Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ ԱՐՇԱՄՅԱՆԻ հետ
–Պարոն Արշամյան, Դուք արդեն երկու ամիս է՝ ստանձնել եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ի՞նչ վիճակում եք ստանձնել հիմնադրամի ղեկավարի պաշտոնը և ի՞նչ եք արել երկու ամիսների ընթացքում։
-Ես կցանկանայի ավելի շատ խոսել ապագայի մասին։ Ես գնահատում եմ այն, որ հիմնադրամն ունի լուրջ պատմություն, այն 26 տարիների ընթացքում հսկայական գործնեություն է ծավալել Հայաստանում ու Արցախում, բայց այն, ինչ հիմնադրամը արել է 26 տարի շարունակ, կարծում եմ, պետք է փոխակերպել և շինարարությունից անցնել ավելի բովանդակային ծրագրեր։ Թեև այս տարիների ընթացքում հիմնադրամը գործնեություն ծավալել է նաև Հայաստանում, բայց ավելի շատ Արցախի վրա է կենտրոնացել, ինչը շատ ճիշտ էր, բայց, կարծում եմ, ժամանակն է Հայաստանում իրականացնել զանազան բովանդակային ծրագրեր՝ խոսքը գնում է բարձր տեխնոլոգիաների, դպրոցների, մշակույթի ու արվեստի ոլորտում աշխատանքի մասին։Կարող եմ մի քանի վեկտորներ նշել. կարծում եմ, որ Հայաստանի բոլոր դպրոցները պետք է սնուցվեն արևային էներգիայով, ինքս կանաչ էներգիայի կողմնակից եմ։ Եթե մենք կարողանանք մեր հիմնադրամի միջոցներով Հայաստանի բոլոր դպրոցները զինել արևային պանելներով, ապա դրանով կապահովենք դպրոցներին ինքնաբավ էներգիայով ու կկրճատենք դպրոցների ծախսերի մի հատվածը՝ դա ուղղելով կրթական ծրագրերին։ Թեև Հայաստանում լուրջ գործ է արվել ու արվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բայց կարծում եմ, որ ստարտափերի լայնածավալ ֆինանսավորումը կխթանի ոլորտի զարգացումն ու Հայաստան ներդրումներ կբերի։ Ըստ իս, սա այն ճիշտ ուղղություններից մեկն է, որ հիմնադրամը պիտի որդեգրի։
Հաջորդը՝ մենք պետք է փորձենք բացահայտել մեր տաղանդավոր երիտասարդներին ու պատանիներին, որովհետև այսօրվա սերունդն ունի ինովացիոն մտածողություն, ներկայիս սերունդը, պատկերավոր ասած, ա օնլայն սերունդ է, ուստիև պիտի փորձենք համայն հայության ուժերով Հայաստանը դարձնել միտք արտադրող երկիր։ Համոզված եմ, որ մեր երկիրը կարող է դառնալ ստեղծարարության կենտրոն։
-Մի քանի ծրագրեր արդեն իսկ թվարկեցիք։ Իսկ ինչու՞ այս ծրագրերը չանել նաև Արցախում։
-Արցախում ևս ծրագրեր կան, ավելին՝ արևային պանելների ծրագիրն Արցախում արդեն իսկ սկսված է։ Արցախում մի այլ կարևոր ծրագիր էլ ենք անում, որը պիլոտային է. դա խորքային հորերի փորումն ու ջրի հանումն է գետնի տակից ու կաթիլային ոռոգման ցանցի ստեղծումը դրա շուրջ։ Ուզում ենք շարունակել այս ծրագիրը ու կարծում ենք, որ դրա արդյունքում Արցախը կլինի ոչ թե էքստենսիվ, այլ ինտենսիվ գյուղատնտեսության կենտրոն։
–Պարոն Արշամյան, Արցախը ճանաչված պետություն չէ, ուստիև միջազգային կազմակերպությունները, մեղմ ասած, խուսափում են աշխատել այստեղ։ Սփյուռքը հիմնականում աշխատում է Արցախի գործող իշխանությունների ուղղորդմամբ ու ուղղորդած շրջանակների հետ։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող է հիմնադրամը ուղիներ գտնել՝ աջակցելու Արցախի քաղաքացիական հասարակությանը։
-Անկեղծորեն ասած՝ քաղհասարակությանաջակցումը չի բխում հիմնադրամի գործառույթներից։ Հիմնադրամը բարեգործական նպատակներով ստացած գումարները ներդնում է զարգացման ծրագրերում, մասնավորաբար ենթակառուցվածքներում՝ ճանապարհներ, դպրոցականի շենքեր և այլն, քաղհասարակության աջակցության գործառույթ չունենք։ Մի փոքր մեր զրույցի կոնտեքստից դուրս է, բայց ասեմ՝ ժամանակն է Հայաստանում ունենալ տեղական ֆոնդեր, որոնք կֆինանսավորեն քաղհասարակությանը։
–Պարոն Արշամյան, հիմնադրամի լիարժեք գործնեության համար ամենակարևոր բաղադրիչներից մեկը վստահությունն է։ Նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալումը՝ հիմնադրամի միջոցների հափշտակման հետ կապված, նույնպես դեր ունեցավ անվստահությունը խորացնելու հարցում։Հաջողվե՞լ է լիարժեք վերականգնել այդ վստահությունը։
-Ոչ, այդ վստահությունը լիարժեք վերականգնված չէ, բայց ինքս ամենօրյա ռեժիմով զբաղվում եմ դրանով։ Պիտի հարցին լայն նայել. առաջին հերթին՝ այդ էջն ինձ համար փակված է, նախկին տնօրենի հետ կապված այդ դեպքով իրավապահ մարմինները զբաղվում են, ու այդ գործը հարկ է անջատել հիմնադրամի գործնեությունից։
Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, իսկ նոր Հայաստանում ամեն ինչ պիտի լինի թափանցիկ, ամեն ինչ պիտի լինի վստահության վրա հիմնված։ Ես ԱՄՆ-ում մի քանի տասնյակ հանդիպումներ եմ ունեցել, խոսել եմ մարդկանց հետ, ու մարդիկ աստիճանաբար համոզվում են։ Մի օրինակ բերեմ։ Հանդիպել եմ բարերարներից մեկի հետ, ում հետ խոսել ենք Հայաստանի մասին։ Ես նրան ասացի՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։ Չէր հավատում, ասում էր՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել, չէ՞ որ ամբողջ համակարգը կոռումպացված է եղել։ Ասացի՝ այո, բայց հիմա կոռուպցիան դուրս է համակարգից, համակարգի ոչ մի անդամ չի կարող կոռուպցիայի մեջ ընկղմվել, որովհետև հենց նման բան լինի՝ կհայտնվի իրավապահների տեսադաշտում։ Ու պատմեցի բազմաթիվ կոռուպցիոն դեպքերի մասին։ Ի վերջո՝ կարողացա համոզել։
Մարդկանց վստահությունը ոչ միայն հիմնադրամի, այլև առհասարակ իշխանությունների նկատմամբ է ընկել, և մենք պետք է գործով ցույց տանք, որ հետդարձի ճանապարհ չունենք, բայց կարևոր է, որ ստեղծենք այնպիսի դաշտ, որը փոփոխություններն անդառնալի կդարձնի։ Դեպի հետ ճանապարհ չունենք, դա կտանի մեզ կործանման։
-Պարոն Արշամյան, սփյուռքի մի հատվածի կողմից տարածված կարծիք կար, որ իրենց նվիրաբերած գումարներն ըստ անհրաժեշտության չեն ծախսվում։ Վերացե՞լ է այս մտայնությունը։
-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել ու չեմ կարող սփյուռքի անունից խոսել, բայց երբ Տորոնտոյում դրամահավաքի էի գնացել, տեսա, թե մարդիկ ինչքան ոգևորված են։ Մարդիկ ավելի շատ գումար դրեցին,քան Տորոնտոյի հայ համայնքը երբևէ նվիրաբերել էր Հայաստանին, ու դա վստահություն է։Հիմա, երբ ասում են, թե մարդիկ մտածել են, որ իրենց գումարները նպատակին չեն ծառայել….ուղղակի մարդիկ այն ժամանակ պետք է հաշվետվողականություն պահանջեին, որովհետև հիմա հետ գնալ ու ասել՝ գիտեք ինչ, մենք կասկածներ ունենք, մի փոքր լուրջ չէ։ Երբ մարդը կասկած ունի՝ տեղում պիտի այդ հարցը լուծի, տեղում իր կասկածը պետք է փարատվի։ Սփյուռքի կողմից հաշվետվողականության պահանջը չի եղել։ Չեմ կարող ասել, թե ինչու չի եղել, այդ ֆենոմենն ինձ համար պարզ չէ։ Արևմտյան աշխարհում մարդիկ պահանջատեր են, բայց երևի Հայաստանի դեպքում մարդկանց մոտ հայրենիքի նուրբ զգացողություն է եղել, միգուցե այլ պատճառներ էլ կան։
Ամենակարևորը՝ պետք չէ հիմմնադրամն առանձնացնել ամբողջ պետությունից ու որպես առանձին միավոր դիտել։ Սփյուռքը պետք է հաշվետվողականություն պահանջեր Հայաստանի ողջ իշխանությունից։ Հիմնադրամը եղել է ողջ համակարգի մեջ, ու սփյուռքն իրավունք ուներ հաշվետվություն պահանջելու, որովհետև հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, բայց, ցավոք, հաշվետվողականության պահանջ չի եղել, ու հիմա փորձում են հետ նայել։ Առաջարկում եմ բոլորին այլևս հետ չնայել, մենք հետդարձի ու հետ նայելու ճանապարհ չունենք։ Եկեք խոսենք այսօրվա մասին, ապագայի մասին, բայց ոչ միայն խոսենք, նաև գործենք։