Արցախի քաղաքական ճակատագրի հարցում հայ հասարակությունը ներկայումս բաժանված է երկու հատվածի՝ Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս, այն է՝ մարզ կամ մարզեր, դիտարկողներ և Արցախը որպես անկախ, ես կասեի՝ Հայաստանից անջատ դիտարկողներ: Ինչու՞ անջատ և ոչ անկախ: Որովհետև, եթե մինչև իսկ Արցախը de jure անջատ լինի, միևնույն է՝ այն, բազմաթիվ առարկայական պատճառներով, չի կարող անկախ լինել: Այն լինելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության, կա՛մ Ռուսաստանի Դաշնության, կա՛մ Ադրբեջանական Հանրապետության խնամակալության ներքո, այսինքն՝ պրոտեկտորատը:
Եկեք միջազգային իրավունքի լույսի ներքո համառոտակի քննության ենթարկենք երկու մոտեցումները և փորձենք հասկանալ հայ ժողովրդի՝ առաջին հերթին նրա արցախյան հատվածի, համար նախընտրելի տարբերակը:
Առաջին. Պայմանական ասած անկախականները, որոնք իրականության մեջ անջատողականներ են՝ սեպարատիստներ, հաճախ անկախ պետականությունը ներկայացնում են որպես ժամանակավոր լուծում, որպես հանգրվան վերջնական միասնության ճանապարհին: Առաջին հայացքից մոտեցումը խելամիտ է թվում, մինչև իսկ քաղաքականապես գայթակղիչ: Սակայն այս մոտեցման կողմնակիցները փորձ չեն անում նորագույն պատմությունից գոնե մի օրինակ բերել, երբ առանձին կայացած երկու պետություններ ի վերջո բարեհաջող միավորվել են: Ընդսմին, հակառակը փաստող բազմաթիվ դեպքեր շատ ունենք: Օրինակ, Չեռնոգորիայի կայացումը Սերբիայից անջատ, Հոնգ Կոնգի բնակչության ընդդիմությունը միավորվելու մայր Չինաստանին, երկու տասնյակից ավել արաբական երկրների գոյությունը և իրար եղբայրական Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության զինված հակամարտությունը, և այլն:
Երկրորդ. Արցախի անկախության կողմնակիցները, առանց որևէ կռվանի, առանց որևէ հիմնավորման, Արցախի անկախության ճանաչումը ներկայացնում են որպես ավելի հեշտ իրագործելի, քան նրա միացումը Հայաստանին: Միանգամայն չփաստարկված և մոլորյալ տեսակետ: Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը որևէ այլ երկրից որևէ գործողություն չի պահանջում՝ ո՛չ հայտարարության ձևով, ո՛չ գործողության, քանի որ այդ հարցը, այն է՝ սահմանի փոփոխությունը, վերաբերում է միմիայն սահմանակից երկու երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանական Հանրապետությունը: Սրան հակառակ՝ Արցախի Հանրապետությանը, միջազգային համայնքի լիիրավ անդամ դառնալու համար, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 4.2 հոդվածով, անհրաժեշտ է 97 երկրի ճանաչում, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից: Անվիճելիորեն անհասանելի նպատակ:
Նաև ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես ճանաչման կամ անկախության գաղափարը էապես գերագնահատվում է պայմանական ասած «անկախականների» կողմից: Ճանաչված լինելը չի կարող և երբեք էլ չի պաշտպանել որևէ երկիր արտաքին հարձակումներից: Վկա վերջին երկու տասնամյակի մի շարք դեպքեր՝ Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա, Թուրքիայի պարբերական ներխուժումերը Սիրիայի տարածք և դրա ռազմակալումը, ռուսաստանյան կողմից Ղրիմի անեքսիան (բռնակցումը) և նրա զորքերի առկայությունը Ուկրաինայի տարածքում:
Պետականության ճանաչումը պարզապես տվյալ պետությանը հնարավորություն է տալիս ձեռք բերել միջազգային ինքնություն և իրավա-պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել իրեն ճանաչած երկրների հետ: Միայն այդքանը: Իսկ արդյո՞ք դա է մեզ պետք:
Հիմա կարևորի մասին՝ անկախության հայեցակարգի մեջ կա շատ ավելի լուրջ թերություն, ես կասեի՝ բնածին արատ, որը սպանում է հայեցակարգը: Ակնհայտ է, որ Արցախի անկախությունը կարող է հռչակվել և կայանալ միմիայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Իսկ այդ սկզբունքը տվյալ պարագայում և ներկայիս բանակցային տրամաբանության մեջ իրագործելի է միմիայն այն տարածքներում, որտեղ հակամարտության սկզբնավորման պահին, այն է՝ 1988-89 թթ., հայերը կազմել են մեծամասնություն, այսիքն՝ ԼՂԻՄ-ի սահմաններում: Հարցին նման մոտեցման դեպքում չկա միջազգային իրավունքի որևէ սկզբունք, որով կհիմնավորվի և որի վրա կխարսխվի Արցախի Հանարապետություն հավակնությունը և իրավատիրությունը ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների վրա: Ասեմ, որ յուրաքանչյուր սահմանադրություն, այդ թվում նաև Արցախի Հանրապետության սահմանադրությունը, միջազգային իրավունքի կողմից դիտարկվում է որպես միակողմանի փաստաթուղթ – unilateral act: Իսկ այսպիսիները միջազգային իրավունքի մեջ կարող են ստեղծել պարտավորություն, բայց ոչ իրավունք:
Հիմա ամենակարևորի մասին՝ ի՞նչ պետք է անել:
Գործողությունները պետք է կատարվեն երկու մակարդակի վրա: Առաջին մակարդակում, այն է՝ գործնական դաշտում, պետք է շարունակել ու ավարտին հասցնել 1988-91 թթ. սկսված և բարեհաջող առաջացած, բայց դավադրաբար ընդհատված միացյալ հայկական պետության կերտումը: Այսինքն, պետք է քայլ առ քայլ, առանց աղմուկի, ծնծղաների ու շեփորի, բայց հետևողականորեն և համառորեն վերացնել բոլոր այն կառույցները, իրավական ակտերը և գործնական պրակտիկան, որոնք խոչընդոտում են հայոց միասնական պետության կայացմանը: Միացյալ Հայաստանի համար ոչ մի նոր հայտարության կամ նոր իրավական գործողության կարիք չկա՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը միանգամայն բավարար հիմք է նման գործողությունների համար:
Պատերազմի վտանգով սպառնացող «անկախականներին» ուզում եմ ասել, որ որևէ պետության կողմից Արցախի Հանրապետություն ճանաչումը, որն, իհարկե, անհնարինության ոլորտից է, շատ ավելի մեծ պատերազմի վտանգ է իր մեջ պարունակում, քան վերոհիշյալ անաղմուկ և ոչ ջղաձիգ գործողությունները: Ավելին, ենթադրյալ ճանաչման գործընթացը պարբերական բնույթ է կրելու, հետևաբար՝ նման վտանգը ևս լինելու է պարբերական ու կրկնվող:
Երկրորդ մակարդակում անհրաժեշտ է փոխել բանակցային ողջ գործընթացի տրամաբանությունը, հիմքը, պատումը (narrative) և հակամարտության ժամանակային ընդգրկումն ու տարածքային ներառումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ներսովետական, բոլշևիկաստալինյան, թուրք-ռուսական իրավաքաղաքական դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ, այն է՝ տեսնել, թե ժամանակի միջպետական իրավասու կառույցները և միջազգային համայնքը, մասնավորապես՝ Ազգերի լիգան, հակամարտության սկզբնավորման պահին՝ 1918-21 թթ., ինչպիսին էին և ի՞նչ մոտեցում էին որդեգրած եղել Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշման հարցում: Այստեղ վճռորոշ դեր կարող է ունենալ Ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը:
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հանդես գա որպես պատվիրատու և միջազգային իրավունքի՝ աշխարհում հայտնի լավագույն երեք մասնագետի պատվիրի Իրավական գնահատական (Legal Assement) տալ հետևյալ հարցին՝ արդյո՞ք 1920 թ. ապրիլին Ադրբեջանական Հանրապետության և նույն տարի նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության ռազմակալումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում և օկուպացիա՝ ըստ այս բառի միջազգային իրավական ըմբռնման:
Վստահաբար, պատասխանը լինելու է դրական՝ «այո հանդիսանում է»: Հետևաբար, սա կարող է հանդիսանալ որպես ի հայտ եկած նոր իրողություն, նոր իրավական փաստարկ և հնարավորություն արմատական վերատեսության ենթարկելու բանակցային ողջ գործընթացը: Պետք է հստակ հասկանալ, որ, ըստ միջազգային իրավունքի, օկուպանտի գործողությունները չեն կարող օրինական իրավական հետևանքներ ստեղծել: Ex injuria jus non oritur – իրավունքը չի կարող խարսխվել անօրինականության վրա:
Ամփոփելով ասեմ, որ այսպես կոչված «անկախության» հայեցակարգը բացի ավելորդ ծախսերից, ժամանակի վատնումից, ներազգային պառակտումից, անհեռանկար պայքարից ու տարածքների կորստից ոչինչ չի խոստանում:
Այսու, Արցախի քաղաքական ճակատագրի հայանպաստ լուծման, արցախաբնակ հայության անվտանգության ապահովման, նրա տնտեսական բարգավաճման և հայ ժողովդի ներազգային միասնության հարցը կարող է լուծում ունենալ միմիայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման հայեցակարգի շրջանակում:
Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի