Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

«Մեր ողբերգությունը չէ»

hghazaryan
August 2021
«Թալիբանը» վերադառնում է, իսկ Ամերիկան ​​ամեն դեպքում հեռանում է»
President Joe Biden speaks about the Taliban’s takeover of Afghanistan, from the East Room of the White House. (Brendan Smialowski / AFP via Getty Images)

15.08.2021

Ամեն դեպքում Բայդենն ընդունում է դա. «Ես չեմ ափսոսում իմ որոշման համար»,- ասել է նախագահն այս շաբաթ, երբ Աֆղանստանի նահանգային կենտրոնները մեկ առ մեկ հանձնվում էին թալիբներին: Իսկ Աֆղանստանի կառավարությունը, որն ամերիկյան աջակցությամբ երկու տասնամյակ շարունակ մնացել էր ջրի երեսին, կարծես, շուտով ենթարկվելու է վաղուց կանխատեսված հետամերիկյան կործանմանը:

«Աֆղանստանի առաջնորդները պետք է համախմբվեն: Մենք հազարավոր ամերիկացի սպանված ու վիրավոր զինծառայողներ ունեցանք: Նրանք պետք է պայքարեն իրենց համար, իրենց երկրի համար»,- երեքշաբթի ասաց Բայդենը: Նա հնարավորինս հստակեցրեց, որ չի վերանայի զորքերը դուրս բերելու մասին իր որոշումը: Երկու տասնամյակ անց Ամերիկան ​​վերջնականապես ու անդառնալիորեն ավարտում է Աֆղանստանի պատերազմին իր մասնակցությունը, իսկ հետևանքները կարևոր չեն:

Բայդենի վարչակազմի խոսքերը հատկապես ապշեցուցիչ սառն էին  հասունացող աղետի ֆոնին: Ինքը՝ Բայդենը, ով քաղաքական գործիչներից ամենանրբազգացն է եղել, ուշադրություն չդարձրեց կանխատեսելի և կանխատեսվող հումանիտար ողբերգությանը, որի բռնկման պատճառներից էր Աֆղանստանում մնացած մոտ 3500 ամերիկացի զինվորականներին դուրս բերելու՝ դեռևս ապրիլին կայացրած որոշումը: Այս խոսքերից հետո Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին մեղքը բարդեց աֆղանական բանակի վրա՝ իրենց իսկ ճակատագրի համար, բանակ, որին Միացյալ Նահանգները ֆինանսավորել, ուսուցանել, զինել և կառուցել էր ավելի քան 20 տարի: «Նրանք ունեն այն, ինչ իրենց պետք է», – ասել է Փսակին: «Միակ բանը, որ պետք է որոշեն, այն է, թե արդյո՞ք նրանք ունեն պայքարելու քաղաքական կամք»: Պետդեպարտամենտն իր հերթին հայտարարեց, որ վերջին դիվանագիտական ​​ջանքերն է ներդնում համոզելու թալիբներին, որ նրանց կառավարությունը միջազգային հանրության կողմից ընդունելի չի լինի,եթե նրանք բռնի ուժող տիրեն  երկրին: Ինչ -որ մեկը կարծում է, որ դա նրանց կանգնեցնու՞մ է:

Այս ամենի հետևում ակնհայտ հաշվարկ կա, ըստ որի անցանկալի պատերազմից հրաժարվելը չի վնասի Բայդենին՝ հաշվի առնել անցած ժամանակն ու երկու կուսակցությունների ավելի քան բավարար մեղքը: Պարզ ասած, Վաշինգտոնը համոզված է, որ ամերիկացիներին պարզապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Աֆղանստանում: Հարցման արդյունքները հաստատում են այս տեսակետը: Երկու կուսակցությունների քաղաքական գործիչները, նկատելի բացառություններով, ընդհանուր առմամբ պաշտպանել են Բայդենի որոշումը, կամ գոնե համաձայնել են դրա հետ, այնպես որ նրանք կա՛մ կարող են վերանայել, թե ինչպես է  Բայդենը դա իրականացրել, կա՛մ պարզապես ոչինչ չասել: (Ակնարկը Դոնալդ Թրամփին է վերաբերվում, որի՝ թալիբների հետ գործարքի վրա էր մեծամասամբ հենվել Բայդենը, չնայած թալիբների անկարողությանը՝ պահելու պայմանավորվածության դրույթները):

 «Թվում է, թե ընդհանուր գաղափարն այսպիսին է. «Ա՛յ, տե՛ս, քսան տարվա ընթացքում մենք շատ արյուն և գումար ենք ծախսել այնտեղ, մենք շատ բան ենք արել, բայց չափ ու սահման կա, թե որքան մեկ երկիրը պետք է անի մյուսի համար»,- ասում է սենատոր Ջոն Մաքքեյնի արտաքին քաղաքականության նախկին խորհրդական Ռիչարդ Ֆոնտեյնը, ով այժմ ղեկավարում է Center for a New American Security կազմակերպությունը: «Դա ողբերգական է, բայց դա մեր ողբերգությունը չի»:

Մենք հինգշաբթի զրուցում էինք, և մեր զրույցի ընթացքում հաղորդագրություն եկավ Associated Press-ից, որ Հերաթը՝ Աֆղանստանի երրորդ մեծ քաղաքը և երկրի արևմտյան դարպասը, ընկել է թալիբների ձեռքը: Մի քանի ժամ անց ընկավ նաև երկրի երկրորդ մեծ քաղաքը ՝ Կանդահարը, որտեղ էլ ծնվել է այդ շարժումը: Մայրաքաղաքը՝ Քաբուլը, շուտով նույնպես կշրջապատվի «Թալիբան»-ի կողմից, որն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերահսկողություն է հաստատել երկրի 34 նահանգային մայրաքաղաքներից 12 -ի վրա: Մինչև այս հոդվածը կարդալն այս թիվը կարող է աճել:

Հինգշաբթի կեսօրին Պետդեպարտամենտը և Պենտագոնը հայտարարեցին, որ ԱՄՆ բանակը շուրջ 3000 զինծառայող է ուղարկում, որպեսզի իրականացնի Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մեծ մասի տարհանումը: Այստեղ մի դառը հեգնանք կա. մոտավորապես նույն թվով ամերիկացի զինվորականներ կային Աֆղանստանում, երբ Բայդենը որոշեց դուրս բերել դրանք, և, հնարավոր է, դրանով էլ  ապահովեց  թալիբների կողմից իշխող կառավարության տապալումը:

Սրանցից ոչ մեկն անակնկալ չէր, բացառությամբ Բայդենի անցած շաբաթվա հայտարարության, որ «քիչ հավանական է», որ թալիբները կարճ ժամանակամիջոցում «արագորեն կտարածվեն և կգրավեն ամբողջ երկիրը»: ԱՄՆ-ի պետական ​​պաշտոնյաները գիտեին, թե ինչ կլիներ, նույնիսկ լավագույն տարբերակի պարագայում կամ նույնիսկ թալիբների հարձակումից առաջ ավելի երկար ժամանակամիջոց ունենալու դեպքում: Սա նման է այն «արժանապատիվ  ինտերվալին», որը փնտրում էր Ռիչարդ Նիքսոնը Վիետնամից ԱՄՆ -ի դուրս գալու և հարավի նկատմամբ հյուսիսի անխուսափելի հաղթանակի միջև: Նրանք «տգետ» կամ «խելագար» չեն, ինչպես վերջերս ինձ ասաց Աֆղանստանի մասին Բայդենի խորհրդականների հետ զրուցած մեկը: Նրանք, ովքեր ուշադիր հետևում էին այս շաբաթվա իրադարձություններին, ընդունեցին այն որպես մռայլ անխուսափելիություն: Պենտագոնը զգուշացրել է նախորդ չորս նախագահներից յուրաքանչյուրին, որ ամերիկյան զորքերի կտրուկ դուրսբերումը կհանգեցնի աֆղանական ռազմական ֆիասկոյի, որի ականատեսը եղանք այս շաբաթ:

Սակայն, Բայդենի որոշման հրապարակման պահից հետո՝ չորս ամիսների ընթացքում, ինձ զարմացրեց կոնկրետ վեճերի և քննարկումների բացակայությունը, թե ինչպիսին կլինեն դուրսբերման իրական հետևանքները: Ինչո՞ւ: Դժվար է միանշանակ ասել: Անկասկած, դրա մեջ ներառված են երկու կողմերի հաշվարկները, ինչպես նաև այն փաստը, որ այժմ շատ վատ բան է կատարվում. ամերիկյան ժողովրդավարության ճգնաժամը և կորոնավիրուսի բռնկմամբ սարսափելի ամառը: Այնուամենայնիվ, իրադարձությունները չեն սպասում Վաշինգտոնին, և այս շաբաթ հետևանքները սկսեցին դրսևորվել: Եվ այսպես, անհրաժեշտ է հարցնել (և այս հարցը արդեն սկսում է տրվել). հետագայում ի՞նչ կլինի  այս աղետի հետ:

Շատ ավելի հեշտ է չբարձրաձայնել այն կամ չպատասխանել այս հարցին: Ավելի հեշտ է շարունակել վիճել, թե ով է մեղավոր 20-ամյա պատերազմի և 2 տրիլիոն դոլարի կորստի համար: Վերջին երկու տասնամյակների ընթացքում սա բազմիցս ասվել է. Ջորջ Բուշը ձախողվեց Աֆղանստանում, քանի որ որոշեց ներխուժել Իրաք: Բարաք Օբաման ձախողվեց Աֆղանստանում, քանի որ որոշեց զորքեր կուտակել, այնուհետև թալիբներին պատմեց, թե երբ է դրանք դուրս բերելու: Թրամփը շատ էր ցանկանում ավարտել այս պատերազմը, բայց անընդհատ սխալվում էր այն իրականացնելու հարցում: Մինչև 2020-ի փետրվարը նա բանակցեց Թալիբանի հետ շատերի կարծիքով սարսափելի գործարքի շուրջ, սակայն ԱՄՆ-ի բազմաթիվ ճգնաժամերն, ինչպիսին են՝ իմպիչմենտը, համաճարակը և այլն ստիպեցին տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող  մայրաքաղաքում պակաս  կարևորություն հատկացնել Աֆղանստանին:

Ինքը՝ Բայդենը, վաղուց թերահավատորեն էր վերաբերվում Աֆղանստանում հնարավոր հաջողություններին, և երբ Օբաման Աֆղանստանում ներկայության ընդլայնման հարցը քննարկեց 2009 թվականին, Բայդենը պարտվողների կողմնակիցն էր, ովքեր դեմ էին այդ առաջարկին: Այս անգամ նա իր թիմին հասկացրեց, որ չի խոնարհվի գեներալների առաջ: Նա նույնիսկ իր տեղում թողեց Զալմայ Խալիլզադեին՝  Աֆղանստանում ԱՄՆ նախկին դեսպանին, որը Թրամփի օրոք բանակցություններ էր վարել թալիբների հետ: Ապրիլին Պենտագոնի առաջարկությունները և նրա որոշ խորհրդականների վախերը մերժելուց հետո, Բայդենը քաղաքականապես շահեկան ուղեգիծ որդեգրեց՝ հայտարարելով, որ «Հավերժական պատերազմը» կավարտվի իր օրոք:

 Զորքերի դուրսբերման կազմակերպման պատասխանատվությունը միանշանակ թե՛ Բայդենինն է, թե՛ Թրամփինը: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ԱՄՆ-ի համար աշխատող մոտ 20,000 աֆղան թարգմանիչների տարհանման ծրագիր չմշակվեց, չեն եղել հակաահաբեկչական առաքելություն իրականացնող տարածաշրջանային հենակետերի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ, առաքելություն, որն, ըստ ԱՄՆ-ի, կշարունակվի: Ամերիկյան ուժերն ավարտեցին զորքերի դուրսբերումն առանց նշանակալի միջադեպերի, բայց այժմ առաջանում է հրատապ չլուծված հարց. արդյո՞ք թալիբները Քաբուլը ուժով կվերցնեն: Արդյո՞ք նրանք կմտնեն քաղաք մինչև սեպտեմբերի 11-ի հարձակման քսանամյակը, որը Աֆղանստանում էր ծրագրվել  «Ալ-Քաիդա»-ի կողմից և հանգեցրել էր տարածաշրջանում ամերիկյան ներգրավվածության: Արդյոք կա՞ իրական հնարավորություն Աֆղանստանի կառավարության և Թալիբանի միջև բանակցությունների միջոցով կանխելու նման արդյունքը:

Երբ ես հինգշաբթի երեկոյան խոսում էի Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա նշեց, որ Սպիտակ տունը կենտրոնացած է վերոնշյալ հարցերի վրա: Մի ամբողջ օրվա մռայլ լուրերի հոսքից պարզ էր, որ մնացել են միայն վատ արդյունքները: «Այստեղ բացարձակապես հավանական է, որ ինչ -որ գործարք կնքվի: Ես նաև հավատում եմ, որ բացարձակապես հավանական է, որ թալիբները՝ արբած ադրենալինով, իներցիայով և ցանկացած այլ բանով, ուժով կմտնեն քաղաք,- ասաց նա:- Այս երկու տարբերակներն էլ իրական են, մենք պետք է պատրաստ լինենք երկուսին էլ և արդյունավետ գործենք երկու ուղղություններով էլ: Սա այն է, ինչ մենք անում ենք մեր դիվանագիտության հետ»:

Երբ հինգշաբթի օրը ես քննարկեցի շաբաթվա իրադարձությունները Աֆղանստանում տասնամյակների փորձ ունեցող փորձագետների հետ, նրանք նշեցին ապագայի ավելի ապոկալիպտիկ սցենարներ: «Սա Բայդենի Ռուանդան կլինի՞», – հարցրեց իմ հին ծանոթը, որին ես հանդիպել էի 2002 թվականի գարնանը: Այն ժամանակ Թալիբանի ավերակների վրա և սեպտեմբերի 11-ից հետո նա վճռական էր կառուցելու ժամանակակից, կենսունակ պետություն: Կամ, գուցե, «Ալ -Քաիդա / ԴԱԻՇ տարբերակ 3.0»: Մարդու արյուն է սառչում. մարդու իրավունքների մասշտաբային ոտնահարումների հավանականությունից մինչև միջազգային ջիհադիստական ​​ահաբեկչության նոր կենտրոնի ստեղծման հնարավորությունից:

Ես «Ալ-Քաիդա» / ԴԱԻՇ 3.0 տարբերակի նկատմամբ վախի մասին զրուցեցի լրագրող և հեղինակ Պիտեր Բերգենի հետ, ով վերջերս հրատարակել է «Ուսամա բեն Լադենի վերելքն ու անկումը» գիրքը: 90-ականներին նա հարցազրույց վերցրեց Աֆղանստանում գտնվող Բեն Լադենի հետ, և ես հանդիպեցի նրան այնտեղ, երբ The Washington Post-ն ինձ ուղարկեց պատերազմը լուսաբանելու սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անմիջապես հետո: Բերգենն ինձ ասաց, որ Աֆղանստանում տեղի ունեցած աղետը շատ նման է ԴԱԻՇ-ի բլից-կրիգին, որը տեղի ունեցավ Իրաքից 2011 թվականին ԱՄՆ -ի դուրս  գալուց հետո: «Սցենարը նույնն է,- ասաց նա:- Սա, ըստ էության, ԴԱԻՇ -ի ձեռնարկ է»: Երբ թալիբները մտնեն Քաբուլ, արդեն պարզ կդառնա, որ մենք գործ ունենք նորացված և դաժան քաղաքացիական պատերազմի հետ: Մի խոսքով, ավելացրեց նա, «դա սատանայական մղձավանջ է»: Ինչը, կարծում եմ, արժանի խորագիր է այս ամբողջ տխուր պատմության համար:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` The New Yorker

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.