Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող-հրապարակախոս
Ստեփանակերտ
1988-ի Արցախյան շարժումից, «Միացում»-ից, որի համար Արցախի ողջ հայ բնակչությունը ոտքի ելավ, անցել է 27 տարի: Գուցե թե շատ մեծ ժամանակահատված չէ 27 տարին, թերեւս նաեւ փոքր ժամանակահատված չէ հայ ժողովրդի երկու հատվածների փոխըմբռնման, իրար ճանաչելու առումով: Հատկապես երբ այդ տարիներին նաեւ պատերազմ է եղել, եւ ղարաբաղցիների հետ ուս-ուսի Հայոց այս հողակտորի ազատության համար պայքարել են նաեւ հազարավոր հայաստանցիներ: Երկու հայկական պետություն է ստեղծվել այդ տարիներին՝ իրենց նախագահներով, վարչապետներով, ԱԺ-ներով, նախարարներով: Պարբերաբար փոխայցելություններ են եղել, միջխորհրդարանական կապերի, համագործակցության մասին բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել:
Արտաքուստ կարծես ամեն ինչ արվել է հայ ժողովրդի երկու հատվածի ինտեգրման համար, սակայն, այնուամենայնիվ, հայության այդ երկու հատվածները՝ ՀՀ-աբնակներն ու ԼՂՀ-աբնակներն իրար ճանաչելու առումով մոտավորապես մնացել են նախաութսունականների այն մակարդակին, երբ երեւանաբնակ ծանոթս ինձ հարցնում էր. «Ղարաբաղում մի ընկեր ունեմ՝ Վալոդ անունով, սպիտակ «Ժիգուլի» ունի, կարո՞ղ է ճանաչում ես…»:
Այսօր շարքային երեւանցին արցախցուն մոտավորապես այսկերպ է պատկերացնում. ինչպես երեւանյան մի անեկդոտում է պատմվում, «մեկը երթուղայինում կողքինի հետ զրույցի ա բռնվում, հարցնում ա. «Ախպեր, որդիանցի ե՞ս»: Սա էլ թե՝ ղարաբաղցի: «Ախպեր, բա խի՞ ես կողքիս նստել, վեր կաց գլխիս նստի»,- ասում է երեւանցին:
Ու այս անեկդոտը շրջել է հայաստանյան իրական եւ վիրտուալ-ֆեյսբուքյան տարածքով մեկ եւ լայն արձագանք գտել, քանզի երեւանաբնակ հայն արցախաբնակ հային տեսնում է հարեւնման այն երկուսին, ովքեր «նստել են իր գլխին»:
Թե՛ 10-15 տարի առաջ, թե՛ այսօր սա է ղարաբաղցու կերպարն ըստ միջին երեւանաբնակի:
Ընկերս պատմում է, որ օրերս Երեւանում տաքսի էր նստել: Խոսակցությունից վարորդը հասկացել է, որ ուղեւորը ղարաբաղցի է: Երբ տեղ են հասել, ավտովարորդը հրաժարվել է ուղեվարձը վերցնել: Երբ ընկերս պնդել է՝ ո՞նց թե ոչինչ պետք չէ, ուղեվարձդ վերցրու, սա պատասխանել է՝ «Չէ, ախպեր ջան, ոչինչ պետք չէ, գոհ եմ…»: Միանգամայն պարզ է, որ այս ավտովարորդի համար ղարաբաղցին իր նմանների ստեղծած անեկդոտի «գլխին նստածն» է: Նա վախեցավ արցախցի ուղեւորից ուղեվարձ վերցնել, որովհետեւ վերջինիս պատկերացնում է «այն երկուսի» վարքուբարքով ու գործելակերպով: Նրա մտքով հազիվ թե անցնի, որ շարքային ղարաբաղցիները եւս տուժել ու տուժում են իր «գլխին նստածներից»:
«Ղարաբաղցիներն ինչո՞ւ ձեն չեն հանում», «Ղարաբաղցիներն ինչո՞ւ այսպես չեն անում» կամ «Ղարաբաղցիներն ինչո՞ւ այնպես չեն անում» – ամեն մի կարեւոր կամ պակաս կարեւոր իրադարձության ժամանակ անմիջապես օդում կախվում են այս հարցերը:
Երեւանում շատերի կարծիքով Արցախը ոչ թե երկրամաս կամ հանրապետություն է, այլ մի մեծ տուն, որտեղ պարզապես ղարաբաղցիներ են ապրում: Միանման լավ կամ հատկապես միանման վատ՝ բոլոր նրանց համար, ովքեր նեղացած ու զզված են ղարաբաղյան ծագումով մեկից…
Արցախցիների նկատմամբ դժգոհության մեծ ալիք բարձրացավ հատկապես 2008թ. մարտիմեկյան դեպքերից հետո: Ընդդիմադիր շատ գործիչներ, արցախյան պատերազմի մասնակիցներ տարակուսանքի մեջ էին. արցախցի իրենց ընկերների, զինակիցների լռությունն անհասկանալի էր, չէր տեղավորվում տրամաբանության սահմաններում: Հրապարակային դժգոհություններ էլ հնչեցին… Երեւանից, Ազատության հրապարակից ղարաբաղցիների լռությունը դավաճանության երանգավորում ուներ:
Ու ոչ ոք փորձ չարեց պարզելու այդ լռության պատճառը, ոչ ոք փորձ չարեց հասկանալու շարքային արցախցուն, երբեմնի մարտական ընկերոջը: Հարց. Արցախից ովքե՞ր պիտի արձագանքեին մարտիմեկյան դեպքերին: Իշխանական ճամբարից, բնական է, որ արձագանք չէր կարող լինել: Ղարաբաղցիների մի ստվար մասը, որ զենքը ձեռքին հայրենիք է պաշտպանել, գրեթե մոռացված է, ընտանիքի բազում հոգսերից հոգնած ու խեղճացած:
Ողբերգական դեպքերին արձագանքել կարող էր միայն ընդդիմությունը: Բայց այն արդեն պարզապես չկար, այլեւս գոյություն չուներ, ու դրանում քիչ դեր չեն խաղացել նաեւ հայաստանյան ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիր քաղաքական գործիչները:
Նրանք, ովքեր տարիներ առաջ Արցախում ժողովրդավարական բարեփոխումների հույսեր էին փայփայում, նախկին նախագահի եւ իշխանությունների կողմից «անկյուն էին քշվել»: Նրանք սպասում էին, որ Հայաստանի իրենց բախտակիցները, քաղաքական ուժերը, հասարակական գործիչներն ինչ-որ կերպ կփորձեն նեցուկ կանգնել իրենց: Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, նույն այդ ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր երեւանցի տղերքը տոն օրերին գալիս Ստեփանակերտում լուսանկարվում էին նախկին նախագահի հետ, նրա նախագահական առանձնասենյակում դեսից-դենից զրուցում, երջանկացած ու բավարարված մեկնում Հայաստան, չմոռանալով հընթացս մի քանի լրագրողի հայտնել, որ Արցախում ամեն ինչ «օքեյ է»…
Երեւանյան այդ ընկերներից ոմանք բացեիբաց հրապարակավ ողջունում էին ղուկասյանական «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ ընդդիմադիր մամուլն առավելապես առաջնորդվում էր (հիմնականում այսօր եւս) «Ղարաբաղի ներքին կյանքի մասին կամ միայն լավը, կամ՝ ոչինչ» սկզբունքով: Քիչ չի պատահում, որ երեւանյան ընդդիմադիր թերթերը կատարում են ստեփանակերտցի ինչ-որ մի ֆունկցիոների պատվերը:
Վերջին տարիներին գրեթե ոչինչ չի փոխվել այս առումով:
Մի հետաքրքիր դիտարկում. Ֆեյսբուքում «ՀՀ կառավարություն» էջը հավանել է 10 հազար մարդ, որոնցից 24-ը ֆեյսբուքյան ընկերներս են, իսկ «ԼՂՀ կառավարություն» էջը հավանել է 25 հազար մարդ, որոնցից իմ ֆեյսբուքյան ընկերն են 357-ը: Քանի որ հայերից այս սոցիալական ցանցում գերազանցապես գրանցված են հայաստանաբնակներն ու արտերկրի մեր հայրենակիցները (արցախաբնակները չնչին տոկոս են կազմում), վերոհիշյալ թվային տվյալներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում եւ արտերկրում մեր հայրենակիցները գտնում են, որ ԼՂՀ կառավարությունն առնվազն 2,5 անգամ լավ է ու ազնիվ է աշխատում, քան ՀՀ կառավարությունը: Թերեւս այստեղ եւս, ինչպես վերեւում արդեն ակնարկել եմ, որոշակի դերակատարություն ունի «Ղարաբաղի ներքին կյանքի մասին կամ միայն լավը, կամ՝ ոչինչ» սկզբունքը: Բայց Հայաստանում մարդկանց մի ստվար զանգված իրոք համոզված է, որ Արցախում ոչ միայն կառավարությունը, այլեւ ընդհանրապես իշխանություններն ավելի օգտակար, ազգանպաստ գործ են կատարում, քան նրանց երեւանյան գործընկերները:
Հետաքրքիրն այն է, որ դարձյալ մի ստվար զանգված, բայց արդեն Արցախում, համոզված է, որ ընդհակառակը՝ Հայաստանում ամեն ինչ երիցս ավելի լավ է, քան Արցախում: Օրինակ՝ բժշկությունն ավելի որակյալ է, ապրանքները շատ ավելի էժան են, ժողովրդի կենսամակարդակն ավելի բարձր է, մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, քան Արցախում, իսկ իշխանությունները շարունակ հոգ են տանում քաղաքացիների մասին: Կեսլուրջ-կեսկատակ ասենք, որ դրա վկայությունը «Ստեփանակերտ-Երեւան» աշխույժ երթուղին է:
Արցախում նորերս կայացած խորհրդարանական ընտրությունների մասին երեւանյան արձագանքները հիմնականում հիացական են, պրոֆեսիոնալ եւ փորձառու լրագրողներն անգամ անկեղծորեն հավատում են, որ Արցախում ավելի ազնիվ, արդար, թափանցիկ ընտրություններ են լինում, քան Հայաստանում: Այլ հարց է, որ այդ ամենի արդյունքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ոչինչ չի փոխվում դեպի լավը:
Եվ, վերջում, բոլորիս համար ամենացավալի ընդհանրացումը. իրար չճանաչելու, իրար չհասկանալու, փոխըմբռնման բացակայությունն է հենց հայ ժողովրդի երկու հատվածներին ժամանակ առ ժամանակ իրար դեմ լարող «հայաստանցի-ղարաբաղցի» անվստահությունը սնուցող կենարար աղբյուրը: Իշխանական-պետական մակարդակով կարծես թե ոչինչ չի արվում այս անվստահությունը վերացնելու, ժողովրդի երկու հատվածներին հնարավորություն տալու իրար ավելի խորը ճանաչելու համար: Եթե չասենք, որ ընդհակառակը՝ բերձորյան եւ նման տհաճ ու ամոթաբեր միջադեպերով երբեմն նպատակաուղղված խորացնում են անջրպետը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ: