Աննա ՄԵԼԻՔՅԱՆ
Իմ աշխատանքային գլխավոր սկզբունքն է՝ ստեղծել, նվիրել և չբավարարվել… Երբեմն կարող ես ունենալ թույլ, բայց ո՛չ անգրագետ բեմադրություն: Սա է մեծերից սովորած իմ կարևորագույն դասը:
Լեոնիդ Հարությունյան
ԼՂՀ ժողովրդական արտիստ, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող-ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանն իր ստեղծագործական աշխատանքի ընթացքում բեմադրել է 100-ից ավելի ներկայացումներ, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը Երևանում,Գյումրիում, Գորիսում, Ստեփանակերտում և Շուշիում:
Լ. Հարությունյանը մասնագիտական վարպետացման փուլն անցել է Սանկտ Պետերբուրգում` մեծն Գեորգի Տովստոնոգովի ղեկավարությամբ: Այդ շփումները երիտասարդ ռեժիսորին հարստացրին նոր գիտելիքներով` մղելով ստեղծագործական որոնումների լայն դաշտ, ուր և տարեցտարի բացահայտվել են թատերարվեստի նվիրյալի բացառիկ կարողություններն ու յուրօրինակ աշխատաոճը: Առաջին հաջողությունը, որը նա ունեցավ թատերական կյանքում, Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության բեմադրությունն էր Երևանի թատերական ինստիտուտի դահլիճում, որը և ըստ արժանվույն գնահատվեց որպես դիպլոմային աշխատանք: Ստեղծագործական կյանքի խոստումնալից սկիզբը նախանշեց տաղանդավոր ռեժիսորի դժվարին և միաժամանակ՝ ձեռքբերումներով հարուստ ճանապարհը:
1976 թվականին նա աշխատանքի հրավիրվեց Մ. Գորկու անվան հայկական պետական թատրոն, որպես դերասան-ռեժիսոր: Իսկ թատրոնի 50-ամյակի տոնական արարողության ժամանակ էլ՝ 1982 թվականին, նրան շնորհվեց արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: Հարությունյանի համար կոչումը ոգևորող և խրախուսող հանգամանք էր: Ըստ նրա՝ դերասանին կամ ռեժիսորին կոչումը մղում է նոր եռանդով աշխատելու, իրագործելու ստեղծագործական նոր ծրագրեր:
Արվեստի աշխարհում նրան առաջնորդել և այսօր էլ շարունակում է ուղղորդել որոնման ոգին, ձգտումը դեպի կատարելություն: Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը մշակութային այն օջախն էր, որտեղ և բացահայտվեց Լեոնիդ Հարությունյանի տաղանդի և ստեղծագործական ունակությունների ողջ ներկապնակը:
Վաստակաշատ ռեժիսորը չի վհատվում փոփոխվող ժամանակի դժվարություններից և գտնում է, որ ժամանակակից հանդիսատեսն այսօր էլ սեր ու ծարավ ունի թատրոնի նկատմամբ, պարզապես պետք է բեմական նոր ու արդիական կյանքով սնուցել նրա զարգացող ճաշակը, ավելին՝ այդպիսի ներկայացումներով ճաշակ ձևավորել: Ժամանակն այսօր պահանջում է նոր մոտեցում թատրոնի նկատմամբ, քանի որ արվեստը հոգու պահուստն է, որից օգտվելով՝ ժողովուրդը դառնում է հոգով ամրապինդ ու աննկուն: Թատերական ակտիվ կյանքն ի զորու է և կարող է հայտնաբերել նոր հանդիսատեսին:
Ռեժիսորի համար աշխատանքում ծուլանալը հավասարազոր է մահվան, քանզի հոգևոր մահն ավելի սարսափելի է:
– Թատրոնի նվիրյալը պետք է անդուլ արարի, ապրի կյանքն ամբողջ հոգով, ստեղծի՝ երբեք չհոգնելով: Դու չես կարող այսօրվա չարածը լրացնել վաղը: Վաղն իր հոգսն ունի և նպատակը: Պետք է հասցնել,- համոզված է նա:
Արցախի հողը ներշնչեց նրան նորանոր մտահղացումներ ու ստեղծագործական ծրագրեր: Ծննդով գյումրեցի արվեստագետը հոգու ամուր թելերով կապված է Արցախին և իր ավյունն ու ուժն անմնացորդ նվիրաբերել է Արցախի հանդիսատեսին: Նրան սնուցել և ոգի է ներշնչել նաև Շիրակ աշխարհը: Այդուհանդերձ, նա իր արմատները խորացրել է Արցախի ոգեշունչ ու պարարտ հողում:
-Կատարյալ արվեստի ձգտումն է միավորում արվեստագետներին, մղում դեպի գագաթը վեհության ու ինքնաճանաչման,- համոզված է Լ. Հարությունյանը:
Հարթ ու անխոչընդոտ չի եղել նրա ստեղծագործական ուղին։ 14 տարի շարունակ ստեղծագործելուց, արարելուց հետո 1988-ի հոկտեմբերին նա հեռացվեց Ստեփանակերտի մայր թատրոնից, պատճառը` կոլեկտիվի հետևյալ դիրքորոշումն էր՝ «Նա մեր կադրը չէ», «Մենք պետք է ունենանք մեր հոգուն հարազատ ղեկավար»:
Ռեժիսորը չի տրտնջում՝ «Ճանապարհն է իմ ընկերը: Ես միշտ բարի խորհուրդներ եմ քաղում իմ անցած ճանապարհից: Եվ ճանապարհն ինձ ասում է. «Քայլի´ր, մաքառի´ր, ստեղծի´ր և նվիրի´ր…Դա է այս կյանքում վեհն ու մնայունը»:
Այնուհետև Գյումրին դարձավ նրա արվեստի հին ու նոր հայրենիքը: Նույն թվականի նոյեմբերին նա արդեն Գյումրիի տիկնիկային թատրոնի բեմադրող ռեժիսորն էր: Հարազատ քաղաքում նա ուրիշ անուն չուներ: Նրան անվանում էին Ղարաբաղի Լեոնիդ:
1988-ի երկրաշարժից հետո ռեժիսորի համար դժվար էր նայել բեմին և տեսնել մարմնավորվող տեսիլքներ: Այնուամենայնիվ, բեմը ձգողական մեծ ուժ ուներ, և վարագույրներ բացող ձեռքը` ժամանակն էր, որը հետզհետե միավորեց սովորականն ու անսովորը, ցավի լույսն ու երազի շնչառությունը, վախի սրտատրոփն ու նախաձեռնությունների նոր տարերքը: Դա էին պահանջում հարազատներ կորցրած գյումրեցու լուռ հայացքն ու բռունցքվող բառերի ճիչը:
Աստիճանաբար վիշտն ու արհավիրքը հաղթահարելով՝ նա փորձում էր ներկայացումների միջոցով հոգեկան թեթևություն բերել աղետյալ քաղաքին:
Երկրաշարժի թողած ավերի, ցավի, սովի և արդեն լայնածավալ պատերազմի վերածվող արցախյան շարժման դժվարին պայմաններում կյանք ստացավ և բեմադրվեց Ա. Կոռլյանդսկու և Ա.Խայտի «Դե՛ գայլ, սպասի՛ր» ներկայացումը: Պատերազմի զինվորի պես մաքառող ու մարտնչող է նա։ Ու այս ներկայացումը, որը, ինչպես և նրա բեմադրած շատ ներկայացումներ՝ Վ.Օռլովի «Ոսկե ճուտիկը», Գրիմ եղբայրների «Ծերուկ հրաշագործը», Վ.Վարդանյանի «Լուսերեսն ու Վարդերեսը» և այլն, ընդգրկվելով Գյումրիի տիկնիկային թատրոնի խաղացանկում, տասնամյակներ շարունակ ցուցադրվում և բավականություն են պատճառում բազմաթիվ հանդիսատեսների:
Ռեժիսորի համար հպարտություն է, որ իր բեմադրած ներկայացումները Երևանի, Գյումրիի, Ստեփանակերտի, Շուշիի բեմերից շարունակում են հաղորդակցվել հանդիսատեսի հոգու ու մտքի հետ՝ ստեղծելով արվեստի բաբախուն և ջերմ մթնոլորտ:
1995թ. Լեոնիդ Հարությունյանը Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում հիմնել է «Աստղիկ» թատերական ստուդիան, որը կարևորագույն օջախ էր երիտասարդ դերասանների ուսումնառության և թատերարվեստում հմտանալու գործում:
Լ.Հարությունյանն այժմ Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Շուշիի թատրոնի համերաշխ ու աշխատունակ երիտասարդ կոլեկտիվը հասցրել է բեմադրել ժանրային առումով տարբեր ներկայացումներ` դրամատիկ, մանկապատանեկան, տիկնիկային և այլն:
«Մեր թատրոնի ճակատագիրը նման է մեր ժողովրդի ճակատագրին՝ իր կորուստներով, նվաճումներով ու մաքառումներով: Մեր թատրոնը մեր ճակատագրի թարգմանն է եղել: Ուստի իզուր չեն ասել մեր մեծերը՝ եթե ուզում ես ճանաչել ժողովրդին, շփվիր նրա թատրոնի հետ»,- ասում է ճանաչված ռեժիսորը: