կամ` երբ գիժը քար գլորեց ձորը
Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
Մի հիմար, ավելի ճիշտ` ապուշի մեկը, քար գլորեց ձորը: Մինչ ազգի խելոքները հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարը գլորեց: Նախորդից մեծ քար:
Ազգի խելոքները նորից սկսեցին գլուխ ջարդել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու քարերը հանելու համար: Ու մինչ ազգի իմաստունները նորից հավաքված, ծանր ու մեծ մտածում են, սա երրորդ քարը գլորեց` նախորդներից ավելի խոշոր մի քար:
Ազգի խելոքները խուճապի մեջ են. ո՞նց հանեն այդ անիծյալ քարերը:
– Ուրիշ ելք չկա,- ասաց իմաստուններից մեկը,- եկեք հանրահավաք անենք, հետո կերեւա…
– Ի՞նչ հանրահավաք,- խոսեց երկրորդ իմաստունը, – մի քանի անգամ արդեն արել ենք, բայց որեւէ օգուտ չենք ստացել դրանից: Առաջարկում եմ հացադուլ անենք:
– Ոչ մի հանրահավաք, ոչ մի հացադուլ,- ասաց երրորդը:- Միակ ճանապարհը, միակ ելքը նամակ գրելն է: Դուք այստեղ որքան ուզում եք` մտածեք, ես գնացի: Գնում եմ նամակ գրեմ:
– Հռոմի պապի՞ն,- հարցրեց մեկը:
– ՄԱԿ-ի՞ն,- հարցրեց երկրորդը:
– Ոչ մեկին, ոչ մյուսին, Թագավորին,- ձեռքն հանդիսավոր ինչ-որ ուղղությամբ պարզելով, ասաց նամակագիրը, մյուսներից առանձնացավ, մի սալաքարի վրա նստեց ու հանեց նոթատետրը:
Իմաստուններից մեկը ձեռքը վեր պարզեց, բոլորը լռեցին:
– Մի՛ աղմկեք, տիկնայք ու պարոնայք,- ասաց նա, չնայած հավաքվածների մեջ միայն տղամարդիկ էին:- Մեր այս աղմուկով ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին: Հետեւեք ինձ: Ես գիտեմ ինչ պիտի անենք:
– Նախ ասա` ո՞ւր ես ուզում մեզ տանել, եւ ի՞նչ պիտի անենք,- հարցրին իմաստունները:
– Եկեք միասին գնանք աղոթենք…
Հավաքվածները սկսեցին դժգոհ աղմկել: Արդեն իրար ձայն չէին լսում: Կոպտում ու հայհոյում էին իրար, եւ չնկատեցին, թե որտեղից ու ինչպես իրենց առջեւ հայտնվեց բոլոր ժամանակների մեծագույն աշխարհակալը` Ալեքսանդր Մակեդոնացին:
Նա դանդաղ իր շորերից թափ տվեց հազարամյակների փոշին, հայացքով չափեց բոլորին ու հարցրեց.
– Տիարք, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել այս ձորի գլխին, ինչո՞ւ եք աղմկում:
– Մի հիմար, թանձրագույն ապուշի մեկը քարեր է գլորել ձորը, մտածում ենք, թե ինչպես հանենք,- միաձայն պատասխանեցին իմաստունները:
– Ահա թե ինչ,- Աշխարհակալը մի րոպե լռեց ու հարցրեց:- Տեսե՞լ եք, թե ես ինչպես եմ լուծել գորդյան հանգույցը:
– Չենք տեսել, բայց այդ մասին կարդացել ենք,- կրկին միաձայն պատասխանեցին իմաստունները:
– Այդ դեպքում ինչո՞ւ եք գլուխ ջարդում: Ամեն ինչ չափազանց պարզ ու հասարակ է: Պետք չի քարերը հանել: Բռնեք այդ հիմարին` քարերը գլորողին, ձեռ ու ոտերը կապեք եւ այստեղից` ձորի գլխից ուղարկեք իր գլորած քարերի հետեւից:
***
Այստեղ պատմությունն ավարտվում է: Բայց մի խումբ ականատեսներ ասում են, որ պատմությունը շարունակություն ունի: Լսենք նրանց պատմածը.
Մինչ Մեծ զորավարը շրջվել, ուզում էր հեռանալ, իմաստուններից մեկը նրա հետեւից ձայնել է.
– Աշխարհակալ, բայց նրան ո՞նց բռնենք:
Մեծն Մակեդոնացին դանդաղ շրջվել, արհամարհանքով ոտից գլուխ չափել է իմաստուններին ու ասել.
– Եթե դուք այդ օրին եք արդեն, ձեզ համար մի պահեստային տարբերակ կա,- նա կրկին արհամարհանքով չափել է բոլորին ու մատնացույց արել անդնդախոր ձորը: – Ինքներդ մեկնեք քարերի հետեւից…