Վերադարձը եւ դրա այլընտրանքը. հայացք Հայաստանից
Արտակ ԱՅՈՒՆՑ
Երեւան
1. Ներածություն
Հարկադիր տեղաշարժը միշտ էլ հայերի համար զգալի խնդիր է եղել հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում՝ ներառյալ 20-րդ դարի սկզբի եւ վերջի ողբերգական իրադարձությունները: Նախորդ հարյուրամյակի սկզբներին հայրուր հազարավոր հայեր ստիպված էին փախչել իրենց հարազատ բնավայրերից Օսմանյան Թուրքիայում եւ դառնալ փախստականներ, մոտ մեկուկես միլիոն հայ էլ կոտորածի զոհ դարձավ:
Դարավերջին հարյուր հազարավոր հայեր կրկին ստիպված եղան լքել իրենց տները, այս անգամ արդեն՝ Խորհրդային Ադրբեջանում: Ինչպես եւ իրենց նախորդները, որոնց մի մասը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել էր Խորհրդային Հայաստան, Ադրբեջանից տեղահանված անձինք ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, որը շուտով դարձավ անկախ Հայաստանի Հանրապետություն: Այդ զանգվածային բռնատեղահանումը (դեպորտարցիան) Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ լարված իրավիճակի եւ ապա ադրբեջանցիների հետ պատերազմի հետեւանք էր, պատերազմ, որի արդյունքում երկու կողմից էլ զոհվեց շուրջ 30 հազար մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվեցին եւ հարյուր հազարավորները դարձան փախստականներ ու ներքին տեղահանված անձինք (ՆՏԱ)
2. Հայ փախստականների դասակարգումը եւ բռնատեղահանման հիմնական փուլերը
Ադրբեջանից Հայաստան փախստականների մի քանի հոսք է եղել: 20 հազարի չափ առաջին խումբը ստիպված էր փախչել 1988-ի փետրվարին՝ Բաքվի մերձակա Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ջարդերից հետո, երբ տեղացի երկու տասնյակից ավելի հայեր սպանվեցին եւ հարյուրավորներ վիրավորվեցին: Փախստականների երկրորդ եւ ավելի խոշոր ալիքը, որ ի հայտ եկավ 1988-ի երկրորդ կեսին եւ շարունակվեց մինչեւ 1989-ի վերջը, ներառեց մոտ 215 հազար փախստական: Երրորդ ալիքը (շուրջ 45 հազար մարդ) հետեւանք էր 1990 թվականին Բաքվի կենտրոնական հատվածում տեղի ունեցած բռնությունների:[1]
1991 թվականին, «Կոլցո»[2] օպերացիայի վերջին փուլի արդյունքում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին (ԼՂԻՄ) հարակից Շահումյանի շրջանի (շուրջ 12 հազար մարդ) եւ Գետաշենի ենթաշրջանի՝ ներառյալ Գետաշեն եւ Մարտունաշեն (շուրջ 5100 մարդ) գյուղերի, հայաբնակ տարածքների բնակիչների մնացած մասը եւս ստիպված եղավ հեռանալ բնօրրանից:[4]
Դրանից բացի Հայաստանում կար եւս 70 հազար ՆՏԱ՝ Ադրբեջանին սահմանամերձ գյուղերից 1992-94թթ. պատերազմի ժամանակ էվակուացված:[4] Պատերազմի ժամանակ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանամերձ գյուղերը պարբերաբար հրթիռահրետակոծության էին ենթարկվում Ադրբեջանի կողմից եւ դա շարունակվում էր նույնիսկ հրադադարից որոշ ժամանակ անց: Այդուհանդերձ, ՆՏԱ-ին դասվող բնակչության մեծ մասը վերադարձավ իրենց տները հրադադարից հետո անցած մի քանի տարվա ընթացքում: Ներկայումս ՆՏԱ-ների հիմնական մասը կազմում են մարդիկ, ովքեր եկել էին Ադրբեջանի զավթած հայկական տարածքներից (այդ տարածքների թվում է Արծվաշեն գյուղն իր 3 հազար բնակիչներով):
Այսպիսով, կարելի է տարբերակել տեղաշարժված հայ անձանց երեք հիմնական խումբ.
-Փախստականներ` բուն Ադրբեջանից (նրանք Հայաստանում կազմում են տեղաշարժվածների մեծամասնություն՝ շուրջ 280 հազար մարդ)
-Փախստականներ` նախկին ԼՂԻՄ-ի հյուսիսից, որտեղ հայերը գերակշռող մեծամասնություն էին կազմում (Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան) եւ բուն ԼՂԻՄ-ից (Մարտունու շրջանի արեւելյան մաս եւ Մարտակերտի շրջանի հյուսիսային մաս), որոնք ներկայումս գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ (մոտ 20 հազար մարդ)[5]
-ՆՏԱ-ներ (շուրջ 70 հազար մարդ)[6]
Ընդհանուր առմամբ, 1994-ին պատերազմի ավարտից հետո կար շուրջ 360 հազար հայ փախստական եւ ՆՏԱ:[7]
Մեր ունեցած գնահատականներով՝ Ադրբեջանից եկած շուրջ 28 հազար հայ փախստականներ փոխանակել են իրենց տներն ու բնակարանները, այն դեպքում, երբ 4 հազար ընտանիքներ բնավորվել են այն ադրբեջանցիների կեցավայրերում, ովքեր ստիպված էին լքել Հայաստանը:[8] Նման թվերը բացատրվում են նրանով, որ Ադրբեջանը ստիպված լքած հայ համայնքը մոտավորապես երկուսուկես անգամ ավելի մեծաթիվ էր, քան Հայաստանից հեռացած ադրբեջանական համայնքը:
Այսպիսով, արդեն անհնար էր քանակի տեսանկյունից (էլ չենք խոսում նյութատեխնիկական պատճառների մասին) կազմակերպել անմիջական գույքային փոխանակում տեղաշարժված համայնքների միջեւ: Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում բնակչության փոխանակման հետաքրքիր առանձնահատկություններից են գյուղական բնակչության ինչպես ծրագրված, այնպես էլ հանպատրաստից փոխանակումները, որոնք դյուրացրել են նոր միջավայրում գյուղական համայնքների տեղաբաշխումը: Որպես օրինակ կարելի է հիշատակել 1989 թվականին խաղաղ բնակիչների փոխանակումն այն ժամանակ դեռեւս Խորհրդային Հայաստանի ադրբեջանաբնակ Կըզըլ Շաֆագ գյուղի (գտնվում էր Կալինինոյի շրջանում, ներկայիս Լոռու մարզում) եւ Ադրբեջանում հայկական Քերքենջ գյուղի (Շամախու շրջան) միջեւ:[9] Նման փոխանակման մի քանի այլ դեպքեր էլ կան, գլխավորապես՝ Հայաստանի հյուսիս-արեւելքում եւ հարավում:
3. Տեղահանվածների սոցիալական ադապտացիայի եւ ինտեգրման հարցերը
ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների եւ զարգացման այլ գործակալությունների օգնությամբ, ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, եւ մասնագիտացված կառույցների հետ համատեղ (Փախստականների նորվեգական խորհուրդ, Փախստականների դանիական խորհուրդ, Կաթոլիկ օգնության ծառայություն, «Կանանց միջազգային օգնություն» եւ այլն) Փախստականների հարցերի գծով հայկական կոմիտեն[10] ստիպված էր լուծել անկախ Հայաստանի թերեւս ամենաանհետաձգելի հիմնախնդիրը: Փախստականները եւ ներքին տեղաշարժված անձինք տեղաբաշխվեցին հյուրանոցներում, հանրակացարաններում, լքված շինություններում, ձեռնարկություններում, դպրոցներում, առողջարաններում, հիվանդանոցներում եւ այլ վայրերում: Նրանց տեղաբաշխել են ամբողջ երկրով մեկ եւ տեղավորել այն բնակավայրերում, որտեղ կային համապատասխան շինություններ:
Հայկական պետությունը ստիպված էր բնակչության տեղաշարժի հետեւանքներով զբաղվել ավելի քան 25 հազար մարդկային կյանք խլած Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո եւ Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում: Փախստականների առջեւ ծառացած հիմնական խնդիրներն առնչվում էին սոցիալ-տնտեսական, լեզվական, մշակութային եւ իրավական հարցերին: Պետության ընդհանուր ռազմավարությունն ուղղված էր հայ հանրության մեջ փախստականների ինտեգրմանը: Դա դյուրին գործընթաց չէր, քանի որ «…քաղաքացիության շնորհումը չէր կարող լուծել փախստականների ամենաօրախնդիր տարբեր հարցեր՝ բնակարան, կրթություն, զբաղվածություն, հավասարություն եւ սոցիալականացում»:[11]
Ադրբեջանից եկած փախստականները գերազանցապես քաղաքաբնակ էին, ընդ որում՝ նրանց 81 տոկոսը լքել էր խոշոր քաղաքներ (Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ), 16 տոկոսը՝ միջին եւ փոքր քաղաքներից (Շամխոր, Խանլար, Մինգեչաուր եւ այլն), եւ միայն 3 տոկոսը՝ գյուղական վայրերից: Բաքվից եկածների մեջ շատ էին նավթային ինդուստրիայում տեխնիկական եւ կառավարչական պաշտոններ զբաղեցրած մասնագետները կամ էլ կրթական համակարգում աշխատած մարդիկ: Թեեւ ճշգրիտ տվյալներ չկան, այդուամենայնիվ` հայտնի է, որ բաքվեցի փախստականների մեծ մասը հայտնվել է Հայաստանի գյուղական վայրերում, օրինակ՝ Սյունիքի մարզի հարավում` Ադրբեջանի քաղաքներում իրենց ունեցած նախկին ապրելակերպից լիովին տարբեր պայմաններում:[12]
Հայաստանում փախստականներին կարելի է դասակարգել նրանց տեղաբաշխման չափորոշիչով.
ա) ովքեր մնացել են ժամանման առաջին հանգրվանում
բ) ովքեր տեղափոխվել են Հայաստանի այլ վայրեր, սակայն չեն կարողացել հարմարվել իրենց համար նոր սոցիալական միջավայրում
գ) ովքեր մեկնել են մերձավոր արտասահմանի երրորդ երկրներ (գերազանցապես` Ռուսաստան) եւ Արեւմուտք (հիմնականում՝ ԱՄՆ):
Տեղափոխման սկզբնական փուլում փախստականները փորձում էին հարմարվել նոր միջավայրին եւ բավարարել տարրական կարիքներն` առանց իրենց սեփական նախապատվությունների հետագա գնահատման: Հետագա փուլերում փախստականները պիտի որոշեին՝ շարունակելու՞ են ապրել իրենց համար նոր միջավայրում, փոխելու՞ են իրենց միջավայրն առավել ընդունելի պայմաններով, թե՞ լքելու են երկիրը: Հայաստանում այս փուլը շարունակվեց մինչեւ 1990-ականների վերջը, երբ փախստականների արտահոսքը երկրից դադարեց:
Հայաստանում անցկացված փորձագիտական հարցումների վրա հիմնված որոշ գնահատականների համաձայն՝ Հայաստան եկած փախստականների շուրջ մեկ երրորդը հանրապետությունում բնավորվելուց հետո մեկնել է այլ երկրներ: Եթե բուն Հայաստանում տեղաբաշխման գործընթացների պարագայում հիմնականը եղել են աշխարհագրական եւ հոգեբանական դրդապատճառները, ապա երրորդ երկրներ մեկնելու համար գլխավորը սոցիալ-մշակութային եւ տնտեսական գործոններն էին, ընդ որում՝ հայերենի վատ իմացությունը վճռորոշ դեր է խաղացել:
Հարմարվելու (ադապտացման) երկրորդ փուլի սկիզբը 1992 թվականի առաջին ամիսներն էին: Ոմանք որոշեցին մնալ նախնական բնավորման վայրերում, քանի որ կարողացել էին գտնել կեցավայրեր (հիմնականում չբնակեցված կամ լքված շինություններ), մինչդեռ ուրիշները բնակեցման նախնական վայրերից հեռացել են ապրուստի ավելի լավ միջավայր գտնելու հույսով: Նրանք արդյունաբերական քաղաքներից ու շրջաններից եկածներն էին, ովքեր բռնատեղահանումից հետո տեղաբաշխվել էին Հայաստանի գյուղական վայրերում: Ի վերջո, խոշոր խմբերը տեղափոխվեցին Երեւան, Աբովյան, Արարատյան դաշտավայրի քաղաքային գոտիներ:[13]
Ավագյանը բերում է փախստականների ինտեգրման մի շարք այլ ինստիտուցիոնալ խոչընդոտներ. փախստականների վերջին ալիքից ի վեր 7 տարի շարունակ փախստականների մասին օրենքի բացակայություն (գլխավորապես՝ քաղաքացիության մասին օրենքի բացակայության պատճառով), փախստականների սոցիալական ադապտացմամբ զբաղվող համապատասխան կառույցների ու գործիչների մոտ անհրաժեշտ իրավասության ու փորձի պակաս, տնտեսական ծանր վիճակով պայմանավորված գործազրկության բարձր մակարդակ, ինչպես նաեւ մինչեւ 1995 թվականի ձմեռվա վերջը խմելու ջրի, էլեկտրականության եւ ջեռուցման պակաս կամ բացակայություն:[14]
Սակայն եղել են նաեւ փախստականների ինտեգրումը դյուրացնող որոշակի գործոններ՝ ընդհանուր էթնոմշակութային հենք եւ պատմություն, ինքնիշխան Հայաստանի ընկալում որպես ազգային հայրենիք, կեցավայրի առկայություն, ինչը վերաբերում էր այն փախստականներին, ովքեր կարողացել են վաճառել իրենց գույքն Ադրբեջանում կամ փոխանակել Հայաստանում առկա գույքի հետ:[15]
Սոցիալական ադապտացման վերջնական փուլում փախստականների շրջանում տեղաշարժն ավարտին է հասել: Դրա վերջին անկյունաքարը եղել է 1995 թվականին Քաղաքացիության մասին եւ 1999 թվականին փախստականների մասին օրենքների ընդունումը, ինչն էլ նպաստել է ինտեգրման գործընթացին եւ ի վերջո հստակեցրել փախստականների մինչ այդ ոչ պարզ իրավասուբյեկտությունը:
Հպատակագրման (կամավոր) գործընթացը սկսվել է 1995 թվականի վերջին, ինչի արդյունքում 2004 թվականի մոտերքում հպատակագրվել է շուրջ 65 հազար փախստական Ադրբեջանից: Սակայն հպատակագրումը դեռեւս ավարտված չէ, այս գործընթացում եղել են նաեւ տեղապտույտներ. «…ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակն աջակցում էր այս գործընթացին, կառավարչական եւ թղթաբանական հարցերում ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերելով համապատասխան պետական կառույցներին: Սկզբում այդ առիթով քիչ թվով փախստականներ են դիմել՝ գլխավորապես հպատակագրման իրավունքի եւ անհրաժեշտ քայլերի մասին ոչ բավարար իրազեկվածության պատճառով: 1999 թվականին ՄԱԿ նշյալ կոմիտեն կառավարության հետ միասին տեղեկատվական արշավ է սկսել փախստականների շրջանում` նպատակ ունենալով առավելագույնս նրանց իրազեկել այդ հնարավորության մասին: Մասամբ հենց այդ արշավի շնորհիվ նրանց թիվը կտրուկ աճեց: Հպատակագրման համար եւս մի խթանիչ պատճառ երեւան եկավ 2000 թվականի հուլիսից հետո, երբ նախկին խորհրդային անձնագրերն արդեն չէին կարող օգտագործվել Հայաստանի սահմաններից դուրս գալու համար»:[16]
Փախստականների մոտ հպատակագրումից խուսափելու պատճառներից էր այն մտավախությունը, որ իրենք կզրկվեն մարդասիրական օգնությունից, կամ էլ հպատակագրումից հետո պիտանի կլինեն բանակ զորակոչվելու համար, նաեւ այն համոզմունքը, որ այդպիսով կորսվելու է Ադրբեջանում իրենց ունեցած գույքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը:
Թեեւ այդ մտահոգություններից մի քանիսը, մասնավորապես՝ մարդասիրական օգնության եւ բանակ զորակոչվելուն առնչված[17], արդարացված էին, մյուսներն անհիմն էին եւ նույնիսկ հերքվեցին այնպիսի հավելյալ օրենքներով, ինչպիսին է, օրինակ, «ՀՀ օրենքը Ադրբեջանի Հանրապետությունից 1988-92թթ. բռնատեղահանված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական եւ սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքը, որն ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 6-ին: Օրինակ, նշյալ օրենքի հոդված 5-ը փաստում է. «Բռնատեղահանված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ եւ այլն) ազատվում են բնակության համար նախատեսված վճարից, բացառությամբ էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծախսերի վճարումից»: Հոդված 6-ում էլ ասվում էր. «Ադրբեջանի Հանրապետությունից բռնատեղահանված անձանց Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի համար փոխհատուցման հարցի լուծման ժամանակ փոխհատուցվում է նաեւ բռնատեղահանված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց գույքի գինը»:[18]
Ինչպես գրում է Ղազարյանը, «…Թեեւ փախստականները հաճախ իրենց նվաստացած ու վիրավորված են զգում՝ նրանք դեռեւս ընդունում են փախստականի կարգավիճակի արժեքը: Մյուս կողմից էլ՝ Հայաստանի քաղաքացու «կապույտ» անձնագիրը նշանակում էր ոչ այլ ինչ, քան քվեարկելու իրավունք՝ արտոնություն, որն իրենց այնքան էլ չէր հետաքրքրում: Փախստականի իրենց կարգավիճակն անգին համարելու պատճառը օգնություն ստանալու, պաշտպանված լինելու հույսն էր, նաեւ որոշակի վստահությունն այն բանի, որ իրենց չեն վռնդի հանրակացարանից: Այլ կերպ ասած՝ թղթի այդ կտորը (փախստականի վկայականը, որ տալիս էր ՀՀ կառավարությունը) նրանց ապահովում էր էական օգուտներ»:[19] Փախստականի կարգավիճակի ամենաարժեքավոր հատկանիշն այն էր, որ շատերի համար այն օգտակար էր արտերկիր մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար:
Չնայած հպատակագրման եւ այլ անհրաժեշտ միջոցների (ժամանակավոր կացարանների տրամադրում, մարդասիրական օգնություն, սոցիալական ապահովության քաղաքականություն եւ այլ), որ ձեռնարկում էին Հայաստանի կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները՝ հանրության մեջ լիովին ինտեգրվելու ճանապարհին փախստականները դեռեւս շարունակում էին առնչվել բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրների:
Հայաստանի մարդու իրավունքների Սախարովյան կենտրոնի տնօրեն, երկար տարիներ փախստականների հետ աշխատած Լեւոն Ներսիսյանի կարծիքով՝ «…Ադրբեջանից եկած փախստականների հաջող ինտեգրմանը խոչընդոտող խնդիրները կարելի է հեշտորեն երկու խմբի բաժանել՝ սոցիալ-տնտեսական եւ մշակութային: Սոցիալ-տնտեսական խնդիրները հիմնականում վերաբերում են փախստականներին մշտական բնակարանով, զբաղվածությամբ ապահովելուն եւ սոցիալական ապահովության ու առողջապահության մատչելիությանը»:[20]
Ըստ տարբեր գնահատականների՝ Երեւանում կան փախստականների 980-ից մինչեւ 1100 ընտանիք եւ հպատակագրված փախստականներ, իսկ Հայաստանի շրջաններում նման ընտանիքների թիվը հասնում է 686-ից մինչեւ 1000-ի (5000-ին մոտ մարդիկ), ովքեր դեռեւս ապրում են ժամանակավոր կացարաններում եւ մշտական բնակարանի կարիք ունեն: Եվս 5000 ընտանիքներ ապրում են ազգականների հետ, կամ ընդլայնված ընտանեկան կազմով, կամ էլ բնակարան են վարձում:[21]
Մի քանի հազար հայ ՆՏԱ-ներ նույնպես ունեն բնակարանի խնդիր: Նրանց համեմատաբար քիչ ուշադրություն է դարձվել այն պատճառով, որ նրանք կազմում էին բռնատեղահանված անձանց քիչ տոկոսը: ՆՏԱ-ների խմբին պատկանողները հիմնականում գտնվում են Հայաստանի հյուսիս-արեւելքի գյուղական վայրերում՝ խոշոր քաղաքներից որոշակի հեռավորության վրա: Վերջերս հյուսիս-արեւելքում գտնվող Դրախտիկ գյուղի բնակիչները, որ ժամանակին ստիպված էին լքել Արծվաշենը (ներկայումս զավթված է Ադրբեջանի կողմից) ցույց են կազմակերպել Երեւանում` հանուն ՆՏԱ-ների բնակարանային պայմանների բարելավման նորերս ընդունված պետական ծրագրի իրականացման: Ցուցարարները հայտարարել են, որ ՆՏԱ-ներն անտեսված են կառավարության եւ միջազգային կազմակերպությունների կողմից՝ ի համեմատ փախստականների եւ բնակչության այլ խոցելի խմբերի:[22]
Կան նաեւ որոշակի մշակութային հարցեր: Ադրբեջանից եկած փախստականները գերազանցապես ռուսախոս էին եւ հայերեն վատ գիտեին, ինչը սահմանափակում էր զբաղվածության հայկական շուկայում նրանց հնարավորությունները: Ինտեգրումը դեռեւս արգելակող եւս մի գործոն էլ կայանում է նրանում, որ փախստականների մեծ մասը տարիքով մարդիկ են, ովքեր սոցիալական ապահովագրության ցածր վճարներ են ստանում, նաեւ այն, որ գոյատեւման հարցերում արդեն տեւական ժամանակ կախված են ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների օգնությունից:[23]
«Ոմանք (փախստականները) նույնիսկ խոստովանում են, որ այժմ հայրենիք չունեն: Դա նրանք բացատրում են նրանով, որ տեղափոխվելուց հետո իրենք մտահոգված էին իրենց կորցրած գույքով, հուսալով, որ Հայաստանն իրենց «գրկաբաց» կընդունի: Բայց հիմա, 11 տարի շարունակ ապրելով «փախստականի ու քաղաքացու միջակայքում», իրենք փոշմանում են սկզբնական շրջանի իրենց իսկ «հայրենասիրական» զգացմունքներից եւ «բարձր ակնկալիքներից»: Նրանք խորապես վիրավորված են, հատկապես այն բանից, որ տեղացիները, «ելնելով իրենց (տեղական) ազգայնական գաղափարախոսությունից», իրենց հետ վերաբերվում են որպես «թրքացված»[24] «հայերի»:[25]
Սակայն փախստականների շրջանում նաեւ այլ տրամադրություններ կան. «Դու չես կարող հանրության լիիրավ անդամ լինել կամ պատշաճ ձեւով ինտեգրվել, եթե ոչինչ չես անում եւ սպասում ես, թե երբ ինչ-որ մեկն այդ գործը կանի քո փոխարեն»,- ասում է նախկին փախստական, ներկայումս «Ագրարականների» (ՀԿ, որն օգնություն է ցուցաբերում փախստականներին գյուղական վայրերում) առաջնորդ Աննա Ղուկասյանը եւ հավելում. «Փախստականները պիտի հասկանան, որ խորհրդային դարաշրջանն անցել է, եւ հետդարձ ճանապարհ չկա, որ ինտեգրվելու համար պիտի ջանք թափես, պիտի ցանկանաս դա անել»: Կամ էլ՝ «մենք չպիտի թույլ տանք, որ փախստականի կարգավիճակը մեզ համար դառնա ապրելակերպ եւ ժառանգվի գալիք սերունդներին,- ասում է 37-ամյա Արթուր Գեւորգյանը,- ես չեմ ուզում, որ իմ երեխաները փախստականներ կոչվեն եւ իրենց օտար կամ նվաստ զգան իրենց հասակակիցների շրջանում: Այո, մի անգամ մենք արդեն փախստական ենք դարձել, բայց ներկայումս մենք քաղաքացիներ ենք, եւ Հայաստանը մեր նոր հայրենիքն է»:[26]
Թեեւ շատ փախստականներ դեռեւս ապրում են տնտեսական եւ սոցիալական վատ պայմաններում, մասնավորապես՝ քաղաքային գոտիներում ապրողները, նրանցից շատերը, հատկապես փախստականների ընտանիքների երկրորդ սերունդը, կարողացել են նոր կյանք սկսել հայրենիքում, ուսանելով հայերենը դպրոցներում, տեղացիների հետ ընտանիքներ կազմելով եւ հարմարվելով նոր միջավայրին: Տեղական շատ ոչ կառավարական կազմակերպություններ, այնպիսին, ինչպիսին են «Փախստականների հիմնադրամը», «Սախարովի հիմնադրամը» , «Փախստականները եւ միջազգային իրավունքը», «Առաքելություն – Հայաստան» եւ «Փախստականների միությունը», նույնպես զանազան աջակցություն են ցուցաբերում փախստականներին:
4. Վերադարձ եւ այլ հնարավոր սցենարներ
Այն դեպքում, երբ շատ քաղաքական գործիչների ու մեկնաբանների համար հակամարտությունները եւ խաղաղ գործընթացները քաղաքական ուղղույթի թեմաներ են, հարկադիր տեղաշարժվածների համար բռնություննների հետեւանքները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան քաղաքական նարատիվները, քանի որ առնչվում են մարդկային հիմնարար կարիքներին: Նրանց համար դա էկզիստենցիալ հարց է: Եվ դա այն դեպքում, որ վերադարձի իրավունքն ինքնին անխախտելի է, այն լուրջ սահմանափակումների է ենթարկվում անգամ այն դեպքում, երբ կա պաշտոնական խաղաղ համաձայնագիր եւ «հակառակորդ կողմը» պատրաստակամություն է հայտնում համաձայնվելու վերադարձին: Իսկ ի՞նչ ասել այն հակամարտությունների մասին, որոնց պարագայում համաձայնագրերը վաղանցիկ են, իսկ վերադարձի այլընտրանքներն ավելի հեշտ իրականալի են թվում տեղաշարժման խնդիրների լուծմամբ:[27]
Տեղաշարժման խնդրի նկատմամբ մոտեցման երեք ուղիներ կան, որոնցից երկուսը, իմա՝ ինտեգրումն ու վերաբնակեցումը, արդեն իսկ քննարկվել են հայկական համատեքստում: Երրորդ ուղին կամավոր վերադարձն է նախկին բնակության վայրեր. սա առավելս ոչ միանշանակ ամենաբարդ հարցն է ղարաբաղյան հակամարտությունում, ինչը ենթադրում է ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ եւ շրջակա տարածքներ, եւ հայերի ու ադրբեջանցիների վերադարձ` համապատասխանաբար Ադրբեջան եւ Հայաստան:
Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձն առավել անիրական այլընտրանքն է մնում մի շարք պատճառներով: Նախեւառաջ, ի հեճուկս այն բանի, որ 1994 թվականին հայերի ու ադրբեջանցիների միջեւ պայմանագիր է կնքվել զինադադարի մասին (վերջին տարիների ընթացքում պայմանագրի պարբերական խախտումները զգալիորեն աճել են), ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները չեն հանգեցրել որեւէ խաղաղ համաձայնագրի, որը ունակ կլինի տեղաշարժի հարցի լուծման պոտենցիալ հնարավորությունների համար հիմքեր ստեղծել: Երկրորդ՝ վստահության լիակատար բացակայության պայմաններում վերադարձը պարզապես կենսունակ լինել չի կարող:
Հայաստանում հայերի վերադարձը Ադրբեջան շատ քիչ է դիտարկվում որպես փախստականների խնդրի լուծում` նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում: Հանրության լայն խավերի կողմից հայերի վերադարձը դիտվում է որպես անհնար տարբերակ այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չի բերվել Լեռնային Ղարաբաղի հարցով համընդգրկուն խաղաղ համաձայնագիր: Նույնպիսի վերաբերմունք է Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձի նկատմամբ, ինչն ուղղակիորեն կապվում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հետ՝ որպես վերադարձի հնարավոր սցենարների համար նախապայման: Հայերը դիտարկում են կարգավիճակը որպես Ղարաբաղի հայ ազգաբնակչության անվտանգության միակ երաշխիք, քանի որ նույնականությանն առնչվող հարցերի հետ միասին անվտանգության սպառնալիքներն ընկալվում են որպես Լեռնային Ղարաբաղում հակամարտության հիմնական պատճառներ, որոնք լուծում են պահանջում նախքան ադրբեջանցի ՆՏԱ-ների վերադարձը:
Հայաստան ադրբեջանցիների վերադարձը երբեք քննարկման առարկա չի եղել Հայաստանում:
Խաղաղ գործընթացում հայերի համար առաջնահերթն անվտանգության հարցն է: Հակամարտության սկզբում տարածքը համարվում էր անվտանգության հարցում Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության գլխավոր գրավական, ինչը հանգեցրել է անվտանգության այսպես կոչված «բուֆերային գոտու» ստեղծմանը, որն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների վերահսկողությամբ: Այս ընկալումն անփոփոխ էր մնացել ընդհուպ մինչեւ վերջերս, երբ Ադրբեջանում առավել հաճախակիացել է ռազմական հռետորությունը: Դա հանգեցրել է հայերի դիրքորոշման արմատականացմանը, ովքեր սկսել են ավելի հաճախակի այդ տարածքներն անվանել ազատագրված: Ինչպես նշում է Գրինը. «Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորման նկատմամբ երկակի մոտեցումն աճում է այն բանի ընկալման հետ միասին, որ խաղաղությունը նշանակելու է մեծ «թեւկապից»՝ ադրբեջանական տարածքներից հրաժարում: Հայաստանի առջեւ երկընտրանք կա` «հող՝ խաղաղության դիմաց» տեսքով՝ նվաճումները պահպանելու ախորժակով, որն աճում է անցնող ամեն մի տարով»:[28] Իրենց հերթին «ազատագրված տարածքները» գնալով ավելի քիչ են ընկալվում որպես անվտանգության գոտի եւ ավելի շատ՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բաղկացուցիչ մաս: Սա համապատասխանում է բնակչության ավելի մեծ մասի եւ հայաստանյան մի քանի ազգայնական կուսակցությունների տրամադրություններին: Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի հնարավորությունը բացառող նման կոշտ մոտեցումը, կամ այն հանգամանքի բացառումը, որ ադրբեջանցիները երբեւէ կարող են վերադառնալ այդ տարածքներ, գնալով ավելի լայն աջակցություն է ստանում հայերի շրջանում, ինչը գլխավորապես բացատրվում է շփման գծում միջադեպերի թվի աճով եւ ստատուս-քվոն փոխելու նպատակով պատերազմ սկսելու՝ Ադրբեջանի սպառնալիքներով:
Վերջին հաշվով՝ անվտանգությունը կարող է ապահովվել նաեւ կարգավիճակի միջոցով: Միջազգային ճգնաժամային խմբի 2009 թվականի զեկույցում գրված է. «Առավել վիճելի հարցը, սակայն, մնում է տեղաշրջանի վերջնական կարգավիճակը: Որոշակի առաջընթաց կար ԼՂ համար «միջանկյալ կարգավիճակի» սահմանման ուղղությամբ, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, որ իրավական առումով այն միշտ պիտի մնա որպես իր տարածքի մաս, իսկ Հայաստանը (եւ ԼՂ դե-ֆակտո իշխանությունները) պնդում են, որպեսզի տեղաշրջանի բնակիչներն ունենան սեփական կարգավիճակը որոշելու իրավունք՝ Հայաստանի կազմում կամ որպես անկախ պետություն:[29] Ընդհանուր առմամբ, վերջին պնդումն ընդունելի է Հայաստանի չափավոր տրամադրություններ ունեցող էլիտաների համար: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակն ու անվտանգությունն ընկալվում են որպես ինչ-որ մի փաթեթ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ գտնվող երկու շրջանների՝ Լաչինի եւ Քելբաջարի վերահսկողության հետ միասին: Հայաստանում ընդհանուր ընկալում չկա Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի նկատմամբ, սակայն կա կոնսենսուս այն բանի շուրջ, որ կան շրջաններ, որոնք չեն կարող վերադարձվել (Լաչին), կամ որոնք շատ դժվար կլինի վերադարձնել (Քելբաջար) հակամարտության լուծման ցանկացած սցենարի դեպքում, ինչը նշանակում է, որ մնացած 5 շրջանները՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրաիլ, Ղուբաթլու եւ Զանգելան, նվազ վիճելի տարածքներ են ադրբեջանական իրավազորությանը վերադարձնելու տեսանկյունից:
Հայերի համար անվտանգության լավագույն երաշխիքը կարգավիճակն է, ինչը ընկալվում է ԼՂՀ-ի՝ որպես անկախ պետության միջազգային ճանաչում: «Եթե անկախությունը (ճանաչումը) չի հանդիսանում շուտափույթ հեռանկար, ապա մյուս երաշխիքները կարող են Ստեփանակերտին թույլ տալ բանակ պահել, ներառել հարակից տարածքների լրիվ ապառազմականացումը, անվտանգության միջազգային երաշխիքներ եւ Հայաստանի դերի հստակեցում` որպես անվտանգության երաշխիք»:[30] Սույն մոտեցումն ընդունելի է համարվում հայկական քաղաքական էլիտայի չափավոր տրամադրություններ ունեցող շատ գործիչների կողմից:
Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձը հայերը համարում են միանգամայն անցանկալի ու անարդար, ըստ նրանց՝ այս հարցը քննարկման ենթակա է այն բանից հետո, երբ պարզություն կմտցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում: Հայկական ընկալման մեջ հստակ տարանջատվում են հակամարտության պատճառներն ու հետեւանքները, ընդսմին՝ ենթադրվում է, որ եթե կարգավորման ժամանակ հետեւանքներին (օրինակ՝ բնակչության տեղաշարժ) անդրադառնան նախքան պատճառները լուծելը (օրինակ՝ անվտանգություն եւ նույնականություն), ապա հակամարտության նույն բոլորաշրջանը կարող է կրկնվել: Դրա հիմնական խոչընդոտներից մեկը հանդիսանում է հակամարտության կողմերի միջեւ օրըստօրե ավերվող վստահությունը, ինչը սպառնում է նույնիսկ այն փխրուն զինադադարին, որն ունենք այսօր: Թոալի կարծիքով՝ «…Քանի որ ե°ւ Հայաստանում, ե°ւ Ադրբեջանում վստահության պակաս է զգացվում՝ ներկայումս վերադարձի գործընթացի հետ չի կարելի մեծ հույսեր կապել: Կովկասի իրավիճակը տարբերվում է Բալկաններից նաեւ մյուս կարեւոր բնութագրիչով՝ վստահության աճի խեղմամբ Կովկասում չկա պատասխանատվության եւ արդարադատության մեխանիզմին համարժեք բան»:[31]
Հայկական տեսանկյունից «Մադրիդյան սկզբունքներում»՝ 2004 թվականից ի վեր բանակցություններում միջնորդների կողմից առաջարկվող փաթեթում, հստակ նշված են պատերազմի հետեւանքներին առնչվող կոնկրետ հարցեր, ներառյալ այնպիսի կետեր, ինչպիսին են «ԼՂ շուրջ գտնվող տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության տակ» կամ «նախկին բնակության վայրեր վերադառնալու` բոլոր ՆՏԱ-ների ու փախստականների իրավունքը», այն դեպքում, երբ ԼՂՀ ապագա կարգավիճակին առնչվող հարցերը ներկայացված են բավականին հեղհեղուկ ձեւակերպումներով. «Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որը նախատեսում է երաշխիքներ եւ ինքնակառավարում», «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք», «իրավաբանորեն պարտավորող կամարտահայտության միջոցով ԼՂ վերջնական կարգավիճակի որոշում»: Հայերի համար առանց կիրարկման մանրամասն մեխանիզմների ու ընթացակարգերի դժվար կլինի զգալ, որ անվտանգության կարիքը բավարարված է քննարկումներում՝ լինի դա միջանկյալ, թե վերջնական կարգավիճակի քննարկում: Կարգավորման «տեխնոլոգիան» շատ ավելի լայն հարց է, քան սկզբունքներն իրենք:
«Մադրիդյան սկզբունքները»[32] հենց սկզբից էլ կտրուկ քննադատության արժանացան` ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների կողմից, թեեւ ակնհայտ է, որ տարբեր պատճառներով: Որոշ հարցեր զայրագին են քննարկվում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, հատկապես դա վերաբերում է Լաչինի միջանցքի լայնությանը եւ Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի ՆՏԱ-ների ու փախստականների վերադարձին` նախքան վերջնական կարգավիճակի որոշումը: Հայերը շարունակում են այն մտքին հակված մնալ, որ այդ համաձայնագրով պահանջվող զիջումները վնասում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային շահերին: Ամենավիճելի կետը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է տեքստի մեջ մտցված ոչ մեծ, բայց զգալի փոփոխությանը՝ «վերջնական իրավական կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվեի կամ բնակչության քվեարկության» փոխարեն՝ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որն ապագայում պիտի որոշվի իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտությամբ».[33] Հանրաքվեն որպես առանցքային տարր է ընկալվում գալիք քննարկումներում՝ անվտանգության անհրաժեշտության տեսանկյունից:
Ներքին եւ արտաքին-քաղաքական հարցերի շուրջ նորերս Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անցկացված հարցման[34] մեջ ընդհանուր խաղաղ պայմանագրի բաղկացուցիչների թվում ադրբեջանական ՆՏԱ-ների վերադարձի նկատմամբ վերաբերմունքն առավել բացասականն է՝ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի հեռանկարից հետո: Մյուս կողմից էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումները հիշատակվել են որպես անվստահության աճին հանգեցնող միակ առավելս էական գործոն:
Ինչ վերաբերում է նշյալ աշխատությունում Ջերարդ Թոալի գծագրած երեւակայական վերադարձի շրջանակներին ղարաբաղյան հակամարտությունում, ապա ադրբեջանական փոքրամասնության (ՆՏԱ) Ղարաբաղ վերադառնալը կամ մեծամասնության վերադառնալը Լաչին եւ Քելբաջար չի քննարկվում Հայաստանում որպես իրական ինչ-որ բան առանց կարգավիճակի հստակ մեխանիզմների եւ միջազգային երաշխիքների՝ հնարավոր շրջանակային համաձայնագրում: Անգամ եթե համաձայնագրում հանրաքվե լինի նախատեսված ԼՂՀ կարգավիճակի[35] որոշման համար, ներկայիս թշնամական մթնոլորտում դժվար է պատկերացնել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հայերը կհամաձայնվեին ադրբեջանցիների վերադարձին: Խաղաղ գործընթացին վերաբերող հայկական ուղղույթում (դիսկուրս) այս թեմային քիչ ուշադրություն է դարձվում:[36] Ինչպես կարծում է Թոալը, «ԼՂՀ-ում որեւէ վիճարկելի տարածք վերադարձի գործընթացը կարող է միայն խորհրդանշական լինել: Նույնիսկ Բոսնիայում, որտեղ միջազգային հանրությունն իրական իշխանություն ուներ, շատ (թեեւ ոչ բոլոր) տեղերում վերադարձը հաճախ խորհրդանշական բնույթ է կրել»:[37] Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղին հարակից մնացյալ 5 շրջաններ հնարավոր վերադարձի համար հիմնական նախապայմաններից մեկը հայկական ուղղույթում հանդիսանում է ԼՂՀ իշխանությունների ճանաչումը իրավահավասար կողմ բանակցություններում՝ սահմանների եւ վերադարձի խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու լիազորություններով:
Ադրբեջանցիների վերադարձը բարդանում է նաեւ նրանով, որ Ադրբեջանից եկած բազմաթիվ հայ փախստականներ բնավորվել են այնպիսի շրջաններում, ինչպիսին են Լաչինը եւ Շուշին, որտեղ հակամարտությունից առաջ հոծ կերպով ապրում էր ադրբեջանական բնակչություն: Բուն ԼՂՀ-ում եւ հարակից տարածքներում այս մարդկանց կարիքներն ու իրավունքները նույնպես պիտի դիտարկվեն փախստականների մասին 1951 թվականի կոնվենցիայի համաձայն, ըստ որի` փախստականերն ու տեղահանված անձինք օժտվում են նաեւ չվերադառնալու, այլ մեկ ուրիշ տեղ ընտրելու իրավունքով:[38]
Ադրբեջանում ՆՏԱ-ների կենսապայմանները եւ ինտեգրումը շատ դեպքերում շարունակում են ահավոր մնալ: Չնայած տեղաշարժի խնդրի հետ կապված քաղաքական ձեռնածություններին՝ Ադրբեջանում նաեւ քննարկվում են վերադարձի այլընտրանքները. «…իշխանությունների քաղաքականությունը եւ տեղում խաղի կանոններն ինտեգրումն ու կենսապայմանների բարելավումը հավասարեցնում են հայրենի տնից հրաժարվելուն: Շատերը կարծում են, թե իրենց կենսապայմանների բարելավման միակ ուղին տուն վերադառնալն է: Նրանք ապրում են այն բանի խաբուսիկ հույսով, որ մի օր իրենք կվերադառնան, եւ ամեն ինչ կախարդական ձեւով կվերադառնա նախկին բնականոն վիճակին: Սակայն, ՆՏԱ-ների կյանքի բարելավումն, ըստ երեւույթին, կխրախուսի եւ կօգնի նրանց տուն վերադառնալ, եթե երբեւէ այդպիսի հնարավորություն ընձեռվի: ՆՏԱ-ները վերադառնալու են իրենց ավերված համայնքները, որոնք հարկ կլինի վերականգնել, եւ նրանց օգնություն է պետք լինելու այդ հարցում»:[39]
Հայ փախստականներն, ընդհանուր առմամբ, հետաքրքրված չեն Ադրբեջան վերադառնալով: Նրանք Ադրբեջան չեն վերադառնա, անգամ եթե համընդգրկուն ու շրջանակային խաղաղ պայմանագիրը նման հնարավորություն ընձեռի: Անցյալի չափազանց բացասական փորձի սպին, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա) եւ այլուր տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դեռեւս թարմ են հիշողության մեջ, եւ այն գումարվում է բազմամյա խորը անվստահությանը, ինչը շատ դժվար է լինելու հաղթահարել մոտ ապագայում: Սակայն որոշ փախստականներ լավատեսորեն են տրամադրված Շահումյան եւ Գետաշեն վերադառնալու հարցում, համարելով այդ տարածքները ԼՂՀ էթնոտարածքային միավորներ, ինչպես նաեւ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների հյուսիսային բնակավայրեր, որոնք ներկայումս գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ: Նրանք ընդգծում են, որ դա հնարավոր կլինի, եթե այդ տարածքները հայտնվեն ԼՂՀ իրավազորության տակ:
Միայն մեկ խումբ՝ Ադրբեջանահայերի ասամբլեան, ներկայումս կոչ է անում հայ փախստականներին վերադառնալ Ադրբեջան, այդուհանդերձ՝ այդ դիրքորոշումը հիմնականում հնչեցվում է քաղաքական պատճառներով՝ ի հակակշիռ ադրբեջանական կողմից համապատասխան կոչերի:[40] Համաչափությունը հաճախ դիտարկվում է որպես վերադարձի անհրաժեշտ պայման, իմա՝ եթե չկա հայերի վերադարձ, ապա չկա նաեւ ադրբեջանցիների վերադարձ: Նրանք նույն ձեւով դեմ են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուն, քանի որ չեն հավատում, որ այդ հանրապետության կառավարությունը ցանկանում է կամ ունակ է պաշտպանելու իրենց իրավունքներն ադրբեջանցի քաղաքացիներին համահավասար: Մի ՆՏԱ այսպիսի հարց տվեց Միջազգային ճգնաժամային խմբին. «Ինչպե՞ս կարող եմ կրկին վստահել ադրբեջանական ոստիկանությանը: Նախորդ անգամ նրանք պարզապես կանգնել ու նայում էին, թե ինչպես են հրկիզում իմ տունը: Անվտանգ քնելու համար ինձ պետք է իմ սեփական ոստիկանությունը»:[41]
Վերադարձի հեռանկարներին խանգարում է նաեւ այն փաստը, որ հայերի եւ ադրբեջանցիների նոր սերունդները դաստիարակվում են առանց այն մարդկանց մասին գիտելիքների կամ նրանց հետ շփման փորձի, ում հետ, ինչպես ենթադրվում է, նրանք պիտի խաղաղ գոյակցեն վերադարձի պարագայում: Այս փոխադարձ օտարացումն ավելի է արմատավորվում ի հեճուկս այն փաստի, որ դեռ բոլորովին վերջերս հայերն ու ադրբեջանցիները ոչ միայն միասին էին ապրում, այլեւ համագործակցում էին սոցիալական, մշակութային եւ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում: Վերադարձ ենթադրող ցանկացած խաղաղ համաձայնագրին պիտի նախորդեն վստահության վերականգնման միջոցներ եւ հաշտեցման ռազմավարություն:
Ինչպես ինձ է թվում՝ տվյալ համապատկերի փոփոխման առաջին քայլը պիտի լինի պատմության վերագնահատման միջոցով էթնոազգայնական ուղղույթում փոփոխություններ մտցնելը: Դե Վաալն, օրինակ, առաջարկում է, որ ղարաբաղյան հակամարտությունում մարտահրավերը լինի ոչ թե շարքային մարդկանց, այլ քաղաքական նարատիվների հաշտեցումը. «…Ամեն ինչ հանգում է անվտանգությանն ու սիմվոլիզմին: Անհամադրելի ոչինչ չկա այն բանում, ինչ վերաբերում է հայերին եւ ադրբեջանցիներին: Խորհրդային շրջանում նրանք ունեին զգալի ցուցանիշներ խառը ամուսնությունների հարցում, մեր օրերում էլ ազատորեն առեւտուր են անում եւ համագործակցում Վրաստանի ու Ռուսաստանի տարածքներում: Սա ցույց է տալիս, որ նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն «էթնիկական անհամատեղելիության» կամ «դարավոր ատելության» հետ, ավելի շուտ՝ վերելքներ եւ վայրէջքներ են լինում՝ կախված շահից կամ հաշվարկից, եւ սա հաջողությամբ մեր ուշադրությունը տեղափոխում է խորհրդային ժամանակաշրջան եւ դրան նախորդած երկու տասնամյակները»:[42]
Մինչ այդ փախստականները Հայաստանում դրա փոխարեն խոսում էին վնասների փոխհատուցման մասին՝ առանց ուշադրության առնելու հանգամանքները կամ անհրաժեշտ իրավական մեխանիզմները: Ոմանք իրենց գույքը փոխանակել են Հայաստանը լքող ադրբեջանցիների հետ իրենց տեղափոխման պահին, սակայն սա վերաբերում էր փախստականների միայն մի փոքր հատվածի: Ադրբեջանում կորցրած գույքի փոխհատուցման հետ միասին փախստականների կազմակերպություններն աջակցում են նաեւ, որպեսզի առանձին ընտանիքներ փոխհատուցման պահանջով դիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան: Շահումյանի շրջանի նախկին բնակիչներին միավորող կազմակերպության ղեկավար Էդիկ Բալայանը հայտարարել է, որ «իր կազմակերպությունը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան` Շահումյանի-Գետաշենի շրջանի 4 ընտանիքների անունից հայցով, եւ որ դատարանը որոշում է ընդունել լսել գործը ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել է ադրբեջանական կառավարությանը»:[43] Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանում շատերը վստահ են, որ ներկայիս ստատուս-քվոն ընդունելի է եւ այն նախընտրելի է ցանկացած այլ իրավիճակից, այդ թվում՝ վնասների արդար փոխհատուցումից՝ որպես այդպիսին:
Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ անվտանգության փոխընկալման բացակայության եւ այն բանի քիչ հավանականության լույսի ներքո, որ պատերազմը կհանգուցալուծի իրավիճակը, ստատուս-քվոն մնում է միակ հնարավոր տարբերակը ներկա փուլում: Ղարաբաղյան հակամարտությունը գնալով ավելի կհիշեցնի այնպիսի երկարատեւ հակամարտություններ, ինչպիսին են կիպրականը կամ տայվանականը, մինչեւ որոշակի փոխակերպումներ տեղի կունենան հակամարտության բոլոր կողմերում անվտանգության անհրաժեշտության ընկալումների մեջ: Իսկ որպեսզի դա տեղի ունենա՝ հրատապ են լինելու վստահության կառուցմանն ուղղված միջոցներն ու համապատասխան նախաձեռնությունները՝ պատմական եւ քաղաքական անդադար քարոզչության փոխարեն: Պրագմատիզմը կրկին պիտի գերակշռի էթնոազգայնական հռետորությանը. «…Հարավային Կովկասում պրագմատիզմի բազմադարյա պատմություն… այն այնտեղ է, եթե դժվար չհամարվի այն տեսնելը»:[44] Իր հերթին տվյալ իրավիճակը նշանակում է, որ ԼՂՀ սահմաններից ներս վերադառնալու մասին խոսելն իրականանալի չի թվում, քանի դեռ նրա կարգավիճակը (միջանկյալ կամ վերջնական) չի ապահովի հայերի համար անվտանգության անհրաժեշտ մակարդակ, ինչին, նրանց կարծիքով, կարելի է հասնել ԼՂՀ անկախության վերջնական ճանաչման եղանակով:
Ավելի ժողովրդավարական հանրություններ կառուցելուն միտված աշխատանքը եւս մի կարեւոր քայլ է երկարատեւ խաղաղության ուղղությամբ` ոչ միայն հայերի համար Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում, այլեւ ադրբեջանցիների համար: Այս կարծիքն է արտահայտել Էլմիրա Աբասովան. «…Ժողովրդավարության ձեռքբերման հարցում կոլեկտիվ փոփոխություն քաղաքացիական հասարակության նախաձեռնության միջոցով. հակապատերազմական արշավներ, միջնակարգ դպրոցներում երիտասարդներին սովորեցնել ընդդիմանալ զինվորական ծառայությանն ու ռազմական հմտություններին, մարդու իրավունքների զարգացում, ժողովրդավարացում, ուսանողական փոխանակումների ծրագրեր: Միայն այս դեպքում հանրային ԶԼՄ-ների, հեռուստառադիոծրագրերի առկայությունը բարենպաստ հող կծառայի մարդկանց ռեգրեսիվ վիճակից հանելու եւ դեպի խաղաղություն տանելու համար»:[45]
5. Վերջաբան
Ղարաբաղյան հակամարտությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք այն տարբերում են «սառը պատերազմից» հետո առկա այլ հակամարտություններից եւ հետպատերազմյան իրավիճակներից: Այդ տարբերությունները բնորոշվում են իրենց իսկ՝ հակամարտության մեջ ներգրավված էթնիկական խմբերի կողմից միմյանց բացառմամբ, ահագնացած պատմական ատելությամբ եւ թշնամությամբ, պետության կողմից աջակցվող բացասական քարոզչությամբ, ինչպես նաեւ նոր սերունդների միջեւ փոխկապերի բացարձակ բացակայությամբ: Հետպատերազմյան միջէթնիկական թշնամությունը եւ փոխբացառումը դեռեւս չափից ավելի վառ են դրսեւորվում ղարաբաղյան պարագայում: Էթնոազգայնական զգացումները շարունակում են զգալիորեն գերակշռել հակամարտության եւ խաղաղ գործընթացի մասին ուղղույթներում, տեղ չթողնելով վերադարձի կամ հաշտեցման հարցերի շուրջ առանձին բանավեճերի համար՝ կարգավիճակի ընդհանուր խնդրում տոն տվող անվտանգության կարիքի հրատապության պատճառով: Ոչ ոք վերադարձը չի դիտարկում որպես իրական տարբերակ շփման գծում գրեթե ամենօրյա միջադեպերի կամ էլ իշխանությունների ատելություն սերմանող հռետորության պարագայում, ինչն էլ ավելի է խորացնում էթնոազգայնական զգացումները: ՆՏԱ-ների երիտասարդ սերնդին ներարկում են ատելություն սերմանող հռետորություն, որը լեցուն է ընտանիք եւ տուն կորցնելու հարցում հակառակ կողմի հասցեին մեղադրանքներով: Ներկայիս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» փուլում Հայաստանում շատ քիչ մարդիկ են լրջորեն քննարկելու առանց «կարգավիճակի» հարցի նախնական քննարկման ադրբեջանցիների վերադառնալու հարցը վիճելի տարածքներ: Իրարից անջատ հարցեր գոյություն չունեն: Եթե դա վերադարձ չէ 1988-ի նախահակամարտային իրավիճակին, ապա ցանկացած խաղաղ պայմանագիր պիտի հստակ նշի եւ ընդգծի փախստականների եւ ՆՏԱ-ների տեղափոխումն ու տեղում ինտեգրումը որպես կենսունակ ընտրություն եւ վերադարձի այլընտրանք: Երկարատեւ հեռանկարում խաղաղությունը կարող է անվտանգության երաշխիք դառնալ զորեղացած եւ խորքային ինստիտուցիոնալիզմով, ամրապնդված կայուն փոխվստահությամբ, որոնք էլ հարեւանների միջեւ ներդաշնակ հարաբերությունների բացառիկ կարեւոր հատկանիշներն են:
——————–
1. Գ.Պողոսյան, Գ.Ավագյան. Փախստականների սոցիալական ադապտացիան (Երեւան, Նոյյան տապան, 1996) էջ. 5-7
2. Ռազմագործողություն, որի նպատակն էր հայերին ստիպել լքելու իրենց տները Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասերում: Մանրամասնությունները տես՝ http://en.wikipedia.org/wiki/Operation_Ring
3. Գ.Պողոսյան, Գ.Ավագյան. Փախստականների սոցիալական ադապտացիան (Երեւան, Նոյյան տապան, 1996) էջ.12.
4. Տես` T. Greene, «Internal Displacement in the North Caucasus, Azerbaijan, Armenia, and Georgia» in The Forgotten People: Case Studies of the Internally Displaced, edited by R. Cohen and F. Deng, (Washington: Brookings Institution, 1998), p.271
5. Այս շրջանները ԼՂԻՄ-ի մաս չէին կազմում, սակայն այս վայրերից եկած փախստականները Հայաստանում չեն համարվում առանձին դաս, քանի որ Շահումյանի եւ Գետաշենի շրջաններն ընկալվում են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) էթնոտարածքային միավորներ, որտեղ մինչեւ հակամարտությունը բնակչության թվում հայերի տեսակարար կշիռն ավելի մեծ էր, քան ԼՂԻՄ-ում, եւ որոնք ապօրինաբար անջատվել էին ԼՂԻՄ-ից ու կառավարվում էին Խորհրդային Ադրբեջանի կողմից:
6. Մանրամասն՝ http://www.unhcr.org/cgi-bin/texis/vtx/page?page=49e48d126
Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալների՝ ներկայումս Հայաստանում չկա ՆՏԱ, սակայն իրականում երկրում կա առնվազը մի քանի հազար ՆՏԱ Ադրբեջանին սահմանակից շրջաններից: Հեղինակի կողմից պատրաստված հարցազրույց՝ Երեւան, 22 հոկտեմբերի, 2010թ.
7. G. Groenewold and J. Schoorl, Millennium Development Indicators and Coping Behaviour: The living conditions of refugees in Armenia: Country report (Netherlands: Country Data Sheets, 23 November 2006), p. 4.
8. Г. Погосян. Условия беженцев в Армении (Ереван: Ноян Тапан, 1996), с.15.
9. S. Huseynova and S. Rumyantsev, «New Life in Old Boots: Making One°s Home in a New Village After Collective Resettlement. Summary», Laboratorium, 1 (2010):333/334
10. Կոմիտեն գործում էր մինչեւ 1995 թվականը: Այնուհետեւ կառավարությունն այն վերաենթարկեցրել է սոցիալական պաշտպանության, զբաղվածության, միգրացիայի եւ փախստականների հարցերով նախարարությանը, որն էլ պատասխանատու էր փախստականների եւ միգրանտների սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի համար: 1999 թվականին հիմնվեց միգրացիայի եւ փախստականների հարցերով առանձին վարչություն: Ներկայում փախստականներով զբաղվում է փախստականների հարցերով վարչությունը՝ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության կազմում:.
11. Գ.Ավագյան. Հայաստանում փախստականների սոցիալական ադապտացիան (Երեւան, «Գիտություն», 1996, էջ. 5-6
12. DGIS, Country Report Armenia, Ministry of Foreign Affairs Netherlands, The Hague, 2001; Правительство Армении, бедность уязвимых групп в Армении. Глава 1, управление по вопросам миграции и беженцев, Ереван, 1999 г.
12. Գ.Պողոսյան, Գ.Ավագյան. Փախստականների սոցիալական ադապտացիան (Երեւան, Նոյյան տապան, 1996) էջ. 11
13. Գ.Ավագյան. Հայաստանում փախստականների սոցիալական ադապտացիան (Երեւան, «Գիտություն», 1996, էջ. 38-42.
14. Նույն տեղը՝ էջեր. 42-44.
15. Groenewold, and Schoorl, Millennium Development Indicators and Coping Behaviour, p. 5.
16. Մինչեւ 2009թ. փետրվարը, երբ Հայաստանն ընդունեց փախստականների հարցերով նոր օրենսդրություն, երեխաները կարող էին փախստականի կարգավիճակ ստանալ, եթե ծնողներից մեկը փախստական է եւ այդ նպատակով դիմել էին նախքան երեխայի 14 տարին լրանալը: Դա նշանակում էր, որ երեխաները չպիտի ծառայեն բանակում: Թեեւ նոր օրենքը վերացրել է այդ իրավունքը, երկրում դեռեւս կա երիտասարդների խումբ, ովքեր գրանցվել են մինչ այդ եւ ազատված են զինվորական ծառայությունից: Սակայն, իրենց իսկ խոսքերով, նրանց մոտ խնդիրներ են ծագում այդ իրավունքից օգտվելու ժամանակ: Շատ փախստականներ, առավել հաճախ՝ գյուղական վայրերից, նույնիսկ չգիտեն, որ իրենք իրավունք ունեն զինծառայությունից ազատվելու, եւ նրանց զորակոչել են մյուս երիտասարդների նման: Միակ առավելությունը, որ նրանք ունեն, այսպիսով, զինվորական ծառայությունից իրենց որդիների խուսափումն է, քանի որ մարդասիրական օգնությունը դադարեցվել էր դեռեւս մի քանի տարի առաջ: Հավելյալ տեղեկատվություն՝ http://iwpr.net/report-news/armenia-refugee-draft-exemption-controversy
17. ՀՀ օրենքը 1998-92թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնատեղահանված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական եւ սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին՝ Երեւան, 6 դեկտեմբերի, 2000թ.
18 Y. Ghazaryan, «Obstacles to the Integration and Naturalization of Refugees: A Case Study of Ethnic Armenian Refugees in Armenia», AUA, www.nispa.sk/news/ghazaryan.rtf
19 E.Sahakyan, «Feature: Ethnic Armenian refugees face challenge of integration News Stories», 7 May 2003, http://www.unhcr.org/3eb93e184.html
20. Երեւանում կատարված հարցազրույց՝ 14 հոկտեմբերի, 2010թ.
UNHCR Geographic Information and Mapping Unit Population and Geographic Data Section, September, 2004
21. http://www.a1plus.am/am/social/2010/10/26/artsvashen-akciya
Sahakyan, «Feature: Ethnic Armenian refugees face challenge of integration».
22. Խոսակցական հայերենում տարբերություն չի դրվում «թուրքի» եւ «ադրբեջանցու» միջեւ:
23 Տես` Ghazaryan, «Obstacles to the Integration and Naturalization of Refugees».
24 Sahakyan, «Feature: Ethnic Armenian refugees face challenge of integration».
25. Տես՝ Ջերարդ Թոալի հոդվածը սույն ձեռնարկում
26. S. Jansen «Refuchess: Locating Bosniac Repatriates after the War in Bosnia-Herzegovina, in Population, Space, Place (2010), ՏտցոսՌՍՏՉՈվվՏՎ Չ ՏվսՈռվ ՐպՋՌՎպ Չ Wiley InterScience, (www.interscience.wiley.com) DOI: 10.1002/psp.607.
27. Greene, «Internal Displacement in the North Caucasus, Azerbaijan, Armenia, and Georgia», p.283.
28. Միջազգային ճգնաժամային խումբ, ճեպազրույց, թ.55, Եվրոպա, Բաքու-Երեւան-Թբիլիսի-Բրյուսել, 7 հոկտեմբերի, 2009թ., էջ 1
29. Միջազգային ճգնաժամային խումբ, Լեռնային Ղարաբաղ. խաղաղության հաստատման պլան, զեկույց, թ. 167, Եվրոպա, 11 հոկտեմբերի, 2005թ., էջ 18 (հատված ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հարցազրույցից)
30. Տես՝ Թոալ, սույն ձեռնարկում, էջ 24.
31. Միջազգային ճգնաժամային խումբ, ճեպազրույց, Եվրոպա, նույն տեղում, էջ 6
32. A. Ayunts, «Madrid Principles: Basis for Conflict Settlement or War?», Caucasus Edition, 1 August 2010, http://caucasusedition.net/analysis/madrid-principles-basis-for-conflict-settlement-or-war/
33. Տես` «Comparative Opinion Polls in Armenia and Nagorno-Karabakh on Socio-Political Issues and Foreign Relations – Armenia results,» p. 40,
http://www.eufoa.org/en/publications/research
34. Հայերի համար առավել կարեւոր է հանրաքվեի տեխնոլոգիան. ովքեր պիտի մասնակցեն, որ տարածքներում կանցկացվի այն, ինչպիսին է լինելու տեքստը եւ երբ է այն նախատեսվում: Նախագահ Սարգսյանը նորերս իր մի հարցազրույցում հիշատակել է հանրաքվեն, թեեւ չի նշել դրա իրականացման որեւէ մանրամասն: Ավելի մանրամասն՝ http://www.echo.msk.ru/programs/beseda/744902-echo/
35. Տես Թոալ, սույն հրատարակությունում, էջ 23
36. Մանրամասն տես՝ http://www.unhcr.org/pages/49da0e466.html
37. A. Alizada, «Life in Limbo: The Plight of the Displaced in Azerbaijan», Caucasus Edition;
38. Հեղինակի կողմից պատրաստված հարցազրույց, Երեւան, 20 հոկտեմբերի, 2010թ..
39. Միջազգային ճգնաժամային խումբ, Լեռնային Ղարաբաղ. Հայացք հակամարտության վրա՝ իրադարձությունների վայրից, Զեկույց թ.166, 14 սեպտեմբերի, 2005թ., էջ 27
40. T. De Waal, «The lightness of history in the Caucasus», http://www.opendemocracy.net/thomas-de-waal/lightness-of-history-in-caucasus?utm_source=feedblitz&utm_medium=FeedBlitzEmail&utm_content=201210&utm_campaign=Nightly_%272010-11-04%2006%3a30%3a00%27
41. Տես մանրամասն՝ http://hyeforum.com/index.php?showtopic=15562
42. De Waal, «The lightness of history in the Caucasus».
43. Z. Abbasova, «Psychological/political dimensions of Nagorno-Karabakh conflict (Based on the «regression” theory of Vamik Volkan)», Caucasus Edition; http://caucasusedition.net/analysis/psychologicalpolitical-dimensions-of-nagorno-karabakh-conflict-based-on-the-%E2%80%9Cregression%E2%80%9D-theory-of-vamik-volkan/?utm_source=Caucasus+Edition%3A+Journal+of+Conflict+Transformation+List&utm_campaign=496dcd404f-Caucasus_Edition_August_Newsletter11_15_2010&utm_medium=email