Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ
Արտաքին աշխարհի կամ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ լեգիտիմ եւ լիարժեք կապերի բացակայությունը ոչ միայն չճանաչված պետությունների բնակչության խնդիրն է. այն արդիականություն է ձեռք բերել նաեւ համաշխարհային ուժի կենտրոնների համար: Միջազգային խաղացողները դրսեւորում են որոշակի շահագրգռվածություն` չճանաչված տարածքների հետ փոխգործակցություն ունենալու հարցում եւ ձեռնամուխ են լինում նոր պետական կազմավորումների կառավարությունների եւ հասարակությունների հնարավոր ոչ հակամարտային ներգրավման եւ համագործակցության բանաձեւի որոնմանը:
Խաղացողների շահագրգռվածությունն առավելապես կապված է այն հանգամանքի հետ, որ չճանաչված պետություններն իրենց տարածաշրջաններում յուրահատուկ գործոն են դարձել. նրանք վերահսկում են ընդարձակ, երբեմն նաեւ` ռազմավարապես կարեւոր տարածքներ, ունեն ոչ փոքր ռազմական եւ տնտեսական ներուժ, ընդունակ են զարգանալու սահմանափակ հնարավորությունների պայմաններում եւ այլն:
Արեւմտյան հանրությունը, որը տարբեր պատճառներով շահագրգռված էր Կոսովոյի գերարագ միջազգային լեգիտիմացմամբ, նախ առաջ է քաշել «Չափանիշներ` կարգավիճակից առաջ» բանաձեւը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցել է այդ քաղաքականությանը:[1] Սակայն, արտաքին աջակցությամբ գործադրված ջանքերը սպասված արդյունքի չեն հանգեցրել:[2] Այնուամենայնիվ, դա չի խանգարել ԱՄՆ[3] եւ ԵՄ երկրների մեծամասնությանը[4] 2008 թվականին ճանաչել կառավարման թույլ հաստատություններ եւ մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ ունեցող երկրի անկախությունը: Փաստորեն` «չափանիշներն» ու «կարգավիճակը» փոխվել են տեղերով, քանզի գերակայել է քաղաքական նպատակահարմարությունը:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ իրավական ընթացակարգերը (անկախության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեներ, քաղաքակիրթ օրենքների ընդունում եւ այլն) կարեւոր են ճանաչում ստանալու համար, բայց, այնուամենայնիվ, ճանաչման որոշումն ընդունելու համար գերակա գործոնը քաղաքական նպատակահարմարությունն է: Քաղաքական վճիռ կայացնելու ժամանակ արտաքին խաղացողները որպես հիմք են ընդունում յուրաքանչյուր պետական կազմավորման ներսում ընդունված ինքնորոշված բնակչության իրավական ակտերը: Այսպիսով, համապատասխան իրավական հիմքի առկայությունը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է ճանաչում ստանալու համար:
Ի տարբերություն Կոսովոյի` չկայացած պետական հաստատություններ ունեցող Արեւելյան Թիմորը ՄԱԿ-ի անդամ է: Մինչեւ 1975 թ. Արեւելյան Թիմորը պորտուգալական գաղութ էր: 24 տարիների ընթացքում թիմորցիներն անկախության համար զինված պայքար են մղել: 1999 թ. Ինդոնեզիան միջազգային ճնշման ներքո հարկադրվել է ճանաչել Արեւելյան Թիմորի ինքնորոշման իրավունքը: Իրավաբանորեն անկախությունը հաստատվել է 2002 թվականին: Հատկանշական է, որ Պորտուգալիան բարոյական պատասխանատվություն է ստանձնել` մինչեւ վերջ աջակցել անկախության համար պայքարող թիմորցիներին: Այս հանգամանքը ներառվել է 1976 թ. Պորտուգալիայի Հանրապետության սահմանադրության մեջ (հոդված 293): Արեւելյան Թիմորի անկախության ճանաչման հարցում մեծ էր նաեւ Վատիկանի դերը:[5] Արեւելյան Թիմորի պետական գործիչները կարծում են, որ նրանց հաջողվել է հաջողության հասնել երեք` ռազմական, դիվանագիտական եւ տեղեկատվական ուղղություններում:
Միջազգային կենտրոնների ընդունած նոր պետությունների ճանաչման քաղաքական մոտեցումը չճանաչված պետություններում առաջացնում է հասարակական դիսկուրսներ` կասկածի տակ առնելով սկզբից եւեթ ընտրված ժողովրդավարական զարգացման անհրաժեշտությունը: Պահպանողաբար տրամադրված գործիչները հարց են բարձրացնում. «Արդյո՞ք ժողովրդավարությունն անհրաժեշտ է, եթե ամեն ինչ լուծվում է քաղաքական բանալիով»: Տվյալ իրավիճակը ձեռնտու է նաեւ ժողովրդավարական բարեփոխումներից խուսափող ավտորիտար վարչակարգերին:
Արցախում, մեր կարծիքով, ժողովրդավարության զարգացումն ունի երկու կարեւոր գործառույթ: Նախ` ժողովրդավարական պետության կառուցումն անհրաժեշտ է նախ եւ առաջ ԼՂՀ քաղաքացիներին: Արցախցիները հարմարավետորեն կապրեին մարդու իրավունքների եւ օրենքի իշխանության լիարժեք պահպանման պայմաններում: Երկրորդը` ԼՂՀ-ի համար ժողովրդավարությունն ունի կարեւոր արտաքին-քաղաքական գործառույթ: Ելնելով սեփական արժեհամակարգից` զարգացած ժողովրդավարական երկրները գիտակցում են, որ ժողովրդավարական առումով առավել զարգացած հասարակությունը չի կարող կառավարվել այլ պետության ավտորիտար վարչակարգի կողմից: Այսինքն, կատարելով ժողովրդավարական բարեփոխումներ սեփական քաղաքացիների համար, երկիրը հավելյալ փաստարկ է ստանում` անկախության ձեռքբերման գործընթացի անշրջելիության օգտին:
Հետեւելով ընդունված «խաղի կանոններին»` տարածաշրջանի քաղաքական գործիչներն ու փորձագետները ձգտում են գտնել խոշոր խաղացողների հետ ընդհանուր շահեր եւ համադրել միջազգային ճանաչում ստանալու կամ բազմաբեւեռ աշխարհի առանցքային բեւեռներից մեկի կողմից ճանաչվելու համար անհրաժեշտ քաղաքական շահեր:
Հաշվի առնելով միջազգային ուժային կենտրոնների շահերը, որոնք, ունենալով տարբեր դրդապատճառներ, միասնական ճակատով հանդես են գալիս Կովկասյան տարածաշրջանի կայունության օգտին, հարկ է հստակորեն հիմնավորել, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն ի վիճակի է ապահովել երկարաժամկետ տարածաշրջանային կայունություն:[6] Ընդսմին, Արցախից եւ Հայաստանի Հանրապետությունից` խնդրի խաղաղ կարգավորման նախընտրելիության մասին եկող ազդակները չպետք է ընկալվեն որպես թուլության եւ նոր պատերազմից վախենալու նշան:[7] Մեր երկրի դեմ զինված ագրեսիայի վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակն, անտարակույս, արդարացնելու է Արցախի եւ իր քաղաքացիների անվտանգության գլխավոր երաշխավորի կարգավիճակը:
Քաղաքական վերլուծաբան Գայանե Նովիկովան կարծում է, որ հայկական դիվանագիտությունն ու քաղաքական գործիչները պետք է հետզհետե միջազգային հանրությանը մերձեցնեն հետեւյալ իրողությունների գիտակցմանը.
• Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ռազմավարական պատնեշ` Հարավային Կովկասի ընդլայնված տարածաշրջանում իսլամիստական տրամադրությունների եւ նրանց կազմակերպությունների ակտիվության ուժեղացման դեմ:
• Որպես ժողովրդավարության կերտման որոշակի փորձ ունեցող դե-ֆակտո պետություն՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող մտցվել ավտորիտար Ադրբեջանի իրավասության տակ,
• Տարածաշրջանային գործընթացների եւ սպառազինությունների մրցավազքի համապատկերին, որի մեջ Ադրբեջանը ներքաշում է տարածաշրջանը, ռազմական գործողությունների ցանկացած վերսկսում հանգեցնելու է տնտեսական եւ հումանիտար աղետի, որը հարվածելու է ոչ միայն հակամարտության անմիջական մասնակիցներին, այլեւ` հարակից պետություններին:
Փորձագետն առաջարկում է փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղը միջազգային զարգացման ծրագրերի մեջ` առանց անկախության իրավաբանական ամրագրման նախապայմանն առաջ քաշելու` խթանելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձեւաչափում խաղաղ գործընթացը:[8]
Վերոհիշյալ առաջարկությունը միանգամայն տեղավորվում է «Ներգրավում՝ առանց ճանաչման/չեզոք ներգրավվածության կարգավիճակ» բանաձեւի մեջ, որը Եվրամիության կողմից կիրառվել է Կոսովոյում: Բացառված չէ, որ այս քաղաքականությունն իրականացվելու է նաեւ մեր տարածաշրջանում:[9] Ի տարբերություն Կոսովոյի, որտեղ «Ներգրավում՝ առանց ճանաչման» բանաձեւի շրջանակներում փաստացիորեն ստեղծվում էին պետական հաստատությունները եւ/կամ կառավարման չափանիշները, տվյալ քաղաքականության կենսագործումն Արցախում կարող է առավելապես ուղղորդվել քաղաքացիական հասարակության հաստատությունների ամրապնդմանը:[10] ԼՂՀ-ում արդեն ստեղծվել ու արդյունավետ գործառնում են պետական հաստատություններ, որոնց մի մասն, այնուամենայնիվ, կարող է աջակցվել սույն քաղաքականության շրջանակներում (դատավորների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար վերապատրաստման դասընթացներ, օրինագծերի փորձաքննություն եւ այլն):
Հարկ է նշել, որ ԵՄ-ն, այլ միջազգային կառույցներ եւ որոշ երկրներ ավելի քան 20 տարի աջակցում են Ադրբեջանին ու Հայաստանին ժողովրդավարական զարգացման հարցում: ԼՂՀ քաղաքացիները հանրապետության չճանաչվածության պատճառով զրկված են նման հնարավորությունից: «Ներգրավում՝ առանց ճանաչման» քաղաքականության կիրառումը կարող է հնարավորություն ստեղծել ԼՂՀ ապամեկուսացման եւ լիարժեք զարգացման հնարավորությունների ընդլայնման համար: Բոլոր երեք հակամարտող երկներում ժողովրդավարության համաչափ զարգացումն ունի մեծ նշանակություն, քանի որ զարգացման մեջ անհավասարակշռությունը կարող է նոր մարտահրավերի վերածվել անգամ ներկա հակամարտության կարգավորման պարագայում:
Այսպիսով, ժամանակակից միջազգային հարաբերություններում գոյություն ունեն հնարավորություններ` ճանաչված եւ չճանաչված պետությունների միջեւ արդյունավետ փոխգործակցության համար: Պետական թափանցիկ կառավարումը, ազատ ընտրությունները եւ խաղաղ արտաքին քաղաքականությունը չճանաչված պետությունների համար նույնքան կարեւոր նշանակություն ունեն, որքան եւ ճանաչվածների համար: Ամերիկացի հետազոտողներ Դենիել Բայմանը (Daniel L. Byman) եւ Չառլզ Քինգը (Charles King) գտնում են, որ դե-ֆակտո կառավարություններին աշխարհի խոշոր տերությունների կողմից համապատասխան պայմաններով պետք է առաջարկվեն լեգիտիմացման ուղիներ: Տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները կարող են զուգահեռաբար ընթանալ եւ անգամ նպաստել ինքնիշխանության մասին քննարկումներին:[11] Ակնհայտ է նաեւ, որ չճանաչվածների ճանաչումը նրանց դարձնելու է պատասխանատու միջազգային խաղացողներ:
——————
[1] Security Council restates support for Kosovo ‘Standards before Status’ policy,http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=10590&Cr=Kosovo&Cr1=
[2] Letter dated 7 October 2005 from the Secretary-General addressed to the President of the Security Council: UN Doc. S/2005/635 , http://www.ico-kos.org/pdf/KaiEidereport.pdf>
[3] United States Recognizes Kosovo as Independent State,http://www.america.gov/st/peacesec-english/2008/February/20080218144244dmslahrellek0.9832117.html
[4] U.S. and EU powers recognize Kosovo as some opposed,http://www.reuters.com/article/2008/02/18/us-kosovo-serbia-idUSHAM53437920080218
[5] M.Mayilian: “They think in Timor that they won, but at the same time Indonesia did not lose,” http://www.armedia.am/?action=ForeignWorld&what=show&id=1247166595&lang=rus
[6] Международное признание может предотвратить войну в Карабахе, http://regnum.ru/news/fd-abroad/karabax/1509853.html#ixzz1q2naOMNe
[7] M.Mayilian, «The Place of Nagorno Karabakh within the Region: Prospects and Dead Ends», Caucasus Institute, Yerevan, 2008 – www.caucasusinstitute.org
[8] Gayane Novikova: “There is no exact analysis of the losses in case of handover of a part of territories, controlled by Nagorno Karabakh, to Azerbaijan,” http://regnum.ru/news/fd-abroad/karabax/1511947.html#ixzz1q2nt4SKv
[9] Engagement without Recognition: A New Strategy toward Abkhazia and Eurasia’s Unrecognized States, Alexander Cooley and Lincoln A. Mitchell, http://www.twq.com/10october/index.cfm?id=409
[10] EU-Artsakh. A new format for relations?, Hayk Khanumyan,http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6317
[11] The Phantom Menace, The New York Times,http://www.nytimes.com/2011/08/16/opinion/the-phantom-menace.html?_r=1