Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Իրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը շատանում են: ՀՀ-ում ամեն 6-րդ սպանությունը կամ ընդհանուր սպանությունների 17 %-ը կատարվում է ընտանեկան բռնության արդյունքում: 2016-ին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության հետևանքով կանանց մահվան 14 դեպք: Ոստիկանության տվյալներով 2016-ի առաջին 10 ամիսներին գրանցվել է ընտանեկան բռնության 563 դեպք, որից 115-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, դրանցից 34-ը ուղարկվել է դատարան, 81-ը՝ կարճվել։ Կենակցի կողմից կնոջ ծեծի 3 դեպք է գրանցվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 367 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 9 դեպք, ծնողի կողմից երեխայի նկատմամբ՝ 47 դեպք, երեխայի կողմից ծնողի նկատմամբ՝ 67 դեպք: Հասարակական կառույցների թեժ գծերի ստացած զանգերն անցնում են մի քանի հազարը։ Այս ցուցանիշներն ամենևին էլ հուսադրող չեն, սակայն Հայաստանը չի շտապում ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը: Ինչու՞։Պատճառները բազմաթիվ են, որոնց մեջ էական դեր ունեն նաև հասարակության սոցիալ-հոգեբանական տրամադրվածությունն ու օրինագծի նկատմամբ տարվող բացասական քարոզչությունը: Նմանատիպ օրինագիծ Հայաստանը հանձն էր առել ընդունել դեռևս նախորդ տասնամյակում, սակայն մի քանի անգամ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: 2007-ին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Կանանց իրավունքների կոնտրոնի» գլխավորությամբ, միջազգային և հայաստանյան փորձագետների հետ կազմեցին աշխատանքային խումբ և 2009-ին ներկայացրեցին «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի իրենց տարբերակը, որը, սակայն, մերժվեց ու առկախվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 2013-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», դարձյալ օրակարգ բերեց «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի լրամշակված տարբերակը, սակայն փետրվարի 11-ին Կառավարությունը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը և հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում: ՀՀ Արդարադատության նախարարությունը համարում էր, որ այն հակասում է սեփականության իրավունքին. բռնարարին չեն կարող զրկել սեփականությունից՝ նրան տանից դուրս հանելով, ինչպես առաջարկում էր ընտանեկան բռնության մասին օրենքը (մինչդեռ այս ձևով կանխարգելվում էր բռնության շարունակականությունը): ՀԿ-ներն Ազգային ժողով են ներկայացրել անգամ Երևանից և մարզերից հավաքած 3500 ստորագրություն, որոնցով քաղաքացիներն իրենց համաձայնությունն են տվել նման օրենք ընդունելու անհրաժեշտությանը:
Չնայած հասարակական կազմակերպությունների և փորձագետների ներդրած ջանքերին՝ ՀՀ Կառավարությունը 2016-ին նոր օրինագիծ մշակեց՝ նույնիսկ չխորհդակցելով ոլորտում բազմամյա փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր օրինագիծ, որը հասարակության լայն շերտերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, պետք է անցնի հանրային քննարկման փուլով, ինչն այս պարագայում չարվեց: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ աղմուկ բարձրացրեցին՝ մատնանշելով, որ օրենքը բազմաթիվ բացեր ունի և այդ տեսքով ընդունումը չի համապատասխանում իրենց պահանջներին: Նման դժգոհությունից հետո Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից նախագիծը հանվեց՝ հավաստիացումներով, որ այն կանցնի հանրային լսումների փուլը:
Հետաքրքրական է , որ օրինագծի վերաբերյալ դժգոհություն հայտնեցին և՛ տարիներ շարունակ այդ օրինագծի ընդունման համար պայքարող հասարակական կազմակերպություններն ու անհատները, և՛ այն զանգվածը, որն ընդհանրապես դեմ էր նման օրինագծի ընդունմանը:
Վերջիններիս թվում էր համահայկական ծնողական կոմիտեն, որը, մասնավորապես, նշում էր. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը (յուվենալ արդարադատության մայր օրենք) ընտանեկան բռնությունների դեմ պայքարի քողի ներքո իրականում հետապնդում է այլ նպատակ՝ Հայաստանում օրինականացնել միասեռական ամուսնությունները, չնչին պատրվակով երեխաներին ընտանիքներից վերցնելը և տեղափոխելը այսպես կոչված ապաստարաններ, որից հետո այդ երեխաները կարող են դառնալ սեռական շահագործման թիրախ, որդեգրվել միասեռական ընտանիքների կողմից: Այդ մասին են վկայում վերոնշյալ օրենքների կիրառման արդյունքում ԵՄ բոլոր երկրներում արձանագրված իրողությունները, որտեղ կտրուկ աճել են կանանց նկատմամբ բռնությունների, սպանությունների, ամուսնալուծությունների, երեխաներին ընտանիքներից ապաստարաններ տեղափոխելու, միասեռական ընտանիքների կողմից ապաստարաններում գտնվող երեխաների որդեգրման, նրանց կողմից այդ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու դեպքերը»:
Բնականաբար, օրինագիծը բարձրացված մտահոգությունների հետ աղերսներ չուներ: Ինչպես սույն թվականի հունվարի 31-ին Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ «Հանրային ընկալման որոշակի խնդիրներ ունենք։ Անհիմն մեղադրանքներ են հնչեցվել այս օրենքի նկատմամբ, որ այն քանդում է հայ ընտանիքը, երեխաներին կարող են ընտանիքից վերցնել։ Պետք է ամբողջ պատասխանատվությամբ ասեմ, որ (օրենքը) նման մեխանիզմներ չի նախատեսում»: Սակայն առավել հետաքրքիր է վերջինիս այն դիտարկումը, որ Հայաստանը, ընտանեկան բռնության վերաբերյալ օրենք ընդունելիս, կուրորեն չի ընդօրինակելու միջազգային փորձը, այլ հաշվի է առնելու ազգային առանձնահատկությունները: Իհարկե, կուրորեն չընդօրինակելը դրական երևույթ է, սակայն ոչ միշտ է ամեն բանի «հայաֆիկացումը» դրական արդյունքներ տալիս: Եթե մենք նման մշակույթի փորձ չունենք, ապա ցանկալի է ընդօրինակել միջազգային փորձը, որն էլ հետագայում կդառնա մեր կենցաղավարության անքակտելի մասը:
Հնչեցվող մեղադրանքներում նշվում է, որ սա Եվրոպայի կողմից պարտադրանք է, որ փորձում են եվրոպական արժեքները «փաթաթել» մեր վզին, որ «գրանտակեր կազմակերպությունները մի քանի կոպեկի դիմաց փորձում են խարխլել» մեր ընտանեկան ավանդական արժեքները և այլն: Սակայն եթե այդ նույն մեղադրողներին հարցնեն, թե որոնք են եվրոպական արժեքները, ապա նրանք շատ աղոտ և չհիմնավորված պատասխաններ կտան: Հայաստանը անկախացումից ի վեր դարձել է միջազգային ամենատարբեր կազմակերպությունների անդամ և ստանձնել բազմաթիվ պարտավորություններ: Օրենքի ընդունումը բխում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայից, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականներից, ԵԽ Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերից, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջներից և միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից, ինչպես նաև, իհարկե, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի առաջարկներից: Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը ոչ թե պետության կողմից ստանձնած բարի կամքի դրսևորում է, այլ հստակ ստանձնած պարտավորություն միջազգային հանրության և մեր հասարակության առջև:
ԵՄ-ն Հայաստանին բազմիցս է խորհուրդ տվել ընդունել նման փաստաթուղթ, ինչպես, օրինակ, «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը Հայաստանում 2013թ. առաջընթաց և առաջարկվող գործողություններ» հաշվետվության մեջ անհանգստություն էր հայտնում ընտանեկան բռնության աճի ցուցանիշի մասին: ԵՄ-ն 2016-2018թթ.-ի համար մարդու իրավունքների 12 մլն. եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ծրագիր է ստորագրել, որի հիմնական նպատակն է բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում: Դրա պայմաններն են ընտանեկան բռնության և խտրականության դեմ օրենքի ընդունումը, ընտանեկան բռնության զոհերի և նրանց երեխաների պաշտպանության բարձրացումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև հավասարությանն ու ընտրական գործընթացներում իրավական բարեփոխումների հետ կապված կոնկրետ հարցերին նպաստելը:
Հասարակության մեջ նմանաբովանդակ օրենքների վերաբերյալ վախի սերմանումը համապատասխան մարմինների քարոզչության արդյունք է: Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին շատ աղոտ պատկերացում ունի եվրոպական և արևմտյան արժեքների վերաբերյալ: Հիմնականում այդ ամենը գործում և կառավարվում է կարծրատիպերի միջոցով: Այս երևույթը մեզանում ենթարկվել է անվտանգայնացման: Տեսության հեղինակները կոպենհանգենյան անվտանգության դպրոցի գիտնականներն են, որոնք անվտանգայնացում երևույթը հետևյալ կերպ են բնութագրում. քարոզչական նպատակներով վերցնում են որևէ խնդիր, քաղաքականացնում են այն, փաթեթավորում և ներկայացնում որպես անվտանգության սպառնալիք: Տվյալ պարագայում հակաեվրոպական ուժերը կարողացել են եվրոպական արժեքներին վերաբերող ցանկացած երևույթ ներկայացնել որպես մեր ազգային արժեքներին սպառնալիք: Այդ իսկ պատճառով, կապ չունի, թե այս և նմանատիպ օրենքների բովանդակությունը որքանով է նպաստելու մեր հասարակության առողջացմանը, միևնույն է՝ այն հասարակության մի ստվար զանգվածի կողմից ընկալվում է որպես մեր ազգային ընտանեկան արժեքները ոտնահարող չարիք:
Ի՞նչ է օրենքը ենթադրում: Մեզանում ներկայումս ամուսիններից մեկը պատասխանատվության է ենթարկվում, եթե արդեն ֆիզիկական վնասվածք է հասցրել իր կողակցին: Այսինքն՝ հասարակությունը և իրավապահ մարմինները լուռ հետևում են, թե ինչպես են բռնության տարբեր ձևեր կիրառվում, ապա նոր պատժում: Իսկ սույն օրենքը ենթադրում է նաև պատիժ բռնության սպառնալիքի դեպքում: Այս նոր մեխանիզմը հնարավորություն կտա կանխարգելել բռնության կիրառումը, փրկել տասնյակ մարդկանց կյանքեր: Ավանդական հասարակություններում ամեն ինչ փորձում են կարգավորել սովորույթի ուժով, և դրա համար ստեղծված մարմինների գործունեությունը երկրորդական է դառնում, մանավանդ որ երբեմն իրավապահ մարմիններն իրենք են խուսափում կատարել օրենքով ստանձնած պարտավորությունները:
Մի՞թե հայկական ավանդական ընտանիք ասելով պատկերացնում ենք ամուսնու բրուտալ ուժի կիրառում, վայրագություններ, հոգեբանական ճնշում և սեռական բռնություն կնոջ նկատմամբ, անառողջ մթնոլորտում մեծացող երեխաներ: Կարծում եմ՝ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է պատժի չենթարկվեն այն մարդիկ, որոնք ոտնահարում են ընտանեկան արժեքները: Հասարակության անտարբերությունը ծնում է նոր հանցանքներ: Մեկ անգամ չէ, որ կինը փողոցում դաժան ծեծի է ենթարկվել, սակայն արական սեռի հայ ներկայացուցիչները խուսափել են միջամտել՝ նշելով, որ դա ամուսինների անձնական գործն է: «Ուռա-հայրենասերների» այս բանակը ազգային արժեքները դրոշակ սարքած շարժվում է մի ուղով, որն ընդհանրապես կապ չունի առողջ ընտանիքի, ազգային և առավել ևս արժեքներ երևույթների հետ: Նման օրենքի ընդունումը կնպաստի հասարակության մեջ բռնությունը դատապարտող մշակույթի ձևավորմանը, բռնարարների մոտ անպատժելի մնալու համոզման վերացմանը և բռնությունից տուժածի պաշտպանվածության զգացումի ամրապնդմանը:
P.S. Մեր հարևան Վրաստանը, որտեղ ազգային արժեքները ոչ պակաս կարևորություն ունեն, ընդունել է «Ընտանեկան բռնության մասին օրենքը» դեռևս 2008-ին: