Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքական վերլուծաբան
Վորոնեժ
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սպասվող այցը Հայաստան հաջորդեց տարբեր մակարդակներում կայացած երկու երկրների քաղաքական գործիչների շփումների շարքին: Միջազգային տնտեսական պատժամիջոցների ճնշումից դուրս եկող Իրանը և զարգացման ասպարեզում լուրջ խնդիրների բախվող Հայաստանը սուր կերպով զգում են միմյանց կարիքը: Խոսքն ամենատարբեր՝ տնտեսական (որտեղ վերջին տարվա ընթացքում գրանցվել է ապրանքաշրջանառության 4 տոկոսանոց նվազում), քաղաքական (երկու պետությունները սուր կերպով դաշնակիցների և գործընկերների կարիք են զգում) բնագավառների մասին է: Հանդիպմանն առանձնահատուկ նշանակություն է հաղորդում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջերս արձանագրված սրացումը, որը հատկապես կարևոր է Երևանի համար՝ հաշվի առնելով հայ-իրանական շփումների ռազմական չափումը: Դժվար է ենթադրել, թե տվյալ հարթությունում ինչի է հանգեցնելու Ռոհանիի այցը, թեև, ակնհայտ է, որ կողմերը նախապատրաստվում են լուրջ և հիմնավոր որոշումներ կայացնել: Դեռևս 2006թ. հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական են որակվել. այս որակումը հնչել է Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության ուղղությունները” վերնագրված զեկույցում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նրան հաջորդած անձինք շարունակել են ընթանալ կողմերի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու ուղիով: 2011թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիայիի մասնակցությամբ կայացած բանակցություններում քննարկվել են երկու երկրների համար առավել արդիական խնդիրները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության բարդ իրավիճակը, որում նա հայտնվել է այն ժամանակ, երբ Վրաստանը սկսել է խոչընդոտել Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների բեռնափոխադրմանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում: Հենց այդ ժամանակահատվածում է արդիականացել Իրանն ու վերջինիս ռազմական հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտության մասին տրամախոսությունը: Երկու երկրների մերձեցումը խթանել են նաև մեկ տարի անց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները, որոնք իսլամական հանրապետության ողջ պատմության ընթացքում ծավալով ու տարողությամբ ամենածանրն էին: Ի հեճուկս այն հանգամանքի, որ Թեհրանի դեմ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն Արևմուտքի առանձին պետությունների, այլև ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից, հայկական կողմը շարունակել է Իրանի հետ խորհրդակցություններն ու քննարկումները, այդ թվում և ռազմական հարցերի շուրջ:
Այնուամենայնիվ, երկար ժամանակ հայ-իրանական ռազմական համագործակցությունը որևէ շոշափելի գծեր չի ունեցել. խոսքն ընդամենը բանակցությունների և մտադրությունների փոխադարձման մասին էր: Եվ այս ամենը՝ քաղաքական բնագավառում գործընկերային բնույթի փոխհարաբերությունների և տնտեսական համագործակցության անբավարար քայլերով զարգացող փոխգործակցության ֆոնին:
Իրանում Հասան Ռոհանիի իշխանության գալը և պատժամիջոցների վերացման հարցում նրա արձանագրած հաջողությունները հայ-իրանական ռազմական համագործակցության համար նոր նախադրյալներ են ստեղծել: 2016թ. մայիսի 24-25-ին Իրանի մայրաքաղաք է այցելել հայկական պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ: Նրան հաջողվել է հանդիպումներ անցկացնել Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեհգանի և վերջինիս տեղակալ Ֆիրուզ Մասիհպուհրի հետ, ինչպես նաև այցելել Իրանի “Մալիք Աշտար” գիտատեխնիկական համալսարան ու ռազմավարական հետազոտությունների կենտրոն: Հենց 2016 թվականի մայիսին էլ, փորձագետների կարծիքով, տեղի է ունեցել երկու երկրների ռազմական փոխգործակցության օրակարգի համաձայնեցումը և ուրվագծվել են հետագա ռազմական համագործակցության առանցքային միջոցառումները: 2016թ. հիշյալ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքեր է գործադրել նաև ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով հանդիպել է իրանական ԷՏԿԱ ընկերության գործադիր տնօրեն Մեհդի Կարբալայիի հետ: Վերոնշյալ ընկերությունն արտադրում է սննդամթերքի տեսականի, տեքստիլ և այլ կարգի արտադրանք բանակի թիկունքային ապահովման համար, ինչպես նաև իրականացնում է ռազմական նշանակության օբյեկտների շինարարությունը:
2016թ. գարնան-ամռան շրջանում Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հաճախակիացած հանդիպումները պատահականություն չէին: Դրանք բացատրվում են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ առաջացած որոշակի հիասթափությամբ, քանի որ, շատերի կարծիքով, Մոսկվան Ղարաբաղում ապրիլյան ռազմական սրացման ժամանակ բավարար ակտիվությամբ չի պաշտպանել իր միակ հարավկովկասյան ռազմավարական դաշնակցին: Մոսկվայի վարկանիշը Հայաստանում էլ ավելի է նվազել ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում ռուսաստանյան մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների կողմից հնչած անընդունելի հայտարարությունների հետևանքով, որոնցից ամենացայտունը, թերևս, Դմիտրի Ռոգոզինի՝ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարել շարունակելու մասին արված խոստումն էր:
Սույն թվականի հունիսին Իրան է մեկնել ևս մեկ պատվիրակություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և ՀՀ Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ: Սպասվածի համաձայն՝ այս այցելությունը բացի ընդհանուր ուրվագծերից (օրինակ՝ Դեհգանի հետ նոր հանդիպումը) ունեցել է նաև ավելի հստակ դրսևորումներ: Հակոբյանն ու իր ենթականերն այցելել են ԷՏԿԱ գործարանն ու ծանոթացել են տվյալ ընկերության արտադրանքին: Հայաստանի ռազմական ղեկավարությաան և ԷՏԿԱ ընկերության միջև կայացել են նաև այլ ուշագրավ շփումներ: Տվյալ պահին այս ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բացահայտ համագործակցող իրանական միակ արտադրողն է: Համագործակցության բաց բնույթը բացատրվում է այն հանգամանքով, որ ԷՏԿԱ-ն նեղ իմաստով զբաղվում է ոչ թե բուն սպառազինությունների, այլ՝ թիկունքում օգտագործվող ապրանքատեսակների արտադրությամբ: Երկու պաշտպանական գերատեսչությունների համագործակցության այս մակարդակն Ադրբեջանի հետ հարաբերություններում Իրանի համար խնդիրներ չի ստեղծում՝ հաշվի առնելով վերջիններիս միջև ամենատարբեր ոլորտներում առկա ակտիվ փոխգործակցությունը:
Հավանաբար, ներկայումս գործող կողմնորոշիչների համակարգում Իրանի և Հայաստանի ռազմական համագործակցությունը չի դիմանա չափազանցված ակտիվացման ու բուն սպառազինությունների մատակարարումներին: Իրանն, անտարակույս, Հայաստանին կարող է շատ բան առաջարկել՝ լազերային թիրախավորմամբ “խելացի” ռեակտիվ “Բասիր” արկեր և փոքր հեռահարության “Քյաուսար” թևավոր հրթիռներ, ժամանակակից ռադիոտեղորոշիչ կայանքներ, ինչպես նաև բազմաթիվ այլ ոչ բարձրտեխնոլոգիական տեսակի սպառազինությունների տեսակներ: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունն անշեղորեն առաջնորդվում է Բաքվի և Երևանի միջև հավասարակշռություն պահպանելու սկզբունքով: Անգամ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեի նշանակալից տևական աճը չի համոզել Թեհրանին փոփոխելու նշված “հավասարակշռող” վերաբերմունքը: Այս կեցվածքը միանգամայն հասկանալի է, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային անհրաժեշտ հավասարակշռության պահպանման հույսը դնում է Ռուսաստանի վրա: Դրանով է բացատրվում իրանական կողմի դրական արձագանքը Երևանում սույն թվականի մայիսին անցած ռազմական շքերթում ռուսական «Իսկանդերների» հայտնվելուն: Բացի դրանից, Հայաստանի օգտին հայ-ադրբեջանական դիմակայության մեջ մտնելը չի բխում Իրանի պետական շահերից գոնե այն պատճառով, որ Թեհրանի քաղաքական և տնտեսական շահերն ավելի մեծ չափով կապված են Բաքվի, քան Երևանի հետ: Օրինակ, հենց Ադրբեջանի միջով է անցնելու Իրանն ու Ռուսաստանը միացնելիք նոր երկաթուղին, որը, միաժամանակ, դառնալու է Կասպից ծովի շուրջ երկաթուղային շրջանակի կարևոր բաղադրիչ:
Այս համատեքստը հազիվ թե կարող էր փոխել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի մեկ այլ տեղակալի՝ Նասրոլա Քալանթարիի հետ հոկտեմբեր ամսին կայացած հանդիպումը: Հաշվի առնելով այն, որ բանակցությունների ընդլայնված ձևաչափին մասնակցել են ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերական կոմիտեի ղեկավար Դավիթ Փախչանյանն ու փոխնախարար Դավիթ Տոնոյանը, կարելի է եզրակացնել, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գերազանցապես թիկունքային ծառայությունների միջև համագործակցության և համապատասխան արտադրանքի մատակարարումների հետ կապված հարցեր:
Առանց տրվելու հայ-իրանական զուտ ռազմական համագործակցության և Իրանից Հայաստան տարբեր զինատեսակների մատակարարման մասին դեռևս անառարկայական երազանքների՝ կարելի է արձանագրել առկա զարգացող կապերից ստացվող օգուտի նշանակալիությունը: Հիշեցնենք, որ ապրիլյան դիմակայության օրերին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն արձանագրել են թիկունքային ապահովման ոլորտում առկա թերացումները, որոնց հաղթահարման հարցում իրանական կողմի աջակցությունը կարող է լուրջ դրական դեր ունենալ, թեև վերջնական շեշտադրումները երևալու են երկու երկրների նախագահների երևանյան հանդիպման ժամանակ: