“Le Monde”-ի հարթակներից մեկում մշակութային գործիչների ու արվեստագետների մի խումբ՝ Ֆիլիպ Տորետոն, Աբդ ալ Մալիքը և Ժան-Միշել Ռիբեն, հավատացած են, որ մշակույթը «զանգվածային ինտեգրման զենք» է, որը պիտի օգտագործվի:Մշակույթի ոլորտի մասնագետները թերագնահատում են իրենց ուժերը. նրանք մեծ դեր կարող են խաղալ միգրանտներին դիմավորելու և փախստականներին ինտեգրելու գործում: Խոսքը չի վերաբերում միայն հումանիստական պարտականությանը, այլեւ մեր մասնագիտությունների հսկայական խորհրդանշական և միջնորդական ուժի ճանաչմանը:
32-ամյա Ագնեսը, ում հայրը ֆրանսիացի է, մայրըu՝ իտալացի, ունի լուսավոր ժպիտ ու գեղեցիկ մազեր: Հոգեբանության ու Արվեստի պատմության դիպլոմներ ստանալուց հետո նա աշխատում է փարիզյան մի մեծ մշակութային հաստատությունում: Ժոզեֆը 28 տարեկան է, Փարիզում ապրում է ընկերներից մեկի ընկերոջ տանը: 6 ամիս առաջ է փախել Նիգերիայից, որտեղ բուժեղբայր էր աշխատում:
Ամիսը մեկ անգամ Ագնեսը, որպես մի ասոցիացիայի կամավոր, թանգարան է այցելում մի խումբ ընկերների հետ, որոնց մեծ մասը միգրանտներ են Էրիտրեայից, Աֆղանստանից, Սուդանից … Ժոզեֆը նույնպես գնում է ամիսը մեկ անգամ:
Ագնեսի համար սա մի հասարակ ու ուրախ եղանակ է՝ հաղորդակցվելու այն օտարերկրացիներին հետ, ում մասին ոչինչ հայտնի չէ և ովքեր ժպտում են իրեն ամեն առավոտ իր տան մոտակայքում՝ Փարիզի 18-րդ թաղամասում: Սա նաև հնարավորություն է տեսնելու այն ցուցահանդեսները, որոնք միայնակ գնալ-տեսնելու մոտիվացիա ինքը չէր ունենա, եթե չլիներ հենց այս լսարանի՝ օտարերկրացիների, բայց ոչ զբոսաշրջիկների համար թարգմանելու կամ բացատրելու անհրաժեշտությունը՝ էքսկուրսավարների փոխարեն: Ժոզեֆն էլ սիրում է Ֆրանսիայի քանդակագործությունն ու պատմությունը, որոնք էլ բացահայտում է ցուցահանդեսների միջոցով: Նա նաև սիրում է Ագնեսին:
Մշակույթը զինաթափում է
Մշակույթը զինաթափում է, հարստացնում, վստահություն է ներշնչում, հաղթահարում է լեզվի խնդիրը, վերականգնում է իր անձի և սեփական մշակույթի նկատմամբ հարգանքը, ցանկություն ու կամք է ձևավորում:
Մենք գիտենք դա, բայց բավարար չափով չենք օգտվում դրանից: Ավելին, մշակույթի հետ կապը դյուրացնում է փոխհարաբերությունների հաստատումը. գրադարանում խորհուրդ հարցնողները հաստատ բարի մտադրություններ ունեն, աշխարհի բոլոր երաժիշտները կփաստեն, որ կիթառը մեջքներին նրանց շատ լավ են ընդունում: Որ երկրից էլ լինեն, ինչ գույնի մաշկ էլ ունենան… Նրանք անգիր գիտեն Բեռնար Լավիլյեի երգը:
Մշակույթը արտահայտվելու և ընդգրկվելու մի հսկայական լծակ է, որ հնարավորություն է տալիս վերականգնել արժանապատվությունդ և ստեղծել ընդհանուր հասարակություն: Թանգարանները, գրադարանները, թատրոնները, հասարակական վայրերը հանդիպման, հաղորդակցման և փոխանակման տեղեր են: Արվեստանոցները, համատեղ այցելությունները թանգարաններ, ներկայացումներ կամ համերգներ, մշակույթի և գեղագիտական հաճույքի հասանելիությունը հայրենաթող մարդկանց թույլ են տալիս աստիճանաբար ոտքի կանգնել և իրենց ընդունված զգալ այն մշակույթում, որը բացահայտում են:
Անկախ նրանից, թե որտեղից են դրանք բխում՝ կազմակերպություններից, մշակութային հաստատություններից, հասարակական կառույցներից, արվեստագետներից կամ քաղաքացիներից, նախաձեռնություններն այսօր բազմապատկվում են՝ տակնուվրա անելով նորմերը և կառուցելով նոր, խառը, նվիրված և առատաձեռն սերունդ:
Թուլոնում, ոգեշնչվելով մեկ ուրիշի համար հավելյալ սուրճ գնելու գաղափարից, Le Liberté թատրոնը գործարկել է հավելյալ տոմսի գաղափարը: Սա հնարավորություն է տալիս տոմս առաջարկելու այն մարդկանց, ովքեր ներկայացում գնալու գումար չունեն: Փարիզում Emmaüs Solidarité-ի Ժան Քարեվթարային կացարանը, որ տեղակայված է երբեմնի ավագ դպրոցում, բացի ֆրանսերենի դասընթացներից, 150 միգրանտների ամեն շաբաթ առաջարկում է երաժշտության դասեր և թանգարանների անցագրեր: Լուվրի թանգարան այցելությունը անվճար է փախստականների և ապաստան հայցողների համար: Դրա մշակութային ժողովրդավարացման ծառայությունը պարբերաբար փախստականների խմբեր է ընդունում և տրամադրում հատուկ մշակված մի ուղեցույց՝ հեշտացնելու օտարալեզու այցելուների ընդունելությունը:
Պատասխանատվություն
Ներգաղթի պատմության ազգային թանգարանն ինտերակտիվ վայր է. յուրաքանչյուր այցելու կարող է իր ընտանիքի միգրացիայի ուղիները հայտնել թանգարանին: Նվիրատվությունների սրահում նաև ներկայացված են իրեր և լուսանկարներ: Փարիզի Կամերային նվագախումբն իր երաժիշտներին կցում է միգրանտներին՝ երաժշտական ստեղծագործության համար: Երգիչների գլխավորությամբ քոլեջի ուսանողները տանում են միգրանտներից հավաքագրած ժողովրդական երգերը: Այս նյութից կոմպոզիտոր Պիեր Իվ Մչեն գրել է գործիքային և վոկալ մի ստեղծագործություն:
Մենք չենք կարող թվել այն բոլոր նախաձեռնությունները, որոնք արժանի են նշվելու: Մենք՝ քաղաքացիներ, ասոցիացիաներ, մշակութային ոլորտի մասնագետներ, արվեստագետներ, մեծ պատասխանատվություն ունենք միգրանտների ընդունման և ինտեգրման հարցում: Այն, ինչ մենք անումենք մեր «հեռավոր լսարանների համար», պետք է անենք նրանց համար, ովքեր հաճախ իրենց ընտրությամբ չեն այստեղ: Մենք պետք է փոխենք վերաբերմունքը և գործելակերպը:
Իսկ եթե մենք բոլորս դառնանք արվեստագետնե՞ր կամ առատաձեռն հանդիսատեսնե՞ր: Ի՞նչ կլինի, եթե Ֆրանսիա ժամանելուն պես յուրաքանչյուր միգրանտի առաջարկվի «մշակութային անձնագիր», որը թույլ կտա այցելել մշակութային վայրեր և մոտ լինել արվեստին: Իսկ եթե թանգարաններն ու թատրոններն առաջարկեին իրենց բաժանորդներին բաժանորդագրվել «ամբողջական» փաթեթի՞ն՝ առաջարկելով ապահովել հավելյալ անվճար տեղեր, փորձել իրենց թարգմանչի դերում և իրենց ժամանակը տրամադրել:
Պատկերացրեք, թե 20.30-ի համերգի համար 20:22 ներկայանալու փոխարեն մենք ընկերների հետ ժամանում ենք 20:12՝ հանդիպելու մի խումբ միգրանտների, նրանց հետ կենդանի շփվելու և, ինչու չէ, դուրս գալուց հետո զրուցելու ու միասին մի բաժակ խմելու համար: Եվ ի՞նչ կլիներ, եթե կամավոր դառնայինք այնպիսի կազմակերպություններում, որոնց գործունեության հիմքում մշակույթն է:
Ստեղծագործելն ամենակարևորն է մեր կյանքում. դա պետք է օգտագործվի՝ գտնելու լուծումներ այնպիսի խնդիրների համար, որոնց քաղաքական գործիչները «ճգնաժամ» են կոչում այն դեպքում, երբ դրանց լուծումը միգուցեև հավանական է: Մենք ունենք այս ճգնաժամը հարստության վերածելու միջոցներն ու հմտությունները:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը
Սկզբնաղբյուրը՝ Le Monde