կրոնական գործոնը, այնքան ավելի հեշտ է տեղի ունենում ձուլումը: Ձուլմանը որոշ համայնքներ դիմանում են Հայաստանից եկողների կամ ավելի կենսունակ համայնքների հաշվին:
Շատ երկրներում համայնքային բյուրոկրատիայի համար մեկ խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է: Նույնիսկ այն երկրներում, որտեղ խորհրդարանները ճանաչել են այն կամ երկրի ու կառավարությունների ղեկավարների մակարդակով դատապարտել, հայկական կազմակերպությունները նույն հարցի շուրջ պայքարի այլ ուղղություններ են գտնում: Դրա պատճառը, կարծում եմ, միայն այն չէ, որ Սփյուռքը մեծամասամբ Ցեղասպանության հետևանք է և Ցեղասպանությունից մազապուրծների սերունդները պետք է որ պայքարեին իրենց նախնիների հետ կատարված ողբերգությունը դատապարտելու համար: Ընդհանուր ցավը հիշեցնելու նպատակը համայնքը զգայուն պահելն է, հայկական արմատներ ունեցողներին համայնքային գործերում ներգրավված պահելը: Մի խոսքով, Ցեղասպանության ճանաչման համար պայքարն ամբողջովին տեղավորվում է հայապահպանության գաղափարի տակ: Իսկ «հայապահապանություն» ասելով` նախ և առաջ հասկացվում է համայնքի պահպանությունը: Իզուր չէ, որ սիրիական պատերազմի ժամանակ, երբ արաբական այս հանրապետության շատ քաղաքներում հայերը այլ բնակիչների հետ միասին ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ էին՝ շատ հայկական կառույցներ հանդես էին գալիս նրանց Հայաստան տեղափոխելու դեմ և համայնքն ամեն գնով պահպանելու օգտին:
Շատ ավելի կարևոր գաղափար է հայրենադարձության գաղափարը, որը, ցավոք սրտի, չի ինստիտուցիոնալացվել Սփյուռքի հայկական կառույցների կողմից: Հայրենադարձության գաղափարն իր մեջ ինքնըստինքյան պարունակում է նաև հայապահպանության գաղափարը: Քանզի եթե որոշել ես, որ եթե ոչ դու, ապա քո որդին, եթե ոչ քո որդին, ապա առնվազն քո թոռը պետք է ապրի Հայաստանում, դու պարտավոր ես նրան հայերեն սովորեցնել և Հայաստանի հետ կապել, քանզի սերնդիդ ապագան միայն Հայաստանում ես տեսնում: Մենք կարիք ունենք խոշոր համահայկական կառույցների, որոնց նպատակը կլինի հենց հայրենադարձությունը: Սա շատ դժվար գործ է: Քանզի համայնքներում ձևավորված կառույցները պետք է պայքարեն համայնքի ոչնչացման համար և վերջնական հաշվով ինքնաոչնչանան՝ Հայրենիքում հաստատվելու համար: Իրականում նման գործունեությունը պետք է հրահրված լինի Հայաստան պետության կողմից, որը հաճախ, նաև ի հակառակ համայնքային ուժեղ բյուրոկրատիայի, պետք է առաջ մղի հայրենադարձության գաղափարը: Սակայն Հայաստանում այսօր տիրող սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը ցույց է տալիս, որ այսօրվա Հայաստանը շատ թույլ է նման պայքարում: Այս նպատակին հասնելու համար հարկավոր է Հայաստան պետության, տարբեր համահայկական հիմնադրամների և կառույցների փոխգործակցությունը:
Հայրենադարձության փորձ Սփյուռքի որոշ կառույցներ ունեցել են Խորհրդային Հայաստանի գոյության առաջին տասնամյակների ընթացքում: Այդ կառույցներն իրենց կողմնակիցներին ուղարկելով Հայաստան՝ բավականին թուլացան Սփյուռքում և գրեթե վերացան: Սա Սփյուռքի հայկական կառույցների համար դառը հիշողություն է, որպեսզի հետագայում այդ «սխալը» չկրկնեին:
Հայապահպանության և հայրենադարձության պայքարում հաղթում են հայապահպանության գաղափարի կրողները, և չնայած Հայրենիքում առաջացող խնդիրների, տարբեր կազմակերպություններ փորձում են նպաստել Հայրենիք վերադառնալուն, այնուամենայնիվ, դա բավականին դժվար գործընթաց է: Հայապահպանության գաղափարի կողմնակիցները կամ համայնքային բյուրոկրատիան ունեն օբյեկտիվ դաշնակիցներ՝ դա բնակվելու երկրների կենսամակարդակի բարձր աստիճանն է Հայաստանի հետ համեմատ: Շատ դժվար է, ենթադրենք, միջին տարիքի ֆրանսահային համոզել տեղափոխվել Հայաստան, քանզի ևս մեկ տասնամյակ Եվրոպայում աշխատելու դեպքում նա ստանալու է նվազագույն այնպիսի կենսաթոշակ, որը 10-12 անգամ ավել է հայաստանյան նվազագույնից: Հետևաբար, լավագույն տարբերակը կամ թոշակի անցնելու դեպքում եվրոպական թոշակով Հայաստան տեղափոխվելն է կամ էլ ընդհանրապես չտեղափոխվելը: Նույնը կարելի է ասել նաև երիտասարդ մասնագետների մասին, որոնց վարձատրությունն իրենց բնակվելու երկրներում շատ ավելի բարձր է, քան Հայաստանում:
Վերոշարադրյալն իմ անձնական դիտարկումներն են, որոնք առաջացել են տարբեր հանդիպումների և այցերի արդյունքում: Այն չի հավակնում բացարձակ ճշմարտության կամ իմ կարծիքի պարտադրման: Սա զուտ բարձրաձայն արտահայտած մտահոգություններ են, որ ինձ մոտ վաղուց կան և ամեն անգամ նորովի են հաստատվում: Վիճակը, սակայն, կարծում եմ, անհուսալի չէ, և աշխատանքի հսկայական ճակատ կա: Ակնհայտ է, որ Հայաստանում բարեկեցության աճը կարող է բերել ներգաղթի՝ թիրախ ունենալով հատկապես հայկական սփյուռքը: Սակայն քանի որ այդ բարեկեցության ցանկալի աստիճանը դեռևս բավականին հեռու է մնում (պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդն այսօր աղքատ է), մենք պետք է գոնե այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որոնք հնարավորություն կտան գոնե ֆիզիկական վտանգի մեջ հայտնված մեր հայրենակիցներին տեղափոխել Հայրենիք և ապահովել կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով: Պակաս կարևոր չէ նաև տարբեր հիմնադրամների միջոցով Հայրենիքը հայտնագործելու հնարավորություն տալ երիտասարդներին: Այս առումով անգնահատելի արժեք ունեն «Դեպի Հայք» կամ «Ռեպատ Արմենիա»-ի նման կառույցները:
Հայկական միջավայրում հայրենադարձության գաղափարի հաղթանակը պահանջում է ուժերի մեծ կենտրոնացում, Հայրենիքում ու Սփյուռքում ազգայինը համայնքայինից տարբերակող և վեր դասող վերնախավի առաջացում, որը հայությանը դիտարկում է ոչ թե փոքր պետություն ունեցող համաշխարհային ազգ, այլ օրեցօր հզորացող Հայաստան պետության հիմնական բնակչություն: