Ալան ՉՈՉԻԵՎ *
Պատմական գիտությունների դոկտոր
Գերմանիա
Կրեմլը բոլոր լուծումները փոխադրել է ուժային խաղերի ոլորտ եւ վերանայել Հարավային Օսիայում իր նպատակի ձեւակերպումը: Այսինքն, այն պահից ի վեր, երբ Կրեմլը հրաժարվել է ՄԱԿ-ում իր իսկ նախաձեռնած հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքները բարձրաձայնելու բազմիցս հայտնած մտադրությունից, Կրեմլի նպատակն է դարձել սոսկ Հարավային Օսիայի տարածքն` առանց բնակչության կամ վերջինիս նվազագույն քանակով յուրացնելը:
-Պարոն Չոչիեւ: Որքանո՞վ է ՀՕՀ ներկայիս պետականությունը համապատասխանում Հանրապետության հիմնադրման շրջանում Ձեր ունեցած պատկերացումներին:
-Ես ձեր հարցը կբաժանեի երկու մասի` պետականություն ու հանրապետություն: Հանրապետությունը ձեւական իմաստով, այսինքն` կառավարման մարմինները, ստեղծվել է դեռեւս 1991-92 թթ.:
Մնացել է ամենակարեւորը` ստեղծել պետականություն, որը հարցի ձեւի մեջ նեղ իմաստով նշանակում է ունենալ հարկատու քաղաքացի: Հարավային Օսիայում դրա նպաստավոր լավագույն հնարավորությունները կային 1992 թ. մարտից մինչեւ այն պահը, երբ Կրեմլը` Կոսովոյի շուրջ սեփական ուժային եւ իրավական խաղերում պարտություն կրելուց հետո, Արեւմուտքին է զիջել նաեւ այս մրցակցության իրավական բլոկը եւ դուրս է բերել ՀՕՀ շուրջ խաղերն իրավական դաշտից: Դա տեղի է ունեցել անգամ ի հեճուկս 2006 թ. Մոսկվայի նախաձեռնած անկախության հանրաքվեի եւ նույն թվականին կայացած ՀՕՀ նախագահի ընտրությունների:
Այսպիսով, Կրեմլը բոլոր լուծումները փոխադրել է ուժային խաղերի ոլորտ եւ վերանայել Հարավային Օսիայում իր նպատակի ձեւակերպումը: Այսինքն, այն պահից ի վեր, երբ Կրեմլը հրաժարվել է ՄԱԿ-ում իր իսկ նախաձեռնած հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքները բարձրաձայնելու բազմիցս հայտնած մտադրությունից, Կրեմլի նպատակն է դարձել սոսկ Հարավային Օսիայի տարածքն` առանց բնակչության կամ վերջինիս նվազագույն քանակով յուրացնելը: Իրավիճակը Կրեմլի կողմից նախապատրաստվում էր երկու տարի եւ հասունացել է 2008 թ. օգոստոսին:
Սակայն Կրեմլի` Սաակաշվիլու ձեռքով ծրագրված ցեղասպանությունը «Սաակաշվիլու մեղքով» չի հաջողվել, իսկ ՀՕՀ տարածքում փրկչի դերում մնալը Ռուսաստանին թույլ չէին տալիս ցեղասպանության համար աննշան զոհերը:
-Այդ դեպքում ինչո՞ւ Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը:
-Քանի որ Վրաստանին ցեղասպանության համար մեղավոր հայտարարելու իրավական պաշարն այլեւս անհնար էր օգտագործել «ցեղասպանությունից փրկված օսերի» տարածքում ամրանալու համար, Կրեմլը հարկադրվել է ճանաչել ՀՕՀ անկախությունը: Եվ արդեն նոր կարգավիճակում հայտնված ՀՕՀ-ի հետ Ռուսաստանը կնքել է Հարավային Կովկասի այս մասում ներկա լինելու եւ ռազմակայաններ ունենալու պայմանագրեր:
2008 թվականից հետո բոլոր իրադարձությունները, մասնավորապես, 2011 թ. նոյեմբերից մինչեւ 2012 թ. գարունը տեւած ընտրությունները բացահայտում են Կրեմլի` տարածքի բնակչության նվազագույն ինքնավարության վրա դրած գրավը: 2006 թվականից ի վեր բոլոր իրադարձությունների քարոզչական քողարկումը եւ դրանց քաղաքական տրամաբանությունն այլեւս որեւէ շպարի չի ենթարկվում: Ամեն ինչ շատ բացահայտ է: Ավելին` օսերի հանդեպ ամեն ինչ արվում է կոպտորեն եւ արհամարհալից, որոնց այս ամենը հասել է Սաակաշվիլու փոխարեն, ում համար գործարկված էր «ցեղասպանության թակարդը»: Բայց Սաակաշվիլին կռահել է այդ ամենը, եւ կրեմլյան զայրույթի ողջ պաշարը թափվել է օսերի վրա:
–Ինչո՞ւ Հարավային Օսիային ճանաչած Ռուսաստանը հանդես չի գալիս ՌԴ-ին այն միացնելու օգտին:
-Սա միակ հարցն է, որին ես պատասխան չեմ գտնում: 1991 թ. մարտից սկսած եւ ԽՍՀՄ 1991 թ. դեկտեմբերին տեղի ունեցած փլուզումից հետո Ռուսաստանն աշխարհի միակ երկիրն էր, որն ամբողջական իրավունք ուներ Հարավային Օսիայի տարածքը բոլոր, այդ թվում եւ միջազգային օրենքների համաձայն, վերցնելու: Ես ցայսօր էլ չեմ հասկանում, թե ինչի՞ համար էին անհրաժեշտ 1992 -2008 թթ. ընթացքում ՀՕՀ-ում Ռուսաստանի կատարած քայլերը: Ռուսաստանն այսօր էլ բոլոր իրավունքներն ունի ՀՕՀ-ն իրեն միացնելու, բայց նա շարունակում է ինչ-որ բան խաղալ Վրաստանի եւ Արեւմուտքի հետ: Դրա համար էլ Կրեմլն ապօրինաբար նշանակում է իր յուրաքանչյուր քայլին ի սկզբանե համաձայն կադրերի, որոնք ՀՕՀ ղեկավարության նման 2008 թ. պես ընդառաջել են ցեղասպանության նախագծին: Բայց` իզո°ւր: Այժմ ՀՕՀ քաղաքացիները քաղաքականությունն ավելի լավ են հասկանում:
-Ի դեպ, քաղաքական որոշումների ընդունման հարցում բնակչության մասնակցության մասին: Արդյո՞ք գոյություն ունի կապ պետական հաստատությունների զարգացածության մակարդակի եւ նոր պետությունների միջազգային ճանաչման (չափանիշների եւ կարգավիճակի համադրման) միջեւ:
-Չափանիշները, որպես այդպիսին, տարբեր են լինում. կարգավիճակն էլ մի քանի չափանիշներից բաղկացած չափանիշն է: Անգամ եթե վերցնենք սոսկ որեւէ տարածքում ժողովրդի կենսունակությունը, ապա որո՞նք են չափանիշները` պատմությո՞ւնը, ժամանակակից իրավունքներն ու օրենքնե՞րը, թե՞ Ուժը:
Նոր պետությունների ճանաչումն ամենից ավելի կախված է աշխարհի կոնկրետ մասում շահերի աստիճանակարգում նոր պետությունների ունեցած տեղից:
Եթե կան այս տարածաշրջանի նկատմամբ շահեր ունեցող համաշխարհային խաղացողներ, ապա այստեղ կարեւորվում են երկու պայմաններ. նոր պետությունը պետք է երաշխավորի առավել հզոր համաշխարհային խաղացողներին տարածաշրջանում իրենց շահերի պաշտպանությունը` նրանց համար ընդունելի արժողության սահմաններում, իսկ նոր պետության արժեքը հարեւանների համար պետք է լինի ավելի փոքր, քան եթե միեւնույն տարածքը միեւնույն բնակչությամբ ունենար առանց նոր պետության: Նման դեպքերում համաշխարհային խաղացողները նախապատվություն են տալիս նոր պետության ճանաչմանը, երբ հակամարտությունների ծավալման վտանգն ավելի նվազ է շահերի բոլոր մակարդակների վրա` համաշխարհայինից մինչեւ տեղականը:
-Ինչպիսի՞ հնարավորություններով են օժտված ՄԱԿ-ի անդամ-պետությունները չճանաչված երկրների հետ փոխգործակցության համար:
-Համաշխարհային եւ տեղական շահերի բոլոր մակարդակները գտնվում են հայտնի հավասարակշռության մեջ մինչեւ այն պահը, երբ աշխարհի որեւէ տարածաշրջանում ծագում է տեղական շահերի հակամարտություն, որի մեջ իրենց օգուտն են որոնում նաեւ համաշխարհային շահերը:
ՄԱԿ-ի անդամ-պետությունները փոխգործակցելու են չճանաչված պետությունների հետ այն դեպքերում, երբ այդպիսի փոխգործակցությունը թանկ չի արժենա: Դա միշտ էլ կոնկրետ հարց է` տարածաշրջան, ժողովուրդ, ՄԱԿ-ի իրավական օրինակարգ, նոր փոխհարաբերությունների ուղիղ եւ կողմնակի արժեքներ` շահեր ու ծախքեր:
Հարցազրույցը՝ Անահիտ Դանիելյանի
* Ալան Չոչիեւը հայտնի օս քաղաքագետ է, ում Հարավային Օսիայում համարում են Հանրապետության անկախության հիմնադիր-հայրերից մեկը: