Հարցազրույց ԼՂՀ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ Վահրամ ԲԱԼԱՅԱՆԻ հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում աշխարհասփյուռ հայության հետ հայկական երկրորդ պետականության համագործակցության ներկայիս մակարդակը:
-Ընդհանուր առմամբ Սփյուռք-Արցախ հարաբերությունները, չնայած ջերմ կապեր ունենալու հանգամանքին, իմ կարծիքով բավարար չեն: Այսօր հայության համար անչափ կարեւոր է միասնական ուժերով լուծել բազմաթիվ հարցեր: Եթե մեզ հաջովեց ռազմադաշտում ունենալ հաջողություն, կարծում եմ, հենց արդյունք էր ԼՂՀ-ՀՀ-Սփյուռք համագործակցության, ինչը չի կարելի ասել տնտեսական ոլորտի պարագայում: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ի` միջազգային հանրության կողմից չճանաչված լինելու հանգամանքը հնարավորություն չի ստեղծում, որպեսզի երկիրը լիարյուն շնչի, տնտեսական զարգացում ունենա, օգտվի միջազգային տարաբնույթ հիմնադրամներից: Այդ իսկ պատճառով Սփյուռքի անելիքները հայրենիքի տնտեսության զարգացման գործում բավականին շատ են, քանի որ դրա կարիքը խիստ զգացվում է: Կուզեի շեշտել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ վաղ անցյալում եղել են ԼՂՀ եւ ՀՀ քաղաքացիներ ու, բնականաբար, պետք է մտահոգված լինեն հայրենիքի ճակատագրով, որովհետեւ ինչքան հզոր լինի հայրենիքը, այնքան իրենք իրենց ապահով կզգան:
Իհարկե, սա չի նշանակում, որ սփյուռքահայության կողմից Արցախի ազգաբնակչությունը օգնություն չի ստանում: Դա կա, տեսանելի է` ճանապարհաշինության, դպրոցաշինության, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Նման օրինակների թվարկումը կարելի է շարունակել: Իհարկե, այս ամենը կա, ձեռքբերումները կան, բայց կարծում եմ, որ մեր հայրենակիցներն առավել շատ պետք է ուշադրություն դարձնեն գյուղական բնակավայրերին, արտադրական ենթակառուցվածքները տեսքի բերելուն, մշակութային-կրթական հաստատությունների վերականգնմանը: Իհարկե, պետք է չուրանալ սփյուռքահայության կողմից կատարված բավականին մեծ ներդրումները, բայց ձեռք բերածով չպետք է բավարարվել, որովհետեւ ռազմական դաշտից Ադրբեջանի հետ մրցակցությունը տեղափոխված է տնտեսական դաշտ: Ով այս դաշտում կարողանա հաղթող դուրս գալ, համոզված եմ, հակամարտությունում կշահի: Սա նշանակում է, որ այս ոլորտում մեր անելիքները պետք է բազմապատկել, որպեսզի ապահով լինեն մեր երկրի սահմանները:
-Ըստ Ձեզ` ինչպե՞ս է օգտագործվում Սփյուռքի ներուժը ԼՂՀ ճանաչման գործընթացին նպաստելու ուղղությամբ:
-Իհարկե, այդ առումով մեր կողմից էլ բավականին թերացումներ կան: Ցավոք, ԼՂՀ չճանաչվածության պատճառով մենք հնարավորություն չունենք վարելու ակտիվ արտաքին քաղաքականություն, բայց այդ հնարավորությունն ունի Հայաստանի Հանրապետությունը. ՀՀ դեսպանատների, հյուպատոսությունների եւ արտաքին քաղաքականության ոլորտի աշխատողների համար լայն դաշտ կա սփյուռքահայության հետ աշխատելու տեսանկյունից: Մեր հայրենակիցների մի զգալի մասը շատ դեպքերում տեղեկացված չի լինում հայրենիքի խնդիրերի մասին, չի պատկերացնում, թե ինչի կարիք կա այստեղ: Երբեմն պետք է այդ մարդկանց համոզել, նրանց հետ աշխատանք տանել, ինչը թույլ կտա որոշակի արդյունքների հասնել: Գաղտնիք չէ, որ այսօր տաս միլիոն հայությունից համարյա յոթ միլիոնը դրսում է ապրում, եւ այս ահռելի ուժը մենք պարտավոր ենք հավուր պատշաճի օգտագործել, որովհետեւ, ցավոք, չունենք բնական մեծ ռեսուրսներ: Եթե կարճ բանաձեւելու լինենք` առ այս պահը Սփյուռքի ներուժի օգտագործումը բավարար չէ. հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան օգտագործված ռեսուրսները:
-Սփյուռքից մենք հիմնականում ֆինանսական օգնություն ենք ակնկալում, իսկ ինչու՞ պահանջված չէ սփյուռքահայության ինտելեկտուալ ներուժն Արցախում:
-Այո, համամիտ եմ, որ պետք է Սփյուռքի նաեւ ինտելեկտուալ ներուժն օգտագործել: Քանի որ աշխատում եմ Արցախի պետհամալսարանում, պետք է փաստեմ, որ նման քայլեր այս վերջին տարիներին մեզ մոտ կատարվում են. Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր գիտնականների հետ կապեր են հաստատվել, նույնիսկ մի քանիսին աշխատանքի ենք ընդունել մեզ մոտ: Այս մարդիկ գալիս են մեզ մոտ, դասախոսություններով հանդես գալիս: Կարծում եմ, Սփյուռքի ինտելեկտուալ ներուժի օգտագործման առումով անսահման հնարավորություններ կան, քանի որ գատնիք չէ, որ դրսում շատ գիտնականներ ունենք, որոնց կարելի է օգտագործել տնտեսոթյան այս կամ այն ճյուղը զարգացնելու համար: Իհարկե, թեեւ ֆինանսական տեսանկյունից ինչ-որ համակարգ է ստեղծվել, Համահայկական հիմնադրամը համակարգում է այդ աշխատանքները, բայց տարբեր ոլորտներում համագործակցության տեսնակյունից բացը մեծ է:
-Ի՞նչն է պատճառը, որ պահանջարկ չկա:
-Ոչ թե պահանջարկ չկա, այլ անտարբերության է մատնված մի տեսակ: Տիրություն պետք է արվի, համապատասխան հարաբերությունները պիտի ստեղծվեն, իսկ դրա նախաձեռնությունն առավել շատ այստեղից պետք է լինի, որովհետեւ դրա անհրաժեշտությունը մենք ենք զգում եւ մենք պետք է փորձենք աշխատել այդ մարդկանց հետ:
-Ի՞նչ եք կարծում` ինչու՞ Սփյուռքն Արցախում բավարարվում է իշխանությունների հետ հումանիտար բնույթի համագործակցությամբ եւ համագործակցության եզրեր չի որոնում հանրային ոլորտում, գործուն քայլեր չի ձեռնարկում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արմատավորման ուղղությամբ:
-Ի դեպ, դա նույնպես չօգտագործված հնարավորություններ ունեցող հատված է: Օրինակ, ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում մենք չենք կարողանում օգտագործել կադրային այն ներուժը, որն ունի Սփյուռքը: Բանը նրանումն է, որ թե° ԼՂՀ-ում, եւ թե° ՀՀ-ում պետական համակարգում աշխատողների մեծամասնությունը խորհրդային դաստիարակություն ստացածներն են: Իհարկե, մենք գիտենք դրա եւ դրական, եւ բացասական կողմերը, իսկ աշխարհին ինտեգրվել, մանավանդ Եվրոպայի զարկերակը նորմալ զգալ չենք կարողանում: Կարծում եմ, որ կարելի է Սփյուռքի պաշտոնյաների, գործիչների ներգրավել ժողովրդական տնտեսությունում, պետական կառույցներում, ինչը ոչ միայն հնարավորություն կտա ինտեգրվելու Եվրոպային, ժողովրդավարության գործընթացները խորացնելու մեր երկրում, այլեւ միաժամանակ ավելի կջերմացնի հարաբերությունները ԼՂՀ-ի, ՀՀ-ի եւ Սփյուռքի միջեւ: Այս մարդիկ կբնավորվեն, կապրեն մեզ մոտ, եւ լավագույն ավանդույթները, որ այդ երկրներում գոյություն ունեն, կփոխանցեն մեզ: Խնդիրը նրանում է, որ մարդկանց թվում է, թե պետություն ստեղծելը հեշտ է տասը տարում, մինչդեռ դա բավականին բարդ գործընթաց է: Իշխանական ոլորտներում մշտապես պետք է թարմ ուժեր ներգրավել, որովհետեւ կյանքն այնքան արագ է փոխվում, որ այս մարդիկ հաճախ չեն դիմանում դրան, իսկ թարմ ուժերի ներգրավումն այդ խնդիրների լուծումը հեշտացնում է: Սփյուռքի աջակցությունը բոլոր բնագավառներում, այդ թվում` ձեր կողմից նշած, անհրաժեշտ է:
Գտնում եմ, որ չօգտագործված հնարավորությունների մի հատված էլ բանակաշինության բնագավառն է: Իհարկե, պատրաստի դեղատոմս չունեմ, բայց պետք է մտածել, որ սփյուռքահայերը նույնպես ծառայեն մեր բանակում: Ճիշտ է, սա երկքաղաքացիության հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, բայց, կարծում եմ, պետք է տարբերակներ գտնել: Քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է համարվում, միգուցե հենց իրենից էլ պետք է սկսել պետական մակարդակով` հնարավորություն ստեղծելով, որ հայ երիտասարդը հայկական բանակում ծառայի:
-Սփյուռքի հետ հարաբերությունները դիտարկելիս սովորաբար խնդրո առարկան այն է լինում, թե ինչ կարող է այն տալ ԼՂՀ-ին: Իսկ երկրորդ հայկական պետականությունն ի՞նչ կարող է տալ Սփյուռքին:
-Երկկողմանի հարաբերությունների սերտացման պարագայում երկու կողմերն էլ շահեկան վիճակում կհայտնվեն: Առաջին հերթին` ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն կզարգանան ու կհզորանան, իսկ Սփյուռքը կունենա իր թիկունքում հզոր ազգային պետություններ, որոնք կարող են դրսում գտնվող հայերերին պաշտպանել ու սատարել տարբեր հարցերում: Մյուս կողմից էլ` Սփյուռքը դրանով կհարատեւի, որովհետեւ ազգային հողի վրա հարաբերությունները երիտասարդներին հնարավորություն կտան ավելի շատ շփումներ ունենալ, նրանց մոտ հայրենիքի նկատմամբ առավել ջերմ զգացումներ կառաջանան, նաեւ` հայի ինքնությունը կպահպանվի: Արցախն առավել շատ Սփյուռքին ազգային ոգի կարող է հաղորդել, որովհետեւ ազգային-ազատագրական պայքարում կարողացանք միասնականություն ձեւավորել: Ցավոք, մենք թվով քիչ ենք, բայց միասնականության պարագայում մենք բազում հարցերի կարող ենք լուծում տալ: Հենց Սփյուռքի հետ հարաբերությունների սերտացման պարագայում նրանց կներարկենք, որ Սփյուռքը պետք է ազգային լինի, քաղաքական բոլոր ուժերը` տարակարծություններով հանդերձ, հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված կարեւոր, արմատական հարցերի լուծման պարագայում միասնական լինի: 1980-ականների միանական ոգին, ցավոք, չկա, որը պետք է վերականգնել:
-Իսկ ինչպիսի՞ն եք պատկերացնում Արցախ-Սփյուռք հարաբերություններն ապագայում:
-Կարծում եմ` այդ հարաբերություններն ազգային պետությունների գոյության պայմաններում կամա թե ակամա պետք է ավելի սերտանան, անհնարին է ունենալ երկիր, նրանից դուրս ապրող բնակիչներ ու նրանց հետ հարաբերություններ չպահպանել: Ժամանակի ընթացքում պետք է ստեղծել համապատասխան կառույցներ ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում, նմանօրինակ շփումներն ավելի մեծացնել, չօգտագործված հնարավորություններն առավել շատ իրացնել: Նման զարգացումների պարագայում տարածաշրջանում կդառնանք իրական գործոն` բազմաթիվ հարցերի լուծման ասպարեզում: