Շահիդ Ջավեդ ԲՈՒՐՔԻ
Պետական քաղաքականության ինստիտուտի նախագահ
Լախոր, Պակիստան
Արդյո՞ք կկարողանան մահմեդական կառավարությունները ձերբազատվել իրենց երկրների ազդեցիկ զինվորականներից եւ հաստատել ազատական ժողովրդավարությունների հետ համեմատելի քաղաքացիական վերահսկողություն: Այսօր այս հարցն ունի առաջնահերթ նշանակություն միմյանց չնմանվող այնպիսի երկրներում, ինչպիսին են Եգիպտոսը, Պակիստանը եւ Թուրքիան:
Որպեսզի կանխատեսենք, թե ինչպես է զարգանալու այս պայքարը՝ հարկավոր է հասկանալ տարածաշրջանի պատմությունը: 7-րդ դարում մահմեդականության հաստատումից հետո այն պահպանում էր քաղաքականության եւ կառավարման մեջ խորը զինվորական մասնակցության ավանդույթը: Իրականում, աճող ռազմական քաջությունն օգնել էր նրան արագորեն ողջ աշխարհով տարածվել:
Զինվորականները պատասխանատու էին Մերձավոր Արեւելքում, Պարսկաստանում, Հարավային Եվրոպայում եւ հնդկական ենթամայրցամաքում հաստատվելու համար: Նոր գրավված երկրներում մահմեդական պետություն հաստատելուց հետո զինվորականները դառնում էին վերջինիս կառավարման համակարգի անբաժան մասնիկը:
Պետական կառուցվածքի մեջ զինվորականների ներթափանցումն ավելի ակնառու էր Օսմանյան կայսրությունում, որի կառավարիչները ստեղծել են զինված ուժերի նոր տեսակը, որի հիմնական անձնակազմը հավաքագրվում էր եվրոպական այն տարածաշրջաններից, որտեղ գերիշխում էր իսլամը: Այս ենիչերիները (օսմանյան հետեւակ զորքի ստորաբաժանումներում ներառված քրիստոնյա տղաները) հավաքագրվում էին կա՛մ Եվրոպայում, կա՛մ բռնորեն խլվում օսմանյան գերիշխանության տակ գտնվող ոչ մահմեդական ընտանիքներից:
Ենիչերիներին չէր թույլատրվում ամուսնանալ կամ սեփականություն ունենալ, ինչը նրանց հնարավորություն չէր տալիս կայսերական արքունիքից դուրս կախվածություններ ունենալ: Սակայն, այդ սահմանափակումների 16-րդ դարում վերացումից հետոª ընդհուպ մինչեւ 19-րդ դարում հիշյալ ստորաբաժանումների կասեցումը, ենիչերիներն ունեին չափազանց ազդեցիկ դիրք Ստամբուլում (եւ անգամ Եգիպտոսում սեփական հարստություն են հիմնել):
Մահմեդական երկրներում զինվորական գերիշխանությունը տեւել է մինչեւ 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության անկումը: Գաղութարար տերությունները լցրել են մեռնող կայսրության ստեղծած վակուումը, ունեցել են իրենց սեփական զինվորականներին եւ, հետեւաբար, կառավարումն իրականացնելու համար տեղական ուժերի կարիք չէին զգում: Բայց երբ 20-րդ դարում եվրոպացիները հեռացել են մահմեդական աշխարհիցª այդ ուժերը վերականգնել են քաղաքականության վրա վերահսկողությունը:
Զինվորականները 20-րդ դարի կեսերին իշխանության են եկել Եգիպտոսում, Պակիստանում եւ այլ արաբական երկրներում: Թուրքիայում զինվորականներն իրենց հռչակել են 1923 թ. զինվորական գործիչ Մուսթաֆա Քեմալի հիմնադրած Թուրքիայի աշխարհիկ հանրապետության պահապաններ:
Այսօր մահմեդական աշխարհի մեծ մասում հեղափոխական ցնցումները պայմանավորված են իսլամի զինվորական անցյալով: Այս ժողովրդական ապստամբությունների առաջին փուլում երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքից դուրս մղվածները սկսել են պահանջել իրենց ներգրավումն ու մասնակցությունը: Այժմ մենք գտնվում ենք երկրորդ փուլում, որն աչքի է ընկնում հին զինվորական վերնախավերն ուժազրկելու նշանակալից ջանքերով: Այս պայքարը յուրովի է դրսեւորվում Եգիպտոսում, Թուրքիայում եւ Պակիստանում:
Եգիպտոսում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանազրկումից հետո զինվորականների կողմից անցումային քաղաքական գործընթացի վրա վերահսկողության հաստատումն անընդունելի է թե՛ մահմեդականների, եւ թե՛ աշխարհիկ ուժերի համար: Եգիպտացիների մեծամասնությունը կամենում է, որ զինվորականները դուրս գան քաղաքականությունից եւ վերադառնան զորանոցներ:
Էսսամ էլ-Էրիանը, որի ՙԱզատության եւ արդարության իսլամական կուսակցությունը՚ Եգիպտոսում վերջերս անցած խորհրդարանական ընտրություններում շահել է տեղերի մեծամասնությունը, ասել է, որ ՙՄահմեդական-եղբայրները (որոնց հետ կուսակցությունը սերտորեն կապված է) չեն կարծում, որ զինվորական ղեկավարները կամովին կհրաժարվեն իշխանությունից: Նրանց պետք է համոզել հեռանալ, իսկ եթե դա չաշխատիª հեռացնել: Խորհրդարանի առաջին քայլը նրանց դուրս մղելու համար կայանալու է մեր իշխանությունը պաշտպանելու մեջ՝ 100 հոգուց բաղկացած սահմանադրական ժողովի անդամների ընտրության միջոցով՚:
Միաժամանակ, Թուրքիայում ՙԱրդարության եւ զարգացման՚ կուսակցությունը, որն ունի երկրի մահմեդական ավանդույթի վրա խարսխված խորն արմատներ, այսօր նույնպես ձգտում է սահմանափակել զինվորականների դերը: Այնուամենայնիվ, զինված ուժերը պահանջում են սահմանադրական մանդատª հանրապետության ավանդույթները պաշտպանելու համար: Թուրքական գեներալները մի քանի անգամ միջամտել են քաղաքականությանըª Աթաթուրքի արդիականացման աշխարհի գաղափարախոսությունըª քեմալիզմը պաշտպանելու համար, որը իսլամական Թուրքիային մղել է դեպի եվրոպական ազատականություն:
Բայց հիշյալ երեք երկրներից՝ հենց Թուրքիան ամենահաջող կերպով կարողացել է ապառազմականացնել սեփական քաղաքականությունը: Թուրքիայի խարիզմատիկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շարունակաբար հաղթելով երեք համապետական ընտրություններում, կարողացել է հաստատել իր գերակայությունը զինվորականների նկատմամբ: Բացի դրանից, նա բանտ է նետել բանակի բարձրաստիճան գեներալ Իլկեր Բաշբուղին, որին թուրքական դատախազությունը մեղադրել է (շատերն ասում են, որ դա անիրական է) հեղաշրջման դավադրությունը կազմակերպելու մեջ:
Պակիստանյան զինվորականները, որոնք կառավարել են երկրի 64-ամյա պատմության կեսի ընթացքում, նույնպես պայքարում են քաղաքականության վրա վերահսկողությունը պահպանելու համար: Պակիստանյան բանակն իրեն ստորացված է զգում ԱՄՆ ռազմական գործողությունները (որոնցից մեկի ժամանակ սպանվել է Ուսամա բեն Լադենը) վերահսկելու անկարողությամբ, փորձում է պոկեր խաղալ Հնդկաստանի եւ ԱՄՆ հետ երկրի զարգացող հարաբերությունների մեջ: Այնուամենայնիվ, նա զգուշանում է լայնատարած թշնամություն սադրելուց: Վերջերս զինվորական ղեկավարները հայտարարել են, որ այսուհետ մտադիր չեն միջամտել քաղաքականությանը:
Այն պահից, երբ սկսվել է արաբական գարունը, գահընկեց են արվել չորս վաղեմի վարչակարգեր, մինչդեռ մյուսները գտնվում են աճող ճնշման տակ, վստահություն ներշնչելով սովորական արաբներին, որ նրանց պահանջները չեն անտեսվի, իսկ իշխողները կհիշեն քաղաքացիների սպասելիքների մասին: Բայց դա իրական հեղափոխությունն է, որը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ ոչ թե զինվորականների, այլ քաղաքացիների իսկական ներկայացուցիչները կսկսեն հաստատել իրենց երկրի քաղաքական ուղեգիծը:
http://inosmi.ru/asia/20120126/184027998.html
Աղբյուրը՝ ՙProject Syndicateՙ, USA