Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
«The Armenian Reporter»
պարբերականի գլխավոր խմբագիր
Վաշինգտոն
Հայաստանի ներկայիս եւ ապագա խնդիրների մեծ մասը կարելի է կապել երկրի բնակչության թվի սակավության հետ: Հայաստանի ժողովրդագրական տվյալները զբաղեցնում են կենտրոնական տեղ այնպիսի էական գործոնների շարքում, ինչպիսին են արտասահմանյան ներդրողների համար երկրի գրավչությունը, բյուջեի մուտքերը եւ ռազմական ներուժը:
Թեեւ Հայաստանից արտագաղթի մակարդակը վերջին տասնամյակում կայունացել է՝ 1980-ականների վերջի եւ 1990-ականների սկզբի բնակչության զանգվածային արտահոսքի համեմատությամբ, արտերկրում շենացած հայկական համայնքները, հատկապես Ռուսաստանում եւ Արեւմուտքում, հետագայում էլ շարունակելու են մագնիս լինել Հայաստանից էլ ավել մեծաթիվ արտագաղթողների համար:
Մինչ օրս Հայաստանն արտերկրի հայերին դիտարկում էր որպես դեպի Հայաստան հնարավոր ներգաղթի պահուստային բնակչություն: Հայաստանի սահմաններից դուրս ապրում է շուրջ 7 միլիոն հայ, եւ նրանցից շատերը հիմնավորապես ձուլվել են, այնպես, որ նրանց աննշան մասը միայն անորոշ ապագայում կարող է լրջորեն խորհել Հայաստան հայրենադարձվելու մասին: Հետեւաբար, հազիվ թե դա կարող է ունենալ որեւէ շոշափելի ժողովրդագրական հետեւանք:
Թեեւ այսօր հայերի մեծամասնության համար դա կարող է հորինովի կամ աներեւակայելի թվալ, այնուամենայնիվ, հետզհետե ակնհայտ է դառնում, որ Հայաստանը կարող է ապահովել բնակչության երկարաժամկետ աճը միայն ոչ հայկական ծագում ունեցող հնարավոր ներգաղթողների հաշվին:
Այն, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհի առաջին երկիրն է, բացառիկ հայկական փաստերից է, որով հպարտանում է ժողովուրդը: Հայերն այլ ժողովուրդների հետ շփվելիս այս փաստը հաճախ են հիշատակում, ինչպես նաեւ դա անում են սեփական ներքին քննարկումներում: Սակայն Հայաստանի առաջինը լինելու փաստն ինքնին ներկայիս Հայաստանի վրա առանձնապես խորը կնիք չի թողնում, եթե հաշվի չառնենք եկեղեցական ընդլայնված ենթակառուցվածքը, որը բավականին նկատելի է թե’ Հայաստանում, եւ թե’ սփյուռքում:
Մասնավորապես, թվում է, որ հայերը Մերձավոր Արեւելքի քրիստոնեական այլ խմբերին շատ քիչ ուշադրություն են դարձնում: Թեեւ պետությունը որոշ անհանգստություն է հայտնում հայկական համայնքների թվի կրճատման առթիվ, բայց քիչ թե շատ տեսանելի ուշադրություն ոչ հայկական քրիստոնյա համայնքների հանդեպ չի դիտվում, թեեւ նրանք էլ վերջին տարիներին իրենց վրա մեծ ճնշում են զգում, որը նրանց ստիպում է արտագաղթել անիշխանության մեջ գահավիժող հայրենի տեղերից:
Քրիստոնյաների արտամղումը
Իրաք կատարած ամերիկյան ներխուժման հետեւանքով վերջինիս համարյա 800 հազարանոց քրիստոնյա բնակչությունը նվազել է մինչեւ 400 հազար: Այդ քրիստոնյաների մեծ մասը (իսկ նրանց մեջ կար շուրջ 10 հազար հայ) փախել է Հորդանան, Սիրիա եւ Արեւմուտք:
Սիրիայի 2.2 միլիոնանոց քրիստոնեական համայնքը (ներառյալ շուրջ 80 հազար հայերի) կարող է դառնալ Մերձավոր Արեւելքի հաջորդ խումբը, որը ստիպված կլինի երկրից զանգվածաբար արտագաղթել, եթե Սիրիայում բռնությունն արձանագրի շարունակվելու միտում: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սիրիական քրիստոնյաների փախուստն արդեն սկսվել է, դեռեւս մեծամասամբ Լիբանանի ուղղությամբ:
Լիբանանում, որտեղ քրիստոնյաները նախկինում մեծամասնություն էին կազմում, ընդհանուր բնակչության մեջ նրանց տեսակարար կշիռը ներկայումս ընկել է 40 տոկոսից ցածր: Այժմ նրանք 1.5 միլիոն են (որոնցից շուրջ 150 հազար հայ) եւ նրանց նվազման միտումը, հավանաբար, կշարունակվի:
Վերջին տաս տարիների ընթացքում Հորդանանը, ամենայն հավանականությամբ, միակ մերձավորարեւելյան երկիրն է, որտեղ քրիստոնյաների թվաքանակն աճել է ի հաշիվ Իրաքից ժամանած քրիստոնյա փախստականների: Ներկայումս Հորդանանում կա շուրջ կես միլիոն քրիստոնյա, այդ թվում 5 հազար հայ:
Հայերը ներկայումս Իրանում եւ Թուրքիայում մնացած քիստոնյա ամենախոշոր համայնքն են, սակայն այնտեղ կան նաեւ մի քանի տասնյակ հազարից բաղկացած այլ քրիստոնեական համայնքներ:
Ամենախոշոր քրիստոնեկան համայնքները գտնվում են Մերձավոր Արեւելքի հյուսիսաֆրիկյան հատվածում: Ղպտիների՝ եգիպտացի քրիստոնյաների թիվը շուրջ 6 միլիոն է, իսկ Ղպտի եկեղեցին ունի 11 միլիոն հետեւորդ: Քրիստոնյաները կազմում են նաեւ Եթովպիայի բնակչության կեսը, իսկ Էրիտրեայում նրանք շուրջ 3 միլիոն են:
Եղբայրական կապե՞ր
Հայոց, Ղպտի, Էրիտրեայի եւ Եթովպիայի եկեղեցիները միմյանց հետ կապված են աստվածաբանորեն եւ սովորույթի ուժով դիտվում են որպես արեւելաքրիստոնեական եկեղեցիներ, որոնք ո’չ արեւելյան ուղղափառության, եւ ո’չ էլ արեւմտյան քրիստոնեության մաս չեն կազմում:
Սակայն, նրանց այսպիսի դասակարգումն ավելի շուտ արտացոլում է արեւելյան եկեղեցիների մեկուսացվածությունը ուրիշներից, քան միմյանց հետ միասնությունը: Օրինակ, Հայոց եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինն, ավելի սերտ կապեր ունի Ռուս օրթոդոքս եկեղեցու եւ Վատիկանի, քան Մերձավոր Արեւելքի իրենց քույր եկեղեցիների հետ: Պատկերն ամբողջացնելու համար հարկ է հավելել, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների մեծ մասը Հյուսիսային Աֆրիկայից դուրս՝ Իրաքում, Իսրայելում Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում՝ կա’մ կաթոլիկ են, կա’մ ուղղափառ:
Ներկայումս գոյություն չունի ընդհանուր հարթակ, որն ընդունակ կլիներ հավաքել ավելի քան 10 միլիոն մերձավորարեւելյան քրիստոնյաներին, որոնց բացահայտ կերպով կմիավորեր ավելի ընդհանուր մշակութային ինքնություն (Եթովպիայի եւ Էրիտրեայի սահմաններից դուրս): Այս խմբերից շատերն ունեն միմյանց դիմակայության երկար պատմություն, սակայն սպասել, որ այս դիմակայությունը մի կողմ դրվի, այնուամենայնիվ, որքան էլ անիրական չթվա, հնարավոր է՝ հաշվի առնելով, որ այս խմբերը ենթարկվում են նմանօրինակ վտանգի՝ անընդհատ աճող անկայունության եւ քրիստոնյաների վրա ուղիղ հարձակումների հետեւանքով:
Ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանը կարող էր դառնալ մերձավորարեւելյան քրիստոնյաների տարածաշրջանային հավաքման վայր, որոնք այդտեղ հնարավորություն կստանային անվտանգ միջավայրում քննարկել ընդհանուր խնդիրները:
Ինչպես եթովպացիները, այնպես էլ Հյուսիսային Իրաքի (պատմական Ադիաբենե նահանգի) ասորիները կարող են մրցակցել հայերի հետ քրիստոնյա առաջին պետություն լինելու հպարտ իրավունքի համար, սակայն այսօր Հայաստանը տարածաշրջանի հենց այդպիսի քրիստոնեական պետությունն է, ընդսմին՝ բնակչության ամենացածր թվով:
Իռլանդական օրինակը
Իռլանդիայի բնակչությունը մինչ օրս չի վերականգնվել 19-րդ դարամիջի մեծ սովից: 20-րդ դարի սկզբներին բարձր մահացության եւ լայնածավալ արտագաղթի հետեւանքով Իռլանդիայի Հանրապետության բնակչությունը Հյուսիսային Ամերիկա արտագաղթելու հետեւանքով կազմել է ընդամենը 3 միլիոն:
Այսօր աշխարհի իռլանդացիների միայն 5 տոկոսն է բնակվում Իռլանդիայի Հանրապետության տարածքում: Միաժամանակ, երկիրը բախվում է եւս մեկ մարտահրավերի՝ ԵՄ վերջերս մտած եւ ԵՄ անդամ-պետություն չհանդիսացող երկրներից արտագաղթի:
Արտերկրում բնակվող իռլանդացիների շատ փոքր մասը միայն հայրենադարձվել է իրենց նախնիների հայրենիքը, սակայն ներգաղթի նոր տեսակը թույլ է տալիս փոխհատուցել նախկին ժողովրդագրական կորուստները:
Ռեբրենդինգը եւ Հայաստանի վերաբնակեցումը
որպես ծանրագույն հալածանքներ կրած ազգ՝ հայերը պետք է ճանաչեն իրենց երկրներում ներկայումս համարյա նույն վտանգի առջեւ հայտնված այլ քրիստոնյաներին օգնության ձեռք մեկնելու բարոյական անհրաժեշտությունը:
Սկզբում դա կարող է լինել հավաքագրման, ասենք՝ տարածաշրջանային համաժողովի ձեւաչափ, որից հետո Հայաստանը պետք է մշակի այնպիսի քաղաքականություն, որը որոշ խմբերից ներգաղթողներին (մերձավորարեւելյան քրիստոնյաներին եւ Հայաստանի հետ կապված այնպիսի էթնիկական խմբերին, ինչպիսիք քուրդ-եզդիներն են) կառաջարկեր բարենպաստ իրավունքներ:
Իհարկե, հազիվ թե այս խմբերից մեկը մոտակա ապագայում զանգվածային կերպով հաստատվի Հայաստանում, բայց Հայաստանի ժողովրդագրական հեռանկարները կաճեն, անգամ, եթե մերձավորարեւելյան քրիստոնյաների գոնե սակավաթիվ խումբը, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է աշխարհում բոլոր հայերի թվաքանակը, վերջնականապես հաստատվի Հայաստանում:
Իհարկե, դա կպահանջի հայոց պետության նշանակության արմատական վերաիմաստավորում, որը մինչ այդ ընկալվում էր որպես հայերի հավաքման տեղ եւ էթնիկ հայերի մեծ մասի (եթե ոչ անխտիր բոլորի) պաշտպանության օղակ:
Սակայն, իր առաքելության վերաիմաստավորման գործընթացին զուգընթաց Հայաստանը՝ որպես ապահով ապաստան այն քրիստոնյաների, ում կյանքը Մերձավոր Արեւելքում վտանգի տակ է, եւ որոնց մշակույթը բախվել է Արեւմուտքում ձուլվելու վտանգին, կարող է բավականին պահպանողական հայ հանրության համար արձանագրել որոշակի տեղաշարժ: