Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ
Սույն թվականի մայիսի հեռախոսավարձը մուծելիս զարմանքով նկատեցի, որ 6 000 դրամ ավել պիտի վճարեմ: Մնացի տարակուսած: «Ղարաբաղ Տելեկոմի» բարետես աշխատակցուհին իմ խնդրանքով ներկայացրեց վերոհիշյալ ամսվա ծառայությունների ամփոփաթերթիկը, որից պարզեցի, որ այդ 6 հազար դրամը ինչ-որ «Գիգա 1» փաթեթի գինն է:
Սա ի՞նչ «Գիգա 1» է, դա ի՞նչ փաթեթ է՝ մնացի տարակուսած: Աշխատակցուհին բացատրեց, որ դա շարժական ինտերնետ ծառայություն է՝ բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվելու համար:
Ստիպված էի բացատրել, որ տանը ես շատ թե քիչ նորմալ արագությամբ ինտերնետ ունեմ, աշխատավայրում` նույնպես: Իսկ շատ համեստ հեռախոսս ինձ ծառայում է բացարձակապես որպես հեռախոսային կապի, հաղորդակցման միջոց: Ինձ բացատրեցին, որ երեւի մեկ ուրիշն է իմ հեռախոսի մեջ միացրել այդ «Գիգա 1»-ը:
Քանի որ իմ այդ երկրորդ հեռախոսը հիմնականում տանն է լինում, նրանից կարող էր «օգտվել» միայն 6-ամյա մեր փոքրիկը: Դե եկ ու պատկերացրու, որ փոքրիկը թվերով ինչ-որ գործողություն է անում եւ հեռախոսիս մեջ «ամրացնում» ինչ-որ «Գիգա 1»… Աբսուրդի թատրոն է: Հարցրի` բայց այդ «Գիգա» փաթեթից գոնե կես բայթ օգտագործող եղե՞լ է: Ասացին` ոչ, բացարձակապես չի օգտագործվել: Այդ էր պակաս, որ օգտագործեին. ախր իմ այդ հեռախոսային սարքում ինտերնետային կապի ծրագիր ընդհանրապես չկա…
Ինձ խորհուրդ տվեցին դիմումների եւ բողոքի բաժնում նամակ-դիմում գրել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Գարեգին Օդաբաշյանին: Դիմումը գրեցի: Ասացին, որ անհրաժեշտ է նաեւ անձնագրիս պատճենը: Այդ հարցն էլ լուծեցի, չնայած «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» ԼՂՀ օրենքում ոչ մի կետ չկա առ այն, որ քաղաքացին պետք է դիմումին կցի իր անձնագրի պատճենը:
Նույն օրենքով, դիմումը ստանալուց 15 օր հետո (բացառությամբ լրացուցից ուսումնասիրության) պետք է ինձ պատասխանեին: Բայց քանի որ այդ ժամանակահատվածում ոչ մի պատասխան չստացա, կրկին դիմեցի ՂՏ դիմումների եւ բողոքի բաժին: Համակարգչով պարզեցին, որ դիմումիս «բացասական» պատասխան է տրվել: Նաեւ զարմացան՝ իսկ ձեզ չե՞ն ասել:
Խնդրեցի ներկայացնել Գ. Օդաբաշյանի պատասխանը՝ հիմնավորված, պատճառաբանված: Ասացին, որ ինքը սովորաբար չի պատասխանում՝ «այո» կամ «ոչ» է:
Ահա թե ինչ: Ասացի, որ ուզում եմ կրկին դիմում գրել ու հիմնավորված պատասխան պահանջել: Թող բացատրի, թե ինչո՞ւ 6 հազար դրամ պիտի մատուցեմ մի բանի համար, որից երբեք չեմ օգտվել ու գաղափար չունեմ, թե ինչպես է հայտնվել իմ հեռախոսահամարում: Պարզվեց, որ կրկին պիտի ներկայացնեմ անձնագրիս պատճենը…
Ի դեպ, նախքան դիմումս գրելը, ինձ ասել էին, որ հնարավոր է հունիս ամսվա համար եւս մուծեմ 6 000 դրամ, քանի որ իմ հեռախոսում «Գիգա 1» փաթեթը ակտիվացված է: Դա էլ ստուգել տվեցի: Ասացին՝ արդեն ապաակտիվացած է: Ակտիվացման ու ապաակտիվացման ձեւերն էլ իմացա: Պատկերացրեք՝ մեր փոքրիկը նախապես բջջայինիս մեջ կատարում է *200*1# գործողություն, հեռախոսիս մեջ ինչ-որ ինտերնետային փաթեթ ակտիվացնում, մի քանի օր հետո թաքուն կրկին ձեռքը վերցնում հեռախոսս, այս անգամ *200*0# գործողությամբ ապաակտիվացնում այն, որն ինձ վրա նստում է 6 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես այնքան գումար, որքան պիտի տամ ու կոշիկ գնեմ փոքրիկի համար՝ նոր ուսումնականին փոքրիկին կոշիկ է պետք…
* * *
Ոչ մի կասկած չունեմ, որ այս ամենը ծուղակ է: Բաժանորդից հավելյալ դրամ կորզելու ձեւ: Ըստ երեւույթին, «Ղարաբաղ Տելեկոմին» քիչ է թվում ամեն ամիս առնվազն 50-60 հազար բաժանորդներից հենց այնպես գանձվող 1200 դրամ բաժանորդավճարը… Գլուխը՝ քարը: ՂՏ-ի անհամարժեք բարձր գների, բաժանորդներից առավելս շատ կորզելու նրա գործելաոճի մասին շատ են գրվել՝ թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան մամուլում:
Բայց ամենամեծ ողբերգազավեշտն այն է, որ այդ ընկերությունն ամեն տարի տասնյակ հազարարավոր բաժանորդներից հավելյալ գանձված գումարի մի մասով իր կատարած այս կամ այն ժեստը ներկայացնում է որպես բարեգործություն:
Առայսօր կապի մենաշնորհն Արցախում պատկանում է «Ղարաբաղ Տելեկոմին»: Ու դա նրան լայն հնարավորություն է տալիս կամայական գներ սահմանելու եւ «Գիգա 1» տիպի զանազան «օպերացիաներ» սարքելու բաժանորդների գլխին:
Ահա սրանք են մենաշնորհի պերճանքն ու թշվառությունը…Այլ կերպ լինել չի էլ կարող՝ քանի դեռ ոլորտում մրցակցություն չկա: Անհամբեր սպասում եմ այն երջանիկ օրվան, երբ Արցախում կհայտնվի երկրորդ օպերատորը, եւ ես ընտրության հնարավորություն կունենամ: Ու ինձ հետ հաշվի կնստեն: