Արա ՆԵԴՈԼՅԱՆ
Հրապարակախոս
Երևան
Հասկանալու համար, թե ինպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքի մասնակից սուբյեկտների կողմից առաջարկվող, ձևավորվող այն տեսլականը, ծրագիրը, ինքնաբնութագրումը, որը կկարողանա գնահատվել հասարակության կողմից իբրև «հանրային օրակարգ», նկատենք սկզբից, թե հասարակական զարգացման ինչպիսի օրակարգ է առաջարկվել ու պարտադրվել Հայաստանին իշխանության կողմից: Երկրաչափորեն՝ այդ օրակարգը (կամ համակարգը), եղել է բրգաձև՝ վերեևում այն 40, թե 400, ընտանիքանոց կամ անհատանոց ընտրանին, որը հսկում է երկրի տնտեսական կյանքը և հետևաբար՝ բոլոր մնացածների առօրյան: Ներքևում՝ աշխատավորների մի քանակություն, «բնակչություն», որի ինքնուրույն տնտեսական դերը նվազագույն է, հետևաբար՝ նաև նվազանում է այդ «բնակչության» քաղաքական կշիռը ու քաղաքական սուբյեկտություն (քաղաքացիություն) ունենալու հնարավորությունը: Որպես հետևանք՝ սահմանափակ է նաև բնակչի մշակութային ինքնուրույնության հնարավորությունը, մշակույթի տակ հասկանալով կյանքի ձևերի ընտրության, նաև դրանք ստեղծելու հնարավորությունը: Բարեբախտաբար, բացարձակ-ավարտուն տեսք բուրգը Հայստանում երբեկ չէր ստանում, մասնավորապես՝ գագաթը իբրև անձի բացարձակ իշխանություն ու պաշտամունք չէր ձևավորվում, գագաթը «կլորացված էր», միշտ դիտվում էր իբրև օլիգարխիկ մի կոալիցիա, ինչպես նաև «ներքևում» իսպառ չէր բացառվում որոշ տնտեսական, քաղաքական ու մշակութային ինքնագործունեություն, համակարգը տոտալիտար չէր: Իշխանական նմանօրինակ տեսլականը գործում է և այժմ, և ապագային ուղղված, և դրա փոփոխման ոչ մի նշույլ կամ խոստում իշխանության կողմից չի տրվում:
Այդ պարագայում ցանկացած ընդդիմադիր քաղաքական, կամ քաղաքացիական շարժում դիտարկվող ժամանակաշրջանում ընկալվում էր մարդկանց կողմից իբրև մարդու իշխանավորման, լիիրավ քաղաքացի դառնալու մի ակնկալիք, որը ստանում էր կամ չէր ստանում իր գիտակցումն ու ձևակերպումը քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից: Ըստ դրա՝ տվյալ ընդդիմադիր նախաձեռնությունը դառնում էր տևական, դրության փոփոխման բանական եղանակներ առաջարկող, համակարգային, կամ էլ շատ արագ անցնում-մոռացվում էր: Մարդու իշխանավորման այդ օրակարգը սկզբում տարերայնորեն, ապա՝ նախագծորեն զարգացավ որոշ ժամանակ այն երևույթում, որը մենք անվանում ենք Շարժում, կամ Կոնգրես, կամ Տեր-Պետրոսյան: Ես նախընտրում եմ երևույթը անվանել “2008 թիվ”: 2010-11 թվականներին արվեց մի շատ կարևոր աշխատանք՝ մշակվեցին ու հրապարակվեցին Կոնգրեսի հանձնաժողովների հայեցակարգերը, մի համալիր, որը կազմված էր Տնտեսական ծրագրից (100 քայլ), Գիտության և կրթության, Առողջապահության, Մշակութային քաղաքականության հայեցակարգերից: Սահմանադրական կարգի հաստատման ընդհանուր կարգախոսն օրինաչափորեն շարունակվեց մարդու իշխանավորման, քաղաքացիական իրավասություններով օժտվելու այս նախագծով: Ըստ այս բոլոր հայեցակարգերի՝ մարդը ստանում էր անօտարելի իրավունք և իրավասություն նշված բոլոր ոլորտներում, ՀՀ քաղաքացի լինելու փաստով նա ստանում էր ոչ միայն դեկլարատիվ իրավունքը, այլև իր կոնկրետ չափաժինը առօրյա կյանքի բոլոր ոլորտներում:
Հայացակարգերի իմաստն այն էր, որ ցանակացած գումար ցանկացած հաստատություններին՝ պետական թե մասնավոր, կարող է հասնել միայն քաղաքացու ձեռքից, բոլոր հաստատությունների համար անհրաժեշտ ծախսային գումարները տրամադրում է քաղաքացին, ինչպես նաև ստանում հաստատությունների տնտեսական գործունեության արդյունքում առաջացած եկամուտները: Այդ մոտեցումը նշանակում էր ստեղծված իշխանական (լայն առումով՝ նաև բիզնես-իշխանության, «կապիտալի», մշակութային իշխանության, «հեղինակության») բուրգի շրջադարձը հանուն քաղաքացու, երբ ցանկացած ընտրանի ու համակարգ, նաև ինքը պետությունը, հայտնվում էր «ներքևում», քաղաքացուն ծառայելու դերում: Դրանով, կարծում եմ, հայեցակարգերի այդ համալիրը կարող էր բնութագրվել հենց իբրև «հանրային օրակարգ»: Եվ քանի կար այդ օրակարգի ստեղծագործման ընթացքը՝ կար նաև քաղաքական ու քաղաքացիական ընթացք, ժողովուրդը կանգնած էր հրապարակում ու տարածվում էր, իբրև քաղաքացիական նախաձեռնություն/ներ/ Մաշտոցի պուրակ, Ամառային կինոթատրոն, Թեղուտի անտառ, Թռչկանի ջրվեժ ու մշակութային ստեղծագործություն:
Ինչպես և՝ պատմենք նաև պատմության դառը մասը, երբ այդ աշխատանքի արդյունքը չընկալվեց և չհանրայնացվեց նախաձեռնողների, կազմակերպիչների կողմից, չհնչեց ոչ 2011 թվականի շուրջօրյա հանրահավաքում, ոչ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, ոչ 2013 թվականի նախագահական (չմասնակցելու պատճառով), ոչ քաղաքապետարանի ընտրություններում, ոչ էլ տեղ գտավ ՀԱԿ (կուսակցության) նորաստեղծ ծրագրում։ Ու ապա ամեն ինչ վերջացավ: Այժմ, ցավոք, հանրային օրակարգը որպես այդպիսին արտահայտված չէ քաղաքական կամ քաղաքացիական դաշտում, հնչում են միայն դրա քողարկված գոյության հետևանքները՝ հակաիշխանական, տարբեր ծավալի ու երանգավորման (էլէկտրացանցեր, թե սահմանադրություն, թե առհասարակ ոչ՝ ավազակապետությանը) մղումները, որոնց ընդհանուր պատճառը մնում է նույնը՝ իշխանական բուրգ, որտեղ քաղաքացին չունի իրավասություններ:
Իրավիճակից առաջացող հավերժ դժգոհությունը դրդելու է ՀՀ քաղաքացիներին, քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնություններին միշտ որոնել ու ձևակերպել ստեղծված իրավիճակը արմատականորեն փոխելուն ուղղված այդ բանաձևը, հանրային օրակարգը: Փորձենք այժմ նշել այն հիմնական հարթությունները, հանգույցները, որտեղ և որոնց միջոցով անհրաժեշտ ու հնարավոր է քաղաքացու իշխանավորումը:
Ակնհայտ է, որ այդ հանգույցներից առաջինը, կարևորագունը տնտեսությունն է, իբրև առօրյան ձևավորող հարաբերությունների ոլորտ:
Ուրեմն, տնտեսությունում «բուրգը շուռ տալու» ընթացքը կարող է ձևակերպվել իբրև յուրաքանչյուրի սեփականատեր լինելու իրավունք, «ոչ՝ վարձու աշխատանքին» սկզբունքի կիրառում, աշխատանք ոչ թե աշխատավարձի, այլ համասեփականության իրավունքի (միգուցե՝ բաժնետոմսային ձևով) , եկամտի համապատասխան մասի դիմաց: Սեփականատերը իշխանավոր է, վարձու աշխատողը՝ ոչ: Խոսքը այստեղ կարող է գնալ ոչ թե եղած սեփականության բռնի վերաբաշխման մասին, այլ՝ ապագայում ստեղծվող սեփականության ու դրա եկամուտների բաշխման նոր սկզբունքի մասին: Մենաշնորհային վիճակից պետք է ազատագրել ոչ թե գույքը, այլ մարդկանց, որոնք ցանկանան աշխատել նոր պայմաններում, նոր տնտեսությունում, հաշված տարիների ընթացքում հաստատելով աշխատանքային հարաբերությունների նոր ստանդարտ: Հանրային սեփականությունը, հավանաբար, կարող է առաջանալ իբրև մասնավորների կամավոր միավորում, կոոպերացիա, սեփականության սահմանների կամավոր բացում, և ոչ թե «ոչ ոքինն է» սկզբունքի վրա:
Փորձենք կառուցել հետագա տրամաբանությունը: Տնտեսական իրավունքով օժտված, սեփականատեր մարդը կձգտի, անշուշտ, քաղաքական իշխանության, որպեսզի սահմանի արդարության կանոնները: Առաջ կգա յուրաքանչյուրի քաղաքական իշխանավորման գաղափարը, ինչը կպահանջի հնարավորինս անցումը դեպի ուղիղ և ոչ թե պատվիրակված ժողովրդավարության ձևերին: Պատվիրակված ժողովրդավարությունն իր բնույթով անցումային է, կիսաէլիտար, նպաստում է «քաղաքական խավերի» ու վերնախավերի ձևավորմանը, մնացածին մասնակցություն տալով միայն ընտրությունից ընտրություն: Ուղիղ ժողովրդավարության եղանակներն են՝ հանրաքվեներ, քաղաքացիական հասարակության կողմից բոլոր կառավարական գործառույթներին մասնակցելու հնարավորություն, սահուն անցում կառավարելուց ինքնակառավարվելուն: Այստեղ շատ կարևոր է, որ այդ եղանակը սկսվի կիրառվել հենց հանրային ինքնակազմակերպման հարթակներում՝ լինեն դրանք քաղաքական կուսակցություններ ու դրանց դաշինքներ, կամ քաղացիական նախաձեռնություններ ու շարժումներ:
Ցանկացած հասարակության համար ևս մի շատ կարևոր ու սուր հարց է անվտանգության հարցը: Իշխանական բուրգի պայմաններում քաղաքացուն սովորեցնում են լինել զուտ անվտանգության սպառող և ոչ թե աղբյուր, սովորեցնում են անօգնականությանը ու պետության «հայրական» հովանին: Մինչդեռ ինքնիշխան քաղաքացին պետք է լինի նաև իր անվտանգության աղբյուրը, և այստեղ գալիս է անվտանգության ինստիտուտների արմատական բարեփոխման հարցը՝ պրոֆեսիոնալ բանակ+աշխարհազոր ռազմական ոլորտում՝ 18-20 տարեկան հարկադրաբար ծառայող տղաների բանակի փոխարեն, կանանց հավասար դերը նոր բանակում, քաղացիների ինքնապաշտպանության հարցը ներքին կյանքում, ինքնապաշտապանության ինստիտուտի հիմնումը և ապահովումը:
Դրա հետ առնչվում է նաև արտաքին քաղաքականության հարցը՝ ինչպե՞ս անել, որ արտաքին քաղաքականությունը հասանելի լինի ինքնիշխան քաղաքացուն, և ոչ միայն պետական հիմնարկներին: Այստեղ է թաքնված « մեղմ ուժ» հասկացությունը, որը իրականացվում է քաղաքացիների, տնտեսական, կրթական, գիտական, մշակութային, բուն քաղաքական ու քաղաքացիական միավորումների կողմից, և որի հնարավորությունը բացվում է միայն մարդակենտրոն հասարակությունում, պետությունում:
Եվ վերջապես՝ միայն վերոնշված չորս կետերի իրականացման հետևանքով է հնարավոր դառնում հինգերորդ իշխանացման իրականացումը, այն է՝ մշակութային ինքնիշխանության ձեռքբերում: Մարդը ուզում է ինքը, իր համոզմունքերի, ճաշակների, պատկերացումների ու երազանքների հիման վրա ազատորեն տնօրինի իր մարմինը, իր հարաբերությունները մյուս մարդկանց հետ, ստեղծի և ունենա իր պատկերացումներին համապատասխանող կրթություն, գիտություն, առողջապահություն, դավանանք, մերձավորների հետ հարաբերություններ, արվեստ: Այսօր մենք ունենք դրա հայտը բազմաթիվ անհատների կողմից, որոնք սակայն հաճախակիորեն զուրկ են իրենց մշակութային ընտրությունը պաշտպանելու համար անհրաժեշտ իրավասություններից, իշխանությունից: Տնտեսապես, քաղաքականապես իշխանավորված, ինքն իր անվտանգության աղբյուրը հանդիսացող մարդը կարող է արդյունավետ պաշտպանել իր մշակութային ընտրությունը, դառնալ մշակույթի աղբյուր, ստեղծագործող, այլ ոչ թե միայն սպառող:
Տրված պատասխանները կարող են այլ լինել, բայց, կարծում եմ, այս համառոտ ակնարկում ուրվագծվեց քաղաքական պատկերացումների մեջ հիմնական այն շրջադարձը, որը պետք է կատարի հանրային օրակարգ կոչվել հավակնող համակարգը, ինպես նաև այն հիմնական ոլորտները, որտեղ որ այդ շրջադարձը պետք է արտահայտվի:
Առաջանում է հաճախ մի շատ հասկանալի ու հիմնավորված մտավախություն՝ որը առաջացել էր նաև ՀԱԿ-ի հայեցակարգերի ստեղծվելուն պես՝ արդյո՞ք այս ամենը ուտոպիստական չէ, ե՞րբ և որտե՞ղ է աշխարհում միանգամից կատարվել այսպիսի շրջադարձ հանրային պատկերացումներում ու ինստիտուտներում: Երևի պատասխանել կարելի է այսպես՝ աշխարհի յուրաքանչյուր հաջողված ու զարգացած հասարակությունում, պետությունում իրականացվել են մարդակենտրոն այս շրջադարձի այս կամ այն տարրերը ու մոտեցումները, իսկ մնացածի իրականացման համար՝ տարվում է պայքար, կամ իրականացվում է ընթացք: Եվ իրենց օրակարգային, ծրագրային խոստումներում ու ինքնաբնութագրումներում Հայաստանի քաղաքական ուժերն ու ինքնիշխանության ձգտող քաղաքացիները հանգիստ կարող են իրենց թույլ տալ հայտնվել աշխարհում ընթացող զարգացման, բարեփոխման հենց կիզակետում, իբրև գիտակից ու պատասխանատու աշխարհաքաղաքացի, այլ ոչ թե արդի զարգացումների պատմական այս կամ այն հետնաբեմերում: Ուրիշ ո՞րն է անկախության իմաստը: