Միքայիլ ՄԱՄԵԴՈՎ*
Ջորջ Մեյսենի անվան համալսարանի ադյունկտ պրոֆեսոր
Վիրջինիա նահանգ, ԱՄՆ
2013թ. սկզբին Բաքվի բնակիչներն ու հյուրերը քաղաքում կարող էին տեսնել հետեւյալ պատկերը: Երիտասարդների ամբոխները հավաքվել են հանրապետությունում եւ երկրից դուրս հայտնի գրող Աքրամ Այլիսլու տան մոտ, գոռում, հայհոյում եւ ծածանում էին ոչ պակաս վիրավորական ցուցապաստառներ: Ինչպես հայտնի է, այս ակնհայտորեն կազմակերպված «ժողովրդական վրդովմունքի» պատճառը ռուսաստանյան «Дружба народов» ամսագրում հեղինակի հրապարակած «Քարե երազներ» վեպն էր:
Վեպում Այլիսլին պատմել է 1980-ականների վերջերին եւ 1990-ականների սկզբներին Ադրբեջանում տեղի ունեցած հայ բնակչության կողոպուտի, սպանությունների եւ եղեռնի, ինչպես նաեւ արդի Նախիջեւանի Այլիս (Ագուլիս) գյուղում 1919թ. հայերի զանգվածային գնդակահարության մասին: Ինչպես եւ հարկ էր ակնկալել, վեպի հարուցած արձագանքն ընդհանուր առմամբ առավել քան բացասական էր: Գիրքը պայթած ռումբի արդյունք է ունեցել: Հեղինակին մեղադրել են դավաճանության մեջ եւ զրկել թոշակից ու բոլոր պարգեւներից. նրա գրքերն այրվում էին, նրա եւ ընտանիքի հասցեին հնչում էին հաշվեհարդարի սպառնալիքներ: Ոմանք անգամ պահանջել են ստուգել Այլիսլու ԴՆԹ-ն` պարզելու համար, թե արդյո՞ք նա չունի հայկական արյուն:
Եվգենի Վոյսկունսկի, «Օրիորդի երազներ», Մոսկվա, «Տեքստ» հրատարակչություն, 2000թ.
Սակայն, հարկ է նշել, որ Այլիսլին այդ ողբերգական օրերի մասին միակ գրողը չէր: Այդօրինակ առաջին երկը լույս էր տեսել դեռեւս 1996թ. “Проза Сибири” ամսագիրը հրապարակել էր Եվգենի Վոյսկունսկու «Օրիորդի երազներ» վեպի առաջին տարբերակը, որն այն ժամանակ Բաքվում ոչ մի արձագանք չի առաջացրել: 2000թ. գիրքը լույս է տեսել առանձին հրատարակությամբ, իսկ Այլիսլու «սկանդալային» հրատարակությունից հետո այն երկրորդ անգամ տպագրվել է արդեն 2013թ.: Իհարկե, հնարավոր չէ ուշադրություն չդարձնել գրքերի «Քարե երազներ» եւ «Օրիորդի երազներ» վերնագրերի ակներեւ նմանությանը:
Եվգենի Լեւի Վոյսկունսկին ծնվել է Բաքվում` 1922թ.: Այնուհետեւ, նա ժամանակավորապես Բաքվից ուսման է մեկնել Լենինգրադ` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: Մեծ հայրենականից առաջ նա բանակ է զորակոչվել` 1940թ., իսկ պատերազմի տարիներին ծառայում էր Բալթյան նավատորմում: 1952թ. նա հեռակա կարգով ավարտել է Գորկու անվան գրականության ինստիտուտը` այն ժամանակ հռչակավոր մի կրթօջախ: Նրա աշխատանքների մեծ մասը պատկանում էր գիտական ֆանտաստիկայի ժանրին: Այդ գրքերից շատերը գրվել էին Իսայ Բորիսի Լուկոդյանովի հետ համահեղինակությամբ: 1970թ. Վոյսկունսկին Բաքվից մեկնում է Մոսկվա, բայց նրա «Օրիորդի երազներ» վեպն ամենայն հավանականությամբ գրվել է գրողի այն ընկերների ու մերձավորների թարմ հիշողությունների եւ պատմությունների թարմ հետքերով, որոնք ստիպված են եղել լքել քաղաքն այնտեղ սկսված ջարդերի հետեւանքով: 1991թ. լույս էր տեսել Իրինա Մոսեսովայի առաջին` «Վանդալիզմը Բաքվում» գիրքը: Վոյսկունսկին թերեւս դրան էլ էր ծանոթ:
«Օրիորդի երազները» գիրքը Բաքվի պատմությունն է 20-րդ դարից ի վեր, ինչպես նաեւ այդ բազմազգ քաղաքի` դեպի ազգամիջյան հակամարտություն գահավիժելու ժամանակագրությունը: Գրողը, հավանաբար, լավատեղյակ էր այդ ժամանակ Բաքվի փողոցներում տեղի ունեցած դեպքերին, ընտանիքներում ծագած բանավեճերին, բարդագույն ընտրության առաջ հայտնված եւ Հայրենիքից դեպի Իսրայել, Գերմանիա կամ ԱՄՆ գաղթի ճանապարհ բռնած մարդկանց հոգեվիճակին:
Պատմության էպիկենտրոնում Յուլիա Կալմիկովայի` հայրական ազգանունով Շտայների կյանքն է: Նա խորթ հորից ռուսական ազգանուն ստացած գերմանուհի է: Բայց Վոյսկունսկու հերոսները նաեւ ադրբեջանցիներն են, հայերը, ռուսները, հրեաները, գերմանացիները եւ բոլոր նրանք, ովքեր մի ժամանակ ապրում էին այդ հարավային հյուրընկալ քաղաքում, որի բազմազգ բնակչությունն ընդմիշտ անհետացել է երկրի երեսից: Ինչպես եւ Այլիսլին, Վոյսկունսկին մեր առջեւ բացում է հայերի սոսկալի ջարդերի տեսարանները: Նրա գրքում բազմիցս խոսվում է ողջակիզված հայկական ընտանիքների, կողոպտված բնակարանների եւ կործանված մարդկային ճակատագրերի մասին: Երբեմն, անգամ հայերին կարեկցած եւ ճգնաժամային պահերին ջարդարարներին դռան շեմից ներս չթողած մարդիկ էին պատրաստ լինում շատ էժամ կամ ձրի տիրանալ հայերի բնակարաններին: Արդյո՞ք այդպիսին է մարդու էությունը:
Նրա հերոսներից շատերը խառն ամուսնություններից ծնված մարդիկ են, ովքեր մինչ այդ աներեւակայելի հակամարտության հետեւանքով եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում ապաստանելու տեղ չունեին: Ադրբեջանում նրանք ընդմիշտ կդիտվեն որպես հայեր, իսկ Հայաստանում` որպես ադրբեջանցիներ: Այսպիսի մարդիկ մշտապես դժվարությունների էին հանդիպում նաեւ Ռուսաստանում, որտեղ նրանք բախվում էին 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին սաստկացած հակակովկասյան ֆոբիաներին:
Առանցքային կերպարներից է հայ հորից եւ ադրբեջանցի մորից ծնված բժիշկ Վլադիմիր Ավակովը: Գլխավոր բժիշկը նրան աշխատանքից ազատում է զուտ իր ազգության պատճառով եւ միաժամանակ հուշում, որ եթե նա ժամանակին վերցներ մոր ադրբեջանական ազգանունը, նրա ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր: Ի վերջո, Ավակովին սպանում են ջարդերի ժամանակ` հենց այն պահին, երբ նա մտադիր էր հեռանալ քաղաքից: Ազգականները նրա սառած դին հայտնաբերում են իր իսկ բնակարանում` դանակի տասնյակ հարվածների հետքերով:
Աքրամ Այլիսլու դեմ Ադրբեջանում հնչած մեղադրանքներից մեկն այն էր, որ նա նկարագրել է միայն հայերի կրած հալածանքները՝ լռելով Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման մասին: Ի տարբերություն Այլիսլու՝ Վոյսկունսկին խոսում է նաեւ Հայաստանից ադրբեջանցիների բռնի տեղահանման մասին: Դրվագներից մեկում երազների (այսօր էլ հանրապետությունում այսպես են կոչում նախկին երեւանաբնակ եւ, առհասարակ, Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին) մի խումբ փորձում է հաշվեհարդար տեսնել Յուլիայի դուստր Նինայի հարեւանությամբ բնակվող Գալստյան ընտանիքի նկատմամբ: Յուլիայի փեսա Պավլիկը լսում է ջարդարարների եւ իր հարեւան Համիդի խոսակցությունն այն մասին, որ այդ ընտանիքի պապն Ադրբեջան փախուստի ժամանակ սառել էր Զանգեզուրի լեռներում: Իրավիճակը որքան առեղծվածային է, այնքան էլ ողբերգական: Այդ ճգնաժամային պահին Պավլիկը լսում է ծերուկի մահվան պատմությունը եւ սարսափում:
Պարադոքսն այն է, որ Պավլիկն ու նրա ընտանիքը վախեցած են՝ իրենց հայ հարեւաններին թաքցնելու համար, բայց, միեւնույն ժամանակ, Պավլիկը չի կարող անտարբեր մնալ լեռներում սառած դժբախտ ադրբեջանցի ծերուկի պատմությունը լսելիս: Հարկ է նշել, սակայն, որ բժիշկ Ավակովի մահվան եւ Բաքվում հայկական ջարդերի նկարագրությունը Վոյսկունսկու մոտ շատ ավելի տպավորիչ է, քան Հայաստանից ադրբեջանական բնակչության արտաքսման հիշատակությունը: Հիշեցնեմ, որ Ղարաբաղյան ճգնաժամից առաջ Հայաստանում բնակվում էր շուրջ 200–250 հազար ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում՝ մոտ 400 հազար հայ: Միայն Բաքվում ապրում էր 250 հազարից ավելի հայ: 1990-ական թվականներին երկու հանրապետություններն էլ ձերբազատվել էին իրենց «անցանկալի էթնիկական փոքրամասնություններից»՝ արտաքսելով նրանց: Վոյսկունսկու հերոսներից մեկը տեսնում է փողոցում պարող երիտասարդների: Նրանք երգում էին «Ռուսներին` Ռյազան, թաթարներին` Ղազան, հայերին` Երեւան, հրեաներին` Բիրոբիջան»: Արդյո՞ք ինչ-որ մեկը հիմա էլ մտածում է, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ է ձերբազատվել ազգային փոքրամասնություններից:
Վոյսկունսկին նաեւ շատ լավ է պատկերել, թե ինչ կատաղի բանավեճ էր ծագում բաքվաբնակ ընտանիքներում Ղարաբաղի պատմության, ազգային խնդրի եւ քաղաքական այն հարցերի կապակցությամբ, որոնց մասին մարդիկ հիմնականում աղոտ պատկերացում ունեին, բայց որոնք ամենաանմիջական ազդեցություն էին գործում իրենց առօրյա կյանքի վրա:
Պակաս ծանր չէր շատ բաքվեցիների առջեւ ծագած արտասահման` Իսրայել, Գերմանիա կամ ԱՄՆ, գաղթելու հարցը: Երբ Պավլիկը Յուլիային տեղյակ է պահում Իսրայել մեկնելու իր մտադրության մասին, դա նախ զարմանք, ապա սարսափ, իսկ հետո ցասում է առաջացնում աներոջ` հին կոմունիստ, վետերան եւ կուսքարոզիչ Սերգեյ Բեսպալովի մոտ: Սակայն քաղաքում իրավիճակի կայուն վատթարացման եւ խորհրդային կարգերի փլուզմանը զուգընթաց, հատկապես Վոլոդյա Ավակովի սպանությունից հետո նրա համար էլ է պարզ դառնում, որ քաղաքում մնալն այլեւս անհնարին է: 1990թ. հունվարի 19-ին քաղաք է մտնում խորհրդային բանակը, որի արձակած պատահական գնդակից զոհվում է Սերգեյ Բեսպալովը: Յուլիա Կալմիկովան, այնուամենայնիվ, մերժում է իր դստեր` Նինայի առաջարկներն Իսրայել` Նացերետ Իլլիտ (Նազարեթ), տեղափոխվելու վերաբերյալ:
Վոյսկունսկին իր վեպն ավարտում է Հիսուսի խաչելության եւ հարության աստվածաշնչյան պատմության մասնակի փոփոխված վերաշարադրմամբ: Յուլիայի դուստրն այժմ բնակվում է այն քաղաքում, որտեղ ըստ ավանդության ծնվել է Հիսուսը: Գրքի սկզբում հեղինակը մարդու էության շարունակական բարեփոխման մասին Վոլտերի բնաբանով հանգում է այն եզրակացությանը, որ, այնուամենայնիվ, պետք է հավատալ տարածաշրջանային ներկայիս ճգնաժամի դրական հանգուցալուծմանը: Խաչելությունը խորհրդանշող չարչարանքների, դժբախտությունների, դառնությունների, անմեղ մարդկանց սպանության եւ պատերազմների միջով անցած մարդիկ ի վերջո կհասնեն Քրիստոսի հարություն խորհրդանշող խաղաղությանն ու կայունությանը: Ղարաբաղյան հրադադարի քսանամյա տարեդարձին իսկապես կամենում ենք հուսալ, որ մեզ ի վերջո կհաջողվի հասնել որոշակի դրական արդյունքի եւ փոխզիջման:
Մարիա Մարտիրոսովա, «Հիշատակի լուսանկար», Մոսկվա, «Կոմպաս Գիդ», 2012թ.
Երկրորդ ոչ պակաս կարեւոր եւ քննադատների կողմից զարմանալիորեն անտեսված «Հիշատակի լուսանկար» վեպը պատկանում է Մարիա Մարտիրոսովայի գրչին:
Վեպն ունի ինքնակենսագրական բնույթ. այն նախապես հասցեագրված էր հեղինակի ընկերների եւ մերձավորների նեղ շրջանակին, բայց ավելի ուշ Մարտիրոսովան որոշել է այն լայն լսարանի համար մատչելի դարձնել: Մարտիրոսովան սկսնակ գրող է, երիտասարդ գրողների համար նախատեսված բազմաթիվ պարգեւների արժանացած մարդ, Աքրամ Այլիսլու եւ Եվգենի Վոյսկունսկու պես Գորկովի անվան Գրականության ինստիտուտի շրջանավարտ: Նրա գրչին են պատկանում երեխաների եւ պատանիների համար գրված բազմաթիվ ստեղծագործություններ: Սակայն իր «Հիշատակի լուսանկար» երկն առանձնահատուկ աշխատանք է, որն ուղղված չէ սոսկ երիտասարդությանը, թեեւ առաջին անգամ լույս է տեսել 2007թ. խորհրդային ժամանակներից ի վեր հայտնի «ԽՏրՑպՐե պիոներական ամսագրում:
Հեղինակի վկայությամբ` գիրքը նկարագրում է միանգամայն իրական իրադարձություններ. հորինված են միայն երկրորդական մանրամասները եւ փոփոխված են հերոսների իրական անունները: Հեղինակն առաջնորդում է մեզ գլխավոր հերոսուհու լուսանկարներով` պատմելով 21-րդ դարի շեմին քաղաքի պատմության ամենողբերգական դրվագները: Ընթերցելով «Հիշատակի լուսանկար» վեպը` մենք հաղորդակից ենք դառնում հերոսուհու ճակատագրին, իրենց կյանքի ելեւէջներին Հայրենական մեծ պատերազմի ավարտից մինչեւ 1980-ականների վերջն ընկած ժամանակահատվածում: Այս իմաստով գիրքն ինչ-որ բանով նման է Այլիսլու «Քարե երազներ» եւ Վոյսկունսկու «Օրիորդի երազներ» գրքերին:
Պատմության կենտրոնում Մարգո (Մարգարիտա Մանուկյան) անունով հայ աղջկա պատմությունն է, որի անունն ունի երկակի նշանակություն: Նախ եւ առաջ՝ Մարգոն ֆրանսերենից թարգմանաբար մարգարիտ է նշանակում: Մարգոյի ծնողներին երկար չէր հաջողվում երեխա ունենալ, իսկ երբ մեծ ուշացմամբ նրանք զավակ են ունեցել, փոքրիկի անունը դրել են Մարգո՝ որպես ճակատագրի պարգեւ սպասման բազում տարիներից հետո: Բայց Մարգոն նաեւ թագուհի Մարգարիտա Վալուա (1553- 1615)՝ թագավոր Հենրիխ Դ Նավարացու կնոջ անունն էր, որին վիճակվել էր ականատեսը դառնալ 1572թ. օգոստոսի 23-ի լույս 24-ի Սբ. Բարդուղիմեոսի գիշերվա արյունալի իրադարձություններին: Սակայն Մարգո անունը նաեւ գեղեցկության եւ կարեկցանքի խորհրդանիշ էր, քանի որ, համենայն դեպս` նախկին ԽՍՀՄ-ում այս կերպարը հայտնի էր հայր Ալեքսանդր Դյումայի համանուն գրքից:
21-րդ դարի շեմին բազմազգ եւ կարծես թե միանգամայն կայուն քաղաքում ոչ մեկի մտքով չէր անցնում, որ շուտով նրա փողոցները նմանվելու են 16-րդ դարավերջի Փարիզին: Իր գրքի սկզբում հեղինակը նկարագրում է հետպատերազմյան քաղաքը, որտեղ համերաշխ խաղում են ադրբեջանցիների, հայերի, ռուսների եւ հրեաների երեխաները, եւ ոչ ոքի մտքով անգամ չի անցնում հարցնել միմյանց ազգային պատկանելության մասին: Սակայն 1980-ականների վերջերին, երբ «Երեւանում եւ Ղարաբաղում հայերը պահանջեցին Ղարաբաղն, ըստ իրենց պնդման, հետ վերադարձնել Հայաստանին», Անդրկովկասում սկսվեց ազգամիջյան հարաբերությունների կտրուկ սրում: Եվ ահա Մարգոյի համադասարանցի Գրիշայի մայրը հարցնում է քաղաքում կոտորածի հնարավորության մասին: Այդ ժամանակ Մարգոն հերքում էր այդ գաղափարը` համարելով այն միանգամայն ահնարին ու անհեթեթ: Բայց չէ՞ որ Ռաիսա Իոսիֆովնան, որպես ավելի տարիքով ու ավելի փորձառու մարդ, կարող էր հիշել ու իմանալ ոչ միայն Սբ. Բարդուղիմեոսի գիշերվա, այլեւ 1905թ. Հայ-թաթարական պատերազմների ու 1918թ. Բաքվի մարտյան դեպքերի մասին: Նա կարող էր իր ծնողներից լսել նաեւ 1915թ. հայոց ցեղասպանության կամ 20-րդ դարասկզբի Ռուսաստանում հրեաների ջարդերի մասին: Այդ ժամանակ շատ քչերն էին հավատում, որ ազգայնամոլության եւ այլատյացության ուրվականը կրկին կսկսի դեգերել ԽՍՀՄ այժմ արդեն նախկին հանրապետություններով:
Այլիսլու եւ Վոյսկունսկու նման Մարտիրոսովան մեր առջեւ բացում է ազգամիջյան հակամարտությունների քաոսն ընկղմվող քաղաքի ողբերգությունը: Ահա Դանիելյան եղբայրներն այլեւս դասի չեն գալիս, իսկ նրանց տեղում նստած են Հայաստանից եկած փախստականները: Ի՞նչ տարօրինակ խոսք՝ փախստական: 1980-ականների վերջում այն կրկին շրջանառության մեջ է մտել՝ Մեծ հայրենական պատերազմից հետո առաջին անգամ: Եվ ահա Մարգոն առաջին անգամ լսում է Սբ. Բարդուղիմեոսի գիշերվա մասին: Նա առաջին հերթին հանրագիտարանն է բացում եւ տեղեկանում, որ դեպքը շատ վաղուց Ֆրանսիայում է պատահել: Բայց արդյո՞ք նման բան կարող է նաեւ իր հարազատ քաղաքում պատահել, որտեղ մարդկանց ամբոխները հակահայկական կարգախոսներով արդեն փողոցներ են թափվել:
Սակայն Մարգոյի հայրը` Գարիկը, քաղաքի հայտնի լրագրողներից է եւ կարծում է, որ եթե երկիրը կանգնել է վերակառուցման` պերեստրոյկայի ուղու վրա, ապա դրա մեջ ոչ մի վատ բան չկա, եւ ամեն ոք իրավունք ունի բարձրաձայն իր կարծիքն արտահայտելու:
Ժամանակակիցներն այդ ժամանակահատվածին տարբեր գնահատականներ են տալիս: Ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանն իր «Գուգարք» վեպում գրում էր, որ այն ժամանակ (առնվազն բնակչության ադրբեջանական հատվածի մոտ) մարդկանց գլուխները մթագնած էին եւ քչերն էին հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունենում: Որոշ ադրբեջանցիների համար դա մեծ սպասումների եւ հույսերի շրջան էր: Սակայն, այն հույսերը, թե անկախանալուց հետո Ադրբեջանն ազատություն կստանա, չեն արդարացել: Ցավոք, անկախությունն ու ազատությունը տարբեր բաներ են, եւ այս պնդումը ճշմարիտ է թե՛ Ադրբեջանի, եւ թե՛ Հայաստանի պարագայում: Բայջանը շատ քննադատաբար էր վերաբերվում այդ ժամանակ տեղի ունեցած դեպքերին եւ իր վեպում նշել է, որ «հրապարակում (Լենինի հրապարակում, որտեղ անցկացվում էր ցույցերի գերակշիռ մասը) հավաքված մարդիկ կորցրել էին իրականության զգացումը»: Բնակչության հայկական հատվածի, ինչպես նաեւ շատ ռուսների եւ հրեաների համար այդ ժամանակահատվածն ավելի նման էր հարթմնի մղձավանջի:
«Հիշատակի լուսանկար» վեպում մանկան աչքերով մենք տեսնում ենք քաղաքում արագորեն վատթարացող իրավիճակի եւ տարբեր ազգություններին պատկանող մարդկանց միջեւ արագորեն սրվող հարաբերությունների դաժան պատկերներ: Մարգոյի համադասարանցիները դադարում են խոսել իր եւ մնացած հայ աշակերտների հետ: Նրանցից շատերը հրաժարվում են անգամ նրա հետ մի նստարանի նստել: «Էրմենի» բառը ստանում է անարգ այլազգուն եւ անգամ թշնամուն մատնանշելու երանգ: Դասարանում նստած Մարգոն տեսնում է, որ ադրբեջանցի աշակերտները հայ համադասարանցիներին դպրոցից վտարելու կոչով գրություն են շրջանառում: Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետությունը բռնել է մոնոէթնիկ պետության ստեղծման ուղին՝ այդ գործընթացի մեջ ներառելով անգամ դպրոցականներին եւ պարարտ հող ստեղծելով բռնկվող հակամարտության համար:
Պետք է նշել, որ համանման գործընթացն սկսվել կամ արդեն իսկ ավարտվել էր նաեւ հարեւան Հայաստանում: Աննա Աստվածատրյանը ԱՄՆ-ում լույս տեսած իր «Պատմություն. արտաքսում դեպի անէություն» գրքում նկարագրում է, թե ինչպիսի բացասական վերաբերմունքի է արժանացել հենց Երեւանի դպրոցում, որտեղ այլեւս ոչ մի ադրբեջանցի չկար: Իր համադասարանցիները նրան թուրք էին անվանում: Հայաստանում այդ ժամանակ արդեն ադրբեջանցի-թուրք չէր մնացել…
Ազգամիջյան հարաբերությունների թեժացումը տեղի էր ունենում երկու հանրապետությունում էլ: Դա շատ լավ երեւում է թե՛ գեղարվեստական գրականության, եւ թե՛ ականատեսների հուշագրությունների մեջ: «Եթե քեզ հարցնեն, թե ազգությամբ ո՞վ ես, ասա՛, որ ռուս ես կամ հրեա», – Մարգոյին դպրոց ճանապարհելիս սովորեցնում է Գրիշայի մայրը՝ Ռաիսա Իոսիֆովնան:
Ազգայնամոլական խրախճանքի կիզակետում գտնվող հանրապետությունում հանկարծ հասնում է Հայաստանում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժի մասին լուրը: Ըստ լուրերի` Սպիտակ եւ Լենինական քաղաքները գրեթե անհետացել են երկրի երեսից: Մարգոն սարսափով նայում է հեռուստացույցի էկրանին ու տեսնում փլատակների տակից երեւացող զոհված երեխայի ձեռքը: Բայց ավելի շատ նա սարսափում է հաջորդ օրը, երբ դպրոցում նկատում է որոշ համադասարանցիների անթաքույց ուրախությունը: Ցավոք, վեպի այս հատվածը հաստատվում է բազմաթիվ այլ աղբյուրներով: Նյու-Յորքում լույս տեսած «Կործանում» հուշագրքի հեղինակ Ռոնալդ Ռեշետիկովը նույնպես նկարագրում է Բաքվում հայաստանյան երկրաշարժի առթիվ տիրած զանգվածային ուրախությունը: Ի հաստատումն իր խոսքերի նա հղում է կատարում նաեւ գեներալ Լեբեդի հուշերին, որն այն ժամանակ իր զորքերով Բաքվում էր գտնվում:
Մարգոյի՝ դպրոցում լինելու վերջին օրերին նրա վրա հարձակվում է իր իսկ համադասարանցի Ջվանշիրը: Նա կոտրում է երեխայի քիթը, բայց կռվարարին կանգնեցնում է հենց հայերի հալածանքներից Հայաստանից Բաքու փախած երազ Մամեդը: Հետքրքրական է, որ Այլիսլու մոտ բոլոր երազները ներկայացված են ամենաբացասական լույսի ներքո: «Քարե երազներ» վեպը սկսվում է այն դրվագով, երբ հանրապետական հիվանդանոց են տեղափոխում երազների կողմից դաժան ծեծի ենթարկված հայտնի դերասան Սադիղլուն: Բայց Մամեդն էլ է երազ: Ոչ բոլոր երազներն են նույնական: Մամեդը պատմում է Մարգոյին, որ իր ընտանիքն էլ Հայաստանում է ծանր օրեր ապրել: Նրա հայրը բազմիցս ծեծի է ենթարկվել, իսկ քրոջը թույլ չէին տալիս դպրոց գնալ:
Այս միջադեպից հետո Մարգոյի ընտանիքը վերջապես որոշում է Բաքվից մեկնել Մուրմանսկ: Բայց մեկնելու նախօրեին իրենց բնակարանի վրա ջարդարարներ են հարձակվում: Մահճակալի տակ թաքնված Մարգոն լսում է, թե ինչպես իր մայրն ու ընտանիքի ընկեր մի ադրբեջանցին բնակարան ներխուժած ամբոխին փորձում են համոզել հեռանալու: Ժամանակին օգնության եկած զինվորականների շնորհիվ Մարգոն փրկվում է, բայց նրա հորը սպանում են մեկ այլ տեղ, իսկ մայրը շուտով սրտի կաթվածից մահանում է Մուրմանսկի հիվանդանոցում:
Մնալով միայնակ` Մարգոն արտագաղթում է ԱՄՆ` իրենց ընտանիքի բարեկամ քեռի Վովայի հետ (վեպում չփոփոխված միակ անունը), բայց, հավանաբար, գրքի հեղինակն այնուհետեւ վերադառնում է Ռուսաստան: Բաքվից հեռանալուց անմիջապես առաջ Մարգոյի ընկեր հրեա տղա Գրիշան նրան ի հիշատակ նվիրում է Ալեքսանդր Դյումայի «Մարգո թագուհի» վեպը:
Մարտիրոսովայի գրքի ամենամեծ արժեքն այն է, որ այն մեզ թույլ է տալիս Բաքվի ողբերգական դեպքերը տեսնել դեռահաս աղջնակի աչքերով: Մարգոյի աչքերով մենք տեսնում ենք բազմազգ հասարակության կործանման ողբերգությունը եւ այն ժամանակվա էթնիկական հակամարտությունների հորձանուտում հայտնված մարդկանց ճակատագրերը: Յուր ժամանակին Տյուտչեւը գրել էր. «Երանի նրան, ով այս աշխարհն այցելել է նրա բախտորոշ պահերին»: Հիշվում են նաեւ միտչելովյան ցինիկ Ռետ Բաթլերի խոսքերը. «Երբ կործանվում են կայսրությունները, դա հետաքրքրությունից զուրկ երեւույթ չէ»: Արժե հավելել, որ այդ կայսրությունների փլատակների տակ զոհվում են միլիոնավոր մարդիկ:
Պատմական իրադարձությունները հասկանալու գործում գեղարվեստական գրականության դերը չափազանց մեծ է: Նույնիսկ շատ գրագետ մարդկանց մեծամասնությունը քիչ է կարդում պատմական կամ քաղաքագիտական բնույթի գիտական աշխատասիրություններ` նախընտրելով գեղարվեստական գրականությունը: Ուսյալ մարդկանցից շատերը ծանոթ չեն 16-րդ դարի Ֆրանսիայի պատմությանը նվիրված գիտական աշխատություններին, բայց նրանց մեծամասնությունն անկասկած կարդացել է Ալեքսանդր Դյումայի «Մարգո թագուհի» վեպը: Ազգամիջյան հակամարտությունների եւ պատերազմների մասին գեղարվեստական երկերը պետք է երկար մնան ժամանակակիցների գիտակցության մեջ, քանի որ սեփական Հայրենիքը սիրելը չի նշանակում պատերազմել հարեւանի հետ: Եվ սա շատերին է վերաբերվում:
*Միքայիլ Մամեդովը ստացել է պատմության գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում: Մամեդովը ստացել է նաեւ պատմության մագիստրոսի կոչում Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում: Նա Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ամբիոնի շրջանավարտ է: Միքայիլը ռուսալեզու եւ անգլալեզու բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է: Նրա ուսումնասիրությունները տպագրվել են «Russian Review», «Russian History», «Средняя Азия и Кавказ» պարբերականներում եւ politcom.ru համացանցային հարթակում: Նա Ռուսաստանի քաղաքականության եւ Եվրասիայի պատմության հարցերով բազմաթիվ գիտական համաժողովների մասնակից է: