Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ռազմավարական հետազոտությունների «Աշխարհ» կենտրոնի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ստեփանակերտ
Հայ հանրային օրակարգի շուրջ բանավեճը պետք է միանգամայն ողջունել։ Այն հույս է ներշնչում, որ այս տրամախոսության կարևորության ըմբռնումը դառնալու է ոչ միայն փորձագետների նեղ շրջանակի, այլև լայն հասարակության հետաքրքրության առարկա։ Հայոց նորագույն պատմությանն արված անգամ հպանցիկ ակնարկը ցույց է տալիս, թե որքան հաճախ էր հայությունը ներքաշվում այնպիսի հարցերի և խնդիրների քննարկման մեջ, որոնք ծավալվող իրադարձությունների ֆոնին լավագույն դեպքում անկարևոր էին, իսկ վատթարագույն դեպքում՝ բացասաբար էին ազդում Հայաստանի ապագայի վրա։ Իրավիճակը համարժեք կերպով գնահատելու անկարողության պատճառով ժողովրդի սահմանափակ պաշարները ծախսվում էին հայոց ապագայի համար շատ հեռավոր կարևորություն ունեցող խնդիրների ըմբռնման վրա։ Այս կուրության հետևանքով հայ ժողովրդի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներին արձագանքը մշակվում էր միայն դրանց ի հայտ գալուց հետո։ Կորցնելով ժամանակը՝ հայությունն ամեն անգամ ստիպված էր հակադարձել իր առջև ծառացող սպառնալիքներին, հայտնվելով խորը զարմանքի կամ շոկի մեջ, քանի որ իրականություն դարձող վերահաս ապագան ակնկալվածից շատ տարբեր էր։ Այդ իսկ պատճառով պատշաճ արձագանքի համար հայ ժողովրդից պահանջվում էին անհամեմատ ավելի մեծ ջանքեր և պաշարներ։
Հանրային օրակարգի ձևավորումը հասարությունից պահանջում է ռազմավարական կանխատեսմամբ զբաղվելու, հնարավոր ապագայի սցենարները մշակելու և դրանցից իրականանալիքի նշաննները ճիշտ կռահելու ընդունակություն։ Այդպիսի մտավոր գործունեության համար անհրաժեշտ է կայացած փորձագիտական և գիտական միջավայր՝ ռազմավարական կենտրոններ և ինստիտուտներ։ Հայոց հասարակության և պետականության համար իր ապագան կանխատեսելու և ձևակերպելու այսպիսի կառուցակարգված ջանքերը խնդրահարույց են, ուստի կտրուկ աճում է հասարակական և քաղաքական գործիչների, փորձագետների և լրագրողների պատասխանատվությունը։
Լրագրողական հոդվածի շրջանակները թույլ են տալիս անդրադառնալ միայն հայ հանրային օրակարգի մեջ հարկավ ներառվելիք առավել կարևոր խնդիրներին ու սպառնալիքներին։ Ընդհանուր առմամբ, կարելի է խոսել օբեկտիվ և սուբեկտիվ այն գործոնների մասին, որոնք հայկական միջավայրում դժվարացնում են համապատասխան գնահատականներ տալը։ Դրանցից ամենակարևորները քննվելու են ստորև։
Որպես օբեկտիվ գործոն նախ պետք է հիշատակել հանրային կյանքն ու օրակարգը ձևավորող հիմնարար հասկացությունների, իմաստների և նշանակությունների անորոշությունը։ 21-րդ դարում Հայոց Աշխարհը (Աշխարհ) բարդ և ավանդական սխեմաների ու մոտեցումների շրջանակներում չդասակարգվող իրականություն է։ Հայ ժողովուրդը մուտք է գործել 21-րդ դար, ունենալով միջազգային հարաբերությունների համակարգում տարբեր կարգավիճակներով օժտված երկու երիտասարդ պետություն, ինչպես նաև սփյուռք և հայ հասարակություն, հանրություն և ինքնություն հասկացությունների շուրջ կոնսենսուսի բացակայություն։ Անգամ եթե խնդրի քննությունից տեսականորեն բացառենք ազգային հիշողության և Մեծ Եղեռնի խնդիրները, այն փաստը, որ հայ ժողովրդի մեծագույն մասը ներկայումս գտնվում է հայկական պետությունների սահմաններից դուրս, թույլ չի տալիս վերաբերվել սփյուռքին՝ որպես հայկական կյանքում ինչ-որ երկրորդական և ոչ նշանակալից երևույթի։ Սա հատկապես արդարացի է, եթե հաշվի առնենք հայկական պետությունների ստեղծումից հետո արտագաղթի նոր ալիքի ձևավորումը, որում ՀՀ քաղաքացիների թիվը դեռ բավական զգալի է։ Դեպքերի մեծագույն մասում արտագաղթի նոր ալիքը Հայաստանի հետ կապված է ուժեղ սոցիալ-տնտեսական կապերով, ակտիվորեն մասնակցում է հասարակական կյանքին և, անկասկած, հասարակության վրա ազդեցություն է գործում։
Այսպիսով, հայերիս պարագայում հանրային օրակարգի մասին խոսելիս անտեսել սփյուռքը և նկատի ունենալ միայն երկու հայկական պետություններում բնակվող ժողովրդին՝ պարզապես անհնարին է։ Հայկական պետությունները նույնպես չեն կարող անտեսել հայկական ազգային շահերին անխզելիորեն կապված սփյուռքի խնդիրները։ Կարելի է արձանագրել, որ 21-րդ դարում հայկական պետությունների և սփյուռքի միջև ձևավորվել է փոխադարձ պատասխանատվության և պարտավորությունների կացություն։ Հետևաբար, հայ ժողովրդի հանրային օրակարգի մասին տրամախոսությունը պահանջում է այլ ժողովուրդների մեծամասնության համար ոչ արդիական գործընթացների քննություն։ Հայ ժողովդրի տարբեր մասերի միջև քաղաքական և պետական ոլորտներում պատշաճորեն չկարգավորված հոգևոր, մշակութային և սոցիալ-տնտեսական կապերի բազմությունն, այնուամենայնիվ, ընդգծում է նրա միասնականությունը և պահանջում միասնական հանրային օրակարգի ձևավորում։
Օրակարգի ձևավորումը բարդացնող երկրորդ օբեկտիվ գործոնն առնչվում է անվտանգության ոլորտում ծավալվող գործընթացներին։ Հայկական պետությունները բազում սերունդների օրոք բախվելու են գոյաբանական բնույթ ունեցող մարտահրավերներին և սպառնալիքներին, երբ յուրաքանչյուր սխալ քայլ կամ չմտածված գործողություն կարող է հանգեցնել հայոց պետականության համար աղետալի հետևանքների։ Այսպիսի կացությունը ծանր բեռ է ողջ հայության ուսերին՝ ստիպելով հաշվարկել ձեռնարկվող քայլերի բոլոր հնարավոր հետևանքները։ Քննարկելով հանրային օրակարգը և բանավիճելով հասարակական ակտիվության տարբեր դրսևորումների մասին՝ հայությունը պարտավոր է հաշվի առնել ապակայունացման և հայոց պետականության կողմից գործընթացների նկատմամբ կառավարելիությունը կորցնելու հնարավոր հետևանքները։
Բացի դրանից, Ադրբեջանի նախահարձակ քաղաքականությունը հանգեցրել է դրան, որ հանրային օրակարգի խնդիրները սահմանվում և լուծվում են հայկական պետությունների պատերազմական իրավիճակում գտնվելու պայմաններում։ Ինչպե՞ս կարող է զարգանալ հասարակությունը ավելի քան 20 տարի տևող և հետագայում ևս շարունակվելիք ռազմական դիմակայության պայմաններում։ Այս մարտահրավերի ըմբռնումը տեսական և գործնական բարդ խնդիր է։ Հայ ժողովուրդը գտնվում է «երկար պատերազմի» իրավիճակում, որը կարող է տևել մի քանի սերունդների օրոք։ Դա չի կարող խորապես չանդրադառնալ հանրային օրակարգի ձևավորման վրա։
Ասվածին հարկ է ավելացնել անվտանգության միջազգային միջավայրի աշխուժացած դինամիկան, երբ աշխարհում իրավիճակը փոփոխվում է ավելի արագ և որակապես։ Հայոց պետականությունն այսօր ի վիճակի չէ կանխատեսել անգամ հնարավոր փոփոխությունների հիմնական ուղղությունները, քանի որ չկան ռազմավարական կանխատեսմամբ զբաղվող հաստատություններ և փորձագիտական միջավայր։Ստեղծված իրավիճակում հայ հանրությունը պետք է պատրաստ լինի որակական փոփոխությունների, իսկ աշխարհի այդպիսի տեսությանը հասարակությանը նախապատրաստելու հարցերը պետք է դառնան ապագա հանրային օրակարգի բաղկացուցիչը։
Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի մի իրավիճակի, որում նա ստիպված կլինի արագորեն ըմբռնել դեռևս երեկ անհնարին համարվող խնդիրները՝ շատ սեղմ ժամկետներում մշակելով հնարավոր լուծումների տարբերակներ։ Այլ խոսքով՝ անհրաժեշտ է խոսել հանրային օրակարգի ձևավորման այն մեխանիզմների մշակման մասին, որոնք ի վիճակի են ապահովել ազգային օրակարգի արագ ընտելացումն աշխարհում ընթացող որակական փոփոխություններին։ Պետք է պատրաստ լինել, որ որոշ դեպքերում հանրային հաստատությունները հարկադրված կլինեն ստանձնել պետական գործառույթներ։ Ո՞ր գործառույթները հայ հանրությունը կկարողանա ստանձնել, եթե պետական մեխանիզմներն անդամալուծվեն կամ անգործունակ դառնան։ Ինչպե՞ս է ընթանալու գործառույթների այդպիսի «վերաստանձնումը»։ Հաշվի առնելով սպառնալիքների գոյաբանական բնույթը՝ այսպիսի բանավեճի արդիականությունը կասկած չի հարուցում։
Հանրային օրակարգի ձևավորմանը խոչընդոտող երրորդ՝ արդեն սուբեկտիվ գործոնը հայ ժողովրդի տարբեր մասերի միջև հարաբերությունների չկարգավորվածությունն է։ Հայությունը կարիք ունի հայկական պետությունների և սփյուռքի միջև հարաբերությունների մասին բանավեճի։ Նույնքան չիմաստավորված են հարաբերությունները երկու հայկական պետությունների միջև։ Մենք, որպես ժողովուրդ, ինքներս մեզ չենք կամենում հարց տալ, թե ինչպես ենք տեսնում այդ փոխհարաբերությունների ապագան։ Արդյո՞ք Արցախի Հանրապետությունը դիտվում է որպես ինքնուրույն նախագիծ, թե՞ ԼՂՀ-ն միջազգային հանրության կողմից թելադրված հարկադիր «ժամանակավոր լուծում» է։ Արցախի Հանրապետությունը սոսկ մարտավարական քա՞յլ է, թե՞ երկրորդ հայկական պետությունը ստեղծելուն միտված ռազմավարական ուղղություն։ Հայոց պետականության տարածությունը միասնակա՞ն, թե՞ բաժանված է ծրագրվում։ Եթե այն ընկալվում է որպես միասնական, ապա ի՞նչ ձևով և ո՞ր մեխանիզմների հիման վրա է տեղի ունենալու միավորումը։ Երկու հայակական պետությունների միջև հարաբերություններում հստակության բացակայությունը հանգեցնում է բազում երկիմաստությունների և մշուշի, որոնք հայ ժողովրդին թույլ չեն տալիս կողմնորոշվել կողմերի իրավունքների և պարտավորությունների շուրջ։ Այս ամենի հետևանքը փոխադարձ անպատասխանատվությունն է, այսինքն՝ «տհաճ» խնդիրների լուծման համար պատասխանատվություն ստաձնելու չկամությունը և՝ «հաճելի» ու «պատվավոր» գործառույթները կատարելու իրավունքի համար պայքարը։
Հանրային օրակարգի ձևավորմանը խոչընդոտող հայկական կյանքի ևս մեկ սուբեկտիվ գործոնը հայկական պետություններում գործող կառավարման օլիգարխիկ համակարգն է։ Ռազմական, քաղաքական և ֆինանսատնտեսական ուժի սերտաճումը հանգեցրել է լճացմամբ և ստեղծված ստատուս-քվոյի պահպանմամբ շահագրգիռ իշխանական վերնախավի ձևավորմանը։ Որպես հետևանք՝ հանրային օրակարգը ծանրաբեռնվում է Հայաստանի ապագային չառնչվող, բայց ներկայումս գոյատևման համար կենսականորեն կարևոր խնդիրներով։ Հայ հասարակությունը ստիպված է չափազանց շատ ուժեր վատնել երկրի և հասարակության համար կործանարար երևույթների դեմ պայքարում՝ «ճեղքելով» օլիգարխիան իրական խնդիրներին և արժանավոր ապագային միտված իր ընթացքում։
Վերը քննված օբեկտիվ և սուբեկտիվ գործոնները թույլ են տալիս խոսել ոչ միայն հայոց պետականության, այլև ողջ հայության համակարգային ճգնաժամի մասին։ 21-րդ դարում հայ ժողովուրդն ապակողմնորոշված և բաժանված է, ի հեճուկս բանաստեղծի այն խոսքերի, թե նրա միակ փրկությունը իր միասնության մեջ է։ Այս ապակողմնորոշման հաղթահարումը պետք է դառնա հայոց հանրային օրակարգի կարևորագույն խնդիրը։ Բացի դրանից, օրակարգը պետք է նպաստի ոչ միայն դեռևս չնկատվող մարտահրավերների և սպառնալիքների բացահայտմանը, այլև՝ առաջնահերթությունների ձևակերպմանը։ Դա բարդ հանրային և մտավոր աշխատանք է, որը, սակայն, թույլ է տալիս հասարակությանը խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ ուշադրությունն ու պաշարները կենտրոնացվում են «մանրուքների» վրա՝ տեսադաշտից բաց թողնելով իսկապես կարևոր գործընթացներ։
Վերոշարադրյալի լույսի ներքո կարելի է խոսել հետևյալ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների մասին, որոնք պետք է ձևավորեն հայոց հանրային օրակարգը․
– Հայոց միասնության դեմ ներքին և արտաքին սպառնալիքներ, որոնց նկատմամբ արձագանքը պահանջում է սփյուռքի և հայկական պետությունների միջև նոր հանրային պայմանագրի մշակում,
– Հայկական պետություններում կազմավորված օլիգարխիկ կարգից բխող սպառնալիքներ։ Տվյալ մարտահրավերին արձագանքի ձևավորումը բարդ ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիր է, քանի որ Հայաստանի զարգացումն ընթանում է գոյաբանական սպառնալիքների և անվտանգության ալեկոծվող միջավայրի պայմաններում։
– Հայկական պետությունների առջև ծառացած անմիջական ռազմական սպառնալիքի հետ կապված մարտահրավերներ։