Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մեդիահետազոտող
Երևան
Արտահերթ ընտրություններ պատերազմից հետո, որն էլ քովիդային արտակարգ դրությունից հետո էր, որն էլ հեղափոխությունից հետո էր։ Հետն էլ զանազան աղմկահարույց դատեր, անհասկանալի վեթինգի սպառնալիքներ ու հազար ու մի այլ բան։ Այս ամենը՝ ահռելի ուժերի գերլարմամբ քաղաքական ուժերի կողմից, հայաստանաբնակ և արտասահմանում գտնվող օլիգարխների ներգրավմամբ։ Սրան գումարած հասարակական բևեռացում, Սփյուռքի ներգրավում քաղաքական գործընթացների մեջ։ Ու այս ամենը՝ համեմված թունդ լեքսիկոնով, ատելության խոսքով, հայհոյանքներով, անեծքներով։ Այս ամենը երբ իրար կողքի ես դնում, հասկանում ես, որ մեդիադաշտը Հայաստանում վերջին ժամանակներում ավելի շուտ պատերազմի դաշտ էր, ականապատ դաշտ էր և միայն ամենավերջում՝ նոր լրագրության, լրագրողական հետաքննությունների և այլ նման արդեն մոռացվող երևույթների։
Եվ, անշուշտ, ընտրությունները հնարավոր չէ դիտարկել որպես ինչ-որ մի առանձին երևույթ հայաստանյան հասարական-քաղաքական տիրույթում։ Իհարկե, նախընտրական քարոզչության համար շատ քիչ ժամանակ էր տրված, նորաստեղծ քաղաքական ուժերի, կուսակցությունների, դաշինքների համար գրեթե ժամանակ չկար նույնիսկ ներկայանալու, էլ ինչ խոսենք հանրությանն իրենց գաղափարախոսությունը հանգամանալից ներկայացնելու մասին։ Սակայն, այս քարոզարշավը զուտ պատրանք էր։ Քանի որ Հայաստանը նախընտրական իրավիճակում էր գտնվում դեռ 2018 թվականից։ Հեղափոխությունը և դրան հաջորդած ամիսներն ու տարիները բոլոր հիմնական դերակատարների համար եղել են զուտ նախընտրական ժամանակաշրջան։ Շատ երկար, անհավանական կերպով ձգձգված, բայց հենց այդպիսին։ Նույնիսկ լեգիտիմորեն ընտրված կառավարությունն անընդհատ գտնվում էր նման վիճակում։ Սա մի կողմից հետևանք էր անբեկանելի պոպուլիզմի, որը վարակել էր թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմության գրեթե բոլոր թևերը։ Սա նաև հետևանք էր իրար դեմ կողմերի բացարձակ ագրեսիվ պայքարի։ Որը պատերազմից հետո վերածվեց արդեն հակառակորդներին ոչնչացնելու արշավի։
Քանի որ, բարեբախտաբար, սպառնալիքները չէին վերածվում ֆիզիկական բախումների, հիմնական մարտադաշտ էր հանդիսանում և շարունակում է այդպիսին լինել հենց մեդիադաշտը։ Մեդիադաշտն իր լայն ընկալմամբ․ ոչ միայն լրատվամիջոցները, այլ նաև սոցցանցերը, սոցցանցային օգտատերերը, բոլոր հնարավոր տեսակի աղբյուրները։
Այս ձգձգված նախընտրական գործընթացները մեծ հետք են թողել մեր տեղեկատվական դաշտի վրա։ Այս ազդեցությունն է ձևավորելու մեր մեդիադաշտը մոտակա ամիսներին, եթե ոչ տարիներին։ Որո՞նք են այդ յուրահատուկ հետևանքները։
ա․ Վերջնականորեն բյուրեղացավ լրագրողի կերպարը։
Ենթադրվել է, որ դասական լրագրողը պետք է լինի փոքրիշատե (իրականում տարբեր մշակույթներում բավականին տարբերվում է մոտեցումը) իրականությանը որպես դիտորդ վերաբերող, իր կարծիքը բացահայտ չարտահայտող դիտորդ։ Հայաստանում այսօր ակտիվ, արհեստավարժ լրագրողի կերպարը ենթադրում է լինել ամեն ինչի էպիկենտրոնում, լինել ակտիվիստ, հակամարտության կողմ, իր քաղաքացիական և քաղաքական կարծիքը ոչ միայն բացահայտ հայտնող, այլև իր ամեն նախադասությունում այն դրոշմող։ Լրագրողը, որը ամեն քայլափոխին չի քննադատում հակառակ քաղաքական ճամբարում գտնվողներին, չի գրում օրական մի քանի հարյուր մեկնաբանություն սոցցանցերում, ուր նա քննադատում է «վատերին», նման լրագրողին սկսում են կասկածել, որ նա պատվեր է կատարում, չի անում իր սրտի և խղճի թելադրածը։ Ոչինչ, որ լրագրողը կարող է հաճախ սխալվել և չստուգված տեղեկություններ տարածել։ Կարևորը, որ շիտակ և հստակ ներկայացնի իր կարծիքը բոլորի վերաբերյալ։
բ․ Ինչ վերաբերում է չստուգված կամ բացահայտ կեղծ աղբյուրներին, ապա այստեղ մենք այս պահին հանդիսանում ենք հաղթանակած պոստմոդերնիզմի երկիր։ Որտեղ կարևոր չէ, թե այս կամ այն պնդումը ճիշտ է, թե ոչ։ Կարևորն այն է, որ այն հրապարակվել է։ Ուրեմն՝ այդ պահից այն առնվազն հնարավոր է։ Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ով է այն հրապարակել, երբ, ինչպես և այլն։ Կամայական ցանցում հայտնված հայտարարություն, պնդում, նույնիսկ պարզապես կարծիք արդեն ստանում է գոյության իրավունք։ Դրանից հետո ամեն մի մեջբերում, ամեն մի քննարկում դարձնում են տվյալ պնդումը էլ ավելի իրական։ Մենք որպես հասարակություն մոտենում ենք քվանթային աշխարհի շեմին, ուր ամեն ինչ հիմնված է հավանականությունների վրա, ուր նույն բանը կարող է համ լինել, համ չլինել, ուր նույն մարդը միաժամանակ կարող է լինել երկու տեղում և այլն։ Շնորհիվ մեդիաների մենք որպես երկիր և որպես հասարակություն ոչ միայն կտրվել ենք աշխարհից, դարձել ինքնապարփակ իրադարձությունների հրապարակ։ Մենք արդեն անցնում ենք իրադարձությունների հորիզոնը։
գ․ Մենք անցնում ենք իրադարձությունների հորիզոնը, որից այն կողմ վերջնականորեն կամրապնդվի, կբյուրեղանա այն նոր Հայաստանը, որին ձգտել ենք երկար տարիներ։ Նոր Հայաստանը, որը կազմված է մոշի հատիկի պես բազմաթիվ Հայաստաններից։ Որոնցից մեկը մյուսին բացարձակ նման չէ, հետը կապ չունի։ Հանրության տարբեր հատվածներ պարփակվում են իրենց պղպջակներում, ընկալում միայն իրենց փոքրիկ աշխարհում գտնվողներին և բացարձակ հեռու մնում հարևան պղպջակներից։ Ամեն մի փոքրիկ Հայաստանին սպասարկում են իրենց լրագրողները, իրենց բլոգերները, ինֆլյուենսերները, փորձագետները և բազմաթիվ հասարակական և այլ ծանր բնույթի գործիչները։ Սա հասարակության պառակտվածություն չէ արդեն շուտվանից։ Պառակտումը ենթադրում է հակառակ կողմի հստակ ընկալում, թեկուզ և ծուռ հայելիների մեջ։ Հայաստանում արդեն հակառակ կողմի ընկալում չկա։ Ամեն պղպջակում տեղական մեդիաները ստեղծում են “մյուսների” սիմուլյակր, ու արդեն տվյալ պղպջակի բնակիչները շփվում են այդ կլոնավորված երևույթի հետ։
դ․ Այս պղպջակներում իրականությունը շատ պարզ է, հեշտ ընկալվող․ կան մերոնք, ու մնացածները։ Որոնք, սովորաբար, լավը չեն։ Քանի որ բաժանումը խիստ հստակեցված է, չի ենթադրում այլընտրանքներ, ապա մեդիաներով տարածվող տեղեկատվությունը պարզապես նույն կերպ բաժանվում է “մերոնքականի” և մնացածի։ Ու քանի որ ճշմարտությունը փոխանակվում է “յուրային” և “օտարով”, “դուրեկան” և “անդուրով”, արդեն կարևոր էլ չէ, թե տեղեկատվության աղբյուրը ումն է, որտեղից է, ինչպիսինն է, ինչպես է իրեն դրսևորել մինչև այս պահը և այլն։ Այդ իսկ պատճառով հիմա հեշտ ու հանգիստ արվում է այն, ինչը գրեթե անհնարին կթվար դեռևս մի քանի տարի առաջ։ Օրինակ, հեշտ ու հանգիստ ադրբեջանական բացահայտ քարոզչական, ապատեղեկատվական աղբյուրների հայտարարությունները ներմուծվում են, հաճախ նույնիսկ խցկվում, ճխտվում են հայաստանյան դաշտ։ Կարևորը մի չափանիշն է․ մեր պղպջակի ժողովրդին դուր գալի՞ս է, թե՞ ոչ, մեր հակառակորդների դե՞մ է, թե՞ ոչ։ Կամայական անանուն աղբյուրը, կամայական բացահայտ սուտասանը կարող են դառնալ վստահելի աղբյուր։ Միայն թե բավարարեն տվյալ պղպջակի քաղաքական կարիքները։ Եվ հակառակն էլ կա․ նույնիսկ Պյութագորասի թեորեմը կարող է մերժվել, եթե տվյալ պահին տվյալ պղպջակում Պյութագորասը համարվում է ոչ պարկեշտ անձնավորություն։
ե․ Պղպջակային Հայաստանում մեդիաների շնորհիվ նաև գնալով կրճատվում է հանրային և անհատական հիշողությունը։ Իրադարձությունների հորիզոնը հատելուց արդեն կարևոր չէ, թե, օրինակ, տվյալ անձը ինչ է ասել մեկ ամիս կամ տասնամյակ առաջ։ Կարևոր է, թե ինչ դիրքորոշում կա նրա հանդեպ այս պահին։ Նույն Պյութագորասը հենց որ հայտարարվի պարկեշտ, «ճիշտ» անձնավորություն, հենց տվյալ պահին իր թեորեմը կհայտարարվի համապատասխանող իրականությանը։ Իհարկե, մինչև քաղաքական իրավիճակի հերթական փոփոխություն, որը կարող է ժամերի ընթացքում նորից խաչ քաշել Պյութագորասի թեորեմի վրա։ Հիշողությունն այլևս չի հանդիսանում կարևոր վերլուծական օրգան։ Այն մաքսիմում կարոտախտը սպասարկող երևույթ է։
Այս ամենը միանշանակ շատ գրոտեսկային և գեղարվեստական տպավորություն թողնող տեքստ է։ Բայց հարցը նրանում է, որ մենք արդեն երկու ոտքով մտել ենք գրոտեսկի մեջ, ամեն կերպ փորձում ենք մեզ վրա քաշել այս պոստմոդերնիստական, եթե չկիրառենք էլ ավելի տարօրինակ խոսքեր, իրականությունը։ Այն արդեն դարձել է շատ սովորական։ Գրեթե դարձել է։ Մենք դեռ հիշում ենք ժամանակները, երբ այս ամենը այսքան էլ այսպես չէր։ Բայց բանը նրանում է, որ հենց որ կամայական իրավիճակին սովորում ես, արդեն բարդ է լինում ինչ-որ բան փոխել։ Իսկ ինչ-որ ժամանակ անց արդեն չես էլ հասկանում, որ ինչ-որ բան պետք է փոխել։ Ու չես էլ հիշում, թե ինչպես էր պետք փոխել։ Հատկապես, որ հիշողության խնդիրները խորանում են (տես՝ կետ ե-ն)։