Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան
Իմ ծննդավայր Աչաջուրում (Տավուշի մարզ) միշտ հպարտացել են այն բանով, որ մեր տղամարդիկ ժամանակավոր աշխատանքի մեկնելով՝ խոր աշնանը պարտադիր վերադառնում են։ Շատ եմ լսել. «Մեր գյուղը բացառիկ է նրանով, որ ընտանիքով արտագաղթ չկա»։
Վերջին երկու տարիներին ամեն ինչ փոխվել է։ Գրադարանում, դպրոցում հաճախ են փսփսում՝ բա իմացա՞ր, էսինչի ծնողն էր եկել էրեխու փաստաթղթերը վերցնելու։ «Ընտանիքով են գնում, հայրը Ռուսաստանից կանչել է»,- արդեն նման խոսակցություններ կան։Գյուղերից հիմնականում Ռուսաստան են մեկնում։ Չգիտես ինչու, գյուղացիներն իրենց աշխատուժ են պատկերացնում, քաղաքաբնակները՝ եվրոպական կամ ամերիկյան հարմարավետ բնակարաններում փափուկ թիկնելու արժանի։
Գիշերային ժամերին գյուղի մեր բակը լիակատար խավարի մեջ է՝ միայն վերջին մեկ տարում հարեւան երկու ընտանիքները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ Երեկոյան նստում ես թթենու տակ ու առաջին միտքը սա է՝ բա հարեւանությամբ մի լույս չվառվե՞ր. Ճուտոն ընտանիքով գնաց, մանկավարժ Ժենյան գնաց, Գասպարյան ամուսինները մեկնեցին դեռ 90-ականներին արտագաղթած զավակների մոտ, Խաչատուրենց երկու երիտասարդ տղաներն ամիսներով տան երեսը չեն տեսնում, դպրոցական երեխաներն իրենց հայրերի հետ սկայպով են շփվում։
Երեկոյան ժամերին Աչաջուրն ասես հեռավոր մի սահմանամերձ համայնք լինի։ Խոսքը 4000 բնակիչ ունեցող գյուղի մասին է։
Հայաստանը 25 տարի աշխարհին մատակարարում է աշխատուժ եւ ինտելեկտ։ Մեկնողները որպես միգրացիայի պատճառ նշում են մեր երկրում հեռանկարների բացակայությունը, սոցիալական անարդարությունը, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, քաղաքական դաշտի լճացումը եւ այլն։
Բացառությամբ 2004-2006 թվականների՝ Հայաստանն անկախության տարիներին ունեցել է միգրացիայի բացասական սալդո։ Մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին:
Միգրացիայի վերաբերյալ իմ պատկերացումները մասնագետների ձեւակերպումներից որոշակիորեն տարբերվում են։ Ինձ համար միգրացիան այն է, երբ մարդը հստակ պատկերացում ունի, թե ինչ նպատակով է մեկնում այս կամ այն երկիր։ Երբ, օրինակ, մասնագետը բավարարված չէ սեփական երկրի շուկայի առաջարկներով, անձնական աճի ճանապարհ է փնտրում՝ դա միգրացիա է, անձի տեղաշարժ։ Ինչպես ժամանակակից աշխարհին է հատուկ։
Իսկ երբ դա չկա՝ խոսքն արդեն արտագաղթի մասին է։ Սեփական երկրում լուծումներ չփնտրելը, կամ որպես լուծման թիվ մեկ տարբերակ դեպի օտար երկիր բաց դուռը տեսնելն արդեն արտագաղթ է՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ։ Առաջին հերթին՝ հոգեբանական։
Եվ իշխանությունների գործոնն այստեղ երկրորդական է։
Դեպի Ռուսաստան
Հայաստանից մեկնած միգրանտների գերակշռող մասը՝ մոտ 56 տոկոսը, հանգրվան է գտել Ռուսաստանի Դաշնությունում։ Եվրոպական երկրներին բաժին է ընկնում միգրանտների մոտ 15 տոկոսը, ԱՄՆ-ին եւ Կանադային՝ 9.5 տոկոսը։ 19.5 տոկոսը բաժին է ընկել այլ երկրներին։
Հայաստանի երիտասարդների շրջանում կատարված հարցումների համաձայն՝ նրանց 30 տոկոսը պատրատվում է ընդհանրապես լքել Հայաստանը։ Պոտենցիալ միգրանտների 36.3 տոկոսը նախընտրում է տեղափոխվել Ռուսաստան: Ցանկալի ուղղություններն են նաեւ Նահանգները, Ֆրանսիան, Անգլիան եւ Գերմանիան:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016 թվականին միգրացիայի մնացորդը կազմել է -24600 մարդ։ Սա միայն ըստ բնակության վայրի հաշվառվածների եւ հաշվառումից դուրս եկածների տարբերությունն է, որն ամենեւին չի արտացոլում միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը։ Չէ՞ որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձն ունի եւ հայկական, եւ ռուսական անձնագիր, հաշվառված է եւ ընտրելու իրավունք ունի Հայաստանում, միեւնույն ժամանակ վաղուց ստացել է հյուսիսային երկրի քաղաքացիություն։
Անձին քաղաքացիությունից զրկելը տեղի է ունենում նախագահի ստորագրությամբ։ Երբ Հայաստանի քաղաքացիները դիմում են ՌԴ իշխանություններին՝ այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար, միաժամանակ լրացնում են դիմում՝ ուղղված ՀՀ իշխանություններին, հայրենի քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ։ Որեւէ դիմումի Հայաստանի նախագահը ընթացք չի տվել։ Այդ է պատճառը, որ ընտրական ցուցակների եւ իրական ընտրողների միջեւ հսկայական տարբերություն կա։
2015թ. դրությամբ Ռուսաստանում միգրացիոն հաշվառման էր սպասում Հայաստանի շուրջ 363 հազար քաղաքացի: 2007-ից ի վեր ԱՄՆ «Գրին քարտ» է շահել ավելի քան 13 հազար ՀՀ քաղաքացի, նրանցից 1277-ը՝ միայն 2016թ.:
Հայրենիքից՝ անորոշություն
Մանկությանս ամենածանր տրավման կապված է արտագաղթի հետ։ 1999-2000 թվականներին Հայաստանից մեկնեց պապիս գերդաստանի կեսից ավելին՝ միանգամից իննը հոգի. երկու հորաքույրներս՝ իրենց զավակների, ամուսինների հետ։ Իսկ մինչ այդ՝ 1996-ին, եղբայրս էր մեկնել հեռավոր Արխանգելսկ, տատիս ու պապիս հետ։
Ընտանեկան բազմամարդ խնջույքներին միանգամից փոխարինեց դատարկությունը։ Հայրս չէր հաշտվում քույրերի բացակայության հետ։ Պապիս չորս զավակներից միայն նա մնաց Հայաստանում, ասելով, որ պապական տունը մարդկային շնչից չի դատարկի։
Թերեւս 90-ականներին հատուկ դժվարություններն էին պատճառը, որ 80-ականներից Ռուսաստանում կրթություն ստացած, ռուսական բանակի սպա հորեղբայրս եղբորս վերցրեց իր խնամքին՝ հետագայում այնտեղ կրթություն ստանալու, տատիս ու պապիս՝ ռուսական բարձր թոշակ ստանալու համար։ Մանկության ներկապնակից մի փունջ գույն պակասեց։ Հատկապես տատիս ու եղբորս մեկնումներն ինձ վրա ծանր ապրումներ արժեցան։ Կյանքիս ամենաուժեղ կարոտը զգացել եմ այդ տարիներին։ Այդ ժամանակ 12-13 տարեկան էի։
Մեկնողներից միայն եղբայրս, տատուպապս վերադարձան։ Մեր գերդաստանի երկու-երրորդը մնաց Ռուսաստանում։
Մինչ օրս ցանկացած հարազատի արտագաղթն ինձ համար տրավմա է։ Իսկ հաճախ արտագաղթողներն անսիրտ են լինում ու սառը, պատրաստ՝ առանց կարեկցանքի լքել ամենամոտ ընկերոջն ու հարազատ միջավայրը։ Հեշտ կյանքի հեռանկարը դաժան բան է։
Վերջին 3 տարիներին իմ ամենամոտ ընկերներից հինգը Հայաստանից մեկնել են առանց հիմնավոր բացատրություն ունենալու։ «Սա կյանք չի»,- մի տեսակ սովորական դարձած արտահայտություն, որով արդարացնում են սեփական անհաջողություններն ու կարծում, թե օտարությունն ավելի քաղցր է լինելու։
Ու ժամանակը մեծացնում է կոնֆիլկտն իմ ու մեկնողների միջեւ։ Դժվար եմ հաշտվում այն մարդկանց հետ, ովքեր մեկնում են առանց կոնկրետ պատկերացումների եւ Հայաստանում մինչեւ վերջին ջանքը չգործադրած։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1. Ընկերներիցս մեկը Հայաստանի լավագույն հեռանկարային բժիշկներից էր։ Ուներ կայուն աշխատանք, երկու բնակարան Երեւանում, մեկը՝ Դոնի-Ռոստովում։ Մայրը Երեւանի լավագույն վիրաբույժներից է։
Դեռեւս 2010 թվականից ասում էր՝ սա երկիր չէ, մեկ է՝ մեկնելու եմ։ Ընտանիքով մեկնեց Ավստրիա։ 7 տարի է անցել, դեռ քաղաքացիություն չունի։ Երեք տարվա ընթացքում վաճառվեցին նրա երկու բնակարանները՝ Երեւանում եւ Դոնի-Ռոստովում, եւ գումարն ուղղվեց նրա միգրացիոն պլաններին։ Մշտական աշխատանք չունի։ Հաճախ Հայաստանից օգնություն են ուղարկում՝ որոշ փաստաբանական ծառայությունների դիմաց վճարների համար։
Ընկերս Հայաստանի քաղաքական օրակարգին հետեւել է բացառապես սոցիալական ցանցերով։ Այժմ փաստաբանը փորձում է նրա քաղաքացիության հարցը լուծել քաղաքական հալածյալի պատմություն հորինելով։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2. Մի օր հեռախոսազանգ եմ ստանում գրականագետ ծանոթիցս, որից լուր չունեի մոտ 9 տարի։ Հանդիպում խնդրեց, ասաց՝ շտապ է։ Պայմանավորվեցինք։ Հանդիպեցինք քաղաքի սրճարաններից մեկում։ Ասաց՝ պիտի օգնես, մեկնում եմ։ Զարմացա՝ ինչո՞վ կարող եմ օգնել մեկնող մարդուն։ Այլ բան է՝ աշխատանք գտնեի Հայաստանում, չմեկներ։ Բայց նրան Հայաստանում աշխատանք պետք չէր։
«Մի պատմություն է պետք գրել մամուլում»,- ասաց։ Ի՞նչ պատմություն։ Թե՝ որ խանութ էի ուզում բացել, հարկայինը եւ քաղաքի պաշտոնյաներից Իքսը խոչընդոտեցին, բիզնես ծրագիրս խափանվեց։ Էդ ե՞րբ՝ հարցրի։ «Դա չէ խնդիրը։ Իրականում խանութ ուզում էի բացել, բայց էս երկրում հաստատ իմաստ չունի։ Ինձ պատմությունը պետք է մամուլում, մեկնելու նպատակով։ Քաղաքականով եմ գնում»,- պարզաբանեց։
Մերժեցի՝ բայց դու երբեւէ զբաղվե՞լ ես քաղաքականությամբ։ Չնեղացավ։ Հասկացավ։ Որոշեցինք էլի հանդիպել։ Անցավ երեւի մեկ շաբաթ, նմանատիպ մի պատմություն կարդացի, որտեղ հերոսի անուն-ազգանունը համընկնում էր ծանոթիս անվանը։ Զանգեցի։ Համարն անհասանելի էր։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 3. Անցան ամիսներ։ Ֆեյսբուքով նամակ եմ ստանում մեկ այլ ծանոթից։ Պրոֆայլի բոլոր լուսանկարները հեռացրել էր։ Գրում էր եվրոպական երկրներից մեկից։ Հարցը մեկն էր՝ հնարավո՞ր է, արդյոք, հետին թվով հրապարակում պատրաստել քաղհալածյալի մասին։
Այդ մի ծանոթս պրոֆեսիոնալ գյուղատնտես է, քաղաքական պրոցեսների հետ գլուխ չունի։ Իմացա, որ արդեն երկրորդ ամիսն է՝ տեղափոխվել է Եվրոպա եւ մտադիր է ամեն գնով հաստատվել այնտեղ՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկում։
Տեղեկություն չունեմ, թե նա հետագայում ինչ կարգավիճակ ստացավ։ Ամեն դեպքում, նրա մասին քաղաքական պատմություն չհորինվեց։
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2010-2015 թվականներին բարեկեցիկ 44 երկրներում քաղաքական ապաստան է ստացել Հայաստանի 1240 քաղաքացի։ Միայն 2014 թվականին այդ նպատակով նշված երկրների իշխանություններին է դիմել Հայաստանի 5242 քաղաքացի։ 2013 թվականին՝ 4841։
Նրանց մեծ մասն, անկասկած, փափուկ անցյալով ու հորինված պատմություններով անձինք են։