Այս տարի լրանում է Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի գործունեության 25-ամյակը։ Կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ նախկին Պիոներների տան հիման վրա՝ արցախյան շարժման ամենաթեժ տարում։ Մինչև 2010 թվականը կենտրոնը դիմագրավում էր բազմաթիվ դժվարությունների, աշխատանքն ընթանում էր անբարենպաստ պայմաններում։ 2010-ին պետությունը կենտրոնին Ստեփանակերտի կենտրոնական մասում գտնվող և բոլոր հարմարություններն ունեցող հոյակապ շենք է հատկացրել։
Ամեն տարի՝ դեկտեմբերի 15-ից մինչև Ամանորի տոներն ընկած ժամանակահատվածում, կենտրոնն իր հիմնադրման հերթական տարեդարձն է նշում։
Անցած տարեվերջին էլ երեխաներն ակտիվորեն պատրաստվեցին կենտրոնի 25-ամյակի կապակցությամբ կայանալիք մեծ միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում։ Միջոցառմանը մասնակցել են գրեթե բոլոր երաժշտական խմբերը, տիկնիկային թատրոնը և կենտրոնի ստուդիաները։
Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի զարգացման մասին զրուցել ենք վերջինիս տնօրեն Վիգեն Միքայելյանի հետ։
–Մեր կենտրոնում գործում են պարարվեստի, երգեցողության, ժողգործիքների, գեղանկարչության, խեցեգործության, ասեղնագործության և այլ ավելի քան 30 խմբեր։ Այլևայլ ուղղվածության 105 դասարաններում դասավանդում են 87 արհեստավարժ ուսուցիչներ։ Կենտրոն հաճախող երեխաների և պատանիների թիվը 1400-ից ավել է. նրանց ուսուցումը լիովին անվճար է։ Մեզ մոտ սովորում են 4-ից 17 տարեկան երեխաներ։ Այցելելով կենտրոն՝ նրանք դառնում են ավելի ընկերասեր, աշխատասեր և նպատակասլաց, նաև գեղագիտական ճաշակ են ձեռք բերում ։ Երեխաներն ազգային արվեստի և արհեստների բնագավառում խորը գիտելիքներ են ստանում։ Յուրաքանչյուր երեխայի մեջ տաղանդ է թաքնված և մեր նպատակն այն բացահայտելն է։
Մեր աշխատանքային գործունեության ընթացքում երբեմն խնդիրներ են առաջանում։ Պատահում է, որ ծնողները պարարվեստի խմբակ ամաչկոտ երեխաներին են բերում՝ նրանց բարդույթներից ձերբազատելու նպատակով։ Երբեմն նույնը վոկալի պարագայում էլ է լինում. ծնողները վոկալի խմբակ են բերում խոսքի արատներ ունեցող, այդ թվում և կակազող երեխաների, հուսալով, որ երգեցողությունն օգնելու է։ Ժամանակի ընթացքում որոշ երեխաներ, իրոք, ձերբազատվում են խնդիրներից, իսկ մյուսները՝ ոչ։ Այսպիսի իրավիճակներում մենք երեխայի ծնողներին առաջարկում ենք փոխել խմբակը և այլ՝ տվյալ երեխային ավելի հարմար ուղղություն ընտրել։ Որոշ ժամանակ անց երեխաները հրաշալի նկարիչներ, քանդակագործներ և մոդելագործներ են դառնում…
Արցախի Հանրապետության ամեն մի վարչական շրջանում կա նմանատիպ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն։ Նրանց աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մասնագետների օգնությանն են դիմում։ Հանրապետության ստեղծագործական կենտրոնների երեխաների լավագույն աշխատանքները հաճախ ցուցադրվում կամ աճուրդի են հանվում՝ հրավիրելով թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Կենտրոնի երիտասարդ նկարիչների կտավներով զարդարված են հանրապետության բժշկական շատ հաստատությունների պատերը։ Նրանց լավագույն աշխատանքները հասել են Գերմանիա, Չեխիա, Անգլիա, Հունաստան և այլ երկրներ։ Կենտրոնի 12 սաների կտավները ներառված են «Հայաստանի երեխաների և պատանիների լավագույն ստեղծագործություններ» գրքում։
«Կենտրոնի աշակերտներն ակտիվորեն մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների և առաջին տեղեր զբաղեցնում։ Վերջերս Երևանում նրանք մասնակցել են «Նոր շունչ 2018» համահայկական միջազգային պարային մրցույթին և ամենաբարձր միավորներ են շահել։ Drawing Group-ի աշակերտները Երևանում մասնակցել են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված «Ծաղկաման» գրքի շնորհանդեսին՝ շահելով չորս մրցանակ և զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղերը։
Վ. Միքայելյանը հավելեց, որ հիմնադրման օրվանից ի վեր կենտրոնն ակտիվորեն մասնակցում է նաև միջազգային մրցույթների։ Օրինակ՝ 2012թ. Սանկտ-Պետերբուրգում կայացած երգի ու պարի «Ոսկե արմավենի» մրցույթում կենտրոնի պարարվեստի խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը «Ժամանակակից պար» և երրորդ տեղը՝ «Ժողովրդական պար» անվանակարգերում։ Ավելին՝ մրցույթում բոլոր հաղթանակներից հետո երեխաները ներկայանում էին Արցախի Հանրապետության դրոշով՝ հարուցելով Ադրբեջանի սպասելի դժգոհությունը։
– Կենտրոնի մենակատարները Երևանում բազմիցս մրցանակներ են շահել։ 2015թ. մեր կենտրոնի պատանիների համերգը ցուցադրել է Հունաստանի երկրորդ պետական հեռուստատեսությունը, որից հետո նրանք հունահայ համայնքից մայրաքաղաք Աթենքում համերգով հանդես գալու հրավեր են ստացել։ Միջոցառման բոլոր ծախսերը հոգացել է այդ երկրի հայկական համայնքը։ Համերգային խմբի մեջ ներառել ենք նաև անապահով ընտանիքների երեխաներին։ Պետք է տեսնեիք, թե նրանք այնտեղից ինչ տպավորություններով են վերադարձել,- պատմում է Վ. Միքայելյանը։
Նույն թվականին արցախցի պատանիները Բարսելոնում գրան-պրի են շահել՝ մրցանակային տեղը կիսելով Մոսկվայի երաժշտության ակադեմիայի երգչախմբի հետ։ 2016թ. կենտրոնի աշակերտներն առաջին տեղն են զբաղեցրել «Նոր շունչ» պարային փառատոնում, ինչպես նաև «Ժողովրդական պար» և «Ժամանակակից պար» մրցույթներում։
Ուսումնական դասընթացի ավարտին աշակերտները հանձնում են ստուգարքներ և քննություններ ու համապատասխան հավաստագրեր ստանում։ Դրա շնորհիվ նրանք կարողանում են շարունակել ուսումը Հակոբ Գյուրջյանի անվան արվեստների դպրոցում և Արցախի ու Հայաստանի այլ ուսումնական հաստատություններում։
Կենտրոնի տնօրենը Արցախի երիտասարդ սերնդին մաղթում է ամենագլխավորը՝ խաղաղ ու կապույտ երկինք։
-Թող չլինի պատերազմ, որպեսզի լավ սովորեն ու կրկին սովորեն, քանի որ մեր դարում առանց ուսման ապրելը հավասարազոր է ինքնաոչնչացման,- ասում է Վիգեն Միքայելյանը։
________
Նաիրա ՍԱՐԳՍՅԱՆ