Ավազ ՀԱՍԱՆՈՎ
Հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումը, հակամարտող կողմերի ու հակամարտության մեջ ներգրավված մարդկանց հետ հանդիպումներն ապացուցում են, որ հակամարտությունները ծագում են ոչ միայն թույլ զարգացած երկրներում կամ էլ թույլ զարգացած հասարակական հարաբերություններ ունեցող հանրություններում: Սովորաբար ենթադրվում էր, որ հակամարտություններ ծագում են այն երկրներում, որտեղ կան սոցիալական բնույթի խնդիրներ եւ էթնիկական խմբերի միջեւ առկա է լուրջ դիմակայություն: Հյուսիսային Իռլանդիայում նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի ավերածություններից հետո կենսամակարդակը բավականին բարձր էր:
Կրթամակարդակով այդ երկիրը Եվրոպայում առաջատարների շարքում էր: Այս պարագայում չի կարող տարակուսանք չառաջացնել հակամարտայնության բարձր մակարդակը հանրությունում: Եվրոպայի մյուս երկրներում հակամարտությունները ժամանակի ընթացքում իրենց լուծումն են ստացել, եւ դրանցից ոչ մեկը չի ծառայել դրացի համայնքների ու կրոնական խմբերի միջեւ երկպառակության խորացմանը, ինչպես դա տեղի է ունեցել Հյուսիսային Իռլանդիայում:
Մեր ընթերցողներին, անշուշտ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ ամբողջ ընթացքում որոնք են եղել հակամարտության հիմնական կողմերը: Խաղաղության հաստատման գործում առաջին հերթին առանձնակի դեր են խաղացել պետական հաստատությունները, ինչպիսին են Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարությունը, Ստորմոնտը (Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանը), Հյուսիսային Իռլանդիայի ասամբլեան[187]: Երկրորդ` քաղաքական համակարգի ձեւավորման եւ հակամարտության կարգավորման գործում երկրամասի բնակչության ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում ոչ նվազ կարեւոր դեր են ունեցել նաեւ այնպիսի քաղաքական կուսակցություններ ու շարժումներ, ինչպիսին են Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը, Օլսթերի յունիոնիստական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը, «Շին Ֆեյն» կուսակցությունը[188]: Երրորդ` ահաբեկչական եւ ռազմականացված այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են Իռլանդական հանրապետական բանակը, Հյուսիսային Իռլանդիայի ազատագրման ուժերը, Լոյալիստական կամավորական ուժերը, Օլսթերի կամավորական ուժերը եւ Օլսթերի պաշտպանության ընկերակցությունը նույնպես հակամարտության կողմ են հանդիսանում, իսկ տարբեր ժամանակահատվածներում քաղաքական գործընթացները կախված էին երկու համայնքների վրա այս կազմակերպությունների ազդեցությունից[189]:
Ռազմականացված խմբերի եւ քաղաքական կուսակցությունների դերը խաղաղության ձեռքբերման գործում
Մարդկանց միջեւ հարաբերությունները Հյուսիսային Իռլանդիայում ավելի լարված դարձան Իռլանդիայի անկախության ձեռքբերումից հետո: Սակայն այս լարվածության ծագման մեջ ավելի մեծ դեր են խաղացել դավանաբանական, քան քաղաքական տարբերությունները: Քաղաքական կուսակցություններին երբեմն չէր հաջողվում հաղթահարել իրենց ներկայացրած կրոնական խմբերի անհաշտ դիրքորոշումները, եւ վախենալով հանրության աջակցությունը կորցնելուց, դրանք իրենց դիրքորոշումները կախվածության մեջ էին դնում համայնքային շահերից:
60-ական թվականներից ի վեր Հյուսիսային Իռլանդիայում մոդեռնացման գործընթաց էր սկսվել, որն ազդել է երկկողմ բանակցությունների ընթացքի, ինչպես նաեւ երկու համայնքների փոխհարաբերությունների վրա: Քաղաքական նոր հայացքների ու սերունդների ի հայտ գալու հետեւանքով նախկինում միասնական բողոքական համայնքը մի քանի կուսակցությունների բաժանվեց: Կաթոլիկ համայնքում ձեւավորվեցին կուսակցություններ, որոնք «կողմնակից էին Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի փոփոխման միայն օրինական ճանապարհով»:
1913 թվականին «Իռլանդացի կամավորականներ» ազգայնական մոդեռնացված կազմակերպության` «Իռլանդական հանրապետական բանակի» նախակարապետի ի հայտ գալը հանգեցրեց մշտական ապստամբությունների ու բողոքների: 1916 թվականին, երբ Իռլանդիայում նոր ապստամբություն բռնկվեց, ապստամբները հռչակեցին Իռլանդական Հանրապետությունը: Ապստամբությունը ճնշվեց, սակայն արդեն 1919 թվականին Իռլանդիայի Հանրապետությունը կրկին հռչակվեց: Հակամարտության ընթացքում 1921 թվականին ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի իռլանդական 26 կոմսությունների տարածքում կազմավորվեց Իռլանդական Ազատ Պետությունը: Վեց կոմսություններ մնացին Մեծ Բրիտանիայի կազմում, սակայն այս գաղափարը չպաշտպանեց ԻՀԲ-ն, որի գործողությունները պառակտում առաջացրին իռլանդական հանրությունում[190]:
Անկարգությունների ժամանակ ռազմականացված շատ կազմակերպություններ մեծ ազդեցություն ունեին իրենց համայնքների վրա: Միացյալ լոյալիստական ռազմական հրամանատարությունը, ազգայնականների դեմ ահաբեկչական արշավ անցկացնելով, սարսափի մեջ էր պահում համայնքի անդամներին, պատճառաբանելով, թե համայնքը թաքցնում է հանրապետական շարժման անդամներին ու գրոհայիններին: Սակայն, հասկանալով զանազան խմբավորումների միջեւ համագործակցության կարեւորությունը, կազմակերպությունը միացավ հրադադարին:
Լոյալիստների ամենախոշոր կիսառազմականացված կազմակերպությունը Օլսթերի պաշտպանության ընկերակցությունն էր: Դրա քաղաքական հայացքները ներկայացնում էր Օլսթերի դեմոկրատական կուսակցությունը: Այդ կազմակերպության ներսում ամենառազմաշունչ խմբավորումն էին Օլսթերի ազատության մարտիկները, որոնք նույնպես միացան լոյալիստների հայտարարած հրադադարին:
Առաջին անգամ իր գործունեության ընթացքում Օլսթերի պաշտպանության ընկերակցությունը` հյուսիսիռլանդական բողոքականների մարտական խումբը, պաշտոնապես վայր դրեց զենքը: ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կողմից որպես ահաբեկչական ճանաչված այս կազմակերպությունը մեղսակից է մոտավորապես 400 սպանության: Կազմակերպության անդամներն իրենց ռազմական կառույցների վերացման ժամանակ հայտարարեցին. «Օլսթերի պաշտպանության ընկերակցությունը գտնում է, որ պատերազմն ավարտված է, եւ մենք թեւակոխել ենք ժողովրդավարական բարեփոխումների ժամանակաշրջան, որը կբերի մշտական քաղաքական կայունության»: Ահաբեկչական երկրորդ խոշորագույն խումբը` «Օլսթերի կամավորական ուժերը», նույնպես մինչ այդ հայտարարել էր, որ դադարեցնում է զինված պայքարը:
Հրադադարի մասին հայտարարելու կիսառազմականացված խմբերի որոշման վրա ազդել էր 1985թ. Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջեւ ձեռքբերված համաձայնությունը Հիլսբորո ամրոցում (Հյուսիսային Իռլանդիա)[191]: Ըստ այդ համաձայնագրի` Իռլանդիայի Հանրապետությունը խորհրդատվական կարգավիճակ է ձեռք բերել Հյուսիսային Իռլանդիային վերաբերող հարցերում: Չդադարող բանակցությունների երկրորդ փուլի արդյունքը դարձավ 1993թ. դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի միջեւ Դաունինգ-սթրիթում ստորագրված հռչակագիրը[192], որում ամրագրվել են բռնությունից հրաժարվելու սկզբունքները, որոնք ենթադրում էին տեղի խորհրդարանի ու կառավարության ձեւավորում: Սակայն համաձայնագրերի իրականացումը սառեցվեց: Դրա պատճառը ԻՀԲ-ի խմբավորման կողմից լոնդոնյան Հիթրոու օդանավակայանի վրա ականանետային հարձակումն էր[193]:
1985թ. նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում անգլո-իռլանդական պայմանագրի (Մարգարետ Թետչերը` բրիտանական կողմից եւ Հարոլդ Ֆիցջերալդը` իռլանդական կողմից) ստորագրումից հետո որոշվեց, որ Իռլանդիայի միավորումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ դա կամենա Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը: Հենց այս համաձայնագիրն է պայմաններ ստեղծել քաղաքական նոր հայացքների ու երիտասարդ նոր առաջնորդների երեւան գալու համար, ովքեր նախընտրում էին անկախ քաղաքականություն վարելուն նպատակամիտված պայքարի սահմանադրական մեթոդները[194]:
Սակայն ոչ բոլոր քաղաքական գործիչներն են շուտափույթ հրաժարվել իրենց դիրքորոշումից հանուն տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման: Պահպանելով ռազմական կազմավորումների հետ կապը` «Շին Ֆեյն» կուսակցությունը կարողացավ հասնել հակամարտությունում իր դիրքորոշման ճանաչման: 80-ական թվականների վերջերին` ի նշան բողոքի հանրապետական շարժման իրականացրած բռնարշավի, սահմանադրական-ազգայնական առաջնորդները հրաժարվեցին այդ կուսակցության հետ ցանկացած առնչությունից: Կրակի դադարեցման գործում զգալի դեր են խաղացել Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջոն Հյումի նախաձեռնած բանակցությունները: 1987թ. նոյեմբերի 8-ին Էնիսքիլենում` Հիշատակի օրվան նվիրված բողոքական երթի ժամանակ տեղի ունեցած սպանդից հետո ԻՀԲ-ի հետ անմիջական բանակցություններ վարելու նրա ցանկությունը սկիզբ դրեց խաղաղ գործընթացին: Չնայած այն բանին, որ ազգայնականները վայելում էին բնակչության վստահությունը` նրանց զինված պայքարն իմաստազրկվեց այն բանից հետո, երբ «Շին Ֆեյն» կուսակցությունն ընտրողների քվեների 10 տոկոսը ստացավ Հյուսիսիռլանդական ասամբլեայի ընտրություններում: «Շին Ֆեյնին» անհրաժեշտ էր դուրս գալ քաղաքական մեկուսացումից: Այս գործընթացում կարեւոր դեր խաղաց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը: Նա առաջին ամերիկյան նախագահն էր, ով այցելեց Հյուսիսային Իռլանդիա: Նախընտրական արշավում իռլանդական համայնքի աջակցությունը ստանալու նպատակով նա խոստացել էր միջամտել հիմնախնդրի լուծմանը: ԱՄՆ իռլանդական համայնքի ճնշման տակ «Շին Ֆեյն» կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսին մուտքի արտոնագիր տվեցին եւ թույլ տվեցին այցելել ԱՄՆ[195]: ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ջերի Ադամսը հասկացնել տվեց, որ Իռլանդական հանրապետական բանակը պատրաստ է հրաժարվել բռնությունից: Այդ այցից անմիջապես հետո ԻՀԲ-ն հայտարարեց կրակի միակողմանի դադարեցման մասին: Հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԻՀԲ-ի հետագա քայլերը խրախուսելու համար Իռլանդիայի Հանրապետությունում էլեկտրոնային ԶԼՄ-ներում չեղարկվեց հանրապետականներին ցուցադրելու սահմանափակումը:
Արդեն 1994թ. սեպտեմբերից սկսած ԻՀԲ-ն եւ այլ կիսառազմականացված խմբավորումներ հայտարարեցին կրակի միակողմանի դադարեցման մասին: Միեւնույն ժամանակ, զինված խմբավորումների շրջանում լայն քարոզչություն էր իրականացվում զենքը վայր դնելու եւ բանակցային գործընթացում իրենց աջակից քաղաքական կուսակցություններին ներգրավելու նպատակով: ԻՀԲ-ն էլ իր հերթին սպասում էր զենքերը հանձնելու մասին բանակցությունները սկսվելուն: Չնայած այն բանին, որ «Շին Ֆեյն» կուսակցությունը կապեր ուներ բարձրաստիճան պաշտոնյաների ու նախարարների հետ` դեռեւս չէր հաջողվում սկսել բանակցությունները: Բոլոր հույսերը կապվում էին Ջորջ Միտչելի գլխավորած Զինաթափման հարցերով անկախ հանձնաժողովի հայտարարությունների հետ[196]: Իսկ Միտչելը, գիտակցելով, որ բանակցությունների գործընթացը բարդացել է, խորհուրդ տվեց առանձնացնել զինաթափման հարցը եւ առաջարկեց կիսառազմականացված խմբավորումների կողմից զենքերի հանձնումն իրականացնել բանակցային գործընթացում քաղաքական կուսակցությունների ներգրավմանը զուգընթաց: Բանակցային գործընթացին մասնակցելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ամենից առաջ պիտի համաձայնություն տար խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով հակամարտությունը լուծելուն, իսկ բոլոր զինյալ խմբավորումները պետք է հանձնեին զենքերը եւ հրաժարվեին ուժի կիրառումից:
«Շին Ֆեյնը», որ վիճարկում էր Միտչելի առաջարկություններն ու պնդում, որ նրա պատրաստած զեկույցը վնաս է հասցնում բանակցություններին, ռումբ պայթեցրեց, որի արդյունքում երկու մարդ զոհվեց: Հանրությունը, որ տեւական ժամանակ սպասում էր բանակցություններին, այդ քայլը խելահեղություն համարեց, իսկ «Ստոփ-96» կազմակերպության ներկայացուցիչներն արշավ սկսեցին «Շին Ֆեյնի» դեմ` գործողություններ իրականացնելով երկրի տարբեր մասերում:
1996թ. մայիսին Հանուն քաղաքական երկխոսության հյուսիսիռլանդական համաժողովի ընտրություների ժամանակ Օլսթերի յունիոնիստական կուսակցությունը (ՕՅԿ) ստացավ ձայների 24.17, Սոցիալ-դեմոկրատական լիբերալ կուսակցությունը (ՍԴԼԿ)` 21.37, Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը (ԴՅԿ)` 18.80, «Շին Ֆեյնը»` 15.47. , Ալյանսի կուսակցությունը` 6.54, Միացյալ Թագավորության յունիոնիստական կուսակցությունը (ՄԹՅԿ)` 3.69, Պրոգրեսիվ յունիոնիստական կուսակցությունը (ՊՅԿ)` 3.47, իսկ Օլսթերի դեմոկրատական կուսակցությունը (ՕԴԿ)` 2.22 տոկոս[197]: Այսպիսով, հաջող արդյունքների հասնելով ընտրություններում` «Շին Ֆեյնը» ամրապնդեց կաթոլիկ ընտրողների շրջանում իր դիրքերը եւ ստացավ խաղաղ բանակցություններում հանրապետական շարժման մասնակցությունն ապահովող մանդատ:
1997թ. Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում ընտրություններ կայացան: Տառացիորեն բանակցային գործընթացի դադարեցումից քիչ առաջ «Շին Ֆեյնի» առաջնորդներ Ջերի Ադամսն ու Մարտին Մակգինեսը ընտրվեցին բրիտանական խորհրդարանի անդամներ: Միեւնույն ժամանակ, «Շին Ֆեյնը» մեկ մանդատի տիրացավ իռլանդական խորհրդարանում: Ձեռք բերելով ազգայնական ընտրողների համակրանքը` «Շին Ֆեյնը» սկսեց զբաղվել իր վարկանիշի բարձրացմամբ եւ զուգահեռաբար լայն գործունեություն ծավալեց Ամերիկայում բնակվող իռլանդական լոբբին որպես ֆինանսական աղբյուր օգտագործելու ուղղությամբ[198]:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հայտարարությունն առ այն, որ Հյուսիսային Իռլանդիայի հետ հարաբերությունների բնականոնացումը եւ հակամարտության կարգավորման համար առավելագույն ջանքերի գործադրումը իր կառավարության հիմնական առաջնահերթություններից են, հզոր խթան եղավ բանակցային գործընթացի համար: Որպես առաջին քայլ Թոնի Բլերը փաստաթուղթ ստորագրեց 1972թ. հունվարին այսպես կոչված «Արյունոտ կիրակիի» դեպքերի ժամանակ բրիտանական զինվորների կողմից գնդակահարված 14 մարդկանց գործի անկախ հետաքննության անցկացման մասին: Այցելելով Հյուսիսային Իռլանդիա` նա հայտարարեց, որ Հյուսիսային Իռլանդիայի հետ Մեծ Բրիտանիայի միությունը վնաս չի հասցնում եւ այսուհետ էլ չի հասցնի վերջինիս անվտանգությանը: Բլերի այս հայտարարությունից հետո քաղաքական կուսակցությունների առաջ խնդիր ծագեց քարոզչություն իրականացնել սեփական համայնքներում, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ապահովվի նրանց միջեւ համագործակցությունը: Սակայն հնարավոր չէր հասնել ազգայնականների մասնակցությանը առանց «Շին Ֆեյնի», որը բացառվել էր բանակցային գործընթացից: 1997թ. հուլիսին «Շին Ֆեյնը» կրկին հայտարարեց հրադադարի մասին եւ այդպիսով առաջարկեց իր մասնակցությունը բանակցային գործընթացին:
Երկու տասնամյակի ընթացքում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հաջողվեց որոշակի առաջընթացի հասնել. իր գործունեությունը վերսկսեց Հյուսիսիռլանդական ասամբլեան, որի աշխատանքին մասնակցում են եւ կաթոլիկ, եւ բողոքական կուսակցությունները: Ոչ շատ քաղաքական իրադարձություններ են Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին կյանքի բարելավման այսպիսի հույս պարգեւել: Նրանց համար վառ իրադարձություն էր Բելֆաստյան համաձայնագրով նախատեսված Հյուսիսիռլանդական ասամբլեայի առաջին ընտրությունը, որը կայացավ 1998թ. հունիսի 25-ին: Միասնական փոխանցվող քվեի համակարգով եւ ընտրողների 69.88 տոկոսի մասնակցության պայմաններում ընտրվեց Ասամբլեայի 108 պատգամավոր: Դեւիդ Թրիմբլի ղեկավարած Օլսթերի յունիոնիստական կուսակցությունը ստացավ 28, Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը (Ջոն Հյում)` 24, Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը (Իեն Փեյսլի)` 20, «Շին Ֆեյնը» (Ջերի Ադամս)` 18, Ալյանսի կուսակցությունը (Ջոն Օլդըրդայս)` 6, Միացյալ Թագավորության յունիոնիստական կուսակցությունը (Ռոբերտ Մակքարտնի)` 5, իսկ բոլոր մյուսները` 7 տեղ[199]:
Քաղաքացիական հասարակության խաղաղ նախաձեռնությունները
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրոնական համայնքների ու քաղաքական կուսակցությունների հետ միասին էական դեր են խաղացել հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման ու այդ գործընթացում համայնքներին ներգրավելու գործում: Լարվածության թուլացմանը, բռնությունների կանխմանը, գոյություն ունեցած կապերի վերականգնմանն ու նորերի հաստատմանը նպաստած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործողությունները օգնել են համայնքներում իրենց հեղինակությունը պահպանելուն: Մարդիկ երբեմն պաշտպանում էին նրանց նախաձեռնությունները, սակայն իրենց քաղաքական կուսակցություններն ու եկեղեցին մերժում էին դրանք: Այդուհանդերձ, եղել են այնպիսի վառ անհատականություններ, որոնց պատկանելությունն այս կամ այն կրոնական համայնքին առանձնապես հարցեր չի առաջացրել մարդկանց մոտ, քանի որ վերջիններս հասկանում էին նրանց նախաձեռնությունների նշանակությունը:
1976 թվականին ավտովթարի հետեւանքով երեք երեխաների մահը եւ բրիտանական բանակի կողմից այդ միջադեպում մեղավոր վարորդի` ԻՀԲ-ի փախուստի մեջ գտնվող գրոհայինի սպանությունը լուրջ բողոքներ առաջացրին Իռլանդիայում եւ հանգեցրին ոստիկանության ու շարքային մարդկանց դիմակայության: Մեյրիդ Քորիգանը եւ Բեթի Ուիլյամսը, փորձելով հանգցնել հակամարտությունը, տնետուն էին ընկնում, մարդկանց փորձում հետ պահել բռնությունից, դրանով իսկ նախաձեռնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների որոնում: Նրանք ստեղծեցին «Խաղաղ մարդկանց ընկերակցություն» անվամբ կազմակերպություն եւ, օգտագործելով դրա հնարավորությունները, սկսեցին ստորագրություններ հավաքել հանուն բողոքական ու կաթոլիկ համայնքների միջեւ խաղաղության եւ ընդդեմ փողոցներում զանգվածային բռնությունների խնդրագրի համար: Կազմակերպելով կենտրոններ, որտեղ մարդիկ կարող էին միանալ այդ նախաձեռնությանը, նրանք դրանով իսկ ստեղծեցին երկրում բռնության պարագայում անհապաղ արձագանքի մեխանիզմ: Բացի այդ, նրանք հանդես եկան խառը համայնքներ ունեցող քաղաքները քույր-քաղաքներ դարձնելու նախաձեռնությամբ: Դրա արդյունքում Բեթի Ուիլյամսն ու Մեյրիդ Քորիգանը արժանացան Խաղաղության նոբելյան մրցանակի եւ հետագայում կիսեցին իրենց կուտակած փորձը հակամարտային այլ գոտիներում: Բեթի Ուիլյամսը Խաղաղության նոբելյան մրցանակակիրների հիմնած «Peace Jam»[200] կազմակերպության ակտիվ անդամ է եւ շարունակում է իր խաղաղարար գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում:
Եւս մի կարեւոր կազմակերպություն` «Քորիմիլա» քրիստոնեական համայնքը, որն աշխատում էր միջհամայնքային հարաբերությունների ոլորտում, քրիստոնեական կենտրոններին կոչ էր անում նպաստել համայնքների միջեւ հաշտեցմանը եւ զինված դիմակայությունից հրաժարմանը: Քանի որ այս համայնքի աշխատանքներին մասնակցում էին հիմնականում պացիֆիստները` դրա նախաձեռնությունները կտրուկ քննադատության էին արժանանում ազգայնական խմբերի կողմից: Համայնքի գրասենյակը գտնվում էր Բելֆաստի այն շրջանում, որտեղ կաթոլիկ ու բողոքական համայնքները հարեւանությամբ էին ապրում, եւ հարեւան թաղամասերի բնակիչները, հատկապես երիտասարդներն ու տարեց մարդիկ, խառնամուսնություններով ընտանիքները եւ նախկին զինվորականները կարող էին օգտվել դրանից: Դա մարդկանց թույլ տվեց հավատալ համատեղ աշխատանքի հնարավորությանը, հարմարվել դրան եւ դադարել միմյանց հետ շփվելուց զգուշանալուց[201]: Ամենահետաքրքիր նախաձեռնություններից էին հարեւան բնակավայրերի երիտասարդների համար կազմակերպված ճամբարները, որոնցում երիտասարդներին սովորեցնում էին միջհամայնքային կապեր հաստատել: Արժե նշել, որ «Քորիմիլայի» գործունեությունն ուղղված էր նաեւ քաղաքական կուսակցությունների հետ երկխոսության հաստատմանն ու դրանց ուշադրության սեւեռմանը քաղաքացիական հասարակության խաղաղարար ներուժի բարձրացման վրա:
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հակամարտությունում դիմակայության ու բռնության ուժեղացմանը զուգահեռ զանգվածային լրատվության այն միջոցները, որոնք շահագրգռված են նման դեպքերի մասին հանրության բոլոր շերտերին իրազեկմամբ, հաճախ նույն այդ ինֆորմացիան օգտագործում են միֆերի ստեղծման նպատակով: Այսպես, լուրերի ամենօրյա թողարկումների պատրաստման ժամանակ ԶԼՄ-ները զինված եւ ոչ զինված դիմակայության դեպքերի մասին հաղորդում էին լուրերի վերնագրերում, նպաստելով Հյուսիսային Իռլանդիայի տարբեր շրջաններում նախահարձակ տրամադրությունների ուժեղացմանը: Սակայն 80-ականներից հետո մարդկանց արդեն ձանձրացնում էին նման հաղորդագրությունները, որոնք առնչվում էին հակամարտությանը եւ հատկապես փողոցային բախումներին: Մարդիկ այնպիսի միջավայրի ու լսարանի կարիք ունեին, որտեղ իրենք կարող էին լսել միմյանց հոգսերի մասին, դրանք լուծելու ուղիներ փնտրել ու գտնել: Շփման ամենատարածված խողովակները դարձան հենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկածները: Սակայն դժվար էր կանխատեսել հակամարտության սրման եւ ահաբեկչական խմբավորումների կողմից բռնության վերականգնման ժամանակահատվածները: Խաղաղարար գործունեության մեջ ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չգիտեին ինչ անել անորոշության այդ ժամանակաշրջաններում: Կար այն գիտնականների ու փորձագետների հետ աշխատանքի կազմակերպման անհրաժեշտություն, որոնք ունակ էին համայնքների միջեւ լարվածության նվազմանը եւ բանավեճի միջոցով զինված դիմակայության լուծմանը նպաստող այլընտրանքային տեսակետներ առաջարկել: Այս ոլորտում առանձնակի ավանդ ունի Օլսթերի համալսարանի հակամարտաբանության բնագավառի հետազոտությունների կենտրոնը[202]: Գլխավորապես գիտական շրջանակների հետ աշխատող կենտրոնը նախապատրաստել ու հրապարակել է պատմության եւ հակամարտության բնության վերլուծությանը նպաստող արժեքավոր նյութեր:
Հարկ է առանձնակի նշել Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի դերը խաղաղ նախաձեռնությունների աջակցման գործում: Տեղի ակտիվիստների կողմից ստեղծված այս կազմակերպությունն իր առջեւ նպատակ չէր դնում տեղեկացնել խաղաղարար գործընթացի մասին: Ավելին` դրա հիմնադիրները չէին ուզում, որ իրենց գործունեությունն առնչեն որեւէ քաղաքական հաստատության հետ: Հիմնադրամի գլխավոր նպատակն այնպիսի մթնոլորտի ստեղծումն էր, որը կաթոլիկ եւ բողոքական համայնքներին թույլ կտար մտքերի փոխանակություն կատարել: Ինչպես ցանկացած հակամարտային իրավիճակում` զինված բախումների ու փոխադարձ մեղադրանքների փուլում յուրաքանչյուր խաղաղարար նախաձեռնություն հայտնվում է մամուլի ուշադրության ոլորտից դուրս, ինչի պատճառով էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը չի լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից[203]: Այս կազմակերպության ֆինանսավորած ծրագրերը նպատակամիտված են քաղաքական երկխոսության հաստատմանը եւ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործընթացներում կուսակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցության ապահովմանը: Հարկ է նշել, որ այս կազմակերպությունը հետաքրքրություն է դրսեւորում նաեւ անդրկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Կազմակերպությունն Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում իրականացնում է «Երիտասարդական բանկ» ծրագիր` «Եվրասիա» հիմնադրամի միջնորդությամբ, որն էլ հանդիսանում է նրա տեղական գործընկեր կազմակերպությունը:
Եթե դիտարկելու լինենք հետհակամարտային ժամանակաշրջանում կազմակերպությունների դերը, ապա կնկատենք, որ նրանք հնարավոր ամեն ինչ անում են անցյալի փորձի ուսումնասիրման ու փոխանցման համար` անկախ այն բանից` լա՞վն է այն, թե՞ վատը: Նրանց թվում է «Ապաքինում` հիշողության միջոցով» («Healing Through Remembering») կազմակերպությունը: Այս կազմակերպությունը, որ հիմնադրել են հիմնականում զինված հարձակումների ու ահաբեկչական գործողությունների պատճառով իրենց հարազատներին կորցրած մարդիկ, հանրաճանաչություն է ձեռք բերել դիմակայության մասին մարդկանց հիշեցնող իրերի հավաքչությամբ եւ կենդանի հիշողության թանգարանի ստեղծմամբ, որտեղ էլ ցուցադրվում են այդ իրերը: Կաթոլիկ եւ բողոքական համայնքների ներկայացուցիչները, հանձնելով հակամարտության մասին հիշեցնող իրերը, ձայնագրում են իրենց հիշողությունները, ինչպես նաեւ մասնակցում են ցուցանմուշների ցուցակագրմանը եւ ցուցահանդեսների կազմակերպմանը տարբեր քաղաքներում ու երկրներում: Կազմակերպությունն իրականացնում է «Ներկայացրու քո պատմությունը» ծրագիր, որը միավորում է հակամարտությունից տուժած եւ դրա լուծմանը մասնակցած մարդկանց: Սույն ծրագիրը կարեւոր դեր է խաղում հակամարտության ժամանակաշրջաններում բռնության նկատմամբ անհանդուրժողականության ձեւավորման եւ նոր հայացքների արմատավորման գործում[204]:
Հարկ է նշել, որ խաղաղարար գործունեության իրականացման նպատակով հյուսիսիռլանդական հանրությունում գործում էին հարյուրավոր կազմակերպություններ ու համայնքներին առնչված շարժումներ, որոնք արդեն կատարել են իրենց գործառույթները: Անվիճելի է նրանց ավանդը հակամարտության լուծման ուղիների որոնման գործում: Օրինակ, կարելի է հիշատակել նման շարժումներից մեկը` «Խաղաղության վկաները»[205]: Այն ստեղծել է հոգեւորական Ջո Փարքերը, ում կրտսեր որդին զոհվել է պայթյունից Բելֆաստում: Կարճ ժամանակում նա ավելի քան 8 հազար ստորագրություն հավաքեց հաջակցություն խաղաղության: Բացի այդ, շարժումը մասնակցում էր բախումների ժամանակ զոհվածների գերազմաններին խաչի տեղադրմամբ, ինչպես նաեւ Բելֆաստի կենտրոնում հուշատախտակ է պատրաստել զոհվածների անուններով: Չնայած այն բանին, որ որոշ ժամանակ անց Փարքերը մեկնեց Կանադա, իսկ եկեղեցին էլ հավանության չէր արժանացնում նրա գործունեությունը, շարժումը որոշակի աջակցություն ուներ մարդկանց շրջանում: Այդ համակրանքն աճում էր նաեւ այն պատճառով, որ հոգեւորականը միատեսակ վերաբերմունք ուներ բոլոր գերեզմանների նկատմամբ, անկախ այն բանից` դրանք կաթոլիկների՞ն են պատկանում, թե՞ բողոքականներին:
Պատահական չէ, որ 80-ականների զինված բախումների ժամանակ զոհված անմեղ մարդկանց հուղարկավորություններին ու սգո արարողություններին կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները միասին էին գնում, դրանով իսկ ցույց տալով, որ եկեղեցին տարբերություն չի դնում զոհվածների ազգային ու կրոնական պատկանելության միջեւ: Երբեմն էլ եկեղեցիների ղեկավարների այդ միջնորդական առաքելությունից փորձում էին օգտվել իշխանություններն ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Կրոնական խմբերի ներկայացուցիչները հեշտորեն ընդհանուր լեզու էին գտնում իրենց համայնքների զինված խմբավորումների ու քաղաքական կուսակցությունների հետ եւ հնարավորություն ունեին նրանց ուղերձները փոխանցել քաղաքական գործիչներին ու պետության ներկայացուցիչներին:
Քաղաքացիական կարեւոր նախաձեռնություն իրականացնող եւս մի խումբ էլ «Նախաձեռնություն-92» (Initiative 92) կազմակերպությունն է, որը զբաղվում էր քաղաքացիական հետաքննություններով: Այդ կազմակերպությունը հիմնել է հանձնաժողով, որն աշխատել է 1992-93թթ. եւ որի կազմում ներգրավվել են հեղինակավոր մարդիկ Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից: Հանձնաժողովը քննարկման է ներկայացրել հակամարտության լուծման հնարավոր ուղիներ եւ ապագայի խաղաղ գոյակցության այլընտրանքային եղանակներ:
Երբեմն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձելով ներազդել քաղաքական գործընթացների վրա, հանրային լայն աջակցություն էին որոնում: Այսպես, նրանք իրենց թեկնածուներին էին առաջադրում ընտրություններում եւ ձգտում էին մասնակցել բանակցային գործընթացին: Օրինակ, Հյուսիսային Իռլանդիայի կանանց կոալիցիան, մասնակցելով 1996թ. համընդհանուր ընտրություններին, ստացավ քվեների մեկ տոկոսը: Բացի այդ, քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչներ ընդգրկվեցին Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական երկխոսության ամրապնդման նպատակով ստեղծված քաղաքացիական համաժողովի կազմում: Բելֆաստյան համաձայնագրով նախատեսված եւ քաղաքացիական հասարակության ու քաղաքական կուսակցություների միջեւ կապերի ամրապնդման նպատակով ստեղծված այդ համաժողովը կարճ ժամանակում դարձավ նրանց միջեւ արդյունավետ համագործակցության հիմք:
Արդեն ավելի քան 35 տարի գործող «Falls Community Council» հասարակական կազմակերպությունը տուժել է ու ենթարկվել լուրջ հալածանքների: Գլխավորապես լոյալիստների կողմից աջակցվող եւ հիմնականում լոյալիստական համայնքներում աշխատող այս կազմակերպությունը կարողացել է հակամարտության լուծման գործընթացում ներգրավել համայնքների ներկայացուցիչներին` անկախ հակամարտության քաղաքական կարգավորման արդյունքներից[206]: Այդ կազմակերպության ներկայացուցիչները, մեծամասամբ` կանայք, տնետուն են շրջում եւ հավաքում մարդկանց պատմությունները, ստեղծում նրանց պատմությունների տեսաձայնային արխիվ: Այս կազմակերպությունը պայքարում է կանանց եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, ամեն ինչ անելով, որ նրանց ձայնը լսվի հանրությունում` ի հեճուկս այն ազդեցության, որն ունի կաթոլիկ եկեղեցին առավել պահպանողական համայնքների վրա: Կազմակերպությունը փորձում է հանրությանը համոզել, որ մարդկանց տարանջատող անջրպետը կորցրել է իր նշանակությունը: Կազմակերպության հիմնական նպատակը տնտեսական համագործակցության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման նկատմամբ հանրության հավատի ձեւավորումն է[207]:
Պետք է նշել Եվրոպական Միության առանձնակի դերը քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների ընդլայնման եւ առավելս կայունացման գործում: Հենց Եվրոպական Միության կողմից աջակցություն ստացած ծրագրերն են օգտագործվել դրական հարաբերությունների ձեւավորման եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերի ամրապնդման համար:
Եզրակացություններ ու առաջարկներ
Հյուսիսիռլանդական հակամարտության խորունկ ուսումնասիրումը եւ աշխույժ քննարկումն իրենցից հետաքրքիր օրինակ են ներկայացնում գոյություն ունեցող մյուս հակամարտային օջախների համար, որոնք դեռեւս իրենց լուծմանն են սպասում: Այս տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված գաղափարների ձեւավորման ժամանակ օգտակար կլիներ Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական հասարակության կողմից ձեռքբերված հաջողությունների եւ այն եզրակացությունների ուսումնասիրումը, որոնց այնտեղ հանգել են:
• Հյուսիսիռլանդական հակամարտության լուծման ժամանակ էական դեր է խաղացել հարեւանությամբ ապրող կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների ակտիվիստների կողմից իրենց հնարավորությունների օգտագործումը, ինչն էլ թույլ է տվել վերականգնել հարաբերությունները եւ կանխել դիմակայության խորացումը: Քանի որ Հյուսիսային Իռլանդիայում կրոնական տարբերությունները այնտեղի կյանքի հիմնական տարրերից են` դրանք ի զորու են լուրջ ազդեցություն գործելու սոցիալական խմբերի վրա: Նման փոխգործակցության օրինակը կարող է նպաստել հարաբերությունների մեղմացմանը այլ հակամարտություններում:
• Հյուսիսային Իռլանդիայի բնակչության ինտեգրվելու հակումը մարդկանց օգնել է կարճ ժամանակում լուծել իրենց միջեւ առկա հիմնախնդիրը` դրանով իսկ ընդլայնելով ինքնին ինտեգրման հնարավորությունը: Հենց եվրոպական հաստատություններին ինտեգրվելու ուժեղ հակման առկայությունն է հանգեցրել նրան, որ Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության լուծման գործընթացները եւ ժողովրդավարացումը զուգահեռ են իրականացվել:
• Քաղաքական հաստատությունների ակտիվությունն ու ընտրություններում իրենց ներուժն օգտագործելու հմտությունը ամրապնդել են իրենց իսկ եւ հանգեցրել հակամարտության տեղափոխմանը զինված դիմակայությունից եւ թաղամասերի միջեւ բախումներից դեպի բանակցությունների փուլ, որոնցում աշխուժորեն ներգրավվել են քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հանրության քաղաքական ուժերի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման որոնումների համար այդ փորձի օգտագործումը կարող է փոխել ներկայիս վիճակը: Եթե քաղաքական կուսակցությունները չներգրավվեն այդ գործընթացում` նրանք պատասխանատվություն չեն զգա եւ մշտապես մեղադրանքներ կներկայացնեն հակամարտության լուծման ձգտող իշխանություններին: Հյուսիսային Իռլանդիայում հակառակն է եղել` քաղաքական կուսակցությունները եւ հանրությունը դարձել են այդ գործընթացի մասնակիցները:
• Հակամարտության տարբեր փուլերում զինված խմբավորումները կամ էլ քաղաքական կուսակցությունների կողմից աջակցվող զինյալ խմբերը հայտարարել են կրակի դադարեցման եւ ուժային պայքարից հրաժարման մասին, ինչը հնարավոր է դարձրել նրանց հետ բանակցություններ սկսելը: Այն զինված խմբավորումները, որոնք դրանց թվում չէին հայտնվել, հանրության կողմից բոյկոտի են արժանացել:
• Հյուսիսիռլանդական համաժողովում ներկայացված լինելու ձգտող հանրության առաջատար ուժերի մասնակցությունն ընտրություններին նրանց թույլ է տվել հասարակությունում լեգիտիմության բարձրացման հետ միասին յուրացնել ավելի կայուն քաղաքական պայքար վարելու հմտությունները:
• Բանակցություններ սկսելու մասին Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշումից հետո հանրային վստահության բարձրացման գործում մեծ դեր է խաղացել հակամարտության կողմերի կատարած հանցագործությունների կամ ահաբեկչական գործողությունների դեպքերին առնչված հետաքննությունների անցկացումը:
• Խաղաղության հասնելու նպատակով Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հանրապետության կառավարությունների ձեռնարկած քայլերի հետեւողականությունն ու հաստատակամությունը հանգեցրել են փոխվստահության աճին Հյուսիսային Իռլանդիայում, ինչն էլ նպաստել է որոշումների արագ ընդունմանը:
• Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից դրսեւորված հետաքրքրության շնորհիվ ինչպես քաղաքական, այնպես էլ բարեգործական մակարդակում հարաբերությունների վերականգնման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ակտիվության մեջ ունեցած ներդրումները հանգեցրել են բազմաթիվ նոր գաղափարների ու մոտեցումների ստեղծմանը:
• Սփյուռքի ներկայացուցիչների մոտ հայրենիք վերադառնալու եւ սեփական փորձը կիսելու հնարավորության ի հայտ գալը Հյուսիսային Իռլանդիայի խոշոր քաղաքներում ու հատկապես Բելֆաստում լուրջ ազդեցություն է գործել մարդկանց հարաբերությունների վրա:
• Ակադեմիական ինստիտուտների կողմից հակամարտության վերլուծությանն ու լայն քննարկմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքում հակամարտությունը կարճ ժամանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում: Համալսարաններն ու հետազոտական կենտրոնները նույնպես փորձել են հակամարտության բացառման ուղիներ որոնել:
————————————————————————
187 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии. Accord. Conciliation Resources, 1999, №
- URL: http://www.c-r.org/sites/c-r.org/files/08_Northern%20Ireland_1999_RUS_F.pdf
188 Партии Северной Ирландии. URL: http://news.bbc.co.uk/hi/russian/uk/newsid_1325000/1325141.stm
189 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии.
190 История Ирландской республиканской армии. URL: http://www.azglobus.net/1151-istoriya-irlandskoy– respublikanskoy-armii.html
191 Anglo-Irish Agreement 1985 between the Government of Ireland and the Government of the UK. URL: http://cain.ulst.ac.uk/events/aia/aiadoc.htm
192 The Joint Declaration of 15 December 1993 (Downing St. Declaration). Department of Foreign Affairs and Trade. Ireland. URL: http://www.foreignaffairs.gov.ie/home/index.aspx?id=8734
193 История Ирландской Республиканской Армии.
194 Браницкий А.Г., Чуприко П.Б., Основные факторы мирного процесса в Северной Ирландии на современном этапе. Нижегородский госуниверситет им. Н. И. Лобачевского, 2008 г.
195 Там же
196 Там же
197 поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии
198 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии
199 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии
200 Learn About PeaceJam. URL: http://www.peacejam.org/about.aspx
201 The History of Corrymeela. URL: http://www.corrymeela.org/about-us/history-of-corrymeela.aspx
202 http://www.incore.ulst.ac.uk/
203 The history of the Community Foundation for Northern Ireland. URL: http://www.communityfoundationni.org/About-Us/History-of-the-Foundation
204 URL: http://www.healingthroughremembering.org/
205 R. Fairmichael, The Peace People Experience. URL: http://www.innatenonviolence.org/pamphlets/peacepeople1.pdf
206 URL: www.fallscouncil.com
207 R. Fairmichael, op. cit.