Մարիա ՊԼԻԵՎԱ
Անկախ լրագրող
Ցխինվալ
“Ի՞նչ պետություն կարելի է կառուցել Հարավային Օսիայում, եթե դուք փաստացիորեն մուրացկան եք”:
Այս արտահայտությունը բազմիցս հնչել է տարբեր փորձագետների, լրագրողների, հասարակական գործիչների եւ պաշտոնյաների կողմից ՚անկաշկանդՙ զրույցների ժամանակ: Թեւավոր արտահայտությունն` ՚աղքատությունն արատ չէՙ, կարծես թե, ոչ մեկին չի զսպում: Պետք է խոստովանել, որ սրանից ավելի վիրավորական բան իմ պետության հասցեին ես չեմ լսել, թեեւ նման ՚մեղադրանքներիՙ համար հիմքերը, ցավոք, առկա են: Եթե մենք կամենում ենք կառուցել իրավական պետություն, ապա պետք է վստահ լինենք հանապազօրյա հացի հարցում: Իսկ տնտեսության իրական հիմքը կարող է լինել միայն մասնավոր բիզնեսը` որպես հանրապետությունում տնտեսության գոյության ցուցիչ:
Վերջերս կառավարական osinform.ru կայքում հայտնվել է ինը րոպեանոց տեսահոլովակ` Հարավային Օսիայի արդյունաբերական ներուժի մասին: Այն պատմում է Հարավային Օսիայում ներկայումս գործող եւ վերագործարկելուն ընդունակ ձեռնարկությունների մասին: Տեսահոլովակը դիտած մարդիկ ասում են, որ այն արտացոլում է սոսկ մեր երազանքները` հեռու մնալով բուն իրականությունից:
Տեսահոլովակում թվարկվում են Հարավային Օսիայում գործող հիմնական ձեռնարկությունները.
– ՚Էլեկտրովիբրոմաշինաՙ գործարանը, որը մասնագիտացած է լեռնարդյունաբերության մեջ օգտագործվող տարբեր արտադրողականության էլեկտրավիբրատորների եւ հետադարձ-առաջընթաց գործողության սնուցիչների թողարկմամբ, ինչպես նաեւ կատարում է մետաղակառուցվածքների արտադրության պատվերներ,
– ՚Էմալպրովոդՙ գործարանը, որտեղ բացված է ջրաէմուլսիոն, դիսպերսիոն ներկերի նոր արտադրամաս,
– ՚Լեսկոմբինատըՙ, որն արտադրում է կահույք ու ատաղձագործական արտադրանք եւ տարեկան ապահովում մինչեւ 30 հազ. խորանարդ մետր փայտյա սեփական հումք,
-Բագիաթի շշալցման գործարան, որը զբաղվում է հանքային ջրի վաճառքով,
– Հացաբուլկեղենի արտադրության ձեռնարկություն, որն ապահովում է Հարավային Օսիայի մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների կարիքները,
-1964 թվականից գործող ՚Պոլիգրաֆիկ արտադրական միությունՙ ձեռնարկությունը, թեեւ արտադրանքի բարձր արժեքի պատճառով հանրապետության մի շարք պարբերականներ տպագրվում են հարեւան Հյուսիսային Օսիայում,
– Զբոսաշրջային-առողջարանային ոլորտից գործում է ընդամենը Նագութնի գյուղի փոքր առողջարանային համալիրը,
– Կաթնամշակման գործարանն ու ալրաղաց ձեռնարկությունը` օրական 12 հազ. կգ արտադրողականությամբ:
Վերագործարկվելուն ունակ ձեռնարկություններից վերոհիշյալ աղբյուրը նշում է ՚Յուգոստալկըՙ, որտեղ կարելի է ստանալ կապարե եւ ցինկե խտանյութը, Կվայսա քաղաքի կապարե-ցինկե հանքաձեռնարկությունը (պաշարները` 726,5 հազ. տոննա հանքանյութ), ինչպես նաեւ շինանյութի գործարան, որը թույլ է տալու ապահովել տեղի ճանապարհաշինական, կապիտալ շինարարության եւ դեռեւս գոյություն չունեցող ՀԷԿ-ի կարիքները:
Այս գործարանների բյուջեի եւ եկամտի չափերի մասին տեղեկատվությունը համարյա անհնար է ստանալ: Բոլշեւիկյան տնտեսական համակարգի փլուզումից հետո այս ձեռնարկությունները պետք է անցնեին մասնավոր սեփականատերերի ձեռքը, բայց դրանք այսօր էլ կառավարությանն են պատկանում: Ոչ ոք չգիտի, թե դրանք պետբյուջե որքան հարկ են մուծում: Այս ամենը գաղտնի տեղեկատվություն է: Ի դեպ, Հարավային Օսիայի բյուջեն առանձնապես գաղտնի է դարձել այն պահից ի վեր, երբ Ռուսաստանի կառավարությունը սկսել է միլիարդներ հատկացնել հանրապետության հետպատերազմական վերականգնման համար: Տարրական թվաբանությանը ծանոթ մարդիկ գլուխ են կոտրում, թե թվաբանության ի՞նչ կանոններով են առաջնորդվում Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի պաշտոնյաները, եթե առաջինները նշում են մի թիվ, իսկ մյուսների մոտ այն էապես ձեւափոխվում է` արձանագրելով անբացատրելի եւ կտրուկ նվազում:
Սակայն, կա մի հետաքրքիր մանրամասն, որը կապված է ՌԴ կողմից Հարավային Օսիայի բյուջեին հատկացվող միջոցների հետ: 2010 թ. հուլիսի 20-ին Հարավային Օսիայի ԶԼՄ-ներում հրապարակվել է ՀՕՀ կառավարության մի հետաքրքիր որոշում, որը հետագայում ջնջվել է ՚Հարավային Օսիաՙ թերթի կայքէջից: Որոշումը ցույց էր տալիս, որ ռուսաստանյան ֆինանսական աջակցության բաշխման հոդվածի մեջ մտել են փոքր ձեռնարկատիրության անտոկոս վարկավորման համար հատկացված գումարներ` 100 միլիոն ռուբլու չափով: Փաստաթղթում սեւով սպիտակին գրված էր, թե ինչպես են բաշխվել հիշյալ գումարները. Ա. 50 միլիոն ռուբլի` ՚Վերածնունդՙ հիմնադրամին (դա հիմնականում նախագահամետ ՚Հայրենիքի պաշտպանների միություննՙ է, Բ. 35 միլիոն ռուբլի` ՀՕՀ Պետական պաշտպանության աշխատակիցներին, Գ. 5 միլիոն ռուբլի՝ ՀՕՀ Ներքին գործերի նախարարության ՕՄՕՆ-ի աշխատակիցներին, Դ. 5 միլիոն ռուբլի` ՀՕՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին:
Բնականաբար, ոչ մի ռուբլի չի ուղղվել ձեռնարկատիրության զարգացման համար: Փողերը տրվել են ուժային կառույցներին` իրենց ուժային հավատարմության համար: Փաստի շուրջ ծավալված բուռն քննարկումներից հետո Հարավային Օսիայի կառավարությունը դադարեցրել է հրապարակել մասնավոր ձեռնարկատիրության համար վարկերի տրամադրումն արտացոլող որեւէ փաստաթուղթ:
Հանրապետությունում մասնավոր բիզնեսը գոյություն ունի սննդի, հագուստի, գեղեցկության սրահների եւ սննդի արդյունաբերության ոլորտի հետ կապված ձեռնարկությունների տեսքով: Սա, ըստ երեւույթին, պետական մարմինների աշխատակիցների կողմից ամբողջապես չմենաշնորհված տնտեսության միակ շերտն է:
Ռուսաստանյան շուկայում սեփական արտադրության գյուղամթերքի վաճառքի հետ կապված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը փակվել է դեռեւս 2006 թվականից: Այդ ժամանակ Ռուսաստանի կառավարությունը սահմանել էր էմբարգո` Վրաստանից մթերքի ներկրման վրա: Դրանով իսկ արգելվել է գյուղատնտեսական արտադրության արտահանումը նաեւ ՚Վրաստանի մասՙ համարվող Հարավային Օսիայից: Այսպիսով, բացառապես գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ ստացող օս գյուղացին ի վիճակի չէ ողջ մթերքն իրացնել Հարավային Օսիայի սահմաններում եւ ստիպված է ցավով դիտել, թե ինչպես են փտում իր աճեցրած խնձորը, խաղողն ու տանձը:
Ռուսաստանյան էմբարգոյի տակ են հայտնվել նաեւ Լիախվայի հովտի խաղողից արտադրվող գինին, օսական պանիրն ու փայտանյութը, որոնցով կարելի էր ապահովել ողջ Հյուսիսային Կովկասի պահանջարկը: Յուրաքանչյուր ցխինվալցի ընտանիք տարեկան արտադրում է 200 լիտրից ավել գինի: Ցավոք, այն հնարավոր չէ տանել անգամ Հյուսիսային Օսիայում ապրող ազգականներին, քանի որ գործում է հատուկ մաքսային սահմանափակում` երեք լիտրից ոչ ավելի: Չի կարելի չասել նաեւ օսական գարեջրի մասին, որի արտադրությունը վերացել է նախկին նախագահի այլեւայլ ՚ռեյդերականՙ նախագծերի հետեւանքով:
Ավերված տների վերականգնումը դարձյալ վերահսկվում է այժմ արդեն նոր վարչապետի կողմից եւ նախկինի պես անարդյունավետ է, քանի որ շինարարական ընկերություններում ՚ատկատներըՙ կազմում են 20 տոկոսից ավելի: Ժողովուրդն այն անվանել է ՚20 տոկոսանոց արգելապատնեշի տեսությունն ու պրակտիկանՙ: Շինարարական ընկերությունները ցածր եւ անընդհատ ուշացվող վարձատրության պատճառով նախընտրում են աշխատանքի ընդունել ոչ տեղացի աշխատուժին: Աշխղեկներն ու շինարար բանվորները բերվում են Ասիայի տարբեր երկրներից, իսկ տեղացի մասնագետները մնում են առանց աշխատանքի: Ի հեճուկս սույն ամսվա վերջին ութ կենտրոնական փողոցների բարեկարգումն ավարտելու խոստման` դրանք կրկին անմխիթար վիճակում են:
Իշխանություններից բիզնեսի կախվածության եզրափակիչ մեղեդին կարելի էր ՚լսելՙ մեկ ամիս առաջ Սոչիում, որտեղ անցնում էր ՚Սոչի-2012ՙ միջազգային ներդրումային ֆորումը: Ֆորումն այցելած Հարավային Օսիայի ղեկավարության պատվիրակությունը ներկայացրել է երկու ներդրումային նախագիծ. Ա. Բազալտաթելքի եւ դրա հիման վրա ամրանների արտադրության գործարան, Բ. Արեգակնային մոդուլների արտադրության գործարան, որոնք թույլ են տալիս արտադրել էժան էլեկտրական հոսանք բնապահպանորեն մաքուր մոդուլների միջոցով:
Քաղաքագետ Ալան Պարաստաեւը կատարյալ տարակուսանք է ապրել, երբ կարդացել է այդ լուրը. ՚Ո՞ր մակրո- եւ միկրոտնտեսական հաշվարկների հիման վրա է մեր էկոնոմիկայի նախարարությունը հանգել այն եզրակացության, թե մեր տնտեսության ներուժը պետք է որոնել հենց այս երկու դժվարարտաբերելի եւ ներդրումաշատ ուղղություններում: Մենք, երեւի թե, արդեն վաղուց ապահովել ենք օսական պանրի, գարեջրի, մեր հանքային ջրի զանգվածային արտադրությունը, մեր կանաչին ու լոլիկը, կարծես թե, արդեն ողողել են Հյուսիսային եւ մասամբ Հարավային Կովկասը, իսկ բլրաշատ եւ քամոտ Զնաուրի շրջանը լի է հողմաէլեկտրակայաններովՙ, – հեգնել է նա:
Հարավօսական հասարակությունը կրկին հարց է տալիս. ինչո՞ւ մեզ հարկավոր չեն ներդրումներ գյուղատնտեսության եւ սննդարդյունաբերության մեջ: Մեզ մնում է զբաղվել մեր հանրապետության համար բարդագույն տեխնոլոգիաներով, ասենք, արեգակնային մոդուլների մշակմամբ` հանրապետությունում պարզ համացանցի բացակայության պայմաններում, երբ այն մատչելի է միայն մայրաքաղաքում, այն էլ` չափազանց ցածր արագությամբ: