Մովսես ԴԵՄԻՐՃՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ
Երևան
Որևէ հասարակության քաղաքական կյանքում հանրային օրակարգի առկայությունը կատարում է բանակցությունների և համաձայնությունների միջոցով մարդկանց և ռեսուրսները միավորելու և օրակարգային խնդիրների լուծմանը նպատակային ծառայեցնելու կարևոր գործառույթ: Սակայն հանրային օրակարգի ձևավորումը, որքան էլ նպատակահարմար կամ անհրաժեշտ լինի, երկարատև գործ է և կախված է առավելապես երկու երևույթներից՝ քաղաքականությունից և հանրային մշակույթից:Հանրային օրակարգը քաղաքականության արդյունք է, քանի որ այն ձևավորվում է հանրության լայն շրջանակների խնդիրների, դրանց լուծման և ռեսուրսների կիրառման վերաբերյալ համաձայնության ճանապարհով: Ակնհայտ է, որ այս ողջ գործընթացը քաղաքական է, քանի որ մարդկանց համախմբելու, որևէ երևույթի մասին միասնական կարծիք և վարք ձևավորելու գործընթացը անխուսափելիորեն քաղաքական գործընթաց է: Միևնույն ժամանակ, հանրային օրակարգը հենց որպես քաղաքական, այն է՝ միավորող գործոն, ձևավորելու անկարողությունն է հայաստանյան բազմաթիվ կուսակցությունների անհաջողության հիմնական պատճառներից մեկը:
Բանն այն է, որ քաղաքական գաղափարախոսությունը, որքան էլ այն լինի տրամաբանական, ռացիոնալ, եվրոպական կամ ժամանակակից, չի կարող ընդունվել հանրության կողմից, եթե չի հանդիսանում սոցիալական անհրաժեշտություն և չի արձագանքում սոցիալական պահանջներին: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ անկախության առաջին տարիներին հայ հասարակության մեջ, ըստ էության, չկար իրավունքների և ազատությունների սոցիալական պահանջ և պատվեր, բայց անկախությունից հետո հայ հասարակությունը մեխանիկորեն ստացավ ժողովրդավարական համակարգի հիմքը կազմող մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ինստիտուտը, սակայն, քանի որ այն սոցիալական պահանջ և պատվեր չէր, հասարակությունը մինչ օրս չի կարողացել ըստ էության արժևորել և կիրառել մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները: Այլ կերպ ասած՝ դա չկար անկախության առաջին տարիների հանրային օրակարգում, որը կազմված էր ավելի շուտ ղարաբաղյան հակամարտությանը և գոյատևման պայքարին առնչվող հարցերի շուրջ:
Սրանով պայմանավորված է հանրային օրակարգի երկրորդ առանձնահատկությունը: Եթե առաջինը վերաբերում է նրան, որ հանրային օրակարգն անխուսափելիորեն քաղաքական երևույթ է, ապա երկրորդ յուրահատկությունն այն է, որ հանրային օրակարգը ոչ թե անցյալին և ոչ այնքան ներկային, որքան ապագային միտված երևույթ է: Այլ կերպ ասած, հանրությունը ձևավորում է օրակարգ՝ ապագան փոխելու կամ ցանկալի ապագա ունենալու նպատակով: Սա նշանակում է, որ հանրային օրակարգի հնարավորությունն ուղղակիորեն կախված է հասարակության մեջ միասնական նպատակների և միասնական ապագայի տեսլականի առկայության հետ: Միևնույն ժամանակ, եթե հանրությունը չունի կամ ձևակերպված չեն ընդհանուր նպատակներ և ընդհանուր ապագա, այս դեպքում հանրային օրակարգ ձևակերպելը դառնում է գրեթե անհնար:
Հասկանալու համար, թե ինչու հայ հասարակությունը չունի միասնական ապագայի տեսլական և միասնական նպատակներ, հարկ է ուսումնասիրել հայ ժամանակակից հասարակության մեջ տարածված մշակույթը, իսկ ավելի կոնկրետ՝ կյանքի կազմակերպման սոցիո-մշակութային մոդելները, որոնք ներթափանցել են հայկական իրականություն անկախացումից հետո:
Ժամանակակից իրականության ամենաբնութագրական հատկությունը գլոբալացումն է: Ընդունված է գլոբալացումը բաժանել երեք փուլերի՝ տնտեսական, քաղաքական և մշակութային, և Հայաստանը, վերջին երկու տասնամյակի ընթացքում հայտնվելով գլոբալացման հոսանքների ներքո, կրել է բոլոր երեք փուլերի ազդեցությունը: Այդպես, տնտեսական գլոբալացման արդյունքում մեր երկրի տնտեսական հաբաբերություններում հայտատարվեց լիբերալիզմը՝ ազատ շուկայական հարաբերությունների մոդելը, քաղաքական հարաբերություններում հաստատվեց ժողովրդավարությունը՝ իշխանության ձևավորման գործընթացքում հանրության մասնակցության սկզբունքով, իսկ մշակույթի ոլորտում գերիշխող կյանքի կազմակերպան ազգային-ավանդական մոդելին զուգահեռ սկսեցին ձևավորվել այլ մշակութային համակարգեր, որոնք այսօր կիսել-մասնատել են հայ հասարակության մշակութային կյանքը: Խոսքը գնում է այնպիսի երևույթների մասին, ինչպիսին են եվրոպական մշակույթն՝ իր արժեհամակարգով, սպառողական մշակույթը, զանգվածային մշակույթը, բուրժուական մշակույթը: Սա նշանակում է, որ Հայաստանի երբեմնի քիչ թե շատ ընդհանուր և միասնական ազգային-ավանդական մշակույթն այլևս երկրում տարածված միակ մշակույթը չէ, և հայ հասարակությունն այդ տեսակետից բնութագրվում է մշակութային բազմազանությամբ, ուրեմն նաև՝ արժեքային բազմազանությամբ:
Ազգային-ավանդական մշակույթի, այսպես ասած, գերխնդիրը ավանդական ապրելակերպի և մտածելակերպի վերարտադրությունն է՝ իրեն համապատասխան արժեհամակարգով: Ակնհայտ է, որ ավանդական մշակույթը Հայաստանում բավականաչափ տարածված է, միևնույն ժամանակ տեսանելի են ավանդականությունից հրաժարվելու միտումները: Սպառողական մշակույթում, իր հերթին, գերխնդիրը նյութական և հոգևոր բարիքների սպառումն է, դրանում մարդ հանդես է գալիս որպես յուրացնող (ոչ թե արտադրող կամ ստեղծող), իսկ կյանքի հաջողությունը նույնպես չափվում է սպառմամբ: Հայաստանում տարածված մշակութային մյուս մոդելը բուրժուական մշակույթն է, որը տարբերվում է սպառողականից նրանով, որ բուրժուական մշակույթում արժևորվում են ոչ թե ավանդույթը և սպառումը, այլ հարմարավետ և հաճելի կենսակերպը:
Հանրային կյանքի կազմակերպման թե՛ սպառողական և թե՛ բուրժուական սոցիո-մշակութային մոդելները եվրոպականացման արդյունք են: Հատկապես վերջին տարիներին հայ հասարակության մեջ իր տեղը գտավ նաև զանգվածային մշակույթը, որը սերտորեն կապված է և՛ սպառողական, և՛ բուրժուական մշակութային մոդելների հետ: Զանգվածային մշակույթի տարածումը պայմանավորված է առավելապես հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և զանգվածային լրատվամիջոցների ու մասսայական սպառման այլ ապրանքների և ծառայությունների տարածման հետ: Կյանքի կազմակերպման այս մոդելում մարդ հանդես է գալիս որպես ամբոխի մաս և ենթարկված է ամբոխի տրամաբանությանը: Հարկ է նշել, որ այս մոդելը ենթադրում է նվազագույն անհատական պատասխանատվություն, քանի որ այս դեպքում անհատի վարքն ու մտածողությունը պայմանավորված են զանգվածների վարքով և մտածելակերպով:
Ժամանակակից հայ հասարակության մշակութային կյանքի բազմազանության մասին պատկերացումները կարևոր են այնքանով, որ դրանք, քաղաքականության հետ միասին, որոշիչ ազդեցություն ունեն հանրային օրակարգի ձևավորման վրա: Բանն այն է, որ ցանկացած մշակույթ կամ կյանքի կազմակերպման սոցիո-մշակութային մոդել հիմքում ունի որոշակի արժեհամակարգ, որում այլ կերպ են արտացոլվում և գնահատվում մարդ-մարդ, մարդ-հասարակություն և մարդ-աշխարհ հարաբերությունները: Արժեքներից է, իր հերթին, բխում բարոյականությունը: Բայց, թերևս, ամենակարևորն այն է, որ մշակութային տարբեր մոդելներ ենթադրում են տարբեր նպատակներ և տարբեր ՛՛ապագաներ՛՛: Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանում հանրային օրակագի ձևակերպումը տարբեր մշակույթների միաժամանակյա գոյության պայմաններում դառնում է գրեթե անհնարին. ավանդական մշակույթի կրողների համար ցանկալի նպատակը անցյալի ապրելակերպի և մտածելակերպի վերարտադրությունն է, մինչդեռ, օրինակ, բուրժուական մշակույթի կրողների համար ցանկալի ապագան էլ ավելի հարմարավետ, հաճելի ու հանգիստ կենսակերպի ձևավորումն է: Տարբեր մշակույթներ կրող հանրային խմբերը խոսում են տարբեր ՛՛ապագաների՛՛ մասին, ինչի պայմաններում նրանց համակեցության ընդհանուր և միասնական հիմքեր գտնելը բավականին դժվար է: Կայացած փաստ է, որ ժամանակակից հայ հասարակությունը տրոհված է տարբեր մշակութային խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ունի ապագայի իր տեսլականը և դրա հետ կապված՝ սեփական նպատակները:
Հայաստանում հանրային օրակարգի բացակայության ևս մի պատճառ կա՝ կապված քաղաքական կյանքին հասարակության մասնակցության հետ: Թե՛ քաղաքական կյանքի գլխավոր սուբյեկտները՝ կուսակցությունները, թե՛ դրանց անդամները և թե՛ անկուսակցական քաղաքացիներն ունեն հանրային քաղաքականությանը մասնակցելու երկու ձև՝ ընտրություն և հանրահավաք: Երկու դեպքում էլ հասարակությունն առաջնորդվում է ոչ այնքան քաղաքական-գաղափարական չափանիշներով կամ ապագայի միասնական տեսլականով, որքան անձնական կամ ազգակցական կապերով ու հարաբերություններով: Նման պայմաններում հանրային քաղաքական օրակարգ ձևավորելը կուսակցությունների կամ հանրության համար գրեթե անհնար է, իսկ գաղափարախոսական միասնական համակարգի բացակայության դեպքում գերակա նշանակություն են ստանում կլանային, կուսակցական և այլ խմբային շահերն ու նպատակները:
Արդյունքում հանրությունը մասնակցում է քաղաքական կյանքին ոչ թե անորոշ միասնական ապագայի ձևավորման, այլ ավելի նեղ խմբակային (կուսակցական, կլանային, ընկերային) շահերի իրացման նպատակով: Ժամանակակից պայմաններում մարդկանց այլևս չեն միավորում, կամ միավորման մեջ էական դեր չեն կատարում ընդհանուր անցյալը, լեզուն կամ կրոնը: Մեր օրերում հանրային համախմբման գործում գլխավոր դերը կատարում է միասնական ապագայի տեսլականը, որի բացակայությունը բացառում է հանրային օրակարգի ձևավորումը: