ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի գործով շտապ միջոցի ձեռնարկման մասին հայտը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Հայաստանի քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով շտապ միջոցի ձեռնարկման մասին հայտը (ինչպես հայտնի է՝ Սարդարյանը Ադրբեջանում գերության մեջ է)։
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 30-ամյա բնակիչը հուլիսի 8-ին կորել է, երբ գնացել է արոտավայրում որոնելու իր անասուններին, իսկ ութ օր հետո ադրբեջանական կողմը մի տեսանյութ է տարածել, որից պարզ է դառնում, որ երիտասարդը մոլորվել ու գերի է ընկել։ Տեսանյութում նա Ադրբեջանի իշխանություններին խնդրում է քաղաքական ապաստան տալ իրեն կամ էլ երրորդ երկիր ուղարկել։ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների ու քրոջ անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
«Մենք պահանջել ենք, որպեսզի Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջի միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ։ Երկրորդ պահանջը հետևյալն է՝ տեղեկացնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու առողջական վիճակի մասին։ Երրորդ պահանջ՝ միջոցներ ձեռնարկել ապահովելու համար կնոջ, ծնողների ու քրոջ հետ Նարեկ Սարդարյանի կապն ապահովելու համար։ Չորրորդ պահանջ՝ Ադրբեջանում քրեական գործ հարուցվելու դեպքում գործի նյութերն ուղարկել հայցվորին, հինգերորդ՝ կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստանի Հանրապետություն»,- տեղեկացրել է Զեյնալյանը։
Եվրոպական դատարանը, բավարարելով շտապ միջոցի ձեռնարկման դիմումի մասին հայտը, Ադրբեջանից պահանջում է տեղեկություններ տրամադրել այն մասին, թե որտեղ և ինչ պայմաններում է գտնվում Նարեկը, ինչպիսին է նրա առողջական վիճակը, արդյո՞ք նա ունի փաստաբան, արդյո՞ք քրեական գործ է հարուցվել, արդյո՞ք նա հնարավորություն ունի լիարժեք շփվելու Հայաստանում գտնվող իր հարազատների հետ։ Արտակ Զեյնալյանի ասելով՝ պատասխանող երկիր Ադրբեջանը պարտավոր է կատարել միջանկյալ միջոցը, իմա՝ իրենից ակնկալվող գործողությունների շարքը։
«Մենք ի ցույց ենք դրել նախորդ փորձը, բացասական փորձը։ Դա, կարծում եմ, խթան է հանդիսացել, որպեսզի Ադրբեջանից պահանջվի այսօրինակ լայնընդգրկուն անհապաղ միջոցների կատարում։ Եվրոպական դատարանն իր որոշման մեջ նաև պատասխանող պետությանը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին, հիշեցրել է, որ սույն անհամապաղ միջոցի չկատարումը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի մեկ այլ հոդվածի խախտման, հոդված, որը պետություններին պարտավորեցնում է չխոչընդոտել Եվրոպական դատարան դիմելուն»,- ասել է Զեյնալյանը։
Դատարանը նաև առաջնային է համարել հիմնական բողոքը և ժամկետ է սահմանել այն ներկայացնելու համար։ «Այս ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ մենք պետք է այս ընթացքում միջոցներ ձեռնարկենք անհապաղ միջոցի իրականացման ուղղությամբ»,- հավելել է Զեյնալյանը։
Նարեկ Սարդարյանի ընտանիքն ապրում է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում, նա երկու մանկահասակ երեխա ունի։