Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական եւ միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոն
Երեւան
Հարավային Կովկասի հետ Իրանի հարեւանությունը սկսվում է մարդկությանը հայտնի պատմությունից ի վեր, ինչը չի կարելի ասել մյուս երկուսի` Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին: 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Իրանի սահմանը տարածաշրջանի հետ չի փոխվել: Իրանն իր հյուսիսային սահմանից դուրս չի պատերազմել եւ ռազմական հավակնություններ չի դրսեւորել, ինչը կրկին մյուս երկուսի մասին ասել չի կարելի:
Ի հեճուկս միջազգային հանրության հետ Իրանի ունեցած մեծ խնդիրների, որոնք նրան դասում են քաղաքական խիստ բացասական վարկանիշ ունեցող երկրների շարքին, վերջինիս ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության եւ Հարավային Կովկասում կայունության վրա գնահատվում է կա´մ դրական, կա´մ չեզոք, բայց ոչ երբեք բացասաբար` ո´չ հարավկովկասյան երկրների, եւ ո´չ էլ արտատարածաշրջանային հիմնական խաղացողների կողմից` ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի:
Իրանի պաշտոնական դիվանագիտությունն իր հռչակագրերում, ինչպես նաեւ առանձին պաշտոնատար անձինք տարածաշրջանային խնդիրներին վերաբերվում էին ընդգծված կերպով զուսպ եւ հավասարակշռված` հավատարիմ մնալով ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին եւ դիրքավորվելով որպես տարածաշրջանի բոլոր երկրների հետ հավասար եւ փոխշահավետ համագործակցությամբ շահագրգռված կողմ: Վերջին գրեթե 20 տարիների ընթացքում քաղաքական գործառնությունը հռչակագրերին ընդհանուր առմամբ չի հակասել:
Վերջին 20 տարիների ընթացքում էապես խորացել են Իրանի կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո իրանական դիվանագիտության մեջ կովկասյան ուղղությունը ձեռք է բերել որոշակիորեն լուրջ նշանակություն. տարածաշրջանում այն խաչաձեւվում է գլխավոր խաղացողների բավականին տարբեր եւ երբեմն հակադիր շահերի հետ: Այսուհանդերձ, Իրանին հաջողվում է պահպանել հավասարակշռությունը եւ այդ լաբիրինթոսում խուսափել հակամարտություններից: Որպես կարեւոր տարր է ներկայանում նաեւ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ողջ հակամարտայնությամբ հանդերձ` Իրանին հաջողվում է պահպանել ՙմիջին գիծը՚, ինչպես եւ շահել հակամարտող կողմերի տածած ըմբռնումն ու հարգանքը սեփական դիրքորոշման հանդեպ: Տարածաշրջանում Իրանն, ի տարբերություն այլ տարածաշրջանների, խուսափում է իսլամական գործոնի շահարկումից:
Տարածաշրջանում իրանական շահերի կարեւոր տարրերն են.
– կայունության, ուժերի փոխհավասարակշռության, տարածաշրջանային երկրների` որպես վաճառահանման հետաքրքրիր շուկայի հետ հավասար, բարեկամական, բայց ոչնինչ չպարտավորեցնող հարաբերությունների պահպանումը եւ, այս ամենով հանդերձ, սեփական դերակատարության եւ հեղինակության բարձրացումը,
– ընդհանուր առմամբ Իրանին ձեռնտու ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը, վերջինիս կտրուկ փոփոխության չթույլատրումը, հատկապես, եթե այն կարող է հանգեցնել այլ արտաքին խաղացողների հզորացմանը, առավել եւս, եթե առկա է որեւէ, այդ թվում եւ խաղաղապահ կարգավիճակով նրանց զորքերի հայտնվելու վտանգը,
– հնարավորության սահմաններում տարածաշրջանային, մասնավորապես` էներգետիկ եւ հաղորդակցային նախագծերում լայնորեն ներգրավվելը, ինչպես նաեւ տարածաշրջանում գլխավոր` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդական գործունեությանը դիվանագիտորեն ընդգրկվելու ձգտումը,
– այն, որ ներկա տեսքով տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունն Իրանը սեփական անվտանգությանը սպառնալիք չի դիտարկում: Ընդհակառակը` այն դիտվում է որպես վճռորոշ գործոն` իր հյուսիս-արեւմտյան սահմաններում աեւմտյան հանրության քաղաքական ազդեցությունը զսպելու հարցում:
Հայաստան-Իրան հարաբերությունները ոչ միայն տարածաշրջանի հետ Իրանի հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ են, այլեւ ունեն ինքնուրույն արժեք: Վերջինիս ընկալումն առկա է երկու կողմերի մոտ էլ եւ° քաղաքական շրջանակներում, եւ° հանրային կարծիքի մեջ: Հայ-իրանական հարաբերությունների առավել կարեւոր հայեցակետերն են.
– կողմերի միջեւ քաղաքական խնդիրների բացակայությունը, ընկալման բացասական կարծրատիպերի եւ սպասելիքների բացակայությունը, միմյանց ներքին գործերին գործնական չմիջամտությունը, ներքաղաքական իրավիճակի սրման պահերին ընդգծված զսպվածությունը, փոխադարձ ըմբռնումն ու քաղաքական շահերի ու վարած գծերի հանդեպ հարգանքը,
– արեւմտյան հանրության կողմից հայ-իրանական նման մոդուս-վիվենդիի ըմբռնման անխուսափելիությունը` որպես Արեւմուտքի, վերջինիս շահերի ու արժեքների դեմ որեւէ կերպ չուղղված երեւույթի,
– Ռուսաստանի դրական վերաբերմունքը հայ-իրանական կապերին, եթե դրանք ՙչեն դիպչում՚ ռուսական, հատկապես` էներգետիկ շահերին, իսկ Ռուսաստանն ի վիճակի է վերահսկել հայ-իրանական կապերի համարյա ողջ ներկապնակը (ռուս սահմանապահները Մեղրիում, անձնագրային ստուգումներն օդանավակայանում, Հայաստանում տնտեսական, ռազմական եւ քաղաքական ներկայությունը),
– հայ-իրանական կապերի հանդեպ Ադրբեջանի խանդոտ վերաբերմունքը, երբեմն` Իրանի հասցեին հայամետ տրամադրություններ ունենալու մասին պնդումները, ղարաբաղյան հակամարտության հարցում ՙանբավարար սկզբունքայնության՚ եւ անգամ ՙագրեսորին՚ աջակցելու վերաբերյալ մեղադրանքները, քանի որ Իրանը Թուրքիայի նման չի միացել Հայաստանի շրջափակմանը,
– տարածաշրջանում Թուրքիայի, իսկ վերջին շրջանում նաեւ Ադրբեջանի հետ պատմականորեն մրցակցային հարաբերությունները:
Այսպիսով, հայ-իրանական մերձեցմանը ձգտելը դառնում է առավել տրամաբանական եւ բնական:
Երկու կողմերն էլ ձգտում են հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, որը բացատրվում է շահերի համընկնմամբ.
Հայաստանի համար Պարսից ծոցի եւ Արաբական ծովի շրջանում հնարավորությունների ստեղծումը` դեպի ասիական շուկաներ, իսկ Իրանի համար` դեպի Սեւ ծովի տարածաշրջանն ու եվրոպական շուկաները ելքով,
– տարածաշրջանում էներգետիկ-հաղորդակցային եզրաձեւերի փոփոխությանը ձգտող այլ խաղացողների համար համապատասխան հնարավորությունների ստեղծումը:
Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու խորացման խոչընդոտները համարվում են.
– միջազգային հանրության հետ, մասնավորապես ԱՄՆ-ի հետ Իրանի խնդիրները, որոնք Իրանի մասնակցությամբ էներգետիկ եւ հաղորդակցային նախագծերը համարյա ՙապօրինի՚ են դարձնում, ներդրումների պակասը եւ իրանական էներգետիկային տեխնոլոգիաների փոխանցման վրա դրված արգելքը,
– Իրանի տնտեսական քաղաքականության կարծր հովանավորչական բնույթը, Հայաստանի օլիգարխիկ-մենաշնորհային տնտեսությունը,
– Ռուսասանի պահպանվող գերակա ազդեցությունը, որը միտված է այդ թվում եւ տարածաշրջանում Իրանի` որպես ածխաջրածնային հումքի արտահանման ասպարեզում մրցակցի հնարավորությունների սահմանափակմանը (վառ օրինակը` Հայաստան մտնող իրանական գազամուղի տրամագծի նվազեցման հայտնի պատմությունը),
– ինչպես ասվել է վերեւում` Ադրբեջանի խանդոտ վերաբերմունքը` ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պայմաններում, որը որոշակիորեն սահմանափակում է համագործակցության ընդգրկույթը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ միջնորդական դերակատարություն ստանձնելու Իրանի վերջին փորձերն աննախադեպ չեն: 1992 թվականից Իրանը պարբերաբար հանդես է եկել այս կարգի նախաձեռնություններով, որոնք միշտ էլ դրական արձագանք էին գտնում հակամարտող կողմերի մոտ: Սակայն, 1992 թ. Թեհրանում եռակողմ բանակցությունների փաստի բացառությամբ, իրանական նախաձեռնությունները հաջողություն չեն ունեցել եւ Իրանի միջնորդական դերակատարության գործնական իրականացումն այսօր իրատեսական չէ:
Ի նկատի ունենալով վերոնշյալը եւ մի շարք այլ գործոններ` ուրվագծվում են հայ-իրանական հարաբերությունների որոշակի սպասելիքներն ու հեռանկարները.
– Իրանի էներգետիկ հնարավորությունները թույլ են տալիս մրցակցել թե´ ռուսաստանյան, եւ թե´ այժմ արդեն մշակված Ռուսաստանը շրջանցող նախագծերի հետ, իսկ Հայաստանի եւ Վրաստանի միջով դեպի Սեւ ծովի ավազան հնարավոր տարանցիկ փոխադրումները կարող են էապես մեղմացնել թե´ Ռուսաստանի տնտեսական եւ, վերջին հաշվով, քաղաքական ազդեցությունը, եւ թե´ տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունները, իսկ արդյունքում` նրանց էներգետիկ եւ տարանցիկ ազդեցությունը Եվրամիության վրա,
– Իրանի կարծր ավտորիտար վարչակարգի մոտ կարող են ծագել ՙնարնջագույն՚ մտավախություններ, եթե ներքաղաքական զարգացումները Հայաստանում հանգեցնեն ազատականացման գործընթացներին եւ այսպիսով` ԵՄ եւ ԱՄՆ դիրքերի հզորացմանը,
– Հայաստանում նույնպես իրանյան վարչակարգի փոփոխությունը (կամ դրա հնարավորությունը, ինչպես 2009 թ. հուլիսին) կարող է փոփոխել Հայաստանում վարչակարգի գոյության արտաքին պայմանները, ինչպես նաեւ նվազեցնել Ռուսաստանի դերակատարության կշիռը,
– Իրանի կողմից միջուկային տեխնոլոգիաներին տիրանալը, որն ընդունակ է ապահովել վերջինիս առաջատար դիրքերն իսլամական աշխարհում եւ ապակայունացնել միջազգային հարաբերությունները, կարող է փոփոխել Իրանի արտաքին քաղաքականության ողջ կաղապարը: Առավել հավանական է նկատվում, որ հայ-իրանական հարաբերություններն, ի տարբերություն այլոց, առանձնակի փոփոխություններ չեն կրի: Ներկայումս հարաբերությունների վատթարացման համար հիմքեր չկան: Ավելին` հայ-իրանական հարաբերությունները պաշտոնական Թեհրանը բազմիցս ներկայացրել է որպես ՙտարադավան, տարաչափ պետությունների համար օրինակելի՚, հատկապես Մոհամմադ Խաթամիի իշխանության շրջանում:
Այսպիսի հռետորաբանությունը շուտով կարող է կրկին պահաջված դառնալ: