Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Lragir.am էլեկտրոնային թերթի վերլուծաբան
Երեւան
Վերջին շրջանում քաղաքական դիսկուրսը Հայաստանում հագեցել է ՙարեւմտյան՚ կառույցներին ինտեգրվելու կամ դրանց հետ համագործակցելու մասին քննարկումներով: Պատճառը թերեւս այն է, որ ընդլայնվել ու ձեւակերպվել են համագործակցության մի քանի ֆորմատներ պետական/քաղաքական, հասարակական մակարդակներով:
Մյուս կողմից նաեւ մեդիայի արձագանքման հնարավորությունները թույլ են տալիս առարկայացնել ու քննարկել այս հարցերն ավելի լայն շրջանակներում: ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Արեւմուտքը ընդհանրապես արդեն գործուն մասնակցություն ունեն Հարավային Կովկասի քաղաքական օրակարգի կազմակերպման մեջ, ու միաժամանակ Հարավային Կովկասում տարբեր ֆորմատներով՝ թե պետական, թե քաղաքացիական սեկտորի, թե վերլուծական շրջանակների, այս թեման առանցքային է: Խնդիրը նրանում է, որ այս ՙհամակարգերը՚ նոր են Հարավային Կովկասի համար: Բացի այդ, տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրները, տարածքային վեճերն ու հակամարտություններն, ըստ էության, մեծացնում են միջազգային կառույցների դերակատարության հարցը, քանի որ հարցերը ՙներքին ռեսուրսներով՚ դեռեւս չեն լուծվում:
Հարավային Կովկասի դիտարկումը ցանկացած նոր համաշխարհային կոնտեքստում ենթադրում է մի քանի առանձնահատկություն.
– Հարավային Կովկասի ճանաչված ու չճանաչված քաղաքական միավորներն ըստ էության Խորհրդային Միության կազմի մեջ են եղել, ու քաղաքական, մշակութային, քաղաքակրթական առումով տարածաշրջանը հետխորհրդային է
– Մինչեւ Խորհրդային Միության կազմավորումը, դրանից առաջ ու հետխորհրդային տարածաշրջանում Կովկասն՝ ընդհանրապես, Հարավային Կովկասն ու Հյուսիսային Կովկասը՝ մասնավորապես, դիտվել են որպես համալիր գոտիներ՝ քաղաքական, տարածաշրջանային, տնտեսական, աշխարհագրական եւ այլն
– Այն իրավիճակը, որ այժմ կա տարածաշրջանում, կապված տարբեր միջազգային կառույցների, միջպետական ու վերպետական սուբյեկտների համագործակցության տարբեր փաթեթների հետ, կրկին ենթադրում է Հարավային Կովկասը որպես համալիր դիտարկել:
Վերը թվարկված երեք առանձնահատկությունները, սակայն, ունեն լուրջ հակասություններ իրար մեջ: Չնայած Կովկասն ու հատկապես Հարավային Կովկասը դիտարկվել են որպես ընդհանրական հետաքրքրությունների շրջանակ, բայց Հարավային Կովկասի ներսում կան բազմաթիվ խնդիրներ՝ հատկապես մշակութային ու քաղաքակրթական, որոնք արդի քաղաքական հեռանկարների պարագայում հաճախ ավելի են սրվում: Ըստ էության, միակ ընդհանուր գիծը, որ կարող է մնալ ու պահպանվել բոլոր խաղացողների կողմից, դա անվտանգության նորմերն են, նոր փաթեթները, որոնց շուրջ կարծես՝ առաջին հայացքից, բանակցում են գրեթե բոլորը:
Բայց եթե քաղաքական առումով գործընթացները քիչ թե շատ քննարկվում են, մատուցվում են հանրությանը, կամ էլ դառնում են պետական քաղաքականության մաս, ապա այդ քաղաքականությունների հիմքերում շատ հաճախ բացակայում է ՙքաղաքակրթական կուրսի՚ ճշգրտման ռազմավարությունը: Վերադառնալով երեք հիմնական առանձնահատկություններին՝ իրար հետ, թե առանձին առանձին առանձին, Հարավային Կովկասի պետություններն ըստ էության խորհրդային ժառանգության կրողներն են, ու այդ ժառանգությունը հետխորհրդայինի փոխակերպված (տրասնֆորմացված) սուբյեկտներն են: Արդեն այսօր թե ՆԱՏՕ-ի, թե արեւմտյան աշխարհի ցանկացած կետի հետ քաղաքական շփումը ենթատեքստում ենթադրում է տարածաշրջանի քաղաքակրթական խորը վերափոխում ու ինտեգրում, ոչ թե կոնկրետ այս կամ այն կառույցին, այլ քաղաքակրթական այն դիապազոնին, որի մեջ այդ կառույցները գործում են: Կլինի դա ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԵԽ-ն, Եվրոպական դատարանը՝ մեծ հաշվով տարածաշրջանի ինետերգման խնդիրը քաղաքակրթական է:
Ուրեմն, տարածաշրջանի երեք պետություններ լավ կամ վատ պայմաններով, դանդաղ կամ արագ տեմպերով հայտարարում են ինտերգման այս կամ այն պլատֆորմների մասին: Երեք պետություններն էլ ինտեգրման ու համագործակցության հիմնական ձեւաչափերով անում են կարծես սովորական երկխոսություն: Խնդիրը, որի շուրջ բանակցություններ են գնում անընդհատ, ըստ էության տարածաշրջանի հակամարտություններն են, ու նոր խաղաղության ու անվտանգության քաղաքականությունը: Սա կարծես երեք հիմնական դերակատար քաղաքական սուբյեկտների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հիմնական հայտարարված կամ նախընտրելի սկզբունքն է: Բայց արդեն գործընթացի բուն ընթացքում բացի տեխնիկական խնդիրներից, որոնք կապված են պետությունների տարբեր ներքին քաղաքականությունների հետ, առաջանում են խնդիրներ, քաղաքակրթական տաբուներ, որոնք խանգարում են անվտանգության ցանկացած համակարգի յուրացմանը:
Առաջին հիմնական խնդիրը Ադրբեջանն է, խնդիր՝ ինքն իր ու տարածաշրջանի համար: Երկիր, որը, բացի ներքին խառնամշակութայնությունից ու բազմէթնիկությունից, նաեւ ըստ էության մահմեդական քաղաքակրթության ու արեւելյանի կրող է: Իհարկե, ի տարբերություն շատ այլ երկրների՝ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, ու այստեղ խնդիրը իսլամի ոչ թե որպես կրոնի, այլ որպես քաղաքակրթական բնորոշիչի առկայությունն է: Հանթինգտոնն իր հայտնի քաղաքակրթական բաժանումը հենց այս հիմքով է անում, ու եթե մնանք հանթինգթոնյան տրամաբանության շրջանակում, Ադրբեջանը մահմեդական քաղաքակրթության սահմաններում է: Սա, իհարկե, չի խանգարում Ադրբեջանին փաստաթղթեր ձեւակերպել ու սկսել համագործակցությունը միջպետական սուբյեկտների հետ: Բայց ինտերգման լիարժեքությունն ու Ադրբեջանի մոդեռնացումն ըստ էության կիսատ են մնում ոչ միայն քաղաքական կամքի, այլեւ կոնկրետ քաղաքակրթական պատնեշների պատճառով: Թերեւս Ադրբեջանն արեւմտյան քաղաքակրթությանն ինտեգրվում է տնտեսապես՝ միջազգային ներդրումների ու նավթի շնորհիվ: Կարելի է ասել, որ Թուրքիան եւս ըստ էության երկիր է, որը տեղավորվում է մահմեդական քաղաքակրթության շրջանակներում: Բայց վերջինս ըստ էության աշխարհիկ մոդեռնացման այնպիսի փուլ է անցել, որ նույն Հանթինգթոնը դժվարանում էր Թուրքիան տեղավորել միայն մի քաղաքակրթական մոդելի շրջանակում: Այստեղ խնդիրը թերեւս այն է, որ ադրբեջանական քաղաքականությունն իր առաջ հարց չի դնում անվտանգության ընդհանուր կանոնների համար ստեղծել արդիականացման հիմք ու, ասենք, մանիֆեստացնել իր քաղաքակրթական մոտեցումները կապված աշխարհի այս կամ այն հատվածի հետ:
Վրաստանի ու Հայաստանի դեպքում ամեն ինչ այլ է: Քրիստոնեական քաղաքակրթություն լինելուց բացի՝ երկու երկրներն էլ ըստ էության հայտարարում են եվրաինտեգրման կամ արեւմտյան աշխարհի հետ համագործակցման մասին: Վրաստանն ըստ էության Արեւմուտքի հետ համագործակցությունը պատկերացնում է ՆԱՏՕ-ի հետ, հաշվի առնելով նախ ԱՄՆ դերակատարությունը, Հայաստանն՝ ավելի շատ եվրակառույցների:
Անվտանգության նոր համակարգը ենթադրում է քաղաքակրթական ինտեգրացիա Արեւմուտքին, ու փոխճանաչողության երկկողմ ինտենսիվացում: Այդ ամենի համար Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ունեն բավարար, բայց տարբեր որակի ներուժեր:
Քաղաքակրթական հիմքը գոյանում է երեք հիմնական գործոններից՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն: Եվս մի գործոն ավելանում է արդեն մեր օրերում, խոսքն առօրյականության մասին է: Այս առումով պետք է ասենք, որ Հայաստանն ու Վրաստանը թերեւս չորս գործոններով էլ ունեն այն օբյեկտիվ հնարավորությունները, որոնցով կկարողանան հասնել ձեւակերպած քաղաքական նպատակներին: Ադրբեջանի դեպքում խնդիրը ծայրահեղ է, որովհետեւ վերջինս, տնտեսական մեծ ծավալի համագործակցություն ունենալով, ամեն դեպքում թե՛ քաղաքականապես, թե՛ մշակույթով դժվար ինտեգրվող է:
Ըստ էության, ընդհանուր անվտանգության փաթեթն անվերջ մի նախագիծ է, ու եթե այդ նախագիծը կազմվում է արեւմտյան մոդելով, ապա հենց այդ մոդելի սահմաններում էլ ինտեգրացիան ու քաղաքակրթական ինքնության որոնումը պիտի պատկերացնել: Բայց այդ, համակարգը մի վերջնական հանգրվան չէ, որին հասնելուց հետո կարելի կլինի ավարտած համարել տարածաշրջանի խնդիրները: Ընդհակառակը, սա ճանապարհի սկիզբն է, անվերջ ճանապարհի, ու հենց այս առումով քաղաքական մանրամասնությունների անընդհատ ճշգրտման համար պետություններն ու հասարակությունները պետք ունեն բավարար քաղաքակրթական ՙfeedback՚-ի, ինչն ըստ էության բացակայում է:
Հարավային Կովկաս-ՆԱՏՕ կապերի ինտենսիվացումն ըստ էության, ու Հարավային Կովկասն արեւմտյան միջպետական կազմակերպությունների հետ կապելու հեռանկարն՝ ընդհանրապես, շոշափում են մի քանի հիմնական խնդիրներ.
– Հետխորհրդային քաղաքական ժառանգության վերաիմաստավորում՝ դրանից բխող վերափոխման պատրաստակամությամբ
– ՆԱՏՕ-ի պարագայում բանակների արդիականացման, բանակային գործի ու ռազմական քաղաքականության արդիականացման հեռանկար
– Անվտանգության ու պաշտպանվածության դեռեւս ամենաիրատեսական աշխատող արեւմտյան համակարգերի ներդրման փորձ տարածաշրջանում
-Քաղաքականության փիլիսոփայության փոփոխություն, անվտանգության իդեալական փաթեթը որպես անվերջ ճանապարհ
– Համագործակցությունն ու մրցակցությունը տարածաշրջանում արդեն նոր քաղաքական ու դիվանագիտական մշակույթի շրջանակներում, ինչն ըստ էության տարածաշրջանը կթոթափի ագրեսիվ հռետորաբանությունից
Տարածաշրջանի վերակառուցումն ըստ էության անխուսափելի է, այդ մասին բազմիցս հայտարարվել է: ՆԱՏՕ-ն այդ վերակառուցման համար համագործակցության առաջին պլանում տեսնում է Վրաստանին, Եվրոպական Միությունն այդ վերակառուցման համար որպես հնարավոր գործընկեր դիտում է Հայաստանին: Այս մեծ խաղի բոլոր ակտորները իդեալական հեռանկարում ունեն մի ընդհանուր պատկերացում՝ վերակառուցվող տարածաշրջան, ընդհանուր ռազմավարությունը նույնն է, տարբեր են մարտավարությունները: Կստացվի, թե ոչ, կամ՝ երբ կստացվի Հարավային Կովկասը դարձնել միջազգային քաղաքականության լիարժեք մաս հավասար հնարավորություններով, դրանք արդեն ապագայի հարցեր են: Բայց պարզ է մի բան՝ գոնե կոնվենցիոնալ առումով խաղի մասնակիցները համաձայն են որոշակի նոր կանոնների ներմուծման հետ, ինչն այլեւս տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հայտ է: