Ջանա ՋԱՎԱԽԻՇՎԻԼԻ
Թբիլիսի
Ինչպիսի՞ դեր է խաղում հակամարտությունը խաղում սովորական մարդկանց կյանքում՝ ադրբեջանական, հայաստանյան և ղարաբաղյան հանրություններում։ Արդյո՞ք մարդիկ հակամարտության մասին հիշում են վաղ առավոտյան, երբ բացում են աչքերը։ Արդյո՞ք հակամարտությունն ազդում է այն ամենի վրա, ինչ նրանք անում են, ինչ և ինչպես են մտածոմւ, ինչ են զգում…Արդյո՞ք հակամարտությունը մի գործոն է, որի առկայությունը նրանք մշտապես զգում են իրենց կյանքում։ Թե՞ հակամարտությունն անտեսանելի է՝ ինչպես ռադիացիան։ Եւ իսկապես՝ մարդկանց համար ի՞նչ է նշանակում հակամարտությունում ապրելը։ Թե՞ հակամարտությունը միահյուսվել է նրանց՝ դառնալով նրանց ինքնության մի մասը։ Ի՞նչ իմաստ են նրանք դնում հակամարտության մեջ։Այս ամենը հարցերի մի ամբողջ շարք է, որը փորձել ենք պարզել ադրբեջանական, հայաստանյան և ղարաբաղյան հանրությունների ներկայացուցիչների հետ անցկացված հարցազրույցների շրջափուլի միջոցով։
Ո՞վ է հակամարտության մասին մտածում առավոտ կանուխ
Երբ մեր հետազոտական թիմը նախատեսում էր հարցման մասնակիցների հարցնել, թե սովորաբար ինչպես է սկսվում նրանց առավոտը, մենք երկու նպատակ էինք հետապնդում. նախ՝ «հալեցնել սառույցը» , իմա՝ հակամարտության մասին ոչ հեշտ զրույցը սկսել շատ հասարակ մի ինչ-որ բանից։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքիր էր իմանալ, թե որքանով է հակամարտությունն անդրադառնում հարցվողների առօրյայի ու տրամադրության վրա, որքանով է այն զգացվում նրանց կյանքում։ Անցկացված հարցազրույցները ցույց են տվել, որ շատերի համար հակամարտությունն անկատելի է անցնում։ Դրա գոյությանը կարծես թե հարմարվել են։ Այն «յուրային» է դարձել, նրա ներկայությունը մեծամասնության կողմից արդեն չի էլ զգացվում, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ սրվում է իրավիճակը։
Բայց բոլոր երեք կողմերում հարցվածների շրջանում եղել են, ճիշտ է՝ փոքրաթիվ, նաև այնպիսի մարդիկ, որոնք հակամարտության մասին մտածում են հենց ամբողջ օրը՝ առավոտից սկսած։ Նրանք այն մարդիկ են, ում ընտանիքի անդամներն այնտեղ են՝ պատերազմում, հարցվածներ, ում ծառայողական պարտականությունները ուղղակի կամ անուղղակի կապված են պատերազմի հետ (օրինակ՝ ռազմական բժիշկը, նախկին զինվորականը, կամ էլ նրանք, ովքեր աշխատում են փախստականների հետ և ապրումակցում են նրանց), կամ էլ մարդիկ, որոնք ապրում են սահմանամերձ գոտում։ Այս սովորությունը՝ աչալուրջ ու զգոն լինել, վաղ առավոտից հետաքրքրվել, թե արդյո՞ք իրավիճակի սրման ռիսկեր չկան, այնքան կարող է արմատանալ մարդու կյանքում, որ իր մասին զգացնել տա նաև այն ժամանակ, երբ մարդ արդեն փոխել է բնակության վայրը՝ «Ծագումով ինքս սահմանամերձ գոտուց եմ, և սա արդեն երկար տարիների սովորություն է դարձել՝ հետաքրքրվել, թե ինչ կա այնտեղ՝ սահմանգծին»։
Խաղաղ առավոտը ո՞րն է՝ երբ ռումբեր չե՞ն ընկնում
Մարդիկ հարմարվում են ամեն ինչի, այդ թվում՝ նաև հակամարտությանը։ Հարցվածներից շատերը կարծում են, որ առավոտը խաղաղ է, եթե չեն կրակում, եթե ռումբեր չեն պայթում։ Իսկ ահա հակամարտություններն ուսումնասիրող գիտությունը դրական խաղաղությունը սահմանազատում է բացասականից։ Բացասականը ենթադրում է պատերազմի բացակայություն, մինչդեռ դրական խաղաղությունը ենթադրում է հանրության զարգացում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հանրության եռանդը չի մսխվում կյանքի առանց բացառության բոլոր ոլորտների վրա հակամարտության ապակառուցողական ազդեցության հաղթահարման վրա։
Ըստ չիլիացի գիտնական Մանֆրեդ Մաքս–Նիֆֆի՝ մարդկության հիմնարար կարիքները երբեք էլ չեն փոխվել, դրանք միշտ էլ նույնն են՝ սկսած քարանձավի մարդուց մինչև մեր օրերի մարդը։ Դրանք 9 հիմնական կարիքներն են՝ գոյատևում, անվտանգություն, տեղեկացվածություն, մասնակցություն որոշումների ընդունմանը, աֆիլացված լինել մյուս մարդկանց հետ, պահպանել իր ինքնությունը (նույնականացման կարիք), կրեատիվ լինել, հանգստանալ, ազատ լինել։ Այս կարիքներն ունիվերսալ են և անփոփոխ, բայց դրա փոխարեն պատմության ընթացքում և դարաշրջանների փոփոխմամբ փոխվում են լայդ կարիքները բավարարողները։ Եթե հին ժամանակներում տեղեկացվածության կարիքը բավարարվում էր քարանձավային նկարների միջոցով, իսկ հաջորդ դարաշրջանում պապիրուսների վրա գրված տեքստերով, իսկ հետագայում էլ՝ գրքերով, ապա այսօր դա համացանցն է, գաջեթները և այլն։ Մաքս-Նիֆը տարանջատում է իսկական բավարարողներին կեղծ բավարարողներից։ Իսկական բավարարողը այս կամ այն հիմնարար կարիքը բավարարում է առանց խարխլելու այլ հիմնարար կարիքների բավարարման հնարավորությունը։ Կեղծ բավարարողը ձգտում է բավարարել մի կարիք, բայց խարխլել որևիցե այլ կարիքի բավարարման հնարավորությունը։ Մարդ հաճախ շփոթվում է և պատերազմն ընդունում որպես անվտանգության կարիքի բավարարում, մինչդեռ իրականում պատերազմը հանդիսանում է մի առանձնահատուկ կեղծ բավարարող, քանի որ այն սահմանափակում է մարդկային առանց բացառության բոլոր 9 հիմնարար կարիքների բավարարման հնարավորությունը։
Մենք պլանավորու՞մ ենք, թե՞ մենք հույս ունենք
Հարցվածներն իրարից տարբերվում էին ապագան պլանավորելու սովորությամբ։ Նրանց մեջ երբեմն հանդիպում էին անպիսիք, որոնք ասում էին, թե պլանավորում են մինչև կյանքի վերջը, կային նաև այնպիսիք, ովքեր խոսում էին իրենց պլանների մասին միայն վաղվա օրվա կտրվածքով։
Արտահայտված մտքերի մեծամասնությունում հարցվածներն ասել են, թե հակամարտությունն ամենևին էլ չի խանգարում պլանավորելու կյանքը։ Որպես պլանավորման խոչընդոտներ հարցվածները խոսել են կոռուպցիայի, պետական ապարատի հնամաշության, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև անձնական սուբյեկտիվ ու օբյեկտիվ այնպիսի գործոնների մասին, ինչպիսին են ցածր աշխատավարձը, առողջությունը, կենտրոնանալու հետ կապված բարդությունները, փախստականության հետ կապված խնդիրները և այլն։ Թեև այստեղ եղել են նաև բացառություններ՝ հարցվածներից մի քանիսն ընդգծել են, որ ապրում են մի օրվա կտրվածքով, քանի որ «պատերազմը մեզ մոտ, այնուամենայնիվ, դեռևս չի ավարտվել»։
Հետազոտությունը նաև այնպիսի մարդկանց է երևան հանել (առավել հաճախ՝ փախստականներ), որոնք կենսական դեպքերի անվերահսկելիության զգացողության պատճառով գիտակցաբար չեն պլանավորում իրենց կյանքը։ Այդպիսի խմբերից մեկում այն մարդիկ են, որոնց համար կյանքի պլանավորման հակադիր բևեռը հույսն է։ Այսինքն, նրանք խոսում էին ոչ թե կյանքի պլանավորման մասին, այլ հույսի մասին առ ավելի լավ ապագա՝ «Ինչ-որ բան կանխատեսել չեմ կարող, բայց կա այնպիսի հասկացություն, իչպիսին հույսն է, ուստի և ապրում ենք այն հույսով, որ մեզ մոտ ամեն ինչ անպայման լավ կլինի»։
Կային նաև այնպիսի հարցվածներ, որոնք խոսել են անհուսության մասին՝ «Շատ մշուշոտ եմ պատկերացնում իմ ապագան։ Մեր իրականության մեջ սոցիալական ոլորտում չկա մի բան, որ կարելի է ուղղակի պատկերացնել։ Կա միայն առօրյա կյանք։ Ու ոչ մի ապագա էլ այստեղ չեմ տեսնում։ Ինձ ուժ է տալիս հանրության ու կառավարության առաջ իմ պարտքի գիտակցումը»։
Այսօրինակ անհուսությունը հարցվածները կապում են ոչ այնքան հակամարտության հետ, որքան կոռուպցիայի, ինֆլյացիայի և սխալ կառավարման (mismanagement) հետ, ուստի և նրանք կապ չեն տեսնում կոռուպցիայի-ինֆլյացիայի-վատ կառավարման ու հակամարտության միջև, ինչը կարելի է գնահատել որպես հակամարտության ազդեցության թերագնահատում։
Հակամարտության ազդեցությունը. այն և խանգարում է, և չի խանգարում
Այստեղ երեք կողմերում հարցվածներն էլ դրսևորել են երկարժեք (ամբիվալենտ) վերաբերմունք՝ հակամարտությունն այնքան էլ չի խանգարում, բայց, այնուամենայնիվ, խանգարում է, երբ վերսկսվում են ռազմական գործողությունները։ Այս վերջին մտավախությունն առավել հաճախ հնչել է այն հարցվածների մոտ, որոնք զինակոչային տարիքի կամ այդ տարիքին մոտ զավակներ ունեն։
Հակամարտույթան նկատմամբ երկիմաստ վերաբերմունքը հստակորեն երևակվում է որոշ հարցվածների, օրինակ՝ զինակոչիկի հակասական մտքերում՝ «Ամեն մարդ էլ պլաններ ունի՝ իր, ընտանիքի, կենցաղի, հանգստի հետ կապված։ Բայց ֆորսմաժորներ միշտ էլ կարող են լինել։ Մեր պարագայում դա հետևյալն է՝ իսկ եթե վաղը պատերազմը սկսվի՞։ Դա էլ կարող է պատահել։ Այն, ինչ եղել է ապրիլին։ Ինքս աշխատանքի բերումով Բարդայում էի, մեզնից 20 կիլոմետր հեռու պայթյուններ լսվեցին…Տագնապի ու մտահոգության տեղիք է տալիս որդուս տարիքը։ Նա 18 տարեկան է, զինակոչային տարիքում։ Առայժմ նա առաջին կուրսի ուսանող է, առջևում համալսարանական ևս երեք տարիներ են ու մագիստրատուրայի երկու տարի, ընդհանուր առմամբ՝ հինգ տարի։ Իսկ հետո լրջորեն մտահոգվելու ժամանակն է գալու։ Ու այն ժամանակ վախն աճելու է։ Հակամարտությունն, ինչ խոսք, տագնապ է առաջացնում, որովհետև այն չմարող հակամարտություն է»։
Այս նույն հարցվածն ավելի ուշ հարցազրույցում ասել է, որ հակամարտությունն ամենևին էլ չի խանգարում՝ «Մեծ հաշվով, հակամարտությունը ոչ մի կերպ չի ազդում իմ կյանքի վրա։ Մենք հեռու ենք դրանից, կարծես թե այլ մոլորակի վրա ենք ապրում։ Թեև մենք նույն տեղեկատվական դաշտում ենք գտնվում՝ մշտական հաղորդումներ, կարգախոսներ։ Բայց, այնուամենայնիվ, ժամանակը գնում է, 25 տարի է անցել, մարդկանց մի ամբողջ սերունդ է արդեն փոխվել, մարդիկ, որոնք այդ հողը կարող են իրենցը համարել։ Նույն ձևով էլ՝ այստեղ արդեն երկրորդ սերունդն է, որ իր նախնիների հողերը չի տեսել»։
Հարցվածները հաճախ նշել են, որ հակամարտությունն իրենց վրա անմիջականորեն չի ազդում, բայց արգելակում է հանրության զարգացումը՝ «Այն, հակամարտությունը,այնքան էլ ուժեղ չի ազդում ինձ վրա կամ իմ ընտանիքի վրա…Եթե պատերազմը չլիներ, ապա, կարծում եմ, մեր զարգացումը, մեր երկրի զարգացումն ավելի լավ կլիներ՝ մենք կբացեինք սահմանները։ Կզարգանային արդյունաբերությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը…»։
Ովքե՞ր են հակամարտության ազդեցությունն զգում որպես միանշանակ բացասական
Հարցվածները տարբերակել են հակամարտության ազդեցության աստիճանի կտրվածքով սուբյեկտների զանազան խմբեր։ Որպես առավել տուժած խումբ առանձնացվել են նրանք, ովքեր ընտանիքի զոհված անդամ ունեն, նրանք, ովքեր ապրում են հակամարտության գոտում, գործազուրկները (ծայրահեղ աղքատ մարդիկ), փախստականները և զինակոչիկները։
Գործազուրկների (ծայրահեղ աղքատների) համար հակամարտության ազդեցությունը շատ ավելի զգալի է («Իմ մաշկի վրա է դա զգացվում, իմ երեխաների մաշկի վրա, նրանց սննդի ու կրթության վրա»), քան նյութապես ապահով ընտանիքների վրա։
Հարցված փախստականներն իրենց տագնապն ու ցավն են կիսել՝ կապված իրենց խոցելի ու մեկուսի վիճակի հետ, ինչն էլ խնդիրներ է ստեղծում ամենատարբեր մակարդակներում՝ սոցիալական միջավայրի (փախստականի խարան) բացասական վերաբերմունք, տնտեսական խնդիրներ և գործազրկություն, կրթության ու զարգացման սահմանափակ հնարավորություններ և այլն։
«Պատկերացրու, որ դու տղամարդ ես, ձեր գյուղում հարգված, ընտանիքով-տունուտեղով, և հանկարծ ստիպված ես թողնել այդ ամենը, վերցնել ընտանիքդ և տեղափոխվել մի շրջան, ուր միգուցե դու ժամանակին եկել ես հանգստանալու, և ամեն ինչ այդտեղ սկսել զրոյից։ Դու արդեն այն նույն հարգված տղամարդը չես, քո կինն էլ առաջվա հարգված կինը չէ, դուք եկվորներ եք…Դժվար է հատկապես երեխաների համար։ Իմ եղբայրը 9 դպրոց է փոխել։ Ի վերջո՝ առանց կրթության է մնացել։ Իմ բախտը բերեց, որ դեռ փոքր էի՝ մայրս խստորեն հետևում էր և ստիպում էր սովորել դասերս։ Իսկ ահա եղբայրս արդեն դեռահաս էր։ Նա ընկերներ էր գտնում ու կորցնում, մինչև հիմա նա՝ արդեն երկու երեխաների հայր, ասում է, որ չի գտել իր տեղը կյանքում»։
Ինչպես են կողմերն իմաստավորում հակամարտությունը
Բոլոր երեք կողմերն էլ տարբեր կերպ են իմաստավորում առկա հակամարտությունը։ Ադրբեջանցի հարցվածներն այն սահմանում են որպես նսեմացում և արժանապատվության վիրավորում՝ կորսված հողերով պայմանավորված, Հայաստանում հարցվածները՝ որպես գոյատևման միջոց, իսկ Լեռնային Ղարաբաղում հարցվածները՝ որպես ընտրության իրավունք և սեփական ինքնության զգացում։
Ադրբեջանցի հարցվածներն ընդգծում էին, որ ողջ բնակչությանը պատած տրավման (կոլեկտիվ տրավման) «հողերի կորուստն է» և այդ կորստից ածանցյալ՝ ինքնության մակարդակի խնդիրները («ոչ լիարժեքության բարդույթը»)։
«Ինչ խոսք, հակամարտությունն ազդում է։ Հիմնականում դա հոգեբանական տրավմա է՝ կապված հողերի կորստի հետ։ Դա ոչ լիարժեքության բարդույթ է ծնում։ Հակամարտության գոտում ապրող գյուղական բնակչության վրա այն ավելի շատ է ազդում»։
Ստեղծված իրավիճակի իմաստի՝ որպես ստորացում ընկալումը ավելացնում է հակամարտության հավանականությունը։ Այստեղ նորից երկարժեքություն է դրսևորվում՝ չնայած այն բանին, որ ադրբեջանցի հարցվածների կարծիքով ամենավատ բանը, որ կարող է պատահել, պատերազմն է, նրանցից շատերն ասում են, որ այն անխուսափելի է։
«Ես ամենևին էլ արյունատենչ չեմ, բայց այս պատերազմը հիվանդություն է, որը պիտի արմատախիլ անել, սա արդեն անշրջելի գործընթաց է, ինչպես ոտքի անդամահատումը։ Դա պետք է, թեև ցավոտ է»։
Հողերի վերադարձը որպես արժանապատվության հարց է դիտարկվում անգամ այն ադրբեջանցիների մոտ, ովքեր հակամարտությունը սխալմունք են համարում։
Հայաստանում հարցվածների պատասխաններում ի հայտ են գալիս այնպիսի պատմույթներ, որոնք նույնպես ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունն արծարծում է ինքնության մակարդակ՝
«Ղարաբաղն այս հակամարտության հիմնական հարցը չէ։ Հակամարտությունն սկսվել է որպես պայքար մարդու իրավունքների համար (ինքնատիպ մնալու իրավունք)։ Կարելի է համեմատել Նախիջևանի հետ՝ նախիջևանյան հայերին «ջնջել» են Նախիջևանից, քանի որ Հայաստանը չի միջամտել, իսկ Ղարաբաղում հայերը պաշտպանել են իրենց իրավունքները և չեն անհետացել»։
Մարդիկ ապրում են հակամարտությունու՞մ, թե՞ հակամարտությունը միահյուսվել է մարդկանց
Հարցվածների մոտ ևս մի հետաքրքիր միտում է նկատվել՝ հակամարտությունը դարձել է նրանց գոյության սովորական մոդուս, կյանք՝ հակամարտությունում կամ հակամարտության հետ։ Սա միախառնվել է նրանց ինքնությանը, ուստի նրանք չեն կարողանում իրենց պատկերացնել հակամարտությունից դուրս և առանց հակամարտության։
Ելնելով դրանից՝ հակամարտության բացակայությունն ու դրա վերացումը նրանց մոտ առաջ է բերում ինքնության ճգնաժամ, և շատ հնարավոր է, որ այն մարդիկ, ում ինքնությանը միախառնվել է հակամարտությունը, դեմ լինեն դրա լուծմանը՝
«Ես ծնվել եմ պատերազմի ժամանակ, համարվում եմ անկախության սերունդ և արդեն չեմ պատկերացնում իմ կյանքն առանց հակամարտության։ Պատերազմի ժամանակ հայրս զինվորական էր, և մանկուց ես ինձ վրա զգացել եմ պատերազմի ազդեցությունը»՝ ասում է հարցվածներից մեկը։ Բայց այստեղ կարելի է նկատել մեկ այլ պարադոքս՝ այս նույն հարցվածն ասում է՝ «Հավանաբար, սա էլ դարձել է մասնագիտությունս ընտրելու պատճառը։ Քաղաքագետ եմ։ Ու կարծում եմ, որ կարող եմ իմ գործնեությամբ ինչ-որ կերպ նպաստել խաղաղությանը»։ Սկզբում հարցվածն ասում է, որ իրեն չի պատկերացնում առանց հակամարտության։ Այնուհետև նա խոսում է խաղաղությանը նպաստելու իր բարի կամքի մասին։ Այս երկուսից ո՞րն է ճշմարիտը։ Կարծում եմ՝ երկուսն են ճիշտ են, և սա նույնպես ստեղծված իրավիճակի նկատմամբ հարցվածի երկատվածության ցուցիչ է։ Քանի որ երկատված վիճակը կրկնվում է հարցվածների մոտ՝ կարելի է ենթադրել, որ սա պաշտպանական մեխանիզմ է, որը զարգացել է իրենց ապրած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» երկիմաստ կացությանն ի պատասխան։
Հակամարտությունը որպես խոչընդոտ ազգային ինքնության ընկալման ճանապարհին
Ի հակադրություն այն հարցվածների, ըստ որոնց հակամարտությունն իրենց օգնել է ինքնություն ձեռք բերել և պահպանել այն, հետազոտության մեջ կային նաև այնպիսի հարցվածներ, որոնք խոսել են հակամարտության պատճառով իրենց ինքնությունը կորցնելու մասին։
«Եթե չլիներ ղարաբաղյան հակամարտությունը՝ իմ ժողովրդի պատմությունն այլ կերպ կհյուսվեր, և ես, հնարավոր է, առանց ազգային ինքնազգացման մուտանտ չէի լինի…Սա պատերազմ է, և ուղակի անմարդկային է, թե ինչպես են Բաքուն ու Երևանը սնուցում այն։ Ադրբեջանի ու Հայաստանի բնակիչներին ընտրություն չեն թողել։ Կամ դու՝ հայդ կամ ադրբեջանցիդ, ազգայնամոլ ու գազան ես, կամ էլ հրաժարվում ես քո ազգությունից»։
Ո՞վ է առավելս տուժում հակամարտությունից
Այս հարցը, թվում է, մերձեցրել է հարցվածներին՝ մեծամասնությունն ի պատասխան խոսում է այն մասին, որ հակամարտության արդյունքում առավել տուժածը շարքաիյն քաղաքացիներն են՝ «Առաջին հերթին տուժում է շարքային քաղաքացին՝ և հայը, և ադրբեջանցին»։
Հարցվածների մի մասը գտնում է, որ հակամարտությունը տարբեր կերպ է ազդում՝ կախված կյանքի աշխարհագրությունից («Ովքեր սահմանմերձ շրջաններում են՝ նրանց վրա ավելի վատ է անդրադառնում»), տարիքից («Առաջին հերթին երեխաներն են տուժում»), առողջությունից («Առողջներն ավելի հեշտ են տանում այդ ամենը»), բարեկեցությունից, բնակչության շերտից («Հասարակ ժողովուրդն՝ առաջին հերթին»), սերնդից («Առաջին հերթին մենք են տուժում՝ անկախության սերունդը, այսինքն այն սերունդը, որը ծնվել է պատերազմի ժամանակ»)։
«Հակամարտությունը միատեսակ չէ ազդում բոլոր վրա։ Ովքեր հարազատներ ունեն այլ երկրներում՝ նրանց վրա, երևի, ավելի քիչ է ազդում՝ նրանք իրենց ապահովագրված են զգում։ Իսկ մարդիկ, որոնք այստեղ են ապրում և լայն կապեր ու հնարավորություններ չունեն, զորակոչային տարիքի երեխաներ ունեն կամ էլ ապրում են սահմանամերձ տարածքներում, ապա, ինչ խոսք, նրանց վրա ավելի շատ է ազդում»։
Հարցվածներն անդրադարձել են նաև սոցիալական անհավասարությանը/անարդարությանը՝ ռազմական հակամարտության համապատկերում՝
«Հարուստները դժվար թե ներգրավվեն այս հակամարտություններում, իսկ աղքատներին ո՞վ է հարցնողը։ Առաջին հերթին տուժում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, նրանք մշտապես կրակի տակ են, ես նկատի չունեմ զինված ուժերը, այլ նկատի ունեմ գյուղերի բնակիչներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր ինքնապաշտպանության համար առանձնապես միջոցներ չունեն։ Նրանք այնտեղ են, նրանք ապրում են, և ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդպես ապրել, ամեն գիշեր գնալ քնելու՝ իմանալով, որ կարող ես չարթնանալ այլևս»։
Հարցվածների մի մասն էլ խոսում է հակամարտության ազդեցության մասին ամբողջ հանրության վրա, թեև տարբեր շերտերի վրա տարբեր կերպ, ու առանձակի շեշտում է պետության զարգացման արգելակումը՝
«Բնականաբար, հակամարտությունն ազդում է ողջ հանրության վրա՝ կախված սեռի ու անհատի առանձնահատկություններից։ Տղամարդիկ ու հատկապես երիտասարդ սերունդը ավելի շատ են տուժում հակամարտությունից, քանի որ նրանք առաջնագծում են և իրենց վրա են կրում անվտանգության ապահովման ողջ ծանրությունը։ Պատերազմը լավագունյ գենաֆոնդն է ոչնչացնում։ Սակայն կանայք երեխաների հետ միասին ոչ պակաս են տառապում հոգեբանական առումով։ Իսկ հանրությունն, ընդհանուր առմամբ, չի կարող, ինչ խոսք, լիարժեք զարգանալ շարունակվող հակամարտության պայմաններում»։