Միավորվում ենք ոչ թե “հօգուտ”, այլ` “ընդդեմ”
Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու
Եթե անցած դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբն ընդունենք որպես զրոյական ելակետ, ապա կարելի է պնդել, որ Հարավային Կովկասի երեք հանրապետություններում հեղափոխական գործընթացները հետագա 15-20 տարիների ընթացքում թե’ ձեւի, եւ թե’ բովանդակության տեսանկյունից առաջին հայացքից տեղի էին ունենում սինուսոիդալ պարբերականությամբ:
Հարկ է միանշանակ նշել, որ անկախ իշխանության փոխանցման բռնի կամ խաղաղ եւ ընթացակարգաբար ժողովրդավարական ձեւից` դրանք հենց հեղափոխական գործընթացներն էին, քանի որ հասարակությանը բուն ընտրության իրավունք չէին վերապահում:
Բավական է հիշել, որ երեք հանրապետություններում էլ ազգային-ազատագրական շարժումները ղեկավարում էին դիսիդենտական անցյալով ակադեմիական ոլորտին պատկանած անձինք: Վրաստանում եւ Հայաստանում խորհրդային-կուսակցական ամբողջապես բարոյալքված ղեկավարության փոխարինումն ազգային-ազատագրական շարժման առաջնորդներով տեղի է ունեցել խաղաղ ընտրությունների, իսկ Ադրբեջանում` ուժային հեղաշրջման միջոցով: Սակայն, ըստ էության, տեղի էր ունենում հասարակությանն ընտրության որեւէ հնարավորություն չընծայող հին համակարգի կազմաքանդումը:
Մեկուկես-երկու տարի անց համարյա միանման կազմակերպված զինվորական հեղաշրջման հետեւանքով պաշտոնանկ են արվել Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Զվիադ Գամսախուրդիան եւ Աբուլֆազ Էլչիբեյը: Այս առաջնորդների պարտությունը կանխորոշված էր ազգային-ազատագրական շարժումների կազմակերպչական ստեղծարար պաշարի բացակայությամբ: Չէ՞ որ այդ շարժումներն, ինչպես ասվում է, ստեղծվել են ՚ընդդեմՙ, այսինքն, ոչ թե արարման, այլ կործանման համար` իրենց շարքերում միավորելով թիմային աշխատանքին անընդունակ ամեն տեսակ ՚հեղափոխականներիՙ: Դրա հետեւանքն էր ՚հեղափոխականներիՙ ձեռքով սաստկացրած համընդհանուր քաոսն ու անիշխանությունը` Խորհրդային Միության` որպես կայսերական տեսակի պետություն, քաղաքական վարչակարգի եւ հասարակական-տնտեսական ամբողջության փլուզման առարկայական գործընթացի ֆոնին:
Պատահական չէ, որ թե’ Ադրբեջանում, եւ թե’ Վրաստանում ՚հեղափոխական-դիսիդենտներինՙ փոխարինել են կայունության եւ ՚հզոր բազկիՙ խորհրդանիշներ Հեյդար Ալիեւը եւ Էդուարդ Շեւարդնաձեն:
Հայաստանում գործընթացներն արտաքնապես զարգանում էին բոլորովին այլ սցենարով: Իսկ իրականում` Հայաստանում տեղի է ունեցել սոսկ ՚գործընթացի ձգձգումՙ: Նախ` գործել է հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնազդը, որն ավելի սուր է ոչ միայն հայտնի պատմական եղելությունների, այլեւ հարեւաններին` որպես հայերի նկատմամբ խիստ թշնամաբար տրամադրված հանրություններ դիտելու գործոնի բերմամբ: Երկրորդը` այդ ժամանակ սփյուռքը ստանձնել է ներքաղաքական իրադրությունը կայունացնողի եւ համակարգողի գործառույթ` երկրի ներսում որոշ չափով խթանելով ստեղծարար գործընթացները:
1998 թ. մենք, ի վերջո, դիտում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի տապալումը, որը, պետական հեղաշրջում լինելով հանդերձ, իրականացվել է ՚փուլային եւ սողացողՙ սցենարով: Ի դեպ, իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանը, թեեւ, հիշենք, որ այդ ժամանակ հասարակության աչքերը սեւեռված էին հին շրջանի կայունությունը խորհրդանշող Կարեն Դեմիրճյանին:
Այսպիսով, բոլոր երեք հանրապետություններում հասարակական-քաղաքական գործընթացները զարգանում են սինուսոիդով, որի գագաթնային կետերում մենք, պայմանականորեն ասելով, դիտում էինք հեղափոխության եւ հակահեղափոխության փորձերը:
Իրադրության առեղծվածայնությունն ու ոչ պակաս չափով օրինաչափությունը նրանում է, որ, ի հեճուկս երեք հանրապետություններում էլ զարգացած ժողովրդավարություններին հատուկ քաղաքական ներկապնակի ողջ բազմազանության գոյության, հեղափոխության կամ հակահեղափոխության յուրաքանչյուր փորձից հետո մենք չենք դիտում լուրջ ջանքեր տնտեսաքաղաքական համակարգի կայացման ուղղությամբ, որը թույլ կտար այդ երկրներին գոնե որոշ ժամանակահատվածով զարգանալ էվոլյուցիոն եղանակով: Հասարակությունը շատ արագ հիասթափվում է հերթական հեղափոխությունից կամ հակահեղափոխությունից, որից հետո սկսվում է ՚ոչ հօգուտՙ, այլ ՚ընդդեմՙ բոլորի միավորման նոր շրջանը:
Ասվածիս ցայտուն օրինակը վերջին տասնամյակի Վրաստանն է: Շատ լավ եմ հիշում վրացիների սպասելիքները Միխեիլ Սահակաշվիլու իշխանության գալուց հետո: Կար անհեթեթության հասնող էյֆորիա: Մեր վրացի ընկերներն իրենց շատ վերամբարձ էին պահում, կամենալով մեզ` ադրբեջանցիներիս ու հայերիս ցույց տալ, որ նրանք արդեն Եվրամիության մեջ են, իսկ մեզ դեռեւս անհրաժեշտ էր հաղթահարել մի շարք մանր եւ հիմար խնդիրներ:
Բայց ընդամենը մի քանի տարի անց մենք ականատես եղանք Վրաստանում հերթական հեղափոխական իրադրության առաջացմանը: Խնդիրն այն էր, որ իրենց ժողովրդավարներ հռչակած մարդկանց իշխանության գալն ինքնին խնդրի լուծում դիտվել չի կարող: Անհրաժեշտ է, որ իշխանության հասած քաղաքական վերնախավը գործընթացը հասցնի անշրջելիության, այսինքն` այն կետին, որից հետո ժողովրդավարական գործընթացների զարգացումը դուրս է գալու այդ նույն իշխանության կախվածությունից: Բայց, ցավոք, հենց այս կամքն է միշտ պակասում:
Վրաստանում տեղի ունեցող այժմյան իրադարձությունները, ի հեճուկս իշխանության փոխանցման արտաքնապես խաղաղ եւ ժողովրդավարական ձեւի, հեղափոխական միեւնույն սինուսոիդալ գործընթացի շարունակությունն են: Դարձյալ բոլորը միավորվել են ՚ընդդեմՙ:
Սակայն անգամ այս դեպքում դժվար է պարզել, թե Վրաստանում մեր դիտածը հեղափոխությո՞ւն է, թե՞ հակահեղափոխություն: Մի կողմից` հասարակությունը քվեարկել է փոփոխությունների օգտին: Մյուս կողմից` ՚ընդդեմՙ միավորվածների շարքերում Սահակաշվիլու ՚վարդերի հեղափոխությանՙ շրջանի նախկին համագործակիցների կողքին շատ են նաեւ այսպես կոչված հակավերնախավի ներկայացուցիչները` Շեւարդնաձեի նախկին մերձավոր շրջապատից: Ուստի, բացառված չէ, որ որոշ ժամանակ անց մենք ականատես ենք լինելու նոր հեղափոխական սինուսոիդի մեկնարկին:
՚Վրացական փորձնՙ ըստ ձեւի կրկնվելու է նաեւ Հայաստանում, բայց ըստ էության` հազիվ:
Արտաքնապես Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հիշեցնում են վրացականները: Միլիոնատեր Գագիկ Ծառուկյանը, որպես Իվանիշվիլու նախակերպար, արդեն իսկ գոյություն ունի. առկա է նաեւ` ի դեմս ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի, լայն դաշինք ստեղծելու գաղափարը: Սակայն, նախ` այդ դաշինքի առաջատար ուժը ԲՀԿ-ն է, այսինքն` Քոչարյան-Ծառուկյան երկյակը, որը ոչ միայն կառավարող վերնախավի մասն է, այլեւ` ավելի հետադիմական է դիտվում: ՚Concordՙ քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ` ՀԱԿ առաջնորդներից Դավիթ Շահնազարյանը նշում է, որ նախագահական ընտրությունների նախաշեմին կանգնած Հայաստանում ստեղծվել է աննախադեպ իրադրություն: Արտաքնապես թվում է, թե այսօր Հայաստանում առկա է երկբեւեռ քաղաքական համակարգ: Մի կողմից իշխանությունն է` ի դեմս գործող քրեաօլիգարխիկ համակարգի, մյուս կողմից` ՚Բարգավաճ Հայայստանՙ կուսակցությունը` որպես քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ:[1]
Այսինքն, ՚հեղափոխությունըՙ, եթե վերջինս իրոք տեղի ունենա, չի հանգեցնի անգամ քաղաքական վերնախավի փոփոխությանը, այլ կիրականացնի ընդամենը ներքին ՚ռոտացիաՙ կառավարող վերնախավի ներսում:
Երկրորդ` վերջին երկու տարիների ընթացքում ՚համաձայնողականՙ քաղաքականություն վարած ՀԱԿ-ը գործընթացից դուրս է մղել արմատական փոփոխություններ պահանջող զանգվածների: Դավիթ Շահնազարյանն իրավացիորեն նշում է, թե. ՚քաղաքացին եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ոչ մի քաղաքական ընտրություն չունի: Թվում է, թե հասարակությունը բավականին անտարբեր է գալիք նախագահական ընտրությունների հանդեպՙ:[2]
Ի վերջո, աշխուժորեն առաջամղված հասարակական պահանջի պատճառով բուն գործընթացն ամբողջովին անցնում է արտաքին դերակատարների հսկողության ներքո: Դա վերաբերվում է ԲՀԿ, իսկ ավելի շուտ` Քոչարյան-Ծառուկյան երկյակի դերին: Շահնազարյանը նշում է, որ այդ կուսակցությունը լուրջ որոշումներ չի ընդունում: Դրանք ընդունվում են Հյուսիսում եւ ապա իջեցվում ԲՀԿ-ին: Շահնազարյանը նաեւ վստահ է, որ Ռուսաստանը դեռեւս որոշում չի ընդունել: [3]
Ադրբեջանի պարագայում իրադրությունն ավելի տխուր է: Ադրբեջանում ընդդիմության` որպես քաղաքական հաստատության մասին անգամ խոսել չի կարելի: Որոշակիորեն լիարժեք քաղաքական գործընթացի բացակայության պայմաններում այն պարզապես վերանում է, ինչն էլ դիտում ենք Ադրբեջանում:
Այսպիսով, մենք տեսնում ենք ընդդիմադիր տրամադրվածությամբ միանգամայն ապագաղափարականացված եւ լուսանցքայնացված ընտրազագված, որը փոփոխություններ է բաղձում, եւ որը հետզհետե ավելի ու ավելի անտարբեր է, թե ով եւ ինչու է նրան օգնելու հասնել փոփոխությունների իրականացմանը: Այս դրությունը շեշտակիորեն մեծացնում է ներքաղաքական գործընթացների վրա արտաքին դերակատարների ազդեցությունը, որոնք, իրենց հերթին, արաբական գարնան օրինակով կարող են սադրել նոր ՚հեղափոխական գործընթացՙ:
Որոշ ժամանակ ի վեր Ադրբեջանի հասարակական ուշադրության կենտրոնում գտնվում է ՌԴ-ում նոր սփյուռքյան կազմակերպության հիմնադրման հարցը: Բուն խնդիրը ոչ թե դրա հիմնադրման, այլ վերջինիս հանդեպ պաշտոնական Բաքվի արձագանքի մեջ է: Խոսքը ՚Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությանՙ մասին է: Նրանց հիմնադիրների թվում են մի շարք հայտնի ու մեծահարուստ ադրբեջանցիներ, որոնցից հիշատակելի է ՚ԼՈՒԿՕՅԼԻՙ սեփականատեր Վագիֆ Ալեքպերովը:
Բոլորովին վերջերս ՚ՌԱԿՄՙ հիմնադիրներից եւ համակարգող խորհրդի անդամներից մեկը` կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ Կրեմլը նախագծի հետ որեւէ առնչություն չունի:[4] Ռուստամ Իբրահիմբեկովի անձի հանդեպ մեծ հարգանք տածելով հանդերձ` նրան դժվար է հավատալ: Դրա համար կան հիմնավոր պատճառներ, թեեւ ես չէի կամենա կասկածի տակ առնել Ռ. Իբրահիմբեկովի անկեղծությունը:
Պարզապես, անհրաժեշտ է ճանաչել Վագիֆ Ալեքպերովին եւ Ռուսաստանում բնակվող ու նախագծի մեջ ընդգրկված մյուս հարուստ ադրբեջանցիներին: Այս գործարարները քաղաքականությունից միշտ հեռու են մնացել, հատկապես` Ալեքպերովը: Ուստի, համարյա հարյուր տոկոսանոց համոզվածությամբ կարելի է եզրակացնել, որ նրան խնդրել կամ պարզապես հրամայել են այդ նախագծին ամենաբարձր մակարդակով մասնակցել: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի նավթագազային հատվածը վերահսկում է Վլադիմիր Պուտինը, ապա հրամանը կարող էր գալ անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից: Այստեղ ինքնագործունեությունը հավասարազոր է մահվան: Բավական է հիշել ՅՈՒԿՈՍ-ի սեփականատեր Խոդորկովսկու ճակատագիրը: Այսպիով, ադրբեջանցիների նոր սփյուռքյան կազմակերպությունն, ամենայն հավանականությամբ, Կրեմլի նախագիծն է, իսկ այդ հանգամանքը պաշտոնական Բաքվին ոչ մի լավ բան չի խոստանում: Բաքվի արձագանքն էլ իրավիճակին համապատասխան էր, բայց հանրային ըմբռնման համար ոչ ամբողջապես ընկալելի…
—————————————————-
3. Давид Шахназарян: ППА представляет те требования, которые Россия сегодня выдвигает властям Армении (Armenia Today / 02.11.2012)
4. Кремлевский каток набирает скорость
(Рауф Миркадыров, 17.11.2012, Zerkalo.az)