Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության
և ազգագրության ինստիտուտ
Երևան
Վերջին տասնամյակների քրեստոմատիկ ակադեմիական տեքստերի քննությունը պարզել է, որ միգրացիաների մասին կարելի է խոսել էթնիկական (Այվան Լայթ, Մեթյու Լայթ) և ոչ էթնիկական (Ջովաննի Արիգի, Ռիչարդ Լահման) հասկացութունների, արտատարածքային (Ֆեռնան Բրոդել) և տարածքային/աշխարհաքաղաքական (Ռենդալ Քոլինզ) եզրույթների շրջանակում։ Սոցիոլոգների ամերիկյան կոհորտային միավորում է մի քանի բան. նրանք բոլորը մասնավորաբար քննում են կապիտալիզմի բնույթի հարցը, հետազոտում տարբեր հասարակություններում վերնախավերի հակամարտությունն ու միգրացիան՝ որպես այդ հակամարտության արդյունք և վերջինիս նկատմամբ արձագանք։ Նրանք զբաղվել կամ զբաղվում են պատմական սոցիոլոգիայով, ըստ էության համաշխարհային պատմությամբ՝ սոցիոլոգիական տեսանկյունից։Ի՞նչն է որոշում տարբեր երկրների քաղաքականությունը միգրանտների նկատմամբ։ Ինչո՞ւ միգրանտների մի մասը հեշտորեն և պատրաստակամորեն է ձուլվում, իսկ մյուս մասը վերարտադրում իր կյանքի դարավոր ընտանի կենսակերպը։ Ռենդալ Քոլինզը կարծում է, որ էվոլյուցիոն մոդելի մեջ առանձնանում են հաղորդակցման, ժամանակավոր դիմակայության, հարմարվելու և ձուլման փուլերը։ Փոփոխությունների պատճառը շուկայական տնտեսության զարգացումն էր, աշխատանքի բաժանումը և ուրբանիզացիան, որոնք քայքայում էին տարածաշրջանային սահմանները և սկիզբ դնում շատ ավելի մեծ խմբերի մեջ մարդկանց ձուլվելու գործընթացին։ Կան շատ վկայություններ, որ հիշյալ գործընթացն առավել հաճախ հենց այսպես էր զարգանում (ժամանակակից աշխարհում այդ գործընթացների մասին տե՛ս Waldinger, 1996, իսկ 20-րդ դարավերջում՝ Lieberson,1980)։
Սակայն ագրարային նվաճման փորձը վկայում է, որ շուկայական կառույցները կարող են զարգանալ նաև ավելի նեղ էթնիկական սահմանների պահպանման պարագայում կամ, առնվազն, դեպի մեծ խմբեր ձուլվելու շատ դանդաղ ընթացքի դեպքում։ Հնդկաստանի պարսերը, միջնադարյան Եվրոպայի «արքայական հրեաները», Հանսեի գերմանացիները Բալթյան երկրներում՝ ահա առևտրային և վարչական կենտրոններում գոյություն ունեցած էթնիկական մեկուսատարածքների ընդամենը մի քանի օրինակ։
Ինչպիսի՞ հետագծեր ունեն միգրացիոն ու համաշխահայնացման գործընթացների և արդիականացման նախագծերի խաչաձևումները։ Վերջիններիս մասին խոսելիս նկատի ունենք սոցիալական դիրքի բարելավումը և կենսակերպի ավելի բարձ չափանիշների իրացումը։ Միգրանտները նպաստո՞ւմ են համաշխարհային աղքատության դեմ պայքարին, թե՞ դրան ծնունդ են տալիս։ Ինչո՞վ են զանազանվում էթնիկական տնտեսություններն էթնիկական մեկուսատարածքներից և ինչո՞վ են տնտեսությունների նախորդ երկու տեսակները տարբերվում, այսպես կոչված, միջնորդական վերնախավերից։ 1980-ական թվականներից ի վեր այս հարցերին պատասխան էր որոնում Այվան Լայթի ղեկավարած ամերիկյան սոցիոլոգների խումբը։ Էթնիկական խմբերը կարող են ստեղծել արհեստավարժ մեկուսատարածքներ աշխատանքի խիստ բաժանման դեպքում։ Այս միտման ծայրահեղ դրսևորումներից է, օրինակ, հնդկական դասակարգային/կաստային համակարգը։
«Էթնիկական տնտեսություն» և «Մերժելով միգրացիան» գրքերի հեղինակ Այվան Լայթը գիտական շրջանառության մեջ է մտցրել էթնիկական տնտեսություններ և միջնորդական փոքրամասնություններ (կամ պարիաների տնտեսություն՝ ըստ Մաքս Վեբերի) նրբերանգային եզրույթները։ Նա խորհրդածում է Լոս Անջելես կոմսությունում էթնիկական կլաստերների անդրսահմանային միգրացիաների մասին, որոշ դեպքերում փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչու որոշ դեպքերում արդիական է միգրացիաների էթնիկացումը (еthnization)։
Իր ավելի ուշ աշխատության մեջ ի թիվս այլոց նա խոսում է մի շարք հայեցակարգորեն կարևոր երևույթների՝ անձնագրավորման և սահմանի մասին։ Լայթի կարծիքով դարերի սահմանագծին սոցիալիզմն ու ներառող ազգայնականությունը (ի հեճուկս բացառող ազգայնականության) հիմնականում կորցրել է միավորելու և մեծ ու տարածագում խմբերը միասնական գործողությունների մղելու կարողությունը։ Էթնիկականությունը, մասնակիորեն լրացնելով թափուր տեղը, դարձել է ավելի ռելիեֆային և ընդունելի հիմք՝ անձնական ինքնագիտակցության և միասնական/կոլեկտիվ գործողության համար։ Որպես հետևանք՝ սոցիալական համագործակցությունն ու հակամարտությունն այժմ ավելի հաճախ են դրսևորվում էթնիկական շրջանակներում, քան մեզանից մեկ սերունդ առաջ։
Ձգտելով կառուցել ժամանակակից աշխարհում իր տնտեսական ճակատագրի սեփական հետագծերը՝ տնտեսապես ոչ առանձնաշնորհյալ խմբերը (ներառյալ կանանց, էթնիկական փոքրամասնությունները և ներգաղթյալ շատ ազգությունները) սկսում են տեղաբնիկների համեմատ ավելի առաջանցիկ զարգացնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը (native-bornwhitemales – Light, Gold 2000)։ Արդյունքում, աճում է էթնիկական խմբերի միջև լարվածությունը և էթնիկական զբաղվածության խորշերը բալկանացնում և տրոհում են աշխատանքային շուկան՝ ինսայդերներին նոր արտոնություններ շնորհելով։ Ընդ որում՝ էթնիկական բիզնեսներն ընկալվում են որպես գաղութացնող և սոցիալական աութսայդերներին շահագործող երևույթներ։
Վերջին հաշվով, այս էթնիկական տնտեսությունները հավակնում են ոչ միայն պետական պատժամիջոցներից խուսափելուն, այլև տիրանում են պետության երաշխավորած ֆորաների (վելֆերյան բարեփոխումների, աֆիրմատիվ ակցիաների, բազմամշակութայնության քաղաքականության և երկլեզվյան կրթության շնորհիվ)։ Պատկերն այնքան վարդագույն է դառնում, որ նվազագույնի է բերում ամենահամարձակ ազատական նախագծերի ուտոպիականությունը։ Միգրանտների տնտեսական ռազմավարությունների հետազոտության համապատկերում Լայթն ու համահեղինակները վերլուծում են նաև հին հայեցակարգերը, օրինակ՝ միջնորդական առևտրային փոքրամասնություններ (middlemanminorities – Light; Bonacich) և շրջանառության մեջ են դնում ավելի լայն հասկացություններ (этнические экономики), բացատրելով, օրինակ, էթնիկական տնտեսությունների, էթնիկական մեկուսատարածքային/անկլավային տնտեսությունների և էթնիկապես վերահսկվող տնտեսության միջև առկա տարբերությունները։
Տիպաբանություններից և մոտեցումներում առկա տարբերություններից բացի միգրացիաների ուսումնասիրությունը պահանջում է նոր համաշխարհային իրողություններն ըմբռնելու և դրանց հարափոփոխ ուրվագծերն ու վերադասավորումները մեկնաբանելու հմտություն։ Դրան հաջորդում է նոր՝ ոչ դյուրին հարցերի փաթեթը. արդյո՞ք միգրանտները նպաստում են հասարակությունների արդիականացմանը և այլևայլ սոցիալական սահմանազատումների մեղմացմանը, թե՞ դրանք մորեխի պես քայքայում են լավ կազմակերպված և ճյուղավորված ուրբանիստական ենթակառուցվածքները և չարաշահում են այն բարիքները, որոնցում պատմականորեն ոչ մի ներդրում չեն արել։
Խորհրդածելով, թե ինչ վիճակում էին միգրացիոն «գործերը» ԽՍՀՄ կոչված ուտոպիստական սոցիալական նախագծում՝ ամերիկացի սոցիոլոգ Գեորգի Դեռլուգյանն օգտագործում է ինքնափլուզում եզրույթը («Փլուզելով սեփական համակարգի հիմնարար կառուցվածքները»)։ «Արդյո՞ք կապիտալիզմն ունի ապագա» աշխատության մեջ (Վալերսթայն, Քոլինզ, Ման, Կալհուն, Դեռլուգյան, 2015) Գ. Դեռլուգյանը փորձում է բացահայտել ԽՍՀՄ անսպասելի ու կայծակնային ինքնաոչնչացման պատճառները։ Ինչպե՞ս էր հաղթահարվում 1989թ. շեմը ԽՍՀՄ-ում (վերնախավերի խուճապային անվճռականությունը) և Չինաստանում (կապիտալիստական աճի նորագույն հրաշքը պահպանողական վերափոխման հաշվին՝ կոլեկտիվ գործողությունների դիմելու վերնախավերի կարողության պահպանման համատեքստում՝ որպեսզի ամեն ինչ մնա նույնը, պետք է ամեն ինչ փոխել սկզբունքով)։
Սոցիալիստական բլոկի անկումը Դեռլուգյանը բնութագրում է որպես հարված ներսից, ինչն այն զարմանալիորեն տարանջատում է լայն տարածում գտած դավադրամոլական սխեմաներից։ Այս հետագծերը որոշ կարևոր բաներ են հուշում, այդ թվում և համաշխարհային միգրացիաների և կապիտալիզմի ապագայի մասին։ Սոցիալիզմը ոչ միայն չէր նպաստում միգրացիաներին, այլև խստորեն ճնշում և վերահսկում էր դրանք։ Հիշենք գրանցման հրեշավոր համակարգը, կոլեկտիվացման և այլ «արդիականացնող» սոցնախագծերի համար մարդկանց ամրագրումը հողին, գյուղացիներին անձնագրեր չտրամադրելը, նրանց օտարահպատակ և անհուսալի հռչակելը, արյունալի բռնաճնշումների ենթարկելը և այլն։ Սոցիալիզմի անկման պատճառը նաև այն էր, որ մասնավոր մակարդակի վրա տնտեսական ճգնաժամը, լճացումը, համակարգային կոլապսը հաղթահարվում էին գերազանցապես արտաքին պաշարի՝ սեզոնային արտագնա աշխատանքի, այսինքն՝ միգրացիաների օգնությամբ։
Հետաքրքիր է դիտարկել ազգայնականության, ազգային պետությունների և միգրացիաների փոխհարաբերությունները սոցիալական միջավայրերի այն իրողությունների միջոցով, որոնք ազգային պետությունը ժամանակավրեպ երևույթ են դիտում։ Ի հեճուկս ազգայնականության հիման վրա կառուցված պետությունների մոտալուտ անհետացման մասին համաշխարհայնացման ջատագովների կանխատեսումների՝ սոցիոլոգները հարցադրում են անում, թե արդյո՞ք համաշխարհայնացումը և միջազգային միգրացիաները խթանում են ազգայնականության հաղթահարումը։ Պատմության սոցիոլոգ Ռիչարդ Լահմանն, օրինակ, հակադրում է բազմամշակութայնություն + քաղաքական կոռեկտություն ենթադրող անդրէթնիկական կոսմոպոլիտ(ան)իզմը պետությունների ազգայնականացմանը։
Արդյո՞ք համաշխարհայնացումը խարխլել է ազգայնացող պետության հզորությունը (ազգայնականությունը ստեղծում են պետությունները, ո՛չ ընդհակառակը՝ պնդում էր Էրիկ Հոբսբաումը)։ Ինչո՞ւ է Արևմուտքը դարձել կապիտալիստական։ Ինչո՞ւ է կապիտալիզմը կենսունակ։ Ինչպիսի՞ն են միգրացիաների փոխհարաբերությունները 500-ամյա կապիտալիստական համակարգի հետ։ Ահա այսպես է շարունակում Ռիչարդ Լոհմանն իր գլուխկոտրուկ հարցերի քննությունը։ Ինչպե՞ս է կապիտալիզմի զարգացումն ազդել միգրացիոն թրենդների վրա։ Ինչպե՞ս է դասավորվելու կապիտալիզմի ապագան հեգեմոն չունեցող աշխարհում։ Ի՞նչ է սպառնում կապիտալիզմին և ինչպիսի՞ փոփոխություններ են կրելու համաշխարհային միգրացիոն գործընթացները, երբ աշխատատեղերի քանակը հասնի նվազագույնի։
Ռ. Լահմանի կարծիքով՝ միգրանտների մասնակցությամբ անկարգություններն իմաստազրկվում են, քանի որ համապարփակ ռոբոտացման պատճառով սպասվում է աշխատանքային հարաբերությունների վերացման ժամանակաշրջանի վերահաս հաստատում (Լահմանը հոռետեսորեն կանխատեսում է նաև ԱյԹի արդյունաբերության մահը։) Այն հանգեցնելու է ապրելու համար անհրաժեշտ միջոցների կենտրոնացված բաշխման գործառույթներով սոցիալիզմի։ Ի մի բերելով բազմամյա բանավեճի արդյունքները՝ նա հետաքրքիր եզրակացության է հանգում, թե կապիտալիզմի մեջ ներդրված է սոցիալիզմի կոկոնը։ Միջին դասակարգի աղքատացումը (որի հաղթահարման վրա է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կառուցել իր նախընտրական արշավը) հանգեցնելու է արտադրության և վերաբաշխման սոցիալիստական վերակազմակերպման որոշ ձևերի։ Այս իմաստով՝ վերնախավերի կառուցվածքը, Լահմանի տեսանկյունից, առանցքային դեր է ունենալու։ Զինվոր-քուրմ-վաճառական շղթան, որն, ի վերջո, ավարտվում է նրանց վերաճումով բյուրոկրատների, հանգեցնում է պայթուցիկ դիխոտոմիայի՝ բյուրոկրատիան ընդդեմ հարազատության։
***
Ի հեճուկս հակասությունների, կողմնակի բացասական հետևանքների և մռայլ կանխատեսումների՝ միջազգային միգրացիաներն այս կամ այն կերպ և վերջին հաշվով համաշխարհային աղքատության դեմ պայքարի ամենագործուն մեխանիզմներից և գործիքներից են։ Ժամանակակից սոցիալական վերլուծության ամենաուշագրավ ու հակասական փաստն այն է, որ աղքատությունը մարդկության համաշխարհային պատմության ամենաարդիական, սուր, կենսազդու և, միաժամանակ, տհաճ թեմա է։ Լավատեսական և միանշանակ պատասխան ենթադրող հետազոտական վերջին հարցը, թե գաղթելու որոշում ընդունած միգրանտները հաղթու՞մ, թե՞ պարտվում են, ունի միայն մեկ պատասխան. նրանք միշտ հաղթում են։
Երկարատև քննարկումների և նրբերանգային հարցազրույցների համար երախտագիտություն եմ հայտնում ամերիկացի սոցիոլոգներ Այվան Լայթին (Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես), Քևան Հարիսին (Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես) և Գեորգի Դեռլուգյանին (Աբու Դաբիի Նյույորքյան համալսարան)։