Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Ստեփանակերտ, Արցախ
Ներածություն
Կոշտ ուժի կիրառման հետ կապված ծախսերի և ռիսկերի մեծացումը, ռազմական գործողությունների իրականացման նկատմամբ ամերիկյան հասարակության մեջ աճող անհանդուրժողականությունը մեծացնում են հարկադրող ուժի (coercivepower) կշիռն ու նշանակությունը։ «Հարկադրող ուժ. հակառակորդների հետ դիմակայություն` առանց պատերազմ վարելու» [1] հետազոտության մեջ քննվում են այն մեթոդները, որոնց միջոցով ԱՄՆ-ն մտադիր է հարկադրել այլ պետություններին՝ իրականացնելու ամերիկյան շահերին համապատասխանող քաղաքականություն։ Այդպիսի մոտեցումը կապված է ռազմական ուժին և ազգային հզորության կոշտ տարրերին այլընտրանքային տարբերակների առկայության կարևորության գիտակցման հետ, տարրեր, որոնց շնորհիվ իրականացվում են ամերիկյան քաղաքականությունն ու ռազմավարությունը։Առավել հեռանկարային են դիտվում հարկադրող ուժի հետևյալ ձևերը՝ ֆինանսական գործիքներ, այլ երկրներում խաղաղ ընդդիմության սատարումը և հարձակողական կիբեր-գործողությունները։ Հարկադրող ուժի գործիքները կոչված չեն և ի զորու չեն փոխարինելու ռազմական ուժն ու կոշտ հզորությունը, բայց որոշ դեպքերում ի վիճակի են ապահովել ամերիկյան շահերը՝ առանց ռազմական ուժ կիրառելու անհնրաժեշտության։
- Կոշտ ուժի կիրառման նպատակահարմարության նվազումը և ոչ ռազմական մեթոդների ու միջոցների տեսակարար կշռի աճը
Սառը պատերազմից հետո հարձակողական ռազմական ուժը մնում էր ամերիկյան ռազմավարության գլխավոր գործիքը։ Սակայն ռազմական ուժի կիրառումը հատկապես ճգնաժամային տարածաշրջաններում հետզհետե ավելի խնդրահարույց է դառնում։ Հարձակողական ռազմական ուժի կիրառման արդյունավետության նվազումը կապված է թե՛ համաշխարհայնացման գործընթացների, և թե՛ առաջատար տեխնոլոգիաների լայն տարածման հետ։ Գլոբալ աշխարհում ԱՄՆ-ն կորցնում է անվերապահ գերիշխանությունը, իսկ առաջատար տեխնոլոգիաները կարող են օգտագործվել պետական և ոչ պետական դերակատարների կողմից ամերիկյան զինված ուժերին և ռազմական ենթակառուցվածքներին հարված հասցնելու համար։
Ռազմական ուժի կիրառման աճող բարդության և «անհարմարության» հետևանքով ավելի մեծ ուշադրություն է դարձվում ազգային հզորության այլ տարրերի։ ԱՄՆ-ում գոյություն ունի ազգային հզորության տարրերի մի քանի դասակարգում։ Տվյալ դեպքում օգտակար է օգտագործել այն դասակարգումը, որի հիմքում ընկած է թիրախավորված պետությունների և ոչ պետական կազմավորումների վրա ներազդելու ԱՄՆ նախընտրած եղանակը։
Կոշտ ուժի կիրառման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ թիրախավորված պետություններին և ոչ պետական կազմավորումներին իրենց վարքագծի ու քաղաքականության փոփոխությունը պարտադրելու նպատակով գործադրվում են ռազմական և դրանց հավասարեցված միջոցներ՝ ընդհուպ մինչև քաղաքական իշխանության ոչնչացումը կամ փոփոխությունը։ Մեղմ ուժը հիմնվում է ազդեցության և այնպիսի գործիքների վրա, ինչպիսին են տնտեսական աջակցությունը, ժողովրդավարական արժեքների սատարումը, արևմտյան գաղափարների և մշակույթի տարածումը և այլն։ Մեղմ ուժի նպատակն է խթանել այլ հասարակությունների զարգացման ամերիկյան ուղուն հետևելու ձգտումը[1]։ Եթե կոշտ ուժը ներքաշվում է դիմակայության մեջ և հարձակվում թիրախավորված պետության վրա, ապա մեղմ ուժը ձգտում է փոփոխել միջավայրի պայմանները՝ ստեղծելով ավելի ընդունելի և բարենպաստ համատեքստ ամերիկյան քաղաքականությունն ու ռազմավարությունն իրականացնելու համար։ Թեև ամերիկյան մեղմ ուժի հնարավորությունները դժվար է գերագնահատել՝ «ԱՄՆ» բրենդը վերջին տասնամյակներում ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում՝ հատկապես ճգնաժամային տարածաշրջաններում։
Ձևավորվող անվտանգության միջավայրում, երբ կոշտ ուժի կիրառումը տարեցտարի ավելի դժվար է դառնում, իսկ մեղմ ուժը ցուցադրում է իր անարդյունավետությունը, ԱՄՆ փորձագիտական հանրությունը ստիպված է առանձնացնել ուժի երրորդ՝ հարկադրող տեսակը։ [1] Հարկադրող ուժի նպատակն է ճնշում գործադրել պետական և ոչ պետական դերակատարների վրա՝ նրանց վարքագիծը փոխելու և նրանց այնպիսի քայլեր պարտադրելու, որոնց նրանք այլ պարագայում չէին դիմի։[2] Ջոզեֆ Նայի դասակարգման շրջանակում հարկադրող ուժը պատկանում է կոշտի տիրույթին։
- Հարկադրող ուժի գործիքներ
Հարկադրող ուժի գործիքների շարքը կարող են դասվել պատժիչ քաղաքական միջոցները, ֆինանսական, տնտեսական և առևտրային պատժամիջացները, կիբեր-գործողությունները, գործակալական հետախուզության ներգրավմամբ հետախուզական գործողությունները, ԱՄՆ և նրա դաշնակիցների տարածք մուտքի սահմանափակում ունեցող անձանց ցուցակների հրապարակումը, քաղաքական ընդդիմության աջակցությունը և այլն։ Տվյալ գործիքներն ունեն թիրախավորված պետությանն իր քաղաքականության փոփոխությունը հարկադրելու, քաղաքական կամքը կոտրելու և նրա հզորությունը թուլացնելու ներուժ։
Ի տարբերություն մեղմ ուժի՝ հարկադրող ուժը մի կողմից նպատակ չունի համոզել թիրախավորված պետությանը, մյուս կողմից՝ կոշտ կերպով չի պարտադրում զիջումներին և ամերիկյան շահերին ընդառաջ գնալ։ Այլ խոսքերով՝ թիրախավորված պետությանն ընտրության հնարավորություն է թողնվում։ Հարկադրող ուժը չի երաշխավորում ռազմական մեթոդներին հատուկ արդյունավետություն, իսկ դրա կիրառման արդյունքը կախված է լինում հարկադրող ուժը կիրառող կողմի նպատակասլացությունից ու գործունակությունից և թիրախավորված կողմի խոցելիությունից։
Կոշտ ուժի կիրառումը թույլ է տալիս մեծ հավանականությամբ ցանկալի արդյունք ստանալ։ Սակայն տվյալ մեթոդները ենթադրում են բռնության գործադրում, ծախսատար են և մեծ ռիսկեր են պարունակում։ Մեղմ ուժի գործիքներին բնորոշ են փոքր ռիսկեր և ցածր արժողություն, բայց դրանց օգտագործումից ստացվող արդյունքները ժամանակի առումով հետաձգված են լինում և դրանք դժվար է գնահատել ու գործառութացնել։ Մեղմ ուժին հատուկ մեթոդներն իրենց բնույթով ոչ բռնարար և կոշտ ուժի մեթոդների համեմատ նվազ ռիսկային են, բայց միշտ չէ, որ ակնկալած կերպով են գործում, կարող են ծախսատար լինել և հաջողության դեպքում լավ արդյունքներ ապահովել։ Այլ խոսքերով՝ հարկադրող ուժը չափավոր ռիսկերի ուղեկցությամբ ի վիճակի է ապահովել անհրաժեշտ արդյունքներ։
Հետազոտողների խոստովանությամբ՝ կոշտ և հարկադրող ուժի միջև սահմանը լղոզված է։ Ամեն դեպքում՝ դասակարգումն ու տարորոշումը վերլուծական և տեսաբանական խնդիր է, որը պետք է քաղաքական դառնա և ազդի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության՝ ազգային անվտանգության ոլորտում ընդունվող որոշումների վրա։[3]
3. Հարկադրող ուժի կիրառության նպատակահարմարությունը
ԱՄՆ ունեցած հարկադրող ուժի ամենաարդյունավետ գործիքները ֆինանսական պատժամիջոցներն են, խաղաղ քաղաքական ընդդիմության սատարումը և հարձակողական կիբեր-գործողությունները։
Ֆինանսական պատժամիջոցները թույլ են տալիս ըստ հայեցողության կարգավորվող տնտեսական վնաս պատճառել թիրախավորված պետություններին, կորպորացիաներին, առանձին խմբերին և անհատներին։ Դրանք համեմատաբար հեշտ են գործարկվում և դադարեցվում ըստ ստացած արդյունքների։ Ֆինանսական գործիքների բազմատեսակությունը ամերիկյան կառավարությանն ընձեռում է հարկադրման ճկուն լծակներ, որոնք հեշտորեն ուղեկցվում և վերահսկվում են՝ ի տարբերություն, օրինակ, արտահանման կամ ներկրման արգելքներ կիրառելու փորձերի։ Ֆինանսական պատժամիջոցներին միջազգային մասնակցությունը դյուրորեն ապահովվում է սահմանափակ շրջանակի առանցքային պետությունների հետ փոխգործակցության շնորհիվ, որոնց իրավասության տակ կամ տարածքում գտնվում են խոշորագույն միջազգային բանկերը։
Խաղաղ քաղաքական ընդդիմության սատարումը նույնպես հարկադրող ուժի արդյունավետ գործիք է։ Սովորաբար դրա կիրառումն ուղեկցվում է համաշխարհային ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալվող աջակցությամբ։ Հայտնվելով արտաքուստ և ներքուստ՝ հասարակության կողմից համաձայնեցված և համակարգված ճնշման տակ՝ թիրախավորված երկրի իշխանությունները հաճախ զիջումների են դիմում և մեղմում իրենց վարքագիծը։
Ընդդիմության սատարումը՝ պետական կազմակերպությունների և գերատեսչությունների միջոցով, ԱՄՆ կառավարությանը թույլ է տալիս հեշտորեն կառավարել և կարգավորել գործադրվող ջանքերը՝ անհրաժեշտության դեպքում նվազեցնելով դրանց ակտիվությունը։ Ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով գործելը դիտվում է որպես նախընտրելի տարբերակ, բայց այն շատ ավելի վատ է ենթարկվում կառավարմանն ու կարգավորմանը։ Ամեն դեպքում՝ Միացյալ Նահանգների հետ ընդդիմության համագործակցության փաստերի հրապարակայնացումը կարող է զգալի հարված հասցնել ընդդիմության վարկանիշին և անցանկալի հետևանքների հանգեցնել։ Բացի դրանից, արտաքուստ քաղաքական գործընթացները կառավարել ընդունակ լինելու մասին համոզմունքը կարող է պատրանք լինել, և ԱՄՆ-ն հաճախ կորցնում է վերահսկողությունը իր նախաձեռնած գործընթացների և ընդդիմադիր շարժումների վրա։
Հարձակողական կիբեր-գործողությունները հարկադրող ուժի արդյունավետ, բայց ռիսկային գործիքներ են։ Հաշվի առնելով դասակարգման անորոշությունը՝ թիրախավորված երկիրը կարող է գնահատել այդպիսի հարձակումը որպես իր դեմ պատերազմ վարելու ձև։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն համարում է, որ տվյալ գործիքի հմուտ օգտագործումը, այն կարգավորելու և ճշգրիտ թիրախավորումն ապահովելու կարողությունը թույլ են տալիս հնարավորինս նվազեցնել ուղեկցվող վնասը և կիբեր-գործողությունները շատ արդյունավետ դարձնել։ Կիբեր-գործողությունները կարող են շոկ առաջացնել և մասամբ կամ լիովին կաթվածահարել թիրախավորված երկրի կարևոր ենթակառուցվածքների գործառնությունը՝ տարածելով անվստահություն և խուճապ հասարակությունում ու անդամալուծելով ողջ պետական մեքենան։ Ի տարբերություն պատժամիջոցների՝ ԱՄՆ-ն կարող է ինքնուրույնաբար իրականացնել կիբեր-գործողությունները. դրանք չեն պահանջում միջազգային համագործակցություն և ջանքերի համատեղում։ ԱՄՆ կողմից կիբեր-գործողությունների կիրառման ռիսկերն առնչվում են պատասխան հարված ստանալու հնարավորությամբ, եթե թիրախավորված երկիրն ունի սեփական լուրջ կիբեր-հզորությունը, օրինակ՝ Չինաստանի կամ Ռուսաստանի պարագայում։
Եզրակացություններ
ԱՄՆ-ն նախապատրաստվում է ընդլայնել հարկադիր ուժի և դիմակայության ոչ ռազմական մեթոդների ու միջոցների կիրառումը, քանի որ զուտ ռազմական եղանակներով դիմակայություն վարելը հետզհետե ավելի խնդրահարույց է դառնում։ Ոչ ռազմական մեթոդների և միջոցների լայն օգտագործումը պահանջում է հարկադիր ուժի գործիքների արդյունավետությունը գնահատող հետազոտությունների մեծ ծավալի իրականացում, ռազմախաղերի համանման տիպօրինակային խաղերի անցկացում, ջանքերի համակարգում, հնարավորությունների ծրագրավորում և այլն։
Հարկադրող ուժի գործիքների կիրառման ընդլայնման շրջանակներում ԱՄՆ-ից կարելի է սպասել հետևյալ քայլերը.
- ԱՄՆ-ն մերձավորագույն դաշնակիցների (G7 և Շվեյցարիա) հետ համատեղ մեծացնելու է ֆինանսական ակտիվներն ու հոսքերը վերահսկելու իր հնարավորությունները՝ անհրաժեշտության դեպքում թիրախավորված երկրները մեկուսացնելով միջազգային բանկային համակարգից։
- ԱՄՆ Պետական դեպարտամենտը և հետախուզական հանրությունը ընդլայնելու և կատարելագործելու են թիրախավորված պետություններում քաղաքական գործընթացների վրա ներազդելու իրենց հնարավորությունները խաղաղ քաղաքական ընդդիմության միջոցով։ ԱՄՆ-ն ձգտելու է բարելավել այդ երկրների քաղաքական ընդդիմության արդյունքներն ու գործունեության դինամիկան կառավարելու իր կարողությունները։
- Հարձակողական կիբեր-գործողությունները կարող են դառնալ ԱՄՆ հարկադրող ուժի ամենազորեղ և, միևնույն ժամանակ, ամենավտանգավոր տարբերակը, քանի որ կիբեր-հնարավորություններ ունեցող երկրների թիվն աճում է, ուստի և մեծանում է պատասխան քայլերի, լարվածության շեշտակի աճի և մինչև իսկ ռազմական մեթոդների ու միջոցների կիրառման հավանականությունը։
Ընդհանուր առմամբ՝ հարկ է ակնկալել, որ ամերիկյան կառավարությունը կգործարկի կազմակերպչական այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտան նախապատրաստվել հարկադրող ուժի կիրառմանը՝ ռազմական գործողությունները վարելու հնարավոր դարձնող համակարգերի նմանությամբ։ Եվ քանի որ այս ամենը մերձավորագույնս սահմանակցում է ռազմական գործողությունների և կոշտ ուժի տարրերին, անհրաժեշտ է դառնում սահմանազատել նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատվության գոտիները՝ հարկադրող ուժի մեթոդներն ու միջոցները կիրառելու դեպքում։ Օրինակ, ֆինանսների նախարարը պատասխանատվություն է կրելու ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու, Պետդեպարտամենտի քարտուղարը՝ խաղաղ ընդդիմությանը սատարելու, իսկ ազգային հետախուզության տնօրենը՝ հարձակողական կիբեր-գործողությունների համար։ Ընդհանուր առմամբ՝ կարելի է արձանագրել, որ Միացյալ Նահանգները տիրապետում են հարկադրող ուժի կիրառման համար անհրաժեշտ նշանակալից կարողությունների։ Ի վիճակի չլինելով փոխարինել ռազմական ուժն ու կոշտ ուժը՝ հարկադրող ուժի դերը Ազգային անվտանգության ամերիկյան ռազմավարության իրականացման ոլորտում հետևողականորեն աճելու է։
Գրականության ցանկ
- Gompert, David C. and Hans Binnendijk.The Power to Coerce.Countering Adversaries WithoutGoing to War. Santa Monica, CA: RAND Corporation,April 2016.
- Nossel, Suzanne. “Smart Power: Reclaiming Liberal Internationalism,” Foreign Affairs, March/April 2004.
- Nye, Joseph.Soft Power: The Means to Success in World Politics, New York: Public Affairs, 2004.
- Nye, Joseph.Bound to Lead: The Changing Nature ofAmerican Power, New York: Basic Books, 1990
- Арзуманян Р.В. Стратегия иррегулярной войны: теория и практика применения. Теоретические и стратегические проблемы концептуализации, религиозные и военно-политические отношения в операционной среде иррегулярных военных действий / под общей ред. А.Б. Михайловского. – М.: АНО ЦСОиП, 2015. – 315 с. (- Новая стратегия, 4).
[1] Մեղմ ուժ՝ Հարվարդի համալսարանի գիտնական Ջոզեֆ Նայի ներմուծած և զարգացրած հասակցությունն է, որի նպատակն է նկարագրել գրավիչ և ձուլող լինելու կարողությունը՝ սպառնալու կամ ուժ կիրառելու փոխարեն։ Ջոզեֆ Նայը հիշյալ եզրույթը կիրառության մեջ էր դրել 1990 թ․ լույս տեսած «Մեղմ ուժ» գրքում։ [4]. Այնուհետև այս եզրույթը զարգացվել է 2004 թ․ ««Առաջնորդության կոչումը» գրքում։ [3].
[2] Հարկադրող ուժը պետք է զանազանել, այսպես կոչված, «խելացի ուժից» (smartpower), որը ներառում է ուժի և՛ կոշտ, և՛ մեղմ տարրեր և նպատակ ունի արտահայտելու այն գաղափարը, թե ինչպես կիրառել ազգային ուժի տարրեր՝ ազգային քաղաքականության և ռազմավարության իրականացման ժամանակ հաջողության հասնելու համար։ Այս եզրույթի՝ կիրառության մեջ դրվելը կապվում է Սյուզան Նօսելի «Խելացի ուժ» հոդվածի հետ։ [2].
[3] Թե ինչպես ազգային անվտանգության սպառնալիքների դասակարգումը կարող է ազդել բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ընդունած որոշումների վրա տե՛ս՝ «Стратегия иррегулярной войны»։ [5]