Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ
«Անալիտիկոնը» հարցման միջոցով ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից պարզել է, որ Արցախում կա 15 մետաղական և 51 ոչ մետաղական հանքավայր (ավազ, կրաքար և այլն), որից 48-ը շահագործման լիցենզիա ունի:
Մետաղականներից 13-ն ուսումնասիրվում է, երկուսը՝ արդեն շահագործվում: Դրանք են՝ «Վալեքս» խմբի անդամ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Դրմբոնի հանքավայրը և «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Քաշաթաղի շրջանի Թոնդիրգետի ոսկու հանքավայրը:
«Բեյզ Մեթըլսը» Դրմբոնի հանքավայրը շահագործում է 2003 թվականից, իսկ «Գոլդ Սթարը» շահագործման լիցենզիա է ստացել 2012-ին:
Ըստ նշված վարչության բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ֆելիքս Դալլաքյանի՝ «Գոլդ Սթարը» Քաշաթաղի շրջանում բավականին մեծ տարածք ունեցող Թոնդիրգետում դեռ նախապատրաստվում է շահագործման՝ իրականացնելով մակաբացման աշխատանքներ:
Թոնդիրգետի տեղամասը դեռևս խորհրդային տարիներին ուսումնասիրված էր և պաշարներն էին հաշվարկված, ստորգետնյա հանքուղիներ կան և այլն: Ի տարբերություն Կաշենի կամ Դրմբոնի՝ Թոնդիրգետը երակային հանք է: «Հանքավայրը հարուստ է, բայց նեղ երակների պատճառով մշակումը դժվարանում է»,- բացատրեց Դալլաքյանը:
Արցախի ամենախոշոր հարկատու համարվող «Բեյզ Մեթըլսի» կողմից այժմ ուսումնասիրության աշխատանքներ են կատարվում Դրմբոն-Մեհմանա հանքային շրջանում (515 քառակուսի կիլոմետր), որտեղ տեղակայված է Արցախում տնտեսական խոշոր իրադարձություն համարվող Կաշենի պղինձ-պարֆերային հանքավայրը: Նախատեսվում է, որ Կաշենի ապագա կոմբինատը տարեկան կմշակի մոտ 1 միլիոն 600 հազար տոննա հանքաքար (Դրմբոնի կոմբինատը մշակում էր 350 հազար տոննա):
Կաշենից բացի հանքային շրջանում ընդգրկված են մի շարք հանքերևակումներ, որտեղ նույնպես կատարվում են երկրաբանական ուսումնասիրույթուններ: «Բավարար արդյունքների դեպքում գուցե նրանք էլ հանքավայր դառնան»,- ենթադրում է Դալլաքյանը:
Արցախի մնացած մետաղական հանքավայրերում ևս ուսումնասիրություններ են կատարվում, որոնց ուսումնասիրության աշխատանքների լիցենզիա է տրվել այս տարում:
Արցախում գրանցված գերմանական «Ֆրիդոմ Ռեսուրսես» և «Ֆրիդոմ Մեթալս» ընկերություններն ուսումնասիրական աշխատանքներ են կատարում Շահումյանի շրջանում: Առաջինն ուսումնասիրում է Շահումյանի շրջանի Սոյութլուի հանքային դաշտը (ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղներ), երկրորդը՝ Շահումյանի շրջանի Զուարի սնդիկի հանքերևակումը: Խորհրդային տարիներին Զուարի ընդերքը տեղափոխում էին Դադիվանքի մերձակայքում գտնվող սնդիկի ձուլման գործարանը:
Նրա ապագա շահագործման վերաբերյալ Դալլաքյանը կարծում է. «Հանքավայրի չափսերից կորոշվի՝ այն ներքի՞ն օգտագործման, թե՞ արտահանման համար է լինելու»:
Իսկ մյուս մետաղական հանքավայրերն ապագայում կշագործվե՞ն: Դալլաքյանը պատասխանեց, որ ուսումնասիրության սկզբնական փուլում դժվար է եզրկացություն անել:
Իսկ ահա Հայաստանում կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ցավով է ընդունում, որ Արցախում նման քանակությամբ բազմատեղային հանքեր կան, «քանի որ շահագործման դեպքում դրանց թափոններում շատ վտանգավոր տարրեր կմնան»:
Արցախում ընդամենը 3 պոչամբար կա, որոնք տեղակայված են Դրմբոնի լեռնահարստացման համալիրում: Ապագայում պոչամբարներ կլինեն Կաշենում ու Թոնդիրգետում, քանի որ այնտեղ էլ են հարստացման համալիրներ ստեղծվելու:
Հանքարդյունաբերությունը որպես Արցախի տնտեսության շարժիչ ուժ
«Հետք» լրատվականի հետ հարցազրույցում «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մկրտումյանը ներկայացրել է այսպիսի թվեր. «2011 թվականին վճարել ենք 4,8 միլիարդ դրամ, 2012-ին՝ 3,25 միլիարդ դրամ, որը կազմում է Ղարաբաղի պետբյուջեի հարկերի և սոցվճարների 13 տոկոսը: Մենք նույնիսկ 5,5 միլիարդ դրամ հարկերի վճարման դեպքեր ենք ունեցել, երբ Դրմբոնի պաշարները մետաղի պարունակությամբ հարուստ էին: Մեր արտահանվող արտադրանքը կազմում է Ղարաբաղի արտահանումների 55 տոկոսը: Բոլոր 11 տարիներին Ղարաբաղում մեր ընկերությունը իրականացրել է 95 մլն դոլարի ներդրում»:
Անցած տարվա մամուլի ասուլիսի ժամանակ երբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ասաց, որ 2013-ը ծանր է լինելու, իսկ 2014-ը թռիչքային, նկատի ուներ Դրմբոնի պաշարները նվազումը և Կաշենի շահագործումը: Փաստորեն, Արցախի տնտեսական աճը մեծապես կախված է հանքարդյունաբերության, ավելիկոնկրետ՝ մեկ ընկերության հարկերից:
Ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2012 թվականին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքարդյունաբերությունը, որի ծավալի նվազման պատճառով (23.2 տոկոսով) ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9 տոկոսային կետով:
Հանքարդյունաբերությունը պիտի պետական մենաշնո՞րհ լինի
«Հանքարդյունաբերությունը պետք է պետական մենաշնորհ լինի, հակառակ պարագայում՝ կողոպուտ է. պետության ունեցվածքը բաժին է դառնում մի քանի ընտանիքների»,- կարծում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նա բերում է Հայաստանի օրինակը, որ պետությանը զրկել են հանքարդյունաբերությամբ զբաղվելուց: Սանասարյանն ընկերությունների կողմից արված ներդրումները խաբկանք է համարում. «Դրանք թանկարժեք մեքենաներ ու տեխնոլոգիաներն են, որոնց միջոցով հանքաքարերը մանրացնում ու փոշի են դարձնում՝ երկրաբանական կառուցվածքները ոչնչացնելով … Եվ այն նվաստացուցիչ աշխատավարձերը, որ ստանում են մեր ժողովրդի ներկայացուցիչները…»
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը ևս համոզված է, որ հանքարդյունաբերությունը պետք է պետական մենաշնորհ լինի. «Ոչ միայն հանքերը, այլև հիդրոէլեկտրակայանները: Ինչու՞ է էլեկտրաէներգիան վաճառվում 38 դրամով: Պետությունն ինքը պիտի ընդերքից հանի հարստությունը, ինքն իրացնի և ամբողջ այդ հասույթը ուղղի երկրի սրընթաց զարգացմանը, ոչ թե տարբեր մարդկանց գրպանները»:
Սակայն ոչ բոլորն են պետական մենաշնորհացումը լավ գաղափար համարում: «Պետական մենաշնորհը չարիք է, որովհետև այսօրվա պայմաններում պետական հիմնարկություններում համատարած գողություն է տիրում: Անհատ ձեռներեցը գոնե ռիսկի է դիմում ու ներդրում անում՝ վերահսկելով ներդրածը: Պաշտոնյային շատ ավելի հեշտ է կաշառել, քան գործարարին, – բացատրում է անկախ տնտեսագետ Կարեն Հայրապետյանը, որպես լավագույն տարբերակ առաջարկելով բաց բաժնետիրական ընկերությունների հիմնումը, – սակայն Հայաստանն ու Արցախը դեռ պատրաստ չեն դրան: Մեզ մոտ նման ընկերություններում կորպորատիվի փոխարեն պետական պաշտոնյաներն են կառավարում: Ամբողջ խնդիրը կոռուպցիայի մեջ է, ոչ թե կառավարման եղանակի ու կառուցվածքի մեջ»:
Բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետ Դալլաքյանը հանքարդյունաբերության ոլորտում պետական բյուջեի կողմից ներդրում է համարում երկրորդ տարին գործող «Արցախի երկրաբանական էքսպեդիցիա» ՊՈԱԿ-ը, որի նախաձեռնողը նախագահի խորհրդական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցն է: «Նրանք պատվերներ են ընդունում, օրինակ՝ նույն «Գոլդ Սթարն» ու «Բեյս Մեթալսն» են պատվեր տվել՝ լաբորատոր անալիզներ կատարելու համար: Ունեն երկրաբաններ ու արշավախումբ, որոնք հետախուզական աշխատանքներ են իրականացնում»,- պարզաբանում է նա:
Պատգամավոր Բադասյանն Արցախի սրընթաց զարգացման ուղի է տեսնում հանքարդյունաբերությունից ստացած եկամուտների ներդրումն, օրինակ, այգեգործության մեջ, որը խորհրդային տարիներին զարգացած էր Արցախում. «Մենք կարող ենք նռան այգիներ ստեղծել, որոնք լավ կաճեն, բայց այսօր դրանք քիչ են»:
Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը վստահ է, որ հանքարդյունաբերությունը չի կարող երկարատև տնտեսական աճ ապահովել, քանի դեռ չկա տնտեսության զարգացման համալիր մոտեցում: «Ընդերքի շահագործման մոլուցքով տառապողները մտածում են մոտակա տարիների մասին, որպեսզի արագ եկամուտ ստանան և մեզ թողնեն թունավոր պոչամբարներ, առողջական խնդիրներ և տարածք, որն անհնար կլինի օգտագործել այլ նպատակների համար,-ասում է նա։- Ոչ ոք չի գնահատում, թե ինչ երկարաժամկետ տնտեսական վնաս ենք մենք կրում էկոհամակարգերի վերացմամբ և ինչ օգուտ ենք ստանալու դիմացը։ Դրան է գումարվում վերահսկողության իսպառ բացակայությունը, բնապահպանական նորմերի և միջոցառումների բացակայությունը, շրջակա միջավայր արտանետած կամ տեղադրված նյութերի համար գանձվող գումարների չնչին չափը, հարկային բեռի շատ ցածր մակարդակը, կոռուպցիոն ռիսկերը և այլ հարցեր»:
Իսկ Արցախն ունի՞ հանքեր շահագործելու ֆինանսական հնարավորություններ
«Ինչպե՞ս է ստացվում, որ մի խումբ մարդիկ կարողանում են ֆինանսներ գտնել ու շահագործել Կաշենի հանքավայրը, բայց պետությունը չի կարողանում»,- հարց է տալիս Վահան Բադասյանը: Պատգամավորն այն կարծիքին է, որ մեծ ներուժ ունենք՝ հաշվի առնելով նաև սփյուռքը. «Եթե պետությունը հանքերի շահագործման նպատակ դնի, ապա կգտնի հապատասխան միջոցներ»:
Ըստ Լևոն Գալստյանի՝ այն պետությունը, որն ի վիճակի չէ հանք շահագործել, ուրեմն պետություն չէ, այլ մասնավոր շահ հետապնդող հիմնարկ: Մասնավոր շահագործման դեպքում, ըստ Գալստյանի, հարկերը պետք է լինեն 70-80 տոկոս. «Եթե մասնավորին ձեռնտու է՝ թող շարունակի շահագործել այդ պայմաններով, եթե ոչ՝ կարող են հետ գնալ իրենց երկրները, մենք շատ լավ կարող ենք շահագործել՝ ազգային պետություն ունենալու դեպքում»:
Ս.թ. հունվարի 1-ից հանքարդյունաբերության ոլորտում մեզ մոտ գործում են հարկերի նոր դրույքաչափեր. նախկին 10 տոկոս շահութահարկի փոխարեն՝ 20 տոկոս և նախկին 1 տոկոս ավտոճանապարհների մասհանման փոխարեն՝ 0.5 տոկոս:
Սակայն շահութահարկի կրկնապակտումը ԱԺ պատգամավոր Բադասյանը դրական տեղաշարժ չի համարում.«Ես համոզված եմ, որ նրանք շահույթ քիչ են ցույց տալու, և այդ երկու անգամ ավելացված շահութահարկը դեր չի խաղալու: Հենց նույնն էլ ասացի խորհրդարանական քննարկումների ժամանակ»:
Արցախում հանքարդյունաբերությունը նաև դիտվում է որպես զբաղվածության կարևոր աղբյուրներից մեկը
«Բեյս Մեթալսի» գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանի հավաստիացմամբ՝ ընկերությունն ունի 1400 աշխատող, որի 85-90 տոկոսը Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն է: Ընկերության միջին աշխատավարձն է 213 հազար դրամ:
«Հանքերի պաշարները մի օր վերջանալու են, և ինչո՞վ են զբաղվելու այդ տարածքների բնակիչները դրանից հետո»,- հարցնում է Լևոն Գալստյանն ու ավելացնում, որ ոչ ոք չի ուզում մտածել այլընտրանք ստեղծելու մասին։
Արցախում այսօր չկան անկախ բնապահպանական կազմակերպություններ, մասնագետներ, այդ իսկ պատճառով հանքարդյունաբերության ոլորտը հանրային սեկտորի կողմից գրեթե չի վերահսկվում, ահա թե ինչու ոլորտում առկա իրական ռիսկերի վերաբերյալ գնահատականներ տալը դժվար է: Մնում է պարզապես փաստել, որ հանքարդյունաբերության զարգացման տեմպերը ահագնանում են: Իսկ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության ռազմավարական ու հեռանկարային ճյուղերից է և ունի խոստումնալից հնարավորություններ:
Արդեն երկու մետաղական հանք շահագործվում է, 3-րդն (Կաշենի հանքավայրը) էլ շուտով կշահագործվի: Թե մնացած 12 ուսումնասիրվող հանքերից քանիսը կշագործվի հետագայում՝ դեռ պարզ չէ:
* ԸՕ – Ընդերքի օգտագործման լիցենզիա
* ԵՈՒ – Երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա