Աննա ՉՈՉԻԵՎԱ
Լրագրող
Ցխինվալ
2017թ. նախագահական ընտրություններին հետևած անդորրը և դեռևս ահագնորեն չմոտեցած 2019թ. խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխությունների բացակայությունը թույլ են տալիս այս տարին Հարավային Օսիայի համար հանգիստ, իսկ կյանքը՝ չափված համարել։ Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականը հարուստ էր հաճելի իրադարձություններով. կարելի է ասել, որ խաղաղ կյանքը հետզհետե ամրապնդվում և կարգավորվում է։ Դրա վկայությունն է անցնող տարվա գլխավոր իրադարձությունների վերլուծությունը։2018թ. մարտին Հարավային Օսիայում-Ալանիա պետությունում բացվել է նորակառույց համալսարանի շենքը։ Ալանիա պետության բնակիչներն այս իրադարձությանը սպասել են 2008 թվականից սկսած։ Ռազմական գործողությունների ժամանակ հարավօսական համալսարանը հրկիզվել էր, և ուսանողներն ու դասախոսները ստիպված տեղավորվել են հապճեպ վերակառուցված նախկին հանրակացարանի հին շենքում։ Քաղաքի կենտրոնում գտնվող համալսարանի նոր քառահարկ շինությունը ներառում է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով համալրված ընդարձակ լսարանները, թանգարանները, ցուցադրությունների և հանդիսավոր արարողությունների սրահները։ Վերակառուցման նախագիծն իրականացվել է ՌԴ Ներդրումային ծրագրի շրջանակներում։
Նույնքան կարևոր և սպասելի իրադարձությունն էր նոր Դրամատիկական թատրոնի կառուցման ավարտը։ 2005թ. հրդեհի զոհ դարձած շինության փոխարեն նոր թատրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2014թ. սկզբից՝ 2015-2017թթ. համար նախատեսված Ներդրումային ծրագրի շրջանակներում։ Թատրոնի շինարարությանը հատկացվել է ավելի քան 1,3 միլիարդ ռուբլի։ Շինության ընդհանուր մակերեսը շուրջ 6,000 քմ է, որն իր չափերով գերազանցում է հրդեհից վերացած նախկին շինության մակերեսը։ Շինարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետը նախապես նշված էր 2016թ. վերջը։ Սակայն նոր բեմի համար նախատեսված արդիական մեխանիզմների տեղադրման հետ կապված դժվարությունների պատճառով շինարարական աշխատանքների սպասելիից դանդաղ ընթացքը պարբերաբար հետաձգում էր հանձնման վերջնաժամկետը։ Եվ ահա, վերջապես, շինարարությունն ավարտվել է։ Հարավօսական թատրոնի սիրված դերասանները կարմիր գորգով նվիրյալ հանդիսատեսների ծափահարությունների ներքո քայլել են դեպի Մելպոմենեի տաճար։ Միջոցառմանը ներկա էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, պետության նախագահը և օտարերկրյա հյուրեր։
2018թ. ամենավառ իրադարձություններից էր ՌԴ կողմից ՀՕՀ անկախության ճանաչման տասնամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունը, որի նախապատրաստությունը սկսվել էր օգոստոսի 26-ից շատ շուտ և ավարտվել է աչքի ընկնող խոշոր միջոցառումների շարքով։ Ստադիոնում կազմակերպված տպավորիչ ներկայացումը, երկրի լավագույն համերգային հարթակներում տեղի ունեցած համերգները և ՀՕՀ պատմության մեջ աննախադեպ տոնական հրավառությունը հիրավի ուշագրավ էին։
ՀՕՀ կյանքում ամենալուսաբանված իրադարձություններից էր Հարավային Օսիայում ծնված բռնցքամարտիկ Մուրատ Գասիևի և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտը, որը տեղի է ունեցել Մոսկվայի Օլիմպիական մարզահամալիրում։ Մենամարտին ներկա գտնվելու համար աշխարհի բոլոր անկյուններից Մոսկվա են ժամանել Մուրատի համերկրացինրը։ Բոլոր օսական լրատվամիջոցները երկար ժամանակ մանրամասնորեն լուսաբանում էին հիշյալ իրադարձության հետ կապված բոլոր հանգամանքները։ Պայքարը մղվում էր WBC և WBO վարկածներում Ուսիկին պատկանող և IBF ու WBA վարկածներում Գասիևին պատկանող չեմպիոնական գոտիների համար։ Չեմպիոնը ստանում էր Մուհամեդ Ալիի գավաթը և պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշում աշխարհի բացարձակ չեմպիոնի թափուր տիտղոսները։ Ցխինվալում նկատելի աշխուժացում էր նկատվում։ Մարդիկ հավաքվում էին սրճարաններում և ռեստորաններում՝ մենամարտի հեռուստատեսարձակումը մեծ էկրանների վրա դիտելու համար։ Ցավոք, օս մարտիկը պարտություն է կրել։ Մուհամեդ Ալիի գավաթի սիրողական տարբերակում հաղթանակը 1997թ. մի անգամ արդեն նվաճել էր ցխինվալցի Ռոբերտ Պլիևը։ Այժմ բռնցքամարտի օս սիրահարներն ակնկալում էին հաղթանակ նաև պրոֆեսիոնալների գավաթի խաղարկությունում, բայց բախտը նրանցից երես է թեքել։
Այս տարի ՀՕՀ-ԱՊ-ն նշել է նաև խաղաղապահ առաքելության 25-ամյակը։ Հարավային Օսիայի հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը պայմանավորած էր Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում 1992թ. տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերով, որոնց մասնակիցները պահանջում էին արյունահեղության դադարեցում. ինքնավար հանրապետության տարածքում շատ էին սպառազինությունների պահեստների և ռազմական տեխնիկայի գրավման դեպքերը։ Հյուսիսային Օսիայի Գերագույն խորհուրդը դիմել է դաշնային կենտրոնին և զգուշացրել, որ խաղաղարար միջամտության ձգձգման դեպքում Հյուսիսային Օսիան իրեն իրավունք է վերապահում դուրս գալ ՌԴ կազմից և հարավային օսերին ռազմական օգնություն ցուցաբերել։ Այս բոլոր գործոններն ազդել են իրադարձությունների հետագա ընթաքի վրա։
1992թ. հունիսի առաջին կեսին ՌԴ Գերագույն Խորհրդի հանձնաժողովը՝ ուսումնասիրելով իրավիճակը, ՌԴ Անվտանգության խորհրդին առաջարկել է քայլեր ձեռնարկել կրակը դաադրեցնելու ուղղությամբ և զգուշացնել Վրաստանին հնարավոր հետևանքների մասին։ Ռուսաստանի, Վրաստանի, Հյուսիսային և Հարավային Օսիաների միջև քառակողմ բանակցությունների արդյունքում Դագոմիսում ստորագրվել է «Վրաց-օսական հակամարտության կարգավորման սկզբունքների մասին» համաձայնագիրը։ Ըստ Համաձայնագրի՝ երեք կողմերից յուրաքանչյուրը եռակողմ խաղաղապահ ուժերի ձեւաչափով Հարավային Օսիա պետք է մտցներ մեկական գումարտակ՝ ընդհանուր առմամբ 1500 մարդ։ Նախապես Խաղաղության պահպանման համատեղ ուժերը (ԽՊՀՈՒ) կատարում էին նաև իրավապահ գործառույթներ, որոնք նրանցից վերցվել են որոշ ժամանկ անց։ ԽՊՀՈՒ ձևաչափն իսկապես եզակի էր, քանի որ սովորաբար այլ երկրներոմ խաղաղապահների դերում հանդես էին գալիս պատերազմին ոչ մասնակից երրորդ երկրների ռազմական ստորաբաժանումները։ Իսկ այստեղ Ռուսաստանից բացի խաղաղապահնրի կազմում էին հակամարտության անմիջական մասնակից Հարավային Օսիայի և Վրաստանի զինված ուժերը։ Համաձայնագրի շնորհիվ 90-ականների սկզբից հաստատված և մինչև 2004թ. տևած երկարատև դադարին հաջորդել է հակամարտության նոր սրացումը, որը պայմանավորված էր Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու իշխանության գալու հանգամանքով։
Այս տարի Հարավային Օսիան նշել է նաև «Ադեմոն նեխաս» քաղաքացիական շարժման 30-ամյակը։ Բուն քաղաքացիական շարժումը, որը հիմնադրումից քիչ անց վերաճել է զանգվածային կազմակերպության, ստեղծվել է Հարավօսական Մանկավարժական ինստիտուտի օսական ֆակուլտետի ուսանողության ջանքերով։ Նրանք դեկանի ղեկավարությամբ բողոքի գործողությունների են դիմել ընդդեմ Վրացական ԽՍՀ-ում ընդունված լեզվի մասին նոր օրենքի, որն աղճատում և սահմանափակում էր օսերենի իրավունքները։ Շարժման շարքերն արագորեն աճում էին, քանի որ օսերը ստիպված էին քաղաքակիրթ պատասխան ձևակերպել ժամանակի մարտահրավերներին։ Վրաստանի հակաօսական քաղաքականությունը հետզհետե խորանում էր, իսկ ԽՍՀՄ-ն անկասելիորեն ընթանում էր փլուզման ճանապարհով։ Կոմունիստական կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր պահպանել իշխանությունը։ Արևմուտքի, Մոսկվայի և Թբիլիսիի միջև ամեն օր փոփոխվող քաղաքական իրողությունների շրջապտույտում Հարավային Օսիայի վերապրելու հնարավորությունը գնալով ավելի ու ավելի խնդրահարույց էր դառնում։ «Ադեմոն նեխասն» առաջնորդել է օս ժողովրդի պայքարն ազգային իրավունքների պաշտպանության համար և մեծ դեր է ունեցել ՀՕՀ պետականության հիմքերը հաստատելու գործում։
Նորերս Վրաստանում ավարտվել են նախագահական ընտրությունները։ Չի կարելի ասել, որ այդ իրադարձությունը Հարավային Օսիայի բնակչության շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Պետք է նշել, որ 2008թ. պատերազմից և դրան հետևած ՌԴ ճանաչումից հետո հասարակության հետաքրքրությունների շեշտադրումը տեղափոխվել է ներքին խնդիրների վրա. առավել ևս, որ Վրաստանի նախագահների փոփոխությունը օսերին երբեք ոչ մի դրական փոփոխություն չի խոստացել։ Ընդհակառակը՝ Զվիադ Գամսախուրդիայից սկսած Վրաստանի յուրաքանչյուր նոր նախագահ ընդհուպ մինչեւ 2008 թվականն առաջնահերթորեն ձեռնարկում էր Հարավային Օսիան ռազմակալելու նոր փորձ։ Վրաստանում ՀՕՀ-ի և ՌԴ-ի նկատմամբ հռետորաբանությունը վերջին տարիների ընթացքում բոլորովին չի մեղմվել։ Դրա մասին են վկայել նաև վրաստանյան վերջին ընտրությունները, մասնավորապես, նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու առաջին իսկ պաշտոնական հայտարարությունը։
Վրաստանում ընթացած ողջ նախըտրական քարոզարշավն անցնում էր հակառուսական հռետորաբանությամբ՝ «ռուսական բռնազավթում», «նոր լայնածավալ պատերազմում բռնազավթված Աբխազիան և Հարավային Օսիան» կարգախոսների ներքո։ Օրենսդրորեն սահմանված է, որ յուրաքանչյուր տպագրվող գիրք եւ անգամ ռեստորանների գնացուցակը պետք է պարունակեն նշում այն մասին, որ «Վրաստանի տարածքի 20 տոկոսը» բռնազավթված է Ռուսաստանի կողմից։ Ամենուր վաճառվում են հուշանվերներ, որոնց վրա պատկերված են «բռնազավթված Հարավային Օսիան եւ Աբխազիան»։ Տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ քարոզչությունը կոչված է բարոյապես նախապատրաստել երիտասարդ սերնդին նոր լայնածավալ պատերազմին մի իրավիճակում, երբ նրանց հետաքրքրություններն առավելապես ուղղված են անձնական աճն ապահովելուն։ Այս փաստը, բնականաբար, մտահոգում է ՀՕՀ բնակչությանը։
Սակայն հարավային օսերի ուշադրությունը նախ և առաջ սևեռված է 2019թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։ Սովորության համաձայն՝ գլխավոր նախընտրական մարտերը կծավալվեն ամանորի տոնակատարություններից անմիջապես հետո։ Դատելով սոցիալական ցանցերում և համացանցային մամուլի էջերում ծավալվող քննարկումներից՝ գալիք 2019 թվականի առաջին կեսը խոստանում է լինել թեժ։