Գարունն անձրեւոտ էր: Մեղուները հազվադեպ էին փեթակից դուրս գալիս: Մայիսը կիսվել է, իսկ նրանք նոր-նոր սկսել են աշխուժանալ: Մեղվապահը բացում է հերթական փեթակը: Մեղուները բուռ-բուռ կափարիչի վրա են հավաքվել: «Ձագատվության նշան է,- բացատրում է նա,- Եթե ուշադիր չեղար՝ կթռնեն, կհեռանան»: Շահմուրադ Գրիգորյանը 78 տարեկան է, ապրում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում: Բարձրահասակ է: Ձյուն նստած մազերով: Անթերի հագուկապով: Բնավորության գիծ է, որ դաստիարակվել է տարիների ընթացքում: Մասնագիտությամբ մանկավարժը մոտ 20 տարի ղեկավարել է գյուղի կոլեկտիվ տնտեսությունը: Թոշակի անցել է դպրոցից: Հիմա ազատ ժամանակ շատ ունի: Մեղուները լրացնում են դրա մի մասը: Մնացածը նվիրում է ընթերցանությանը, քաղաքական լուրերին է հետեւում, աշխարհի անցուդարձի մասին սեփական վերլուծությունները կատարում: Մտքերը խաղաղության եւ պատերազմի հետ են:
Ավագ որդին պատերազմի հաշմանդամ է, կրտսերը՝ զինվորական: Ծառայում են նաեւ թոռները: Հարցնում ես խաղաղության մասին, նա բացատրում է, թե ինչ պետք է անել պատերազմի դեպքում: Ավելի ճիշտ, եթե պատերազմի վտանգն ավելի շոշափելի դառնա: Առաջարկածը պատժիչ գործողություններ են: Հիմնավորում է. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
-Մի՞թե միակ հեռանկարը պատերազմն է:
-Չէ, բայց պատերազմին պատրաստ պետք է լինել:
-Ախր առաջին հարվածը կրողը Ձեր զավակն է լինելու:
-Նա առաջին մկրտությունը 1991-ին Ստեփանակերտի օդանավակայանում է ստացել: Ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները Երեւանից վերադարձող ուսանող տղային «մի լավ ծեծել են»: Ես երբեք չեմ մտածել որդիներիս կռվի գոտուց հանելու մասին: Իրենք են ընտրել այդ ճանապարհը: Ես էլ այս հողուջրի մարդ եմ:
-Ադրբեջանցիներին ատո՞ւմ եք:
-Չէ:
1991 թվականի հունիսին Շահմուրադ Գրիգորյանը մի խումբ համագյուղացիների հետ ձերբակալվեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից: Չորս ամիս անցկացրեց Շուշիի բանտում: Երբ պատմում է, զգում ես՝ վերքը թարմ է: Ապրած անարգանքից՝ վիրավորանքը մեծ: Բայց ասում է. «Ժողովրդի դեմ ոչինչ չունեմ: Իմ բանտից ազատվելուց ընդամենը մի քանի օր հետո էր, երբ երկու ադրբեջանցի գերի էին բերել գյուղ: Առավոտ էր: Տղաներս մորից խնդրում էին պաշար հավաքել: Ուզում էին տանել գերիներին կերակրել: Ասացի՝ ադրբեջանցիներն ինձ տանջել են, դուք տանում եք կերակրե՞ք»: Եվ ասել եմ, եւ ավելացրել. «Տարեք, տարեք կերակրեք: Նրանք զինվոր են, հրամայել են՝ եկել են: Նրանք էլ մարդ են, տարեք հաց տվեք»:
Հիմա ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ: Մարդիկ աշխատում են, հող ու այգի են մշակում, անասուն են պահում: Խնդիրներ էլ կան, որ ինչ-որ չափով հակամարտության հետեւանք են, ինչ-որ չափով ղեկավարների անփորձության:
Մեղվաբուծությունն իր ապրուստի միջոցը չէ: Սիրելի զբաղմունք է, ընտանեկան պաշարը քաղցր եւ օգտակար սննդով համալրելու միջոց: «Ծանր գործ չէ: Հետաքրքիր զբաղմունք է: Արդյունքն էլ հաճելի, օգտակար»,- բացատրում է՝ բացելով փեթակներից մեկը:
«Մեղուն շատ հետաքրքիր կենդանի է: Արու մեղուները թռանցքի մոտ պահակում են: Ուրիշ մեղուներին փեթակ չեն թողնում: Դաշտից դատարկ վերադարձած մեղվի առջեւ մուտքը փակում են: Ծույլին, ձրիակերին չեն հանդուրժում: Երբ վերլուծում ես, ապա հասկանում ես, որ խելացի մարդը նույնիսկ այդքանը չի կարող կազմակերպել: Իրենք էլ մեզ նման են: Մի փեթակի մեղուներն ապրում են հաշտ, համերաշխ, յուրաքանչյուրն իր գործին, բայց եթե մի շրջանակը տեղափոխենք հարեւան փեթակ՝ կհարձակվեն-կկոտորեն: Նրանք, որ քիչ են՝ կտուժեն: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ճիշտ այնպես, ինչպես մարդկանց մոտ»:
Մեղվափեթակները զննելուց հետո տանտերը մեզ առաջարկում է համտեսել անցած տարվա մեղրից: Նորը կլինի հուլիսի վերջին, կամ ավելի ուշ՝ օգոստոսին:
-Ասում են՝ նա, ով պարբերաբար մեղր է օգտագործում, երկար է ապրում,- ասում է՝ թեյի պատրաստություն տեսնելով:
Լվացարանի մոտ ուշադրություն է գրավում ծորակի տակ դրված տարօրինակ դույլը: «Արկի պարկուճ է, շատերի բակում կարելի է գտնել: Ինչ-որ ամուր համաձուլվածքից է: Չի ժանգոտում, չի փչանում»,- պարզաբանում է տանտերը:
Հնարամիտ գյուղացիները պատերազմի ժառանգությունը խաղաղ նպատակներով օգտագործելու միջոց են գտել: Ցավոք, նման լուծումներ ավելի ծանր հետեւանքների համար գտնելը դժվար է: Նախկին գերուն թվում է՝ անհնար: «Հակամարտությունն իմ շուրջն է: Շարունակվում է: Լարվում է: Ցավում եմ, շատ եմ ցավում զոհերի համար: Ախր, որդիս էլ առաջին գծում է: Հավատում եմ, որ խաղաղություն կլինի: Բայց ե՞րբ կլինի, ո՞նց կլինի: Ղեկավարները պետք է մի խոսքի գան, բայց ինչպե՞ս, ի՞նչ գնով: Հակամարտությունն ապրում է իմ մեջ: Գիշեր-ցերեկ Ղարաբաղի մասին եմ մտածում: Գիշերները հաճախ չեմ քնում: Հիշում եմ նաեւ ադրբեջանցի ընկերներիս: Հետաքրքիր է՝ նրանք փոխվե՞լ են այս ամենից հետո: Ես, համենայն դեպս, նրանց հանդեպ նույն զգացումներն ունեմ։ Եթե հեռախոսահամար իմանայի՝ կզանգեի, կխոսեինք: Կհրավիրեի մեր տուն, մի կտոր հաց կտրելու՝ ինչպես առաջ: Համոզված եմ, նրանք իրենց երեխաներին ազգայնամոլ չեն դաստիարակում: Բայց դժբախտությունն այն է, որ այդպիսիները քիչ են: Գիտեմ: Իմ կենսափորձից գիտեմ: Այդ պատճառով պատերազմ եղավ»:
Ինչ կլինի հետո՝ դժվարանում է ասել: Հեռանկարը, որ մի օր էլ ադրբեջանցի ընկերներին է մեղրով թեյ հյուրասիրելու, շատ հեռու է թվում: Իր պատկերացրած խաղաղությունը՝ «մենք մեր հողում, իրենք՝ իրենց» ինչ- որ տեղ մեղվանոցի կյանքն է հիշեցնում, երբ հարյուրավոր մեղվաընտանիքներ ապրում են կողք-կողքի, առանց իրար վնասելու: Նույն գործն են անում, բայց իրարից անջատ: Մեկը մյուսի վրա առանց հարձակվելու: Մենք եւ ադրբեջանցիներն այսպես դեռ չենք կարող»,- ասում է Շահմուրադ Գրիգորյանը: