Քերի Մոսքոգիրի
Amnesty International
Այսօր աշխարհով մեկ մարդու իրավունքներն ու արտահայտվելու ազատությունը հարձակումների տակ են: Մենք դարձել ենք ականատեսը գլոբալ միտման, թե ինչպես են հանուն ազգային անվտանգության սահմանափակվում քաղաքացիական հասարակության ազատությունները: Մարդիկ և խմբերը, որոնք պաշտպանում են այդ իրավունքները, թիրախավորվում են: Նրանք առերեսվում են ֆինանսավորման, կարգավիճակի և գործունեության ապահովման ահագնացող խստացումների հետ. բոլորն են սահմանափակումների ենթարկվում կամ նույնիսկ կասեցնում իրենց գործունեությունը:Ներկա պահին ողջ աշխարհում անարդարությունների մասին խոսելու համար մարդիկ ռիսկի են ենթարկում ամեն ինչ: Նրանց թվում են լրագրողները, ուսանող-առաջնորդները, քաղաքական ընդդիմադիրները, ուսուցիչները, իրավաբանները, կանանց իրավունքների ու շրջակա միջավայրի համար պայքարող ակտիվիստները և շատ ուրիշներ: Նրանք հալածվում են, կտտանքների ենթարկվում, բանտարկվում և նույնիսկ սպանվում լոկ նրա համար, որ համարձակություն ունեն ոտքի կանգնելու՝ հանուն ճշմարտության:
Մենք ականատես ենք լինում սահմանափակող ազգային օրենքների, քաղաքականության և գործուն քայլերի միջոցով մարդու իրավունքների ակտիվիստների և կազմակերպությունների թիրախավորման: Այն ներառում է նաև արտասահմանյան ֆինանսավորում ստանալու սահմանափակումները, ակտիվիստների հաշիվները սառեցնելը, ճանապարհորդելու արգելքները և արտերկրյա վիզա ստանալու պահանջների խստացումը՝ կանխելու համար նրանց մասնակցությունը միջազգային համաժողովներին:
Նկատում ենք նաև մարդու իրավունքների որոշ պաշտպանների նկատմամբ թիրախավորված հսկողություն: Սրանք հարձակումներ են ոչ միայն այդ անհատների, այլ նաև ամբողջ քաղաքացիական հասարակության դեմ: Այս կերպ հնարավոր է վախի մթնոլորտ ձևավորել և մյուսներին հետ պահել մարդու իրավունքները պաշտպանելուց:
Կան նաև խմբեր, որոնք առանձնակի վտանգի մեջ են: Աշխարհի բոլոր տարածաշրջաններում կանանց իրավունքների պաշտպանները հաճախ առերեսվում են բռնությանը, սպառնալիքներին ու ճնշումներին: Նրանք կարող են նույնիսկ զրկվել իրենց կյանքից միայն այն պատճառով, որ մարտահրավեր են նետում գենդերային կարծրատիպերին և սոցիալական նորմերին, խնդրո առարկա են դարձնում այնպիսի հարցեր, ինչպիսին են սեռական և վերարտադրողական առողջությունը կամ պաշտպանում են խտրականության և չարաշահումների ենթարկվող կանանց և աղջիկների իրավունքները:
Աշխարհում չկա այնպիսի տարածաշրջան, որը նախորդ տարվա ընթացքում չի տուժել այլախոհության նկատմամբ կիրառվող սահմանափակումներից: Որոշ դեպքեր չափազանց ակներև էին և բռնի, մնացածներն՝ ավելի թեթև և քողարկված հարգանքի շղարշով: Մենք ականատես եղանք այլախոհների և մամուլի հետապնդումների այնպիսի երկրներում, ինչպիսին են Թուրքիան և Բահրեյնը: Տեսանք նաև Եվրոպայի մեծ մասում և ողջ ԱՄՆ-ում ատելության խոսքի տարածումը:
Հաճախ լրագրողները գտնվում են մարդու իրավունքների խախտումների առաջնագծում: Նրանք կարևոր դեր են խաղում մարդու իրավունքների չարաշահումների վերհանման գործում: Սա նշանակում է, որ շատ վայրերում լինել լրագրող համարժեք է անձնական վտանգի ենթարկվելուն:
Օրինակ, Թուրքիայում ականատես եղանք, որ արտահայտվելու ազատությունը ագրեսիվ կերպով սահմանափակվեց: Անցյալ տարվա հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայում շատացան այլախոհների նկատմամբ հետապնդումները: Այս շրջանակում ներառված են նաև հանրային ոլորտի շուրջ 100 հազար աշխատակիցներ, որոնք հեռացվեցին իրենց պաշտոններից ահաբեկչական կազմակերպությունների հետ ենթադրյալ առնչության և ազգային անվտանգության սպառնալիք հանդիսանալու հիմքերով:
Արդյունքում 118 լրագրողներ հայտնվեցին նախնական կալանքի տակ, և 184 մեդիա-կազմակերպություններ ընդմիշտ փակվեցին: Ինտերնետի գրաքննությունը նույնպես մեծացավ, և գործադիր իշխանության հրահանգով նոյեմբերին շուրջ 375 հասարակական կազմակերպություններ, ներառյալ կանանց իրավունքների խմբեր, իրավաբանական միավորումներ և մարդասիարական կազմակերպություններ, փակվեցին:
Էրեն Քեսքինը, մարդու իրավունքներով զբաղվող իրավաբան և խմբագիր, Թուրքիայում մեկն էր այն բազմաթիվ մարդկանցից, ով թիրախավորվել էր: Նա ենթարկվել էր մահվան սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների և մշտական դատական հետապնդումների: Նրա դեմ ավելի քան հարյուր անգամ մեղադրանքներ են առաջ քաշվել, և մեկ անգամ չէ, որ դատապարտվել է հիմնականում քրդերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար:
Անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո Էրենը մեղադրվեց իրավախախտումների մեջ՝ քրդական «Özgür Gündem» թերթի հետ աշխատելու և ահաբեկչական կազմակերպության անդամակցության համար: Եթե հաստատվի մեղադրանքը, ապա նա կարող է ցմահ ազատազրկման ենթարկվել:
Եգիպտոսում ապստամբության հենց սկզբից նկատում ենք մարդու իրավունքների և խոսքի ազատ արտահայտման իրավունքի շարունակական վատթարացում: Իշխանությունները բազմիցս սահմանափակել են ազատ արտահայտվելու, միավորումներ կազմելու և հավաքներ անցկացնելու իրավունքները: Լրագրողները և ակտիվիստները ենթարկվել են ձերբակալությունների, հետապնդումների կամ բանտարկությունների՝ ցույցերը լուսաբանելու կամ դրանցում մասնակցություն ունենալու համար:
Ֆոտոլրագրող Մահմուդ Աբու Զեյդը, ով հայտնի է նաև Շուքան անվամբ, և ուրիշ ավելի քան 730 այլ մարդիկ շարունակում են զանգվածաբար ենթարկվել գաղտնալսումների, անարդար դատավարության, որը սկսվել է 2015թ-ի դեկտեմբերին:
Շուքանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ են առաջ քաշված, ներառյալ քրեական խմբավորումներին անդամակցելը և սպանություն՝ 2013-ի օգոստոսի 14-ին մայրաքաղաք Կահիրեի նստացույցը վավերագրելու ժամանակ: Այժմ 3 տարի է՝ նա բանտարկված է, և զուտ իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար կարող է նույնիսկ մահվան դատապարտվել:
«Amnesty»-ն արշավներ է անցկացնում, որպեսզի Էրենի և Շավքանի նկատմամբ առաջ քաշած մեղադրանքները չեղյալ համարվեն, և անհապաղ ու առանց պայմանների ազատ արձակեն Շուքանին:
Սակայն աշխարհի այլ մասերում, որտեղ լրագրող լինելը չի նշանակում կենաց ու մահու պայքար մղել, մեդիան և թղթակիցները կարող են դժվարություններ ունենալ՝ կատարելու իրենց աշխատանքը: Մեդիայի նկատմամբ թշնամական հռետորաբանությունը լայն տարածում ունի: Օրինակ, նախագահ Թրամփն օգտագործում է թվիթերյան իր միկրոբլոգը, որպեսզի հարձակվի որոշ լրատվամիջոցների թղթակիցների վրա, ներառյալ «CNN»-ը և «BBC»-ն, որոնց վերջերս արգելվել է մասնակցել Սպիտակ տան բրիֆինգներին:
Ազատ արտահայտման իրավունքը մարդու իրավունքների պաշտպանության սիրտն է: «Amnesty»-ն հավատում է մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությանը և մարդու իրավունքների խախտումների դեմ գործելու նրանց իրավունքին: Այդ իսկ պատճառով ուրախ էինք, երբ միջազգային հանրությունը 1998-ին պաշտոնապես ընդունեց ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագիրը»: Սա այն էր, ինչի համար մեր անդամները պայքարում էին, քանի որ հաստատակամորեն հավատում էինք՝ նրանք, ովքեր ոտքի են ելնում հանուն մարդու իրավունքների, վճռորոշ փոփոխությունների գործակալներն են:
Չնայած այս դրական զարգացումներին, այնուամենայնիվ, մենք դեռ տեսնում ենք տարածքներ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են իրենց գործունեությամբ զբաղվել, ու աջակցություն և պաշտպանություն ստանալու փոխարեն իրենք թիրախավորվեն, հարձակումների ենթարկվեն:
Այդ պատճառով էլ «Amnesty»-ն ուժեղացնում է ջանքերն ի նպաստ գլոբալ շարժման՝ այս տարի հիմնելով մարդու իրավունքների պաշտպանների հետագա պաշտպանության և ճանաչման համաշխարահային արշավ:
Մենք, առավել քան երբևէ, այդ պաշտպանների կարիքն ունենք: Նրանք խոսում են հանուն ազատ խոսքի: Մարտահրավեր են նետում ռասիզմին և սեքսիզմին: Եվ, վերջապես, մեր առաջնորդներին ստիպում են հաշվետու լինել: Առանց նրանց աշխարհը կլիներ նվազ արդար և պակաս հավասար: Չնայած 2016-ին մենք ականատես եղանք մարդկային վարվելակերպի վատագույն ձևերին, սա նաև տարի էր, երբ երևակվեցին մարդկային լավագույն արարքները: Անհամար մարդիկ ոտքի կանգնեցին հանուն մարդու իրավունքների պաշտպանության և բռնության զոհերի՝ հաճախ նաև դրա համար զոհաբերելով իրենց սեփական կյանքն ու ազատությունը: Նրանց թվում էին լրագրողներ, մեդիայի աշխատողներ, իրավաբաններ, կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպաններ, արշավների կողմնակցիներ և շատ այլ մարդիկ:
Չնայած զարհուրելի չարաշահումների և սպառնալիքների հետ առերեսվելուն՝ հենց նրանց խիզախությունն ու վճռականությունն է աշխարհում մարդկանց համար ավելի լավ ապագայի հույսեր ներշնչում:
Մենք պետք է տոնենք և հիշատակենք նրանց բոլորի վճռականությունը, ովքեր ոտքի կանգնեցին և պահանջեցին ազատ խոսք ամբողջ աշխարհում:
Քերրի Մոսքոգիրին Amnesty International արշավների տնօրենն է ՄԹ-ում
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Բնօրինակը՝ Humanrights.brightblue.org.uk