Շահին ՌԶԱԵՎ
Բաքու
Կարդալով հարցման արդյունքները՝ վերջապես տեսա անկեղծ պատասխաններ այն հարցին, թե Ղարաբաղում խաղաղության կնքման դեպքում պատրա՞ստ են, արդյոք, փախստականները հետ վերադառնալ իրենց շրջանները։ Հաճախ պետական և նույնիսկ անկախ լրատվամիջոցներում լսում ենք այսպիսի պատասխան՝ «այո, իհարկե, որպես մեկ մարդ կվերադառնանք»։ Հավանաբար, հարցազրույց տվողները ենթադրում էին, որ իրենց ասածները կարդալու են նաև ռազմաճակատի մյուս կողմում, և եթե իրենք պատասխանեն՝ «թողեք մտածենք՝ չէ՞ որ երեսուն տարի է անցել, և մենք այստեղ բնավորվել ենք՝ ինչպե՞ս թողնենք այս ամենը», ապա դա այնքան էլ հայրենասիրական չէր լինի։ Ավելին՝ փորձանք կբերեն իրենց գլխներին։Ինձ թվում է, որ մարդկանց այսօրինակ կասկածներն արդարացված են։ Մարդիկ վախենում են վերաբնակեցման ավտորիտար որոշումից։ Վերաբնակեցնելու են ամենաթույլերին ու ամենաաղքատներին, և դա բախումներ կառաջացնի հենց հարկադիր տեղահանվածների մեջ։ Նաև՝ սա կոռումպացված պաշտոնյաների համար եկամտի նոր աղբյուր կլինի։ Իրոք, առաջին փախստականների հայտնվելուց ի վեր անցել է ավելի քան 25 տարի, և դա փոքր ժամկետ չէ ինտեգրման համար։ Եւ ազատագրված տարածքներ վերադարձի թեման չափազանց հրատապ ու ցավագին է լինելու հնարավոր խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո առաջին փուլում։
Ի՞նչ անել պատասխանների այս վերլուծությունը։ Արդյո՞ք պետք է, որ խաղաղ բանակցություններ վարող քաղաքական գործիչներն իմանան իրական պատկերը։ Վախենամ՝ ոչ այնքան։ Այդ դեպքում ինչի՞ համար է արվել այս հսկայական աշխատանքը։ Միգուցե բարձրագոչ լինի, բայց իմ պատասխանը հետևյալն է՝ պատմության համար, ապագա սերունդների համար։ Երբևէ կգրեն ղարաբաղյան հակամարտության և դրա խաղաղ կարգավորման (ինշալլահ) տարեգրությունը, և այդ ժամանակ այս գործն իր արժանի տեղը կզբաղեցնի։
Ինձ համար ևս մի անսպասելի հանգամանք էր այն, որ որոշ հարցվողներ գիտակցում են քարոզչության բացասական դերը։ Հատկապես ուրախացրեց դպրոցական դասագրքերի և քարոզչության նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Մարդիկ սկսել են քննադատաբար մտածել, դադարել են հավատալ «թերթին կամ հեռուստացույցին», անգամ եթե դա «մեր հեռուստացույցն է»։
Բայց, իհարկե, դեռես կարելի հանդիպել մնայուն կլիշեների՝ առանց դրանց չի էլ լինի։ Վստահ եմ, որ հակամարտության մյուս կողմում նույնպես բազմաթիվ կլիշեներ կան։