Ռալֆ Նոյկիրխ և Քրիստոֆեր Շուլտ
Գերմանական կառավարությունը, ըստ Spiegel Online-ի տեղեկությունների, նպատակ ունի պաշտոնապես որոշակի քաղաքական հեռավորություն պահպանել Ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշումից։ Դա գերմանացի պաշտոնյաների կողմից դեպի Թուրքիայում գտնվող գերմանական ռազմաբազա իրականացվող այցելությունների արգելանքը չեղարկելու նպատակէ հետապնդում ։
Գերմանիայի կառավարությունը ծրագրել է ուշադրության արժանի քաղաքական մի քայլ՝ ուղղված Թուրքիայի կառավարությանը, որի հաջող իրագործման դեպքում Բունդեսթագի պատգամավորները կրկին իրավունք կստանան այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորականներին։ Գերմանիայի դաշնային կառավարության որոշման արդյունքում կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը պետք է լրատվամիջոցների ներկայությամբ ելույթ ունենար և հիմնավորեր կառավարության ձեռնպահ և զգուշավոր դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշումից[1]։Ս.թ. հունիսի 2-ին Բունդեսթագի որոշմամբ 1915թ. օսմանական կառավարության կողմից հայերի դեմ սանձազերծված զանգվածային սպանությունները որակվել են որպես ցեղասպանություն։
Ի պատասխան այդ որոշման ընդունմանը՝ Անկարան արգելել է գերմանացի պատգամավորների այցը Թուրքիայի արևելքում տեղակայված Ինջիրլիքի օդային ռազմակայան։ Այդտեղից են տեղի ունենում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ուղղված միջազգային կոալիցիայի օդուժի թռիչքները, որի կազմում են նաև գերմանական զինուժի «Տորնադո» հետախուզական օդանավերը։
Առաջացած խնդրի լուծման ուղղությամբ անցյալ շաբաթների ընթացքում Անկարայում ջանադրաբար աշխատում էին Գերմանիայի արտգործնախարարության քարտուղար Մարտին Էդերերը և նույն մարմնի քաղաքական բաժանմունքի ղեկավար Անդրեաս Միքաելիսը։ Նշված հարցի շրջանակներում վերջիններս հստակ պարզաբանումներ էին ստացել այն մասին, որ թուրքական կառավարությունը ստեղծված իրավիճակում պահանջում է Բունդեսթագի՝ Ցեղասպանության մասին որոշումից պարզորոշ քաղաքական հեռավորության պահպանման մասին պաշտոնական հայտարարություն Գերմանիայի կառավարության կողմից։
Բունդեսթագի բանաձևը բնավ պարտավորեցնող ազդեցություն չունի
Այս պահանջին Բեռլինը պետք է ընդառաջ գնար և որպես գերմանական կողմի տրամադրվածության արտացոլում՝ Գերմանիայի կառավարության խոսնակ Զայբերտը պետք է հանդես գար պաշտոնական հայտարարությամբ՝ շեշտելով, որ Բունդեսթագի ընդունած բանաձևը Գերմանիայի կառավարության համար ոչ մի պարտավորեցնող ազդեցություն չի կարող ունենալ[2]։ Բանաձևի հետ կապված՝ խոսքը միայն կարող է գնալ Բունդեսթագի քաղաքական դիրքորոշման մասին, առանց հետագա իրավական ծանրաբեռնվածության։
Նման որոշման ընդունմանը հետևեցին խորհրդակցություններն այն մասին, թե ով պետք է դաշնային կառավարության անունից հնչեցնի վերոնշյալ բովանդակությամբ պաշտոնական հայտարարությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խուսափեց այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, իսկ անձամբ կանցլեր Անգելա Մերկելի կողմից պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունն անգամ դուրս էր քննարկման շրջանակից, քանի որ այդ քայլը կդիտվեր որպես ստորաքարշություն Էրդողանի առջև։ Ի վերջո, համատեղ որոշմամբ լրատվամիջոցների առջև հայտարարությամբ հանդես գալու գործը վստահվեց կառավարության խոսնակ Զայբերտին։
Ըստ էության, Զայբերտի ելույթն ամենևին քաղաքական ուղղության փոփոխություն չէր ազդարարում։ Կուլիսների ետևում և՛ Մերկելը, և՛ Զայբերտը բազում անգամներ ունկնդրին հասկացրել են, որ իրենք Բունդեսթագի որոշումն այդքան էլ լավ գաղափար չեն համարում։ Ինչ վերաբերում է արտգործնախարար Շտայնմայերի դիրքորոշմանը, ապա այս քաղաքական գործիչը մշտապես հստակ կերպով խուսափել է Օսմանյան կայսրության պատմական հանցագործությունները որակել որպես ցեղասպանություն։
Թուրքական կառավարությունը հարցի շուրջ ներքին բանակցությունների ընթացքում պարզաբանել է, որ իր համար վերոհիշյալ քաղաքական ժեստը լիովին բավարար է։ Որպես դրա արդյունք ներկայացվել է այն, որ վերստին ազատ կլինի Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի պատգամավորների ճանապարհը՝ այցելելու Ինջիրլիքի գերմանացի զինծառայողներին։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանն անգամ Թուրքիային «ուլտիմատում» է ներկայացրել՝ պահանջելով, որ վերջինս մինչև հոկտեմբերի սկիզբ վերացնի վերոնշյալ բոլոր արգելքները, այլապես Թուրքիայում գերմանական առաքելության մանդատը կարող է չերկարաձգվել։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ ծրագրեր է մշակում Մերձավոր Արևելքի որևէ այլ երկիրիր «Տորնադո» օդանավերի տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ։
[1]Ինչը և տեղի է ունեցել 02.09.2016թ., տես` http://www.spiegel.de/politik/deutschland/steffen-seibert-armenien-resolution-nicht-rechtsverbindlich-a-1110643.html,[2]Տե՛ս նախորդ հղումը
Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը
Բնօրինակը՝ SPIEGEL