Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ
2015 թվականը Միջին Արևելքի՝ աշխարհի թերևս ամենաքննարկվող և վտանգավոր տարածաշրջանի, համար դարձել է հույսերի տարին։ Հույսն այն էր, որ անգամ թանկ գնով խաղաղությունն, այնուամենայնիվ, հնարավոր է։ Այս հույսը մեծ և ոչ մեծ տերությունների՝ միմյանց հետ պայմանավորվելու, գործողությունները համակարգելու և ահաբեկիչների դեմ միասնաբար հանդես գալու ջղաձիգ փորձերի պատճառ է դարձել։ Այն, որ «Իսլամական պետություն», «Ջաբաաթ ալ Նուսրա» խմբավորումները կամ դրանց ճյուղավորումներն ահաբեկիչ են, տվյալ պահին հասկանում են բոլորը կամ համարյա բոլորը։
Շատ ցավալի է, որ այս ըմբռնումը եկել է միայն փարիզյան արյունալի ահաբեկչություններից և Սինա թերակղզու օդում ռուսական «Բոինգի» կործանումից հետո։ Մինչդեռ Սիրիայում հինգ տարի տևած քաղաքացիական պատերազմը, հարյուր հազարավոր զոհերը կամ միլիոնավոր մարդկանց տեղաշարժը մինչ հիշյալ իրադարձությունները մերձավորարևելյան տարածաշրջանում գործող որոշ դերակատարների ոչնչի մեջ չէին համոզում։ Շատերն այս վերաբերմունքը միանգամայն արդարացիորեն գնահատում են որպես նոր գաղութատիրության և մեկուսիչ խտրականության արատավոր դրսևորում։ Թեև՝ մեր հոդվածն այդ մասին չէ։
Փարիզյան աղմկահարույց ահաբեկչությունները ոչ միայն հարկադրել են Ֆրանսիային ոչ միայն խոսքով, այլև գործով պայքար սկսել «Իսլամական պետության» դեմ, այլև տառացիորեն դրան են մղել ԱՄՆ առաջնորդությամբ գործող հակաահաբեկչական ողջ դաշինքին, որը մինչ այդ վարպետորեն սոսկ անապատի ավազն էր ռմբակոծում։ Այժմ արևմտյան դաշինքը Ռուսաստանին զուգահեռ, բայց ոչ վերջինիս հետ համագործակցելով «Իսլամական պետության» դեմ է գործում։ Ռուսաստանը սեփական ակտիվության ակնառու հայտ է ներկայացրել ավելի վաղ՝ օդուժի առաջին իսկ հարվածներով ոչնչացնելով իսլամիստների մի շարք բունկերներ և անգամ փորձարկելով Կասպից նավատորմի հրթիռային կայանքները։ Համակարգելով իր գործողություններն առաջխաղացմանն անցած Բաշար Ասադի բանակի հետ՝ Ռուսաստանը հակամարտության մեջ ներքաշվել փորձած բոլոր պետություններից լավագույն արդյունքներ է արձանագրել, թերևս, բացառությամբ Իրանի, որի ռազմական խորհրդատուները՝ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազարի հասնող, սիրիացի զինվորականների հետ էին քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Ավելին, «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի կառույցում հատուկ արտերկրում գործողություններ իրականացնելու համար ստեղծված «Ալ-Ղոդս» ստորաբաժանման հրամանատար՝ գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանին առանցքային դերակատարում է ունեցել թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24 խոցված ռմբակոծիչի ռուսաստանցի օդաչուին փրկելու գործում։ Որոշ տվյալների համաձայն՝ հենց Սուլեյմանիին է Մոսկվա կատարած աշնանային այցի ժամանակ հաջողվել համոզել ռուսաստանցի զինվորականներին՝ Սիրիայում ուղիղ ռազմական միջամտության անհրաժեշտության մեջ։
Այժմ սիրիական հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը միմյանց հետ պայմանավորվելու ջղաձիգ փորձեր են կատարում, քանի որ ակնհայտ է, որ այդչափ փոքր տարածքում այդքան շատ սուբեկտների ներկայությունն առանց գործողությունները համաձայնեցնելու հնարավորության անխուսափելիորեն քաոսի է հանգեցնելու։ ԱՄՆ ղեկավարությամբ դաշինքը փորձում պայմանավորվել ՌԴ հետ՝ գործողությունները համակարգելու վերաբերյալ. դաշինքի անդամները նախկին անզիջողականությամբ այլևս չեն պահանջում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, որի բանակն, անկախ ամեն ինչից, իր վրա է կրում տարածաշրջանային ահաբեկչությաան դեմ պայքարի հիմնական ծանրությունը։ Անգամ Սիրիայի «չափավոր ընդդիմությունը», նրանք, ովքեր «Իսլամական պետություն» ու «Նուսրա» չեն, նախ՝ պատրաստակամություն է հայտնել բանակցել Ասադի հետ և ապա՝ ՄԱԿ հովանու ներքո ձևավորել քաղաքական կարգավորման միասնական հանձնախումբ։ Նրանք դեռ շարունակում են պահանջել Բաշար ալ Ասադի հրաժարականը, սակայն, եթե փոխվի հարցի նկատմամբ իրենց արևմտյան հովանավորների դիրքորոշումը, նրանք էլ, ամենայն հավանականությամբ կզիջեն։
Համընդհանուր փոխգործակցության ձգտումը որոշակիորեն տուժել է ռուսական ռմբակոծիչը խոցած և Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացրած Թուրքիան։ Սակայն, այդ պետությունը, ինչպես նաև «Իսլամական պետությանն» ու ԱՄՆ կողմից «չափավոր» հռչակված «Սիրիայի ազատ բանակին» հակամարտության ողջ ընթացքում ուղղակիորեն սատարող Սաուդյան Արաբիան և Կատարը սկզբից ևեթ ունեին բացառապես ապակառուցողական բացահայտ դերակատարում։ Հիշյալ պետությունների գործողությունները պետք է կանխվեն եթե ոչ Արևմուտքի, ապա առնվազն Ռուսաստանի կողմից։ Ըստ էության՝ սահմանների փակումը և իսլամիստների ամբողջական մեկուսացումը՝ նրանց նկատմամբ ռազմական հաղթանակի ամենադյուրին ու, թերևս, միակ ուղին է։ Թե որ պետության սահմաններով է ընթանում «Իսլամական պետության» համար նախատեսված բեռների և կենդանի ուժի հիմնական հոսքը կամ ում միջոցով է իրացվում սալաֆիթների յուրացրած նավթը՝ պետք չէ հուշել։ Եվ այս ամենը՝ չհաշված Թուրքիայի կանոնավոր բանակի՝ Սիրիայի և Իրաքի հյուսիս ներթափանցելու ոտնձգությունները։
Սիրիայում Իրանի աճող ակտիվությունը նույնպես տրամաբանական բացատրություն ունի։ Նախ՝ Թեհրանի համար Սիրիան եղել է և մնում է Հերատից մինչև Միջերկրական ծով ձգվող «շիա գոտու» կարևոր հանգույցը։ Սիրիայի անցումը սալաֆիթների ազդեցության ներքո լրջորեն հարվածելու է Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհաքաղաքական շահերին և հավակնություններին։ Մյուս կողմից՝ իրանցի դիվանագետներին հաջողվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվել միջազգային միջնորդների «վեցյակի» հետ։ Այս հանգամանքը, թող ոչ միանգամից, բայց դուրս է բերելու Իրանը քաղաքական և տնտեսական մեկուսացումից և արդեն իսկ նպաստել է երկրի տնօրինած ֆինանսական միջոցների աճին՝ արևմտյան բանկերում իրանական հաշիվների նկատմամբ արգելանքի վերացման շնորհիվ։ Այս միջոցների ընդհանուր ծավալը հասնում է 130 միլիարդ դոլարի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն է ստացել հավելյալ ֆինանսական միջոցներ ուղղել Բաշար ալ Ասադի բանակին և ընդարձակել Սիրիայում իրանցի ռազմական խորհրդատուների և համակարգողների աշխատանքի արդյունավետությունը։ Ընդ որում, ի հեճուկս Բարաք Օբամայի ահարկու հավաստիացումների, թե Ռուսաստանն ու Իրանը «կզղջան» Բաշար ալ Ասադին սատարելու համար, ակնհայտ է, որ Սիրիայի շուրջ անհրաժեշտ է պայմանավորվել ոչ միայն Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի և Դամասկոսի, այլև Թեհրանի հետ։
Ոչ պակաս հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Սիրիայի պատմական (եթե պատմություն համարենք երկու պետությունների սահմանակից գոյության վաթսուն տարին) թշնամին Իսրայելը։ Ռուսական սպառազինությունները փոխադրող սիրիական ավտոշարասյունները ոչնչացնելու և սիրիական զորքերը ռմբակոծելու միջոցով Թել-Ավիվն անուղղակի աջակցություն է ցուցաբերում վերոնշյալ իսլամիստներին։ Կասկածից վեր է, որ հրեական պետությունն ունի Ասադին ատելու բազմաթիվ պատճառներ։ Սիրիայի ԲԱԱՍ-ական կառավարությունը հետևողականորեն հանդես էր գալիս Իսրայելի դեմ, պահանջում էր Գոլանի բարձունքների վերադարձը, սատարում էր պաղեստինյան դիմադրությանը և Լիբանանում գործող «Հըզբոլահ» շարժմանը։ Սակայն, արդյո՞ք Թել-Ավիվն ավելի անվտանգ կլինի, եթե միջազգայնորեն ճանաչված աշխարհիկ կառավարության փոխարեն իր կողքին հայտնվի Աբու Բաքր ալ Բաղդադիի ղեկավարած ընդհանուր առմամբ ոչ ադեկվատ «նոր խալիֆայությունը»։ Զուգահեռաբար, Իսրայելը հերթական անգամ բախվում է քարերով, դանակներով և հրազենով զինված պաղեստցիների հետ կրկին սրվող առճակատմանը։ Հրեական պետության դեմ ամենաարմատական դիրքորոշումներով հանդես եկող «Համասն» ակտիվորեն մեծացնում է իր հետևորդների թիվը ոչ միայն իր սեփական «ոստան» Գազայի հատվածում, այլև Հորդանանի Արևմտյան ափին, որտեղ Իսրայելի հետ քիչ թե շատ պայմանավորվելուն պատրաստակամ Պաղեստինյան ինքնավարության նախագահ՝ 80-ամյա Մահմուդ Աբասի դիրքերն արագորեն թուլանում են։
Գնալով ավելի բարձր են հնչում նոր ինթիֆադ սկսելու կոչերը։ Եթե նոր ինթիֆադի մասին կանխատեսումները իրականություն դառնան, ապա Թել-Ավիվի, Հայֆայի, Գազայի և Ռամալայի փողոցներում հեղվելիք արյունը նախորդ անգամների համեմատ շատ ավելի մեծ է լինելու։ Պաղեստինցիների ղեկավարն էլ չի լինելու ընդհանուր առմամբ ադեկվատ մտածողությամբ օժտված ձախամետ Յասեր Արաֆաթը, ինչպես 1987 թվականին էր, իսկ «Համաս» խմբավորման ազդեցությունն ավելի մեծ է լինելու, քան 2000-ական թվականներին։ Մյուս կողմից, արաբական փողոցը սկսել է հասկանալ, որ նրան հազիվ թե հաջողվի «հրեաներին ծովը նետել». Իսրայելի գոյությունը փաստ է, որի հետ հարկավոր է հաշտվել։ Այդ պատճառով պաղեստինցիների և նրանց բազմաթիվ բարեկամների բողոքի ակտիվությունը միտված է հետագա պաղեստինյան պետության համար նոր ու ավելի շահավետ պայմանների ձեռքբերմանը ու, թերևս, Թել-Ավիվի անընդհատ արձանագրած հաղթանակների հետևանքով գրավված տարածքների մի մասի վերադարձին։
Նույնքան անորոշ է Մերձավոր Արևելքի քարտեզի այլ բևեռում գտնվող Եմենի հեռանկաները։ Տարեսկզբին հուսիթների արագընթաց առաջխաղացումը կասեցվել է Սաուդյան Արաբիայի և նախագահ Հադիին հավատարիմ մնացած զորքերի միջոցով։ Թեև դաշնակլիցներն ընդունակ չեղան հետագա ակտիվ գործողություններ ծավալել։ Երկրում հաստատվել է յուրօրինակ ստատուս-քվո, որն ի վիճակի չեն խախտել անգամ Սաուդյան Արաբիայի օդուժի կողմից հուսիթների խաղաղ քաղաքների ու գյուղերի դեմ իրականացվող ռմբակոծությունները։ Ներկայումս միայն սուդանական բանակի10 հազարանոց ստորաբաժանման Յեմեն ներխուժելու մասին տարածվող ասեկոսներն են կենդանի պահում դարձյալ դանդաղընթացության փուլը թևակոխած այդ հակամարտության հանդեպ մարող հետաքրքությունը։
2016 թվականի մեջ Մերձավոր Արևելքը թևակոխում է բազմաթիվ հարատևող չլուծված խնդիրների բեռով։ Սակայն, չի կարելի չնշել «Արաբական գարնան» ցնցումներից քիչ թե շատ հեռացած տարածաշրջանի կայունացման հետզհետե ուրվագծվող միտումը։ Վերջինիս քարտեզը հազիվ թե ենթարկվի նշանակալից փոփոխությունների։ Բոլոր հնարավոր և անհնարին առաջադրանքներ կատարած «Իսլամական պետությունը» կա՛վ ոչնչացվելու է, կա՛մ դուրս է բերվելու բոլոր լուրջ խաղերից։ Եմենը մնալու է Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ միմյանց դեմ փոխադարձ ճնշում գործադրելու տարածք, իսկ Թուրքիան, Իսրայելը և, հավանաբար, Հորդանանը փորձելու են զսպել տարածաշրջանում ընդարձակված ռուսաստանյան ակտիվությունը։ Թերևս, որոշ անսպասելի զարգացումներ են լինելու մինչ այդ պատժամիջոցների մեծ մասից ձերբազատվելիք Իրանի քաղաքական ակտիվության պատճառով։ Իրանն ի վիճակի է ակտիվ պայքարի մղել Արաբական թերակղզում (հատկապես՝ Բահրեյնում) բնակվող շիա զանգվածներին, բազմիցս մեծացնել աջակցությունը Բաշար ալ Ասադին և, անգամ, սկսել դեպի Հայաստան տանող երկաթգծի շինարարությունը՝ վերաձևելով այդ թվում և Հարավային Կովկասի ներկայիս տնտեսաքաղաքական պատկերը։
Հիշյալ տարբերակներն էապես ավելի դրական են, հատկապես՝ այս և նախորդ տարիներին Սաուդյան Արաբիայի և Կատարի առաջարկած տարբերակների համապատկերում։ Սակայն, նավթի գների ճգնաժամային ցուցանիշները զգալի չափով նվազեցնում են Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը։ Այս հանգամանքը, թերևս, խնդիրներով և հակամարտություններով լի Մերձավոր Արևելքի համար վերածվելու է որոշակի կայունացման գործոնի։